USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Առողջապահական համակարգի սարդոստայնները (ջերմախտ է, զգուշացեք)

Առողջապահական համակարգի սարդոստայնները (ջերմախտ է, զգուշացեք)
02.03.2018 | 13:48

ՆԱԽԵՐԳ


Արդեն գարու՞ն է։ Կարծես ձմեռն աննպատակ ժամանեց և առանց պարտքը կատարելու, այն է` լիաբուռն ձյունելու, լքեց մայրաքաղաքը, հեռացավ երկրից։
Ներկա ՀՀ կառավարությունն այս վերջին ձմեռվա երկվորյակն է, չի ձյունում, անձրևաբեր չէ, բայց կարկուտ է տեղում գյուղերում, հանդերում և քաղաքներում։ Հանրահայտ է վաղուց, որ պարբերական կարկտահարությանը հաջորդում են ծաղկավիժումը, երաշտը և հողի անապատացումը։ Երկրի հողի, որի կողոսկրը նրա քաղաքացին է։ Իսկ քաղաքացիների ամբողջությունը նաև անվանում են ժողովուրդ։ Այս հինավուրց ճշմարտությունը շրջանցվել է և շարունակում է իր աներեր ընթացքը ՀՀ-ի անխտիր բոլոր կառավարությունների կողմից (ի բացառություն Վազգեն Սարգսյանի հեղաշրջումային, սակայն վաղամեռիկ կառավարության) և գլուխգործոցներ է կերտում ՀՀ-ի 14-րդ վարչապետի կառավարման ընթացքում։ Վերջին 1 տարում «դարակազմիկ» անհամար որոշումներ են ընդունվել, որոնք «այբ»-ից մինչև «ֆե» հակահասարակական են իրենց անհեթեթ տրամաբանությամբ։ Ասվածի լավագույն հաստատումը հակածխախոտային վարչարարական մղձավանջն է, ոչ այնքան տուգանքի չափի խելահեղ բարձրությամբ, որքան երևույթի անհեթեթությամբ։ Սովորաբար նման դեպքերում ասվում է` այս և այն օրենքը (որոշումը, կարգադրությունը, հնչած միտքը) մատից է ծծած։ Դեղատոմսային ներկա օրենքը (պաշտոնապես այն կոչվում է «Դեղերի մասի օրենք») ծծված է հանրության և պետության հաշվին գերխնամված չինովնիկական աստղաբույլի բութ մատից, որը վաղուց է ճարակված սնկային հիվանդությամբ։

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐԸ
Այս դեպքում էլ շաբաթը շրջանցեց ուրբաթին, զի առանց խնդրի խորքային ուսումնասիրության և հանրային կարծիքի ունկնդրման ՀՀ առողջապահության նախարարությունն անցավ գրոհի` պարտադրելով ժողովրդին` ծեր ու մանուկ, ռազմական կոմունիզմի ոգով այցելել համաբուժարաններ, արժանանալ բժշկի բարեհաճությանը (եթե բախտը ժպտա և հերթը հասնի), քննվել, վերցնել դեղատոմս-հավաստագիրը և ճանապարհվել դեղատուն։ Եվրոպայում այս կարգն է գործում, պատճառաբանում են առողջապահության նախարարության քրմերը և կարգը փաթաթում են մեր պարանոցին, մոռանալով, որ քաղաքակիրթ աշխարհում քաղաքակիրթ հարաբերություններ են գործում, ոչ թե վաշխառուական, որը հայկական առողջապահության, հիվանդ-բժիշկ փոխառնչության, ի վերջո, ՀՀ առողջապահության նախարարություն-հայ հասարակություն փոխառնչությունների շարժիչ ուժն է։

Այսպիսով, նման դեղատոմսային բռնադատումից առաջ նախ անհրաժեշտ էր քաղաքակրթել երկրի առողջապահական համակարգը, ձևավորել փոխադարձ վստահություն և հարգանք բժշկի և հիվանդի միջև։


ՀՀ առողջապահական համակարգը, սա քաջ հայտնի է, վաղուց տառապում է անբուժելի ջերմախտով։ Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկների ճնշող մասը, կամքից անկախ, վերածվել է մաքսավորի, ում համար հիվանդը նախ գումար հայթայթելու օբյեկտ է։ Տարիներ շարունակ ՀՀ բուժհաստատություններում բուժանձնակազմը գոյատևում էր չնչին աշխատավարձով, բնականաբար, «գոյատևումն» անպատվաբեր էր և պետք է փոխարինվեր բարեկեցիկ ապրելու տեսլականով։ Միանգամայն բնական, բայց և այնպես լիովին անբարոյական գործընթաց էր սա, զի համակարգային խառնակության զոհը մեկն էր` հիվանդը։ Հաջորդ զոհը հիվանդատերն էր, որի գրպանի պարունակությամբ էր հաճախ պայմանավորված բուժանձնակազմի մասնագիտական և մարդասիրական բարյացակամությունը։ Այսպիսով, ի սկզբանե առողջապահական համակարգը վերածվեց հանրության կյանքի պատժիչ գործիքի։ Եվ պատժիչ գիլիոտինը նախ կախվեց անապահով խավի պարանոցին։ Խավ, որի անապահովության ցուցանիշները ոչ միայն կենսազամբյուղային են, այլև առողջապահական։ Եվ հավանաբար ճիշտ ժամանակն է, որ խորհրդարանը նախաձեռնի մի շա՜տ հետաքրքիր օրենսդրական գործընթաց և ստեղծի ահա նման մի օրենք. «Հասարակության անապահով խավերի անվտանգության ապահովումը ՀՀ առողջապահության համակարգի ոտնձգություններից»։ Բայց մի՞թե քիչ թե շատ ապահով խավը չի ենթարկվում անողոք ոտնձգությունների և չի հայտնվում կամայականությունների սարդոստայնում։ Չկասկածեք, ենթարկվում է, համոզված եղեք, հայտնվում է։ Բայց և այնպես դիմակայում է, ի տարբերություն չարքաշ խավի։


Բուժհաստատությունները տարիներ առաջ եվրանորոգվեցին։ Բարձրակարգ բուժսարքավորումները պարզապես շողարձակում են հարդարուն և աչք շոյող հիվանդասենյակներում։ Շողարձակում են նաև բուժանձնակազմի ժպիտները։ Հրավառվում են սակագները, եթե մատդ փուշ է մտել և պապենական մեթոդները մի կողմ դնելով այցելում ես որևէ վերնախավային բուժհաստատություն, ապա պատրաստ եղիր վճարելու ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը։ Քիչ ավելի լուրջ տկարության դեպքում լրջանում են գումարները, հասնելով աստղաբաշխական չափերի։ Սակայն սա հիվանդանոցային մղձավանջի մի կողմն է, դարձերեսում ակնհայտ աճպարարությունն է։ Դիցուք, ախտորոշվել է սրտի վիրահատություն։ Հայտնի է գումարի չափը` 3,5 մլն ՀՀ դրամ։ Սակայն մինչև վիրահատարան մահն աչքի առած հիվանդն ու բարդույթավորված հիվանդատերը ենթարկվում են զննողական բռնադատման` անցնելով բուժառանձնասենյակներով, դրանցում զննվելով և ամենուր հաստատագրված գումարը մուծելով։

Զարմացնում, զայրացնում և ուղղակի ցնցում է ՀՀ առողջապահական համակարգի վերնադասի հավկուրությունը։ Այն է` մինչև «դեղերի մասին» այս գերարկածախնդրական օրենքի ընդունումը երկրի առողջապահական ոլորտում մի՞թե չկային անհամար խնդիրներ։ Մի՞թե առողջապահական համակարգում գործող գները հասու են անապահով և թշվառ խավերին։ Այս մասին ահա ինչ ասաց հայ քաղաքական մտքի մոգպետ տիար Գալուստը Սահակյան. «Առողջապահության համար կարևոր գործոն է, բայց Հայաստանում նման պայմաններում հնարավոր չի իրագործել, որովհետև մեր ժողովրդի մեծամասնությունը, կամ ինչ-որ մասը այդքան շատ դրամ չունի, որ գնա բժշկի մոտ իր հիվանդությունը պարզի և դեղը գնի»։


ՀՀ առողջապահության նախարարության վերին ատյաններում երբևէ մտածե՞լ են, թե քանի մանուկ և մեծահասակ են անոթի քուն մտնում, հասարակության որ մասն է թերսնված, ի՞նչ ավերածություններ են գործում հանրապետություն մտնող կեղծ դեղերը, ինչու է երբեմն հրաշալի փաթեթավորված դեղահաբը հանկարծ բերանիդ մեջ վերածվում կավճի և այլն, և այլն։

ՋԵՐՄԱԽՏ Է, ԶԳՈՒՇԱՑԵՔ
Ազնվազարմ մի սլավոն, հրապարակախոս և ՌԴ ՆԳ սպա Վիկտոր Ալեքսանդրովը չքնաղ մի ձոն է հղել աշխարհին` առ Հայաստան. «Ամեն անգամ, երբ բանաստեղծություն կամ հրապարակախոսական հոդված եմ գրում Հայաստանի ու Արցախի մասին, ինձ թվում է, թե մի ինչ-որ սուրբ բանի եմ առնչվում»։
Մեր սրբազնական երկրում լայնածավալ գործընթացներ են թավալում իշխանական և պետական մարմինները։ Առաջնության դափնին անվերապահորեն հանգչում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության և սոցիալական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի տառապյալ և ժողովրդավար ուսերին։
Ահա նրանց հաղթարշավի արգասիքը, որը հրապարակվեց անցած ամսվա 19-ին։ Հայաստանում գրանցված 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողման ենթակա է 2700-ը։ Մարտի 1-ից պարտադիր պահանջ է գործում` հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից` բոլոր ներկրումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից` դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ։ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն է այս խառնակության դատապաշտպանը, և նա իրազեկում է, որ դեղատոմսը գործիք է, որը հարաբերությունների մեջ է մտնում 3 հիմնական կողմերի` բժիշկների, դեղատների և հիվանդների հետ։ Յուրաքանչյուր հիվանդի համար դեղատոմսը երաշխիք է այն բանի, որ իրեն նշանակված է ճիշտ դոզայով, ճիշտ հաճախականությամբ օգտագործվող դեղ, և այդ դեղն օգտագործվել է իր հիվանդության բուժման համար։ Իրավիճակը պարզաբանեց բժշկական գիտությունների դոկտոր տիար Գարիկ Աղաբեկյանը. «...հիվանդը պետք է գնա պոլիկլինիկա, ստուգվի, և եթե կարիք կա` նրան դեղատոմս կտան, բայց մինչ այդ էլ հետազոտող բժիշկը հազար ու մի կաբինետ է ուղարկելու, ստուգումների, անալիզների և այլն, ինչը քաղաքացիների համար հավելյալ ծախս է...»։

Դոկտոր Աղաբեկյանը եզակի չէ իր տագնապներում, նրան համակարծիք են բազմաթիվ բժիշկներ։ Սակայն կան այս չարաբաստիկ օրենքի ջատագովներ։ Ի մասնավորի Լոռվա մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն և մարզի գլխավոր հոգեբույժ Գայանե Քալանթարյանը համոզված է, որ. «...թե՛ բժշկի, թե՛ բնակչի համար դեղատոմսով դեղ գնելու պարտադրանքը տեղին և դրական քայլ է, քանի որ ոլորտը կանոնակարգվում է, այն կնպաստի բժշկի, դեղատան աշխատողի աշխատանքի որակի բարձրացմանը, քաղաքացու մեջ կձևավորվի բժշկին դիմելու մշակույթ»։ Վստահաբար կձևավորվի, քանզի օրենքը պարտադրանքով է խուժում մեր իրականություն։ Եվ, խնդրեմ, արդեն փետրվարի 27-ից բնակչությունը մի քանի ամսվա ցավազրկողների, ճնշման դեմ դեղերի և այլնի պաշար է կուտակում։ Իսկ, օրինակ, վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապողները արդեն դեղորայքը գնել են ողջ տարվա համար, և առաջացել է դեֆիցիտ։ Այս անհեթեթությունը եթե չկանխվի, ապա դժվար չէ պատկերացնել, թե գալիք աշնանը յուրաքանչյուր համաբուժարանի ամեն մի կաբինետի առաջ հերթ է բռնելու ողջ հանրապետության բնակչության կեսից ավելին, որոնց գլուխն է ցավում, որոնք ունեն արյան ճնշում կամ տառապում են հարբուխով։ Յուրաքանչյուր հերթ կունենա իր հաշվիչ հանձնախումբը և ազդագիրը` «Այս հերթում պենտալգինի հետևորդներն են, նիմեսիլի և կետոնալի հերթը 3-րդ հարկում է»։ Զավե՞շտ է, բնա՛վ։ Հետևողական գործընթաց է, որի գերնպատակն է` հատկապես բնակչության անապահով խավերին ենթարկելով հերթական բռնադատման` բազմապատկել արտագաղթի հոսքը։ Միով բանիվ, ոմանց ուղեղներում ջերմախտն է տեր ու տնօրեն, և ահա նրանք բացիլներ են շաղ տալիս աջ ու ձախ։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` ՀՀ առողջապահության նախարարության այս հակամարդկային ոտնձգության հեղինակներին պետք է հայտնաբերել և անհապաղ ուղարկել հարկադիր բուժման։
Նախ և հետո` ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ-ի, ՀՀ կառավարության, ՀՀ Հանրային խորհրդի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ստեղծագործական միությունների միացյալ ջանքերով անհրաժեշտ է կազմավորել հեղինակավոր մի ատյան, որը կփորձի պարզաբանել, թե ինչու են ՀՀ կառավարական որոշումները և ԱԺ-ի օրենքները արժանանում ՀՀ հասարակության ցավագին, նաև արհամարհական մերժմանը։ Եվ վերջապես` ՀՀ ԱԺ-ի ընդունած ցանկացած օրենք և կառավարական յուրաքանչյուր որոշում պետք է նախ փորձաշրջան անցնի խորհրդարանականների, կառավարության անդամների և նրանց մոտակա ու հեռավոր մերձավոր-բարեկամների շրջանում։

Արդեն գարու՞ն է։ Կարծես թե ձմեռն աննպատակ ժամանեց և առանց պարտքը կատարելու, այն է` լիաբուռն ձյունելու, լքեց մայրաքաղաքը, հեռացավ երկրից։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao