Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբա՞ղը

ԱՄՆ պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբա՞ղը
28.02.2018 | 22:56

2018-ի հունվարի 29-ից գործում է ԱՄՆ Կոնգրեսի նոր պատժամիջոցային փաթեթը` Ռուսաստանի ու ռուսական ձեռնարկությունների դեմ, որոնց թվում է Ռոսօբորոնէքսպորտը: Պետությունները, որ ՌԴ-ից զենք ձեռք կբերեն, կարող են պատժամիջոցների տակ հայտնվել, եթե Վաշինգտոնը էական համարի գնումների ծավալը: Հաշվի առնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը ռուսական զենք են գնում ու գտնվում են փաստական պատերազմի մեջ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով, սուր հետաքրքրություն է հարուցում նրանց հնարավոր արձագանքը ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցային փաթեթին: Ադրբեջանական ու հայկական ԶԼՄ-ներում, որոշ ռուսական նյուսմեյկերների մասնակցությամբ, հարցը բուռն քննարկվում է: Իրավիճակը որոշ պարզեցումով` այսպես է ներկայացվում` Երևանի համար Մոսկվան է հարյուր տոկոսով զենք մատակարարողը: Եթե Ռուսաստանի նկատմամբ կիրառվեն զենքի վաճառի պատժամիջոցներ, Հայաստանը կարող է կորցնել զենքի հիմնական աղբյուրը: Ադրբեջանը զենքի 60-65 %-ն է գնում Ռուսաստանից, մնացածը` ՈՒկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Թուրքիայից:

Համամասնությունը կարող է փոխվել: Ռազմական փորձագետ, գնդապետ Շաիր Ռամալդանովը հայտարարեց, որ Բաքուն «զենք է գնում աշխարհի 20 երկրներում և լիովին կարող է հարցերը լուծել առանց ռուսական զենքի»: Բայց ռուսական զենքը Ադրբեջանի համար միայն կրակող հրանոթ չէ: Նաև քաղաքականություն է, որի միջոցով իրեն է կապում Մոսկվային, իսկ Մոսկվայից կտրվելը կտրուկ փոխում է իրավիճակը տարածաշրջանում: Եթե ԱՄՆ-ը փորձի ազդել Ադրբեջանին զենքի մատակարարման վրա հակառուսական պատժամիջոցներով, ուրեմն Վաշինգտոնն ունի կամ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման իր սցենարը, երբ Ռուսաստանը հարկադրված կլինի հրաժարվել հավասարահեռության քաղաքականությունից և հանդես գալ միայն Հայաստանի կողմից: Պետք չէ մոռանալ, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին միջնորդի դեր ստանձնեց ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Բայց ոչ այնքան այն պատճառով, որ հանդես էր գալիս իբրև տարածաշրջանի կառավարման հիմնական խաղացող, այլ որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան այդ իրավիճակում լիակատար պասիվություն դրսևորեցին: Ավելին` 2016-ի աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինտրիգային հայտարարություն արեց:

«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում է գործադրվում` ստիպելու ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք չենք բացի շատ մանրամասներ, որովհետև դիվանագիտական կանոններ կան: Ադրբեջանը երբեք չի համաձայնի»` հայտարարեց Ալիևը: Մինչև այսօր հայտնի չէ` ո՞վ է ճնշում գործադրել, գուցե նաև գործադրում Բաքվի վրա` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով: Ըստ տեղեկությունների` նախաձեռնությունը ԱՄՆ-ից էր, որ հիմք է տալիս ենթադրել` կոնֆլիկտի կարգավորման ԱՄՆ-ի հնարավոր նոր նախագիծը հազիվ թե ադրբեջանական սցենարով լինի: Միլի մեջլիսի պատգամավոր ու ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նույնպես ընդունում է որոշակի ռուս-ամերիկյան դիմակայության հնարավորություն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Չեզոքացնեով Մոսկվայի ազդեցությունը Ադրբեջանի վրա` զենքի մատակակարման դադարեցումով, ԱՄՆ-ը նախադրյալներ կստեղծի նախ չեզոքացնելու Մոսկվայում ադրբեջանական լոբբիի ազդեցությունը ռազմարդյունաբերական համալիրի վրա: Երկրորդ` տարածաշրջանում իր քաղաքականությունն ակտիվացնելու համար` հասկանալով, որ Հայաստանը օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոններից ելնելով` մնալու է ՌԴ ռազմավարական դաշնակիցը և լինելու է մեկ ռազմական դաշինքում: Իրավիճակի համակարգային գնահատականը վկայում է, որ իրերի այս վիճակում Ադրբեջանը կանգնելու է ընտրության առաջ` նեղանալու է ոչ միայն բազմավեկտոր քաղաքական-դիվանագիտական մանևրի տարածքը, այլև Ղարաբաղի խնդիրը լուծելու ուժային սցենարի կիրառման հնարավորությունը: Եթե այս տրենդն աշխատի, անխուսափելի է Մինսկի խմբի աշխատանքի լուրջ խմբագրումը, որտեղ համանախագահները դեռ միասնական դիրքերից են հանդես գալիս: Պատժամիջոցների կիրառումով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը կստիպի և Ռուսաստանին փոխել իր քաղաքականությունը` հավասարահեռության բանաձևի ռեսուրսների կրճատման պատճառով: Ռուսաստանը ևս պետք է ընտրի, բայց այնպես, որ խլի նախաձեռնությունը նոր աշխարհաքաղաքական դասավորության ձևավորման ընթացքում` կշռելով բոլոր ռեալ ու հնարավոր ռիսկերը: Իրավիճակից իդեալական ելք կլիներ կոնֆլիկտի կողմերին ընդունելի նախագիծ ներկայացնելը, բայց այս պահին դա անհնար է Բաքվի ու Երևանի անհաշտ դիրքորոշումների պատճառով:

Մյուս սցենարի իմաստը աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագծին, որի մասին Արևմուտքը խոսում է ավելի ու ավելի բաց ու բարձրաձայն: Հիմա Ադրբեջանն իր պատմական իրավունքներն է հայտարարում հայկական հողերի նկատմամբ: Գուցե ժամանակն է, որ Ռուսաստանը հիշի 1813-ի Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը, որտեղ Լեռնային Ղարաբաղը «հավերժորեն» ճանաչվում էր ռուսական տարածք: Այդ առումով անհրաժեշտ է Անդրկովկասում գործողությունների առավել սերտ համակարգում պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ու Իրանի միջև: Իրադարձությունները տարածաշրջանում այնպես են զարգանում, որ Մոսկվայի համար բարդանում է միաժամանակ երկու` հայկական ու ադրբեջանական, աթոռներին նստած մնալը: Դուռը բախում է նոր քաղաքականությունը:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM

Հ.Գ. Նոր քաղաքականությունը վաղուց է բախում դուռը, բայց դա չի նշանակում, որ միշտ նորը լավ մոռացված հինն է: Գյուլիստանի 1813-ի պայմանագիրը մեջտեղ բերելու դեպքում լավ նախադեպ է ստեղծվում մեջտեղ բերելու և Սևրի, և Կարսի պայմանագրերը: ՈՒ` ի՞նչ: Որքան էլ Ռուսաստանը Անդրկովկասում սերտ աշխատի Իրանի հետ, Թեհրանը միայն շատ գայթակղիչ ռազմաքաղաքական-տնտեսական առաջարկների դեպքում կարող է համաձայնել իր սահմանին երրորդ կողմի զինուժ հայտնվելուն: Ի՞նչ կարող է առաջարկել Մոսկվան: Եվ հետո` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղը ռուսական տարածք ճանաչելը հակադիր իրողություններ են: Ղրիմի անեքսիան հնարավոր էր` սահմանային կապի առկայությամբ` որտե՞ղ Ռուսաստանը, որտե՞ղ Ղարաբաղը: Դա ընդհանրապես անիրական նախագիծ է` միջազգային գնահատականի տեսակետից: Ի վերջո, եթե ԱՄՆ-ն ինչ-որ նախագիծ ունի տարածաշրջանում քաղաքականության փոփոխության տեսակետից, հաստատ այդ նախագծում Ղարաբաղը ռուսներին նվիրելը չկա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անկախության համար իր պայքարը կարող է ավարտել երկու տարբերակով` կամ միացում Հայաստանին, կամ` երկրորդ հայկական պետության ճանաչում: Սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը` նկրտումներ ունենալով Ղարաբաղի նկատմամբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ