Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շիլաշփոթ են սարքել»

«Շիլաշփոթ են սարքել»
02.03.2018 | 12:25

Երեկվանից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում` հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության տված դեղատոմսի առկայություն: Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը:
Այս որոշումը հանրային մեծ դժգոհություն առաջացրեց, մարդիկ սկսեցին տոպրակներով դեղեր ամբարել, որպեսզի անընդհատ չդիմեն բժշկի` դեղ գնելու «արտոնություն» ստանալու համար: Ավելորդ քաշքշուկներից, դրամական կորուստներից խուսափելու համար վերջին օրերին մարդիկ դեղատներում հերթ էին կանգնում: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, բժիշկ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:

-Որպես բժիշկ, ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս որոշումը:
-Այս որոշման մեջ կա դրական, բայց հիմնականում բացասական միտում: Առողջապահության նախարարությունը անհեթեթ որոշում է կայացրել, որը ժամանակավրեպ էր: Հարկավոր էր քայլ առ քայլ հասնել այս որոշմանը՝ պահպանելով ավանդական ձևերը: Ի՞նչ է նշանակում` պետք է դեղատոմս դուրս գրել միայն հիվանդի քարտի համարի նշումով: Եթե քարտը չեղավ, ստացվում է, բժիշկը չի կարող դեղատոմս դուրս գրել: Իսկ քարտ բացելը բժշկական խորհրդատվություն է, և հիվանդը, ուզենա, թե ոչ, պետք է բժշկին 5000 դրամ վճարի: Էլ չեմ խոսում առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների մասին, որովհետև դա լիովին քանդված համակարգ է: Հիվանդները, հատկապես միջին խավը, ստիպված են գնալու ավելի բարձրակարգ բուժհաստատություններ, որտեղ ծառայություններն ավելի թանկ են: Սա մեծ ստվերային դաշտ է բացում, դառնում է առքուվաճառք: Օրինակ, կան «Նիմեսիլ» և «Իբուպրոֆեն» դեղորայքներ, որոնք նույն խմբին են պատկանում՝ քիմիական կազմի տարբերությամբ: Երկուսն էլ ցավազրկող են, ջերմ իջեցնող, հակաբորբոքային: Ինչու՞ են «Իբուպրոֆենն» առանց դեղատոմսի վաճառում, իսկ «Նիմեսիլը»՝ դեղատոմսով: Ահա և կասկած է առաջանում: «Նիմեսիլն» ավելի պահանջված է, քան «Իբուպրոֆենը»: Սխալ է նաև քիմիական անունն ընդգրկել դեղատոմսով տրվող ցանկում: Կան տարբեր դեղեր, որոնք ունեն նույն քիմիական բաղադրությունը: Ֆիրման դեղատների հետ պայմանավորվում է, որ վաճառեն իր դեղը, ինքն էլ նրանց «ատկատներ» է տրամադրում: Այս խոշոր ստվերը հաշվարկված չէ:
-Մեծ վրդովմունք կա նաև այն փաստի առնչությամբ, որ հատով դեղեր գնելը բարդանալու է:
-Հատով հնարավոր է կրկին գնել: Լինելու է երկու դեղատոմս, որի պատճառով նաև բժիշկների աշխատանքն է ծանրաբեռնվելու: Այսինքն, երկու դեղատոմս է դուրս գրվելու: Միշտ ընդունված էր, որ դեղատոմսը պետք է լատիներենով գրվեր, հիմա հիվանդը չի հասկանալու դա, բժիշկը հայերեն պետք է գրի և պատճենը պետք է տա քաղաքացուն: Հիվանդը դեղատնից գնում է դեղը և դեղատոմսը թողնում այնտեղ: Եթե երկարատև օգտագործման համար է, մի հատ էլ առանձին հավելված է տրվում, որովհետև այսօրվա հիվանդները վճարունակ չեն, վաթսուն հաբ կարող է նշանակվել, բայց հիվանդը չկարողանա միանգամից գնել: Մի խոսքով, անհասկանալի քաշքշուկ, բյուրոկրատական համակարգ: Ասում են, թե խորհրդային տարիներին ահավոր բյուրոկրատական համակարգ էր, բայց իրականում հիմա մենք կրկին վերադառնում ենք այդ համակարգին: Ասում են նաև` պետք է էլեկտրոնային համակարգ ներդրվի: Ստացվում է, որ բժիշկը պետք է ամբողջ օրը հիվանդ չընդունի, զբաղվի թղթաբանությամբ, բոլոր տվյալներն անցկացնի համակարգչի բազայում: Չեն էլ ասում, որ ողջ պոլիկլինիկայում մի համակարգիչ հազիվ գտնվի: Շիլաշփոթ են սարքել:
-Ո՞րն է այս որոշման նպատակը, եթե ստվերն ավելանալու է:
-Մի բան է միայն շատ ճիշտ, որ հորմոնները, հակաբիոտիկները, հոգեմետ դեղերը պետք է բժշկի դեղատոմսով տրվեն, որովհետև այս դեղորայքը պետք է ընդունել բժշկի ցուցումով: Չի կարելի երկու օր հակաբիոտիկ ընդունել, օրինակ, գրիպի համար: Ո՞վ ասաց, որ գրիպի դեմ պետք է հակաբիոտիկ ընդունել, ինքնանշանակում են անում, երկու օր խմում են, համարում են բուժված: Բայց դեղորայք ընդունելու նվազագույն ժամկետ կա՝ 5-7 օր: Հորմոնալ դեղերն էլ պետք է ճիշտ ընդունել: Սակայն այս նպատակի հետ նաև այլ բաներ են խառնել ու, ժողովրդական լեզվով ասած, հոնքը շինելու տեղը աչքն էլ են հանել: Անհասկանալի է՝ ոլորտի խնդիրնե՞րն են շտկում, թե՞ ստվերային դաշտ են ստեղծում ու քաշքշուկներ առաջացնում:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ