Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպիսին գլուխն է, այնպիսին մարմինն է

Ինչպիսին գլուխն է, այնպիսին մարմինն է
02.03.2018 | 12:13

Փորձենք հասկանալ` ի վերջո, ինչպիսին է լինելու հայաստանյան մենթալ պլանն առաջիկա յոթ տարում, որովհետև որքան էլ տարփողենք, թե Հայաստանն այսուհետ վարչապետական երկիր է, երկրի գլուխը, որ շարժում է ողջ մարմինը, նախագահն է: Ընդ որում` այս ամենում անտեսանելին ավելին է, քան ֆիզիկական-մատերիական արտածումը, ուստի սկսենք ապագա նախագահի մետաֆիզիկական, ասել է` հոգևոր նկարագրից:


Առաջին հայացքի մարդ չէ նա. հաջողակ հայի էտալոն, որն ինքն իրեն չի «ուտում», որին հնարավորություն է տրվել «ճեղքել» իրեն, իրենով էլ «ճեղքել» աշխարհը: Նրան դեռ չի դիպել հայոց իրական պլանը` գաղջը, հայոց կերպը կռացնող ինքնագնահատանքի հողանցումը, ուստի, որպես գլուխ, նա պետք է իր առջև դնի ամենաէական խնդիրը և այն համարի իր կյանքի գործը` տրանսֆորմացնել հայ տեսակին ոչ այնքան խոսքով, որքան էմանացիայով` ճառագայթումով, որովհետև ու հաստատապես հենց այնպես չէ, որ ինքն այս պահին հայոց գլուխ է դառնում: Իհարկե, ընդունված է ասել նաև, որ սատանան սիրում է գործ ունենալ մարդու գլխի, իսկ Աստված` սրտի հետ, այնուհանդերձ, իր` հավասարակշռված, աշխարհի կարևոր պարունակները ոտնած, գիտելիքավոր, երևույթները ու էլի շատ բաները «ճանաչող» տեսակը հենց այնպես չի այս պահին եկել «գլխավորելու» մեզ, զի մեր մեկ մազն անգամ չի ընկնում, եթե Աստված չի կամենում:


Ընդ որում, նա նաև դրա գիտակցումն ունի. ասում է` կարելի է կառավարել առաջնորդելով, կարելի է կառավարել ղեկավարելով: Հասկանում եք, չէ՞, ասվածի կոդային նշանակությունը: Առաջնորդելը մենթալ սուբստանց է: Վերցրիր միտքը, կունենաս ողջ մարմինն ու ամենը: Ասում է նաև` առաջին անգամ չէ, որ երկրի համար ծանր վիճակում ինքը «հայտնություն» է ունենում` նկատի ունենալով իր վարչապետության շրջանը:
Ինչպես տեսնում եք` արդեն մտել ենք քաղաքական դաշտ ու քանի որ այնտեղ ենք, մեր հերոսին հիշեցնենք, որ Աստված ասել է Քանան գնացող Մովսեսին. «Քո ոտնատեղը քեզ եմ տալու»: Մեր մենթալ գլուխը` պարոն Արմեն Սարգսյանը, պետք է որ հիշի` այն ժամանակ իրեն չհաջողվեց ոտնատեղ ձեռք բերել, ինքը հեռացավ Հայոց ոստանից` անչափ հարգելի պատճառով` ծանր հիվանդ էր... Պետք է պաուզան ձգենք, նախ ասելու` հիվանդությունները և այն էլ` ծանր, այն ալմա մատերը, այն մեծ Շնորհն են տիեզերքում, որով, Դոստոևսկու ձևակերպմամբ` փորձության հրե քուրաների միջով անցնող մարդն այնտեղից դուրս է գալիս ոչ միայն իր, այլև այլոց համար: Որպես նոր գոյակցություն:


Իսկ հիմա պետք է ցիտենք Կոելյոյին. եթե մի բան մի անգամ եղել և կրկնվել է, էլի կլինի:
ՈՒնի՞ նաև այս գիտակցությունը մեր նոր գլուխ Արմեն Սարգսյանը: Կարծում ենք: Չնայած իր բաց թողած քաղաքական վրիպումներին. չնկատեցիք` նա իր հարցազրույցներից մեկում թույլ տվեց մեծագույն սխալ, աններելի «սալդո»: Ոչ, խոսքը Չորրորդ հանրապետության մասին չէ, որը հետագայում, որպես ՀՅԴ «անալոգիա», նա սրբագրեց, ասելով` բոլորովին այլ բան նկատի ուներ:


Խոսքն այս պահին առնչվում է` «Ես չգիտեի, որ դուք այստեղ սահմանադրություն եք փոխելու» «անալոգիային»: Մենք` ո՞վ, պարոն Սարգսյան: «Այստեղ»` որտե՞ղ, պարոն նախագահի թեկնածու: Ասում են` սիրտն ավելացածից է խոսում... Մենք դեռ «դու՞ք» չենք: «Այստեղը» դեռ Հայաստանը չէ՞։ Ձեզ համար, պարոն Սարգսյան:
Լա՛վ, անցած լինի. մեր սխալները մեր կատարելագործման հնարավորություններն են, իսկ «հնարավորությունների» արվեստին ու մշակույթին Դուք «նա բիս» եք տիրապետում: Ապա և` Ձեր փափկության, «բակենբարդների» ու «բաբչկայի» տակ ակնհայտորեն գրագետ խաղացող, լավ հաշվարկող, պինդ մատերիա է նստած, որպես տեսակ:
Այնպես որ, այդ առումով Դուք «լինել» Սերժ Սարգսյանին արժանի «մուզիկանտ»:
Բարի երթ Ձեզ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ