Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Յուվենտուս»-«Ատալանտա» մրցավեճում հաղթեց ձնաբուքը

«Յուվենտուս»-«Ատալանտա» մրցավեճում հաղթեց ձնաբուքը
27.02.2018 | 13:17

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ ՈՒնաի Էմերիի խոստացած դժոխքներից մեկն իրականություն դարձավ. «Բարսելոնը» չներեց «Ժիրոնայի» նախահարձակ լինելը, օրացուցային նոր տարում հաջող մեկնարկած Մադրիդի «Ռեալը» շարունակում է հավատարիմ մնալ վերագտած խաղին, «Աթլետիկոն» ժխտում է սակավագոլ թիմ լինելու հավաստումը, Ժոզե Մոուրինյոն համակերպվում է ոսկե մեդալների համար պայքարն ավարտված լինելու մտքի հետ, իսկ այդ ընթացքում Պեպ Գվարդիոլայի «Մանչեստր Սիթին» շահում է իսպանացի մարզչի օրոք իր առաջին տիտղոսը:

ԱՆԳԼԻԱ
Ի դեմս «Արսենալ»-«Մանչեստր Սիթի», «Մանչեստր Յունայթեդ»-«Չելսի» դիմակայությունների, պրեմիեր լիգան 28-րդ տուրում երկու հավասարազոր մրցակցություն պիտի ունենար, սակայն քանի որ առաջին դիմակայության մեջ ընդգրկվածները կազմել էին նաև լիգայի գավաթի եզրափակչի զույգը, առաջնության հանդիպումը տեղափոխվեց ավելի ուշ ժամանակներ: Այդ առճակատման մասին մենք, բնականաբար, կխոսենք, սակայն առաջնության հանդիպումները ներկայացնելուց հետո:


Դեռևս քանի տուր առաջ ոսկե մեդալների համար պայքարն ավարտված չհամարող Մոուրինյոն «Չելսիի» հետ ունենալիք հանդիպումից առաջ բարձրաձայնել էր, որ իրենք ամեն ինչ կանեն առաջնությունը փոխչեմպիոնի կարգավիճակով ավարտելու համար: Ասել, թե այն ժամանակ պորտուգալացին դեռևս հավատում էր չեմպիոնության համար պայքարի ավարտված չլինելուն, մի բան, որ միաձայն ընդունում էին մնացած թիմերի մարզիչները, մանկական հեքիաթների շարքից է: Լավ էլ գիտեր, որ «Մանչեստր Սիթին» այլևս անհասանելի է, պարզապես մեջքի չէր գալիս: Ինչ վերաբերում է «Չելսիի» հետ դիմակայությանը, առաջին տուրում կրած պարտության դիմաց «մանկունիացիները» ռևանշ վերցրին՝ հասնելով կամային հաղթանակի (2:1) և 59 միավորով երկրորդ հորիզոնականից դուրս մղեցին առժամանակ այնտեղ հանգրվանած «Լիվերպուլին», որը վստահ հաղթանակ էր տոնել «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 4:1:
Հաղթանակով էր ավարտել տուրի հանդիպումը և «Տոտենհեմը»՝ արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Կրիստալ Պալասի» նկատմամբ: Արդյունքում պրեմիեր լիգայում ստեղծվել է հետաքրքիր վիճակ՝ երկրորդից հինգերորդ հորիզոնականում «Մանչեստր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի» հերթականությամբ տեղաբաշխված թիմերից յուրաքանչյուրը նախորդից պակաս ունի երկու միավոր:


Արդ, ինչպես խոստացել էինք, Լիգայի գավաթի եզրափակչի մասին: Մանրամասների մեջ չմտնելով՝ ասենք, որ «Արսենալի» հետ դիմակայությունում «Մանչեստր Սիթին» շատ ավելի համոզիչ էր, և հանդիպման 3:0 հաշիվն ավելի քան օբյեկտիվորեն ցուցանում է ուժերի հարաբերակցությունը: Սա Պեպ Գվարդիոլայի առաջին մրցանակն էր թիմի հետ: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, նա հանդիպմանը հայտավորված չի եղել, քանի որ իր նախկին թիմի՝ «Մանչեստր Յունայթեդի» կազմում մասնակցել է լիգայի գավաթի խաղերին:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Հերտայի» հետ, այն էլ սեփական հարկի տակ, բունդեսլիգայի առաջատարի գոլազուրկ ոչ-ոքին անակնկալների շարքից էր, սակայն այն ոչնչով չսպառնաց «Բավարիայի» դիրքերին, քանզի մյունխենցիները միավորների այնպիսի ահռելի պաշար ունեն, որ երազելի է բոլորին:
Արտագնայում «Շալկեն» 2:0 հաշվով հաղթեց «Բայերին» ու ներխուժեց առաջին եռյակ, քանի որ իրենց հանդիպումները ձախողեցին թե՛ «Լայպցիգը», թե՛ «Այնտրախտը»: Առաջինը սեփական հարկի տակ զիջեց աղյուսակը եզրափակող «Քյոլնին» (ընթացքում տանտերերը նույնիսկ հաղթում էին 1:0 հաշվով), երկրորդն արտագնայում պարտվեց «Շտուտգարդին»՝ 1:0:

«Բավարիան» ունի 60, Դորտմունդի «Բորուսիան»՝ 40 միավոր («Աուգսբուրգի» հետ տուրի նրա հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր): 40 միավոր ունի և «Շալկեն»: Հաջորդ եռյակը կազմում են «Այնտրախտը», «Բայերն» ու «Լայպցիգը»: Ֆրանկֆուրտցիների անվան դիմաց 39 միավոր է, մեկով պակաս ունեն մյուս երկուսը:

ԻՍՊԱՆԻԱ
Խոշոր հաշվով հաղթանակներ են տարել «Բարսելոնն» ու «Ռեալը»: Առաջինը կատալոնյան դերբիում վեց գնդակ է խփել «Ժիրոնային» այն բանից հետո, երբ վերջիններս տանտերերի դարպասը գրավելու թեթևամտությունն են ունեցել: Հեթ տրիկ է հեղինակել Սուարեսը, երկու գոլ Մեսիի ակտիվում է, առաջնությունում իր առաջին գոլն է խփել «Բարսելոնի» նոր ձեռքբերումը՝ Կոուտինիոն: Ընդ որում, երեքի գոլերն էլ եղել են արտառոց գեղեցիկ: «Արքայականը» խփածների հաշվով ավելի համեստ է եղել՝ չորս, փոխարենը սեփականն անառիկ է պահել: Այստեղ էլ նշենք Ռոնալդուի երկու գոլը:


«Սևիլիա»-«Աթլետիկո» դիմակայության առաջին երեսուն րոպեն, բացի լավից, ոչինչ չէր խոստանում տանտերերին: «Աթլետիկոն» գամված էր սեփական տուգանայինի մատույցներին, մինչև որ տանտերերն առաջին կոպիտ վրիպումը թույլ տվեցին: Դրանից հետո Դիեգո Սիմեոնեի սաներն արդեն անկասելի էին: Նրանք դադար առան այն բանից հետո միայն, երբ լուսատախտակին 5:0 հաշիվն էր: Երեք գոլ հեղինակել է Անտուան Գրիզմանը: Խաղավարտին մոտ անդալուզցիները երկու անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը, սակայն դա ընդամենը թեթև մխիթարանք էր: Խաղը ցույց տվեց, որ այսօրվա «Սևիլիան» բարձրակարգ մրցակցի հետ երկու հավասարազոր հանդիպում անցկացնելու զորություն չունի: Հիշենք, որ անդալուզցիների նախորդ հանդիպումը եվրախաղարկությունների շարքից էր` «Մանչեստր Յունայթեդի» հետ, ու այն ավարտվել էր ոչ-ոքի:
«Վալենսիան» սեփական հարկի տակ պարտության է մատնել Սոսիեդադի «Ռեալին» (2:1), իսկ «Վիլյառեալը»՝ «Խետաֆեին»՝ 1:0:


Աղյուսակը 65 միավորով շարունակում է գլխավորել «Բարսելոնը», նրանից յոթ միավորով հետ է «Աթլետիկոն»: 51 միավոր ունի «արքայականը, 49՝ «Վալենսիան», 41՝ «Վիլյառեալը», 39՝ «Սևիլիան»:


ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին երկու թիմերի դասավորության մեջ փոփոխություն չմտցրեց և 26-րդ տուրը: Բանն այն է, որ առատ տեղացած ձյան պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է «Յուվենտուս»-«Ատալանտա» դիմակայությունը (ընդ որում` որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ հանդիսատեսները զբաղեցրել են իրենց տեղերը, իսկ թիմերն անցկացրել են նախախաղային մարզում), իսկ «Կալյարի»-«Նապոլի» հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր:
Մյուս հանդիպումներից «Լացիոն» արտագնայում հաջողել է «Սասուոլոյի» հետ խաղում (3:0) ու 52 միավորով բարձրացել երրորդ հորիզոնական: Առաջին վեցյակը կազմած թիմերից տանտերերից հաջողակ են եղել «Բենևենտոյին» հյուրընկալած ու արդեն 51 միավորի տեր դարձած «Ինտերը» (2:0), ինչպես նաև 2:1 հաշվով «ՈՒդինեզեին» պարտության մատնած, այդ նույն վեցյակը 44 միավորով եզրափակող «Սամպդորիան»: Ինչ վերաբերում է «Ռոմային», այն սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջել է «Միլանին» ու 50 միավորով հինգերորդ տեղում է:
«Նապոլին» ունի 66, «Յուվենտուսը»՝ 65 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Մենք ասել էինք, որ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» պարտվելուց հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ ՈՒնաի Էմերին հայտարարել էր, որ «արքայականը» չի էլ պատկերացնում, թե ինչ դժոխք է իրեն սպասում Փարիզում՝ վերջինիս հետ համահավասար հիշելով և «Մարսելին»: Ներքին առաջնության շրջանակներում վերջինիս հետ հանդիպումը անցած հանգստյան օրերին կայացել է, հարավցիները ծանր պարտություն են կրել 0։3 հաշվով: «Մարսելի» հաշվով, փաստորեն, Էմերին խոսքին տեր եղավ, սպասենք «Ռեալին» խոստացված դժոխքին: Խաղավարտին մոտ վնասվածք է ստացել Նեյմարը: Բրազիլացուն դաշտից հեռացրել են պատգարակով:
Հանդիսատեսը գոլառատ խաղի ականատես է եղել «Թուլուզ»-«Մոնակո» մրցակցությունում: Հաշիվը բացել են հյուրերը, փակել՝ տանտերերը: Արդյունքում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 3:3:
Ոչ-ոքի է գրանցվել նաև «Լիոն»-«Սենտ Էտիեն» մրցակցությունում (1:1):
«Պարի Սեն Ժերմենն» ունի 71, «Մոնակոն»՝ 57, «Մարսելը»՝ 55, «Լիոնը»՝ 50 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ