Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գունեղ դափնեպսակ՝ հոբելյանական ուրվագծերով

Գունեղ դափնեպսակ՝ հոբելյանական ուրվագծերով
02.03.2018 | 14:02

Ստեղծագործական աշխատանքի յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում` սպորտում և մանկավարժությունում, կան անհատներ, որոնք անձնավորում են ոլորտի զարգացման ուղին, նվաճումները, բախտը: Նման անհատները կարգավորում են ժամանակի սլացքը:
Անցյալ-ներկա-ապագա:


Այսպիսին է ժամանակի սլացքը:
Անցյալը սովորաբար պարտք է մնում ներկային: Ներկան էլ դեպի ապագա է գնում իր ներդրումներով, հաղթանակներով, բայց և բազում սպիներով, կորուստներով: Հաճախ խլում է ապագան ներկայից, չապրած դարձնում այնքան արժեքավոր ապրելիքը:
Մոտենում է ութ տարին, ինչ ներկան դավաճանեց մարզիչ-մանկավարժ, դոցենտ, վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, «Ջրի տիրակալ» ՄԱՐՏԻՆ ՕՍՅԱՆԻՆ` ապագային հանձնելով նրա զավակներին, սաներին ու բոլոր ճանաչողներին հասցեագրված մասնագիտական և մարդկային խորհուրդները:


Մարտին Օսյանը ծնվել է 1928-ին՝ Լոռվա Շնող գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան և թիվ 2 դպրոցներում: ՈՒզում էր օդաչու դառնալ, բայց անհարկի բռնադատված հոր զավակին տրված չէր այդ իրավունքը, յոթ ամիս սովորելուց հետո «հեռացավ» Երևանի օդաչուական դպրոցից: 1955-ին ավարտեց Մոսկվայի ֆիզկուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ֆիզդաստիարակության ֆակուլտետը: Մինչ այդ կարմիր դիպլոմով ավարտել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը: 1955-65 թթ. աշխատել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի լողի ամբիոնում: Նույն տարիներին եղել է Հայաստանի ջրացատկի հավաքական թիմի, նաև Հայաստանի դպրոցականների հավաքական թիմի ավագ մարզիչը: Շուրջ կես դար եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի դոցենտ: Աշխատել է նաև ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն:


Նախորդ դարի 40-ականների վերջին թողել է Ալավերդին: Դրանից հետո ծննդավայր էր այցելում սովորաբար ամռանը և ամեն անգամ ժամանակ էր գտնում մի քանի անգամ ներդաշնակվելու գիժ Դեբեդի ջրերին՝ ցատկելով Քարե կամրջից: Լոռուց հեռու միշտ մնաց պարզասիրտ ու հյուրընկալ լոռեցի, հավերժ բոցավառ պահելով հայրենի եզերքի նկատմամբ սիրո ջահը, տարեց ալավերդցիների հիշողություններում մնալով իրեն շնորհված «Ջրի տիրակալ» տիտղոսով:


Ջրացատկային սպորտի գծով նրա պատրաստած հանրապետական համար մեկ թիմն էր, որ մասնակցեց 1950 թ. ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադային: Հատկանշական է, որ թիմի միակ հաշվարկային միավոր բերողը մարզիչ-մարզիկ Մարտին Օսյանն էր, ում էլ հետագայում վերապահվելու էր հանրապետությունում ջրացատկային սպորտի հիմնադրի պատիվը: Ի դեպ, 1954 թ. արդեն ջրացատկի, մարմնամարզության և դահուկային սպորտի գծով առաջին կարգային մարզիկ էր:
Վաստակավոր գիտնականը 8 գրքի, 60-ից ավելի ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է, ամբողջ կյանքում անբաժան է եղել սիրած մարզաձևից` այն զարգացնելու նվիրական առաքելությամբ:
Շատերի խոսքն ու գովքն եմ լսել Մարտին Օսյանի մասին, տպավորվել է հատկապես ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը. «Վերին աստիճանի համեստ, կենցաղում զուսպ, ներքին կարգապահություն ունեցող մարդ էր Մարտինը` տարբեր իմ իմացած շատ մարզիկներից: Ինչպես բոլոր ազնիվ մարդիկ՝ միամիտ էր, ամոթխած, պարկեշտ, և նրա հմայքը այդ զսպվածության, պարկեշտության մեջ էր»:


Օսյան մարզիկի, մարզչի ու մանկավարժի, Օսյան մարդու վաստակն ու հիշատակը մեզ՝ ապրողներիս, հուշում են, որ Օսյանի անվան մրցույթներ և մրցանակներ լինեն, նրա անվան մարզադպրոց լինի կամ մարզական ակումբ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հանրապետությունում սպորտի պատմության սրահ-թանգարան ունենանք կամ երևելիների ծառուղի: Մարտին Օսյանի ապրածի ինքնատիպ արձագանքն են 2016 թվականին հրատարակված ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանի «Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան» ստվարածավալ գրքի եզրափակիչ երեք էջերը, որ ներառում են նաև խոսուն լուսանկարների մի անմոռաց փունջ, ընթերցողին հիշեցնում են նրա կյանքի դասերը` երբեք չհնացող նրա մարզական հնարքներն ու մանկավարժական մեթոդները:
Մարտին Օսյանն ինքն է հյուսել իր գունեղ դափնեպսակը, որ ժամանակի սլացքի հետ նոր ուրվագծերով է հարստանում, իսկ մոռացումի փոշին իր անցած ճանապարհից նա վաղուց է հեռացրել: Մարտի 9-ին Մարտին Օսյանի ծննդյան օրն է: Այս համեստ հրապարակումը թող լինի մտերմիկ մի ուրվագիծ նրա դափնեպսակին կամ հիշատակի կանգառ Օսյանական ժամանակի սլացքում:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3573

Մեկնաբանություններ