Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վերաձևավորումների նշաններ են ուրվագծվում նաև ընդդիմադիր ձևաչափում

Վերաձևավորումների նշաններ են ուրվագծվում նաև ընդդիմադիր ձևաչափում
02.03.2018 | 12:43

Մինչ հանրության և քաղաքական դաշտի ուշադրությունը սևեռված է իշխանության համակարգում տեղի ունեցող վերաձևավորումներին և տրանսֆորմացիաներին (ուշադրության կենտրոնում, բնականաբար, ապագա նախագահը և վարչապետի հնարավոր թեկնածուներն են), աննկատ, բայց բավականին ինտենսիվ վերաֆորմատավորման նշաններ են սկսում նկատվել ընդդիմադիր դաշտում։ Ընդ որում, ընդդիմության վերաձևման հարցում կարծես թե դարձյալ խառն է իշխանության մատը։


Դիտարկելով ընդդիմադիր սպեկտրը՝ նկատում ենք, որ այստեղ հանկարծ վերակենդանացման նշույլներ նկատվեցին «Հայկական վերածնունդից» դարձյալ «Օրինաց երկիր» դարձող կուսակցությունում։ «Ժառանգություն» կուսակցությունում որոշակի ռոտացիոն փոփոխություններ սկսվեցին։ Բայց սա թերևս ավելի շուտ ֆոնային պատկերն է։ Ավելի խորքային ու հետաքրքիր զարգացումներ ընթանում են առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության սեգմենտում։ Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը խնդիր է դրել չորրորդ նախագահի ընտրությունն ապահովել «ընդարձակ կոնսենսուսի» պայմաններում։ Եվ այս համատեքստում «Ծառուկյան» դաշինքը զրկվեց նույնիսկ ընդդիմադիր կեցվածք ընդունելու լիիրավ հնարավորությունից, ինչից նա օգտվում էր վերջին տարիներին՝ փորձելով խփել և՛ նալին, և՛ մեխին։ Այս անգամ խմբակցությունը, հանդես գալով հայտարարությամբ, ուղղակի հայտարարեց, որ պաշտպանելու է իշխանության թեկնածուին։ Իհարկե, ընդդիմադիր տրամաբանությունից դուրս է այս փաստը. ընդդիմադիր ուժը չի կարող իշխանության նախագահի թեկնածուի օգտին քվեարկել։ Կան սկզբունքային հարցեր, ինչի շուրջ ընդդիմությունը պետք է որ համակարծիք լինի։ Սակայն այս անգամ ամենայն հավանականությամբ «Ծառուկյան» դաշինքին նույնիսկ երկընտրանքի կամ ազատ քվեարկության ռեժիմով հանդես գալու հնարավորություն չեն տվել։ Այսպիսով կարելի է եզրակացնել, որ իշխանությունն այլևս «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խաղերի կարիքը չունի։ Եվ նույնիսկ կարող ենք արձանագրել, որ սկսվել է «Ծառուկյան» դաշինքի ՕԵԿ-ացումը։ Սա ըստ էության որոշակի անորոշություն է ստեղծում «Ծառուկյան» դաշինքի հետագա գործունեության համատեքստում։ Առայժմ անհասկանալի է, քաղաքական այս ուժը մնալու՞ է նոմինալ ընդդիմադիր դաշտում, թե՞, այնուամենայնիվ, կոալիցիա վերադառնալու վաղեմի իղձը ի վերջո իրականանում է։


Ինչևէ, սա ընդդիմադիր դաշտի, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության վերաֆորմատավորման տարրերից մեկն է։
Ավելի քողարկված գործընթացներ են ծավալվում «Ելք» դաշինքում։ Ինչպես և կանխատեսում էին փորձագետներից ոմանք, ապագա վարչապետի ընտրության շուրջ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը հայաստանյան քաղաքական դաշտում փորձում են ներկայացնել ոչ թե որպես ինքնուրույն խաղ, այլ ներիշխանական մրցակցության բաղկացուցիչ մաս։ Եվ եթե մինչ վերջերս Նիկոլ Փաշինյանի` իբրև թե հօգուտ իշխանության մի թևի աշխատելու վարկածը ակնարկների տեսքով էր, ապա վերջին օրերին իշխանությանը մոտ կանգնած լրագրողների և սոցցանցերի ու բլոգերների ջանքերով այդ մասին բացահայտ է ասվում։ Իրավիճակին առանձնակի սրություն է հաղորդում նաև այն հանգամանքը, որ, դատելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, վերջինս պատրաստվում է հանրահավաքային կամ փողոցային միջոցառումների։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործողությունների նախնական պլանը քննարկել է ընտանիքի հետ, որը հավանության է արժանացրել և նրան վերստին գործուղել Ազատության հրապարակ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արմատական գործողությունների վերադառնալու իր որոշման մասին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը վարչապետի կարգավիճակում կանխելուց բացի ներառում է նաև ՀՀ 4-րդ նախագահի ընտրության ոչ լեգիտիմության խնդիրը։ Եվ դրա հիմքում դրված է որոշ իրավաբանների այն կարծիքը, թե գործող սահմանադրությամբ չորրորդ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաժողովրդական քվեարկությամբ։ Եվ այս հարցով Նիկոլ Փաշինյանը դիմում է նաև Սահմանադրական դատարան։


Պատահական չէ, որ այս թեմայի մասին խոսելիս ծավալվում են ոչ թե «Ելք» դաշինքի շուրջ, այլ հիմնականում տրվում է Նիկոլ Փաշինյանի անունը։ Աստիճանաբար էլ ավելի ակնառու են դառնում «Ելքի» ներդաշինքային որոշակի հակասությունները։ Մասնավորապես տարաձայնություններ են նկատվում «Ելքի» առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև։ ՈՒ թեև դաշինքում ակնարկում են, որ եթե հակասություններ կան, ապա զուտ մեթոդաբանական կամ տեխնիկական են, այնուամենայնիվ, ըստ փորձագետների, հակասությունները ավելի խորքային բնույթ են կրել։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Էդմոն Մարուքյանը ավելի շատ խոսում է ինստիտուցիոնալ պայքարի մասին, ինչը կարծես բացառում է փողոցային մարտավարությունը և առաջ մղում խորհրդարանական լսումների, քննարկումների տարբերակը։ Ընդ որում` հակասությունների հիմքում կարող են լինել ոչ միայն արտաքին քաղաքական գործոնները, այդ թվում՝ որոշակի տարբերությունները արտաքին քաղաքական նախապատվություններում, այլև «Լուսավոր Հայաստանի» և «Քաղպայմանագրի» ծագումնաբանական տարբերությունները, առկա կապերը և ինչու չէ, ինչպես շատերն են պնդում, որոշակի պարտավորությունները։ Այսուհանդերձ փաստ է, որ «Ելք» դաշինքի վարկանիշը հասարակության շրջանում հիմնականում պայմանավորված է հենց Նիկոլ Փաշինյանի գործոնով։ Թեև նա միանշանակ չի ընկալվում ընդդիմադիր սեգմենտում, ինչը հիմնականում պայմանավորված է ավանդական և տարրական քաղաքական խանդով։ Սակայն քաղաքական զանգվածի մեծ մասի համար դուրեկան է Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը։ Փորձագետները պատահական չեն համարում, որ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև անտեսանելի կապի և շահերի համընկնման շուրջ լրատվական արտահոսքերն ու անդրկուլիսյան խոսակցություններն ակտիվացել են հենց այս ժամանակաշրջանում, երբ արդեն տեսանելի են դառնում ապագայի շուրջ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև նոր պայմանավորվածությունները։ Բազմիցս արձանագրվել է, որ նշված երկու կողմերն էլ մինչև այժմ հստակ պահպանել են ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը՝ որպես զուտ Կարեն Կարապետյանի դաշտում խաղալու ձգտում, նպատակ ունի ոչ միայն ուղղակիորեն վարկաբեկելու Նիկոլ Փաշինյանին՝ կապելով նրան իշխանության այս կամ այն նախագծի հետ, այլև լարվածություն մտցնելու գործող նախագահի ու վարչապետի միջև։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իշխանության մեջ կան ազդեցության խմբեր, որոնք փորձելով Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես իշխանական մի թևի խաղացող` իրականում ձգտում են նվազեցնել այդ գործչի ազդեցությունը «Ելք» դաշինքում։ Եվ այդ ամենն արվում է հօգուտ դաշինքի մյուս առաջնորդների։

Այստեղ թերևս առաջին պլան է գալիս դաշինքի մասնակից ուժերի տարբեր ծագումնաբանությունը, ինչի մասին շատ վաղուց խոսվում էր։
Միևնույն ժամանակ փորձագետների ուշադրությունից չի վրիպել հետաքրքրական այն փաստը, որ իշխանությունները ոչ մի կերպ չխոչընդոտեցին «Ելք» խմբակցության Մարտի 1-ի հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը։ Ավելին, ՀՀԿ խմբակցության գործուն մասնակցությամբ ԱԺ վերջին նիստում օրակարգ մտցվեց այդ հարցի քննարկումը խորհրդարանում։ Ավելին, ՀՀԿ-ն և իշխանամերձ շրջանակների ներկայացուցիչները բավականին ակտիվ մասնակցություն ունեցան այդ միջոցառմանը։ Չի բացառվում, որ իշխանությունների այդ բարեհաճ վերաբերմունքը պայմանավորված է երեք հիմնական գործոնով։ Նախ՝ Սերժ Սարգսյանը ձգտում է 10 տարի անց գոնե փոքր-ինչ փակել իր պաշտոնավարման սկիզբը խորհրդանշող ողբերգական այդ էջը։ Անշուշտ, շատերը կարծում են, որ սա նաև, այսպես ասած, գոլորշի բաց թողնելու միջոց էր։ Երկրորդ՝ գործող նախագահը և նրա թիմը փորձեցին զգուշորեն Մարտի 1-ի համար պատասխանատվության սլաքները սևեռել նաև այլ ուղղություններով։ Մասնավորապես, ոչ միայն Լ. Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ արվում էր, այլ դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դրա ամենավառ դրսևորումը տեղ գտավ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, սովորաբար իր բոլոր քայլերը շատ զգուշորեն անող Սամվել Նիկոյանի ելույթում։ Նա նույնիսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցադրեց. «Ասում ենք՝ երկրորդ նախագահ, Դուք հայտարարեցիք, մասնավորապես, որպես հիմնավորում արտակարգ դրություն հայտարարելու, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկաններին, բոլոր էդ փաստաթղթերից պարզեցինք՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկեցինք, որ ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման վրա»։ Սա բավականին թափանցիկ և ուղղակի մեղադրանք էր երկրորդ նախագահին, ինչը մինչ այդ երբեք չէր եղել ՀՀԿ բարձրաստիճանավորների կողմից։ Ըստ էության, փորձ է կատարվում կիսելու պատասխանատվությունը ընդդիմության և այդ օրվա իշխանության միջև։
Եվ երրորդ գործոնը. այնուամենայնիվ, իշխանության մեջ կան նաև շրջանակներ, որոնք ցանկանում են «Ելքի» վարկանիշը բարձրացնել, որպեսզի վերջինս ընդդիմադիր դաշտում դառնա առաջնորդ։ Շատ հնարավոր է, որ այս երեք գործոնները ոչ թե հատուկ պայմանավորվածության հետևանք են, այլ պարզապես հասարակ համընկնում։

Փաստորեն, «Ելքը» ևս մեկ հնարավորություն ստացավ արձանագրելու, որ հայաստանյան խորհրդարանական ընդդիմադիր դաշտում առայժմ միակ գործունյա ընդդիմադիր ուժն է։ Դա առավել ևս ակնառու է «Ծառուկյան» դաշինքի հարմարվողականության համատեքստում։ Այսպիսով՝ «Ելքը» աստիճանաբար ստանում է քարոզչական, իմիջային, դիրքային առավելություն ընդդիմադիր դաշտի այլ դերակատարների նկատմամբ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ