USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ա՜խ այդ նվիրական Եվրոպան

Ա՜խ այդ նվիրական Եվրոպան
02.03.2018 | 12:35

Հայաստանի արտաքին քաղաքականության «եվրոպական» ուղղությունը, անշուշտ, նորարարական է: Թեև ավելի շատ հակվում ես այն տարածված տեսակետին, որ սա պարզապես հայրենի իշխանությունները լրացուցիչ խթան կդարձնեն ինքնավերարտադրման ճանապարհին: Տեսեք, ի՜նչ մեծագործությունների ենք ընդունակ մենք:
Իրականում այս գործընթացը շատ ավելի բարդ է ու հակասական, կասկածելի իր արդյունավետության մեջ, ելնելով ժամանակակից Եվրոպայի ինքնակործան էությունից: Եվ դրա կենդանի օրինակը մեր հարևան Վրաստանն է: Ծանոթանալով «Արևելյան գործընկերության» շրջանակում Վրաստան-Եվրամիություն հարաբերություններին նվիրված հրապարակումներին, հանգում ես մեկ եզրակացության՝ չափից դուրս մեծ էին եղբայրական ժողովրդի սպասելիքները «քաղաքակիրթ» Եվրոպայից: Եվ դեռ հարց է, թե ինչ կտա այդ երկրին հակառուսական դիրքորոշման ուժեղացումը:


Ըստ էության, նույնիսկ եվրոպական երկրներ անվիզա այցելելու հնարավորությունը վրացիներին առանձնակի արտոնություններ չի ապահովում. 90 օր Վրաստանի քաղաքացին կարող է անարգել շրջագայել Եվրոպայում: Հենց շրջագայել, այսինքն՝ նախապես ձեռք ես բերում ավիատոմսերը, վճարում ես հյուրանոցի համար, հաշվում ես ընթացիկ ծախսերը և, խնդրեմ, Եվրոպան բաց է քո առաջ, վայելիր նրա տեսարժան վայրերն ու թանգարանները, անմիջականորեն առնչվիր նրա բարձրագույն «արժեքներին», օրինակ, հիացիր քաղաքակրթական մեծագույն նվաճումով՝ անկրկնելի գեյ-շքերթներով, իսկ եթե ուզում ես, խնդիր չկա, կարող ես նույնիսկ… մասնակցել:


Հարուստ վրացու համար առանց բյուրոկրատական ձևակերպումների Եվրոպա թափանցելն իրոք հարմարավետ է ու ձեռնտու: Սակայն այդ խավը վրաց հասարակության ո՞ր տոկոսն է կազմում: Եվ հենց այստեղ հատնում են պատրանքներն ու անապահով (չքավոր) վրացու առջև հառնում է «երկաթե» օրենքը՝ նա իրավունք չունի աշխատելու Եվրոպայում, դու ընդամենը զբոսաշրջիկ ես, ոչ ավելի:


Եվրոպացիները կանխատեսել էին միգրանտների մեծ հոսք Վրաստանից և մտցրել էին զանազան սահմանափակումներ, բարդացրել վրացիների կյանքը բաղձալի աշխարհամասում: Ահա և, հասարակ վրացիները, «անարգել» հայտնվելով Եվրոպայում ու չկարողանալով գտնել նույնիսկ ցածրակարգ աշխատանք, որպես վերջին հույս դիմում են տեղի իշխանություններին ապաստան տրամադրելու խնդրանքով: Ապարդյուն: Ի վերջո վրացին սովորական քրիստոնյա է և ոչ թե պատերազմից ճողոպրած արտոնյալ մուսուլման, որը կարիք ունի անվճար բնակարանի, ապրելամիջոցների, բուժօգնության և այլն: ՈՒ՞մ է պետք վրացին: Գլխավորն այն է, որ նրանց երկիրը վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից: Եվ թող փորձի նա խախտել օրենքն ու ապօրինաբար աշխատել: 2017 թվականից սկսած հումանիստ Եվրոպան արդեն արտաքսել է 2000 վրացու, ընդ որում՝ նրանց տունդարձի ծախսերը դրվել են Վրաստանի կառավարության վրա: Եվ սա դեռ սկիզբն է: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությամբ, անվիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի, իսկ ահա ապաստան ստանալու խնդրանքով դիմածների թիվն աճել է 35 տոկոսով:


Վրաստանին առնչվող մյուս կարևոր խնդիրը, որին բախվում է Եվրոպան, քրեական գործոնի առկայությունն է: Ընդունված է ասել, որ Միշիկո Սաակաշվիլուն, համենայն դեպս, հաջողվել էր Վրաստանում կարգուկանոն հաստատել ու հաջողությամբ պայքարել քրեական հեղինակությունների դեմ: Մյուս կողմից՝ Վրաստանում կենսամակարդակն այնքան ցածր է, որ վերջիններս այնտեղ «ասպարեզ» էլ չունեն ու առաջին հերթին իրենք են փորձում օգտվել եվրոպական շռայլ առանձնաշնորհներից: Դե, այնտեղ կենսամակարդակն անհամեմատ բարձր է, օրենքները շատ ավելի «մարդասիրական» են, բանտերը՝ «արքայական», հատկապես վրացականի համեմատ: Բանը հասել է նրան, որ Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի կառավարությունը պատրաստվում է վերանայելու և նույնիսկ չեղյալ համարելու Վրաստանի հետ անվիզա ռեժիմը՝ գերազանցապես քրեականների պատճառով: Նույնիսկ հատուկ հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի ՆԳ նախարարի և Վրաստանի արտգործնախարարի միջև Մյունխենում:


Եվրոպայում ձևավորվող հակավրացական որոշակի տրամադրություններին ուշադրություն է հատկացնում նաև ռուսական մամուլը: Եվ ահա թե ինչու: Նույնիսկ Վրաստանի նախագահի մակարդակով հնչում են հայտարարություններ, որ ստեղծված իրավիճակը հետևանք է… ռուսական քարոզչական աշխատանքի: «Վրաստանի հաջողությունները որպես «Արևելյան գործընկերության» ծրագրի լիդերի, ասել է վրաց նախագահը, շատ ծանր է ընկալվում ռուս քաղաքագետների կողմից: Եթե նրանք կարողանում են այս կամ այն ձևով ազդել ամենաառաջատար երկրների ընտրարշավների վրա, ապա ես չեմ զարմանա, որ Ռուսաստանում կարողանան նույն ձևով ստեղծել «քրեական նկարագրեր»՝ ցույց տալու համար, թե վրացիները Եվրոպայի համար լուրջ խնդիրներ են ստեղծում:


Բնական է, որ այս «թույլ» փաստարկներին, ռուսատյացության նման դրսևորումներին ռուսները պատասխանում են սարկազմով. «Պարզվում է, որ «ռուսական քարոզչությունն» է վրացի քրեականներին, բնակարանագողերին, գրպանահատներին ու քրեական աշխատանքի այլևայլ հարվածայիններին հարկադրել մեկնելու Եվրոպա՝ Վրաստանը հեղինակազրկելու նպատակով: Կասկած չկա, որ Վրաստանի, այսպես կոչված, ռուսական քարոզչության շնորհիվ հիմարացած քաղաքացիները, որոնք ապրում էին իրենց բոլոր իրավունքներն ու աննախադեպ կենսամակարդակն ապահովող հարուստ ու բարեկեցիկ հայրենիքում, անսպասելիորեն թողնում են ամեն ինչ և ճողոպրում չքավոր ու կյանքի համար վտանգավոր Եվրոպա, որտեղ պատրաստ են խղճուկ գրոշների դիմաց կատարելու ամենակեղտոտ ու սև աշխատանքները: Եթե թույլ տան»:


Ի դեպ, կամա թե ակամա վերհիշում ես ելցինյան տարիները Ռուսաստանում, երբ Հայաստանից վռնդված զանազան քրեական հեղինակությունները հայտնվել էին Մոսկվայում, կրակ ու պատիժ դառնալով տեղի հայ բիզնեսմենների գլխին: Մեզ մնում է միայն աղոթել Աստծուն, որ Եվրամիությունը հանկարծ անվիզա ռեժիմ չտրամադրի… Հայաստանին: Հանկարծ մեր պատճառով էլ չնեղսրտի անզուգական Եվրոպան, իր վրա զգալով կովկասյան նոր հզոր՝ նույնպես քրիստոնեական արտագաղթի ծանր հետևանքները: Թեև քրեականներին արժե թույլատրել. հայաստանյան ընտրությունները քիչ մը մաքուր կստացվեն:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao