Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանի ու Իրանի ալյանսը դուրս է գալիս Սիրիայի սահմաններից

Ռուսաստանի ու Իրանի ալյանսը դուրս է գալիս Սիրիայի սահմաններից
28.02.2018 | 22:53

Երեկ Սիրիայի կառավարությունը շարունակեց Արևելյան Գուտայի ռմբակոծությունները, երբ ՌԴ նախագահը հայտարարել էր հրադադարի ու հումանիտար միջանցքի բացման մասին: Գուվերի համալսարանի գիտաշխատող, Մերձավոր Արևելքի ու Միջերկրածովյան շրջանի փորձագետ Ֆաբիս Բալանշի կարծիքով` ռուսները պատրաստ չեն փոխզիջման Սիրիայում, որովհետև մտածում են, որ ամերիկացիները հեռանալու են: Փորձագետի հետ La Croix-ի համար զրուցել է Ֆրանսուա դ'Ալանսոնը: Բալանշը հիշեցրել է. «Կոնֆլիկտը շատ արագ դուրս եկավ սիրիացիների վերահսկողությունից ու դարձավ տարածաշրջանային բախում Իրանի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև, երկու հետնապահներով` Իսրայել ու Կատար: Հետո կոնֆլիկտը շարունակվեց այն չափով, որ չափով ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մտան տարածաշրջան»:

Փորձագետը կարծում է, որ Գուտայում հրադադարը չի խանգարում սիրիական բանակին շարժվելու դեպի արևելք` աստիճանաբար հյուծելով գյուղատնտեսական ծայրամասը, իսկ հետո պայմանավորվել ապստամբների հետ հեռանալ Իդլիբ նահանգ, որը կբաժանվի սիրիական վարչակարգի ու Թուրքիայի միջև, որ ցանկանում է այնտեղ բուֆերային գոտի ստեղծել` թուրքամետ ապստամբներից: «Ռուսաստանի ու Իրանի ալյանսը դուրս է գալիս Սիրիայի սահմաններից և նպատակ ունի նվազեցնել ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում, ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի վրա` նավթի գինը պահելու համար ընդունելի մակարդակում, ու լարվածություն ստեղծել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Մոսկվան թույլ է տալիս Անկարային գրոհել քրդերի վրա, որ ստիպի նրանց իր պաշտպանությունը որոնել սիրիական վարչակարգի միջոցով ու խզի նրանց ալյանսը ԱՄՆ-ի հետ»` կարծում է Ֆաբիս Բալանշը: Իսկ ամերիկացիները ցանկանում են արգելափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում և այդ նպատակով են մնում Սիրիայի հյուսիսում:

«ԱՄՆ-ը Սիրիայում անհարմար աշխարհաքաղաքական իրավիճակում է` միակ և անկայուն դաշնակից ունենալով քրդերին: Ամերիկյան զորքերի դուրսբերումը կնշանակեր Ռուսաստան-Իրան առանցքի հաղթանակը և սեփական թուլության ընդունումը: Վաշինգտոնը դա երբեք չի կարող իրեն թույլ տալ տարածաշրջանում իր դաշնակիցների նկատմամբ»` կարծում է փորձագետը: «Չնայած ռուս պայմանագրայինների զոհվելուն` Ռուսաստանի համար Սիրիան Աֆղանստան չէ: Կանոնավոր բանակը հիմնովին հաստատվել է Լաթաքիայի ու Տարտուսի իր ռազմաբազաներում: Պատերազմն այդքան էլ թանկ չի նստում և թույլ է տալիս փորձարկել ռուսական ռազմական տեխնիկան, մասնավորապես` զենիթահրթիռային համակարգերը` խթանելով ռուսական զենքի վաճառքը»` համոզված է Բալանշը:

«Ռուսները պատրաստ չեն փոխզիջումների, որովհետև կարծում են, որ ամերիկացիները վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ: ԱՄՆ-ը 2000 զինվոր ունի հյուսիսում, այն գոտում, որտեղ կարող են կորցնել իրենց քուրդ ու արաբ դաշնակիցներին, իսկ տեղական ցեղերը ցանկանում են սիրիական պետութան վերականգնումը ու զորքի վերադարձը: Իրաքի ընտրություններից հետո մայիսին ստեղծվող կառավարությունը լիովին կարող է պահանջել ԱՄՆ զորքերի դուրսբերումը: Վերջապես` միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում կարող են նվազեցնել միջազգային ասպարեզում Թրամփի մանևրի հնարավորությունները»:
«Ի՞նչ արձագանք կտա ԱՄՆ-ը իր զորքերի դեմ կործանիչ դիվերսիաներին: Բոլոր ամերիկացիների դուրսբերումը` ինչպես արեց Ռոնալդ Ռեյգանը Լիբանանում 1984-ին, թե՞ հակառակը` ռազմական ներկայության ուժեղացումն ու հարվածները Իրանին: Այդ ժամանակ Մոսկվան կարող է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև»` կարծում է Բալանշը:
Ֆրանսուա դ'ԱԼԱՆՍՈՆ, La Croix


Հ.Գ. Ֆրանսիացիները արևմտյան մտածելակերպի պատանդն են մնում: Նրանք միշտ առաջնորդվում են տրամաբանությամբ, իսկ Մերձավոր Արևելքում տրամաբանությունը վերջին գործոնն է, որ խաղի մեջ է մտնում, երբ բոլոր զենքերը կրակել են: Արևելյան Գուտայում հայտարարվեց մարդասիրական միջանցքի բացում ու հրադադար, բայց այդ ընթացքում, ըստ ռուսական աղբյուրների, ապստամբները չդադարեցրին կրակը ու թույլ չտվեցին վիրավորներին դուրս բերել: Բացի այդ` Մեծ Բրիտանիան շրջանառության մեջ է դրել վարկած, որ Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել Գուտայում, մինչդեռ նախօրեին սիրիացիներն էին հայտարարել, որ ապստամբները քիմիական զենք կիրառելու ու իրենց մեղադրելու մտադրություն ունեն: Գուցե շատ փորձագետների ուշադրությունից վրիպեց, որ Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտան եկավ առաջին պլան, նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց` ստվերելով Աֆրինը ու Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը քրդերի դեմ: Փաստորեն` թուրքերի ձեռքերն ազատ արձակվեցին Աֆրինում` գլխավոր հարվածն ուղղելով «մարդասպան», «ռազմական հանցագործ», «բռնապետ» Բաշար Ասադի դեմ` ինչպես նրան որակում են Արևմուտքում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր պարզել ու պատժել քիմիական զենք կիրառողին Սիրիայում, բայց որևէ գործողություն չհետևեց, դա վկայում է, որ զենքը կիրառել են, այնուամենայնիվ, Ասադի դեմ կռվող ուժերը և անպատիժ են մնում, որ շարունակեն Ասադի դեմ պայքարը: Թեպետ ակնհայտ է, որ Ասադը կվերացնի Դամասկոսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արևելյան Գուտայում ապստամբների ճամբարը: Դա նրա իշխանության ու Սիրիայի ամբողջականության պահպանության միակ տարբերակն է: Իսկ ամերիկացիները Սիրիայի հյուսիսից չեն հեռանա ոչ թե իրենց դաշնակիցներին մենակ չթողնելու համար, այլ` վերահսկելու նավթով հարուստ հանքավայրերը: Հենց այդ խնդիրը լուծելիս զոհվեցին ռուս վարձկանները Վագների խմբից: Եվ հետո` շատ մեծ հարց է, որ ռուսները կարող են միջնորդ դառնալ Իրան-ԱՄՆ հարաբերություններում, երբ իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ծայրահեղ վատ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ