Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իմ աշխատանքով վաստակածը ներդրել եմ իմ աշխատանքի մեջ»

«Իմ աշխատանքով վաստակածը ներդրել եմ իմ աշխատանքի մեջ»
02.03.2018 | 14:04

Սանկտ Պետերբուրգում 2017-ի մարտին կայացել է կոմպոզիտոր և դաշնակահար ՍՈՖՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հեղինակած «Ռուս-հայկական ստեղծագործական կամուրջ» նախագծի առաջին համերգը: Սանկտ Պետերբուրգի ու Երևանի պետական կոնսերվատորիաների ուսանողները և շրջանավարտները ներկայացրել են ժամանակակից հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները:


«Հնչեց ժամանակակից երաժշտություն, նաև համագործակցելու հնարավորություն ընձեռվեց երիտասարդ կատարողներին: Ամբողջ նպատակը այս նախագծի այն է, որ այսօր ստեղծվող ստեղծագործությունները չմնան դարակներում, և այն կատարողները, ովքեր կարող են ներկայացնել իրենց գործընկերների ստեղծագործությունները, անեն հենց այսօր, այս պահին, ոչ թե տարիներ հետո»,- մեզ հետ զրույցում ասաց Սոֆյա Միքայելյանը:


Հետաքրքրվեցի` ծրագրից հետո այդ երգերը շարունակություն, կյանք ունենու՞մ են` ընդգրկվելով կատարողների համերգացանկում: «Ամեն ինչ փորձում եմ անել, որ երիտասարդները չհայտնվեն այն իրավիճակում, որում ավագներն էին, որոնք 40, 50, 60 տարի գուցե ընդհանրապես չեն կատարվում: Նույնը` կատարողները. վազվզում են, տարբեր աշխատանքներ են անում, ու նրանց աշխատանքը կարծես կորցնում է իմաստը: Շատ կարևոր է, երբ ունենում են կոնկրետ ժամանակակից կոմպոզիտոր, որին սիրում են, հասկանում, որին կարողանում են ներկայացնել, ոտքի կանգնեցել»,- եղավ պատասխանը:


«Ռուս-հայկական ստեղծագործական կամուրջ» նախագծի երրորդ` «Ի խորոց սրտի» վերնագրով դասախոսություն-համերգը նվիրվել է Կոմիտասին և հայկական երաժշտությանը՝ արմատներից մինչ այսօր:
Վ. Մայակովսկու անվան կենտրոնական գրադարանի դահլիճում ներկայացվել են Նարեկացու, Կոմիտասի, Սպենդիարյանի, ինչպես նաև հայ և ռուս ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:


Նախագծի հեղինակն ընդգծում է, որ երկու ազգերի տաղանդավոր ստեղծագործողներին ու կատարողներին համախմբող այս հարթակին միացել է նաև Սահա Յակուտիայի օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի, Յակուտիայի վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Աննա Դյաչկովսկայան, որը ժամանել է հեռավոր Յակուտիայից՝ հատուկ համերգին մասնակցելու և առաջին անգամ հայ մեծ երաժիշտներ Կոմիտասի և Սպենդիարյանի ստեղծագործությունները կատարելու նպատակով:
Հարկ է ընդգծել, որ Սոֆյա Միքայելյանը նախագիծն իրականացնում է սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով: Չկան ֆինանսավորում, աջակցություն:
Մեր զրուցակիցը ձեռքբերում է համարում այն, որ իրեն արդեն դահլիճներ են տրամադրում, նաև ընդգրկում են նախագծերում:


Զրույցի վերջում Սոֆյա Միքայելյանն ասաց, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչպես է իրականացնում «Ռուս-հայկական ստեղծագործական կամուրջ» նախագիծը` առանց ֆինանսավորման, բայց ոչ ոք չի հարցնում` ինչպե՞ս է ապրել Հայաստանում վերջին 30-40 տարիներին, ինչպե՞ս է առանց աջակցության համույթ ստեղծել, ելույթներ ունեցել, ինչպե՞ս է ստեղծագործել և կատարել: Պատասխանը հետևյալն է. «Իմ աշխատանքով վաստակածը ներդրել եմ իմ աշխատանքի մեջ:

Միայն ես չեմ, ինձ նման շատերը սեփական ուժերով ինչ-որ բան են ուզում անել։ Ինչ-որ բան պետք է փոխվի, որ ժամանակակից կոմպոզիտորների ֆինանսական խոչընդոտները վերացվեն։ Մեր կոմպոզիտորներից ոչ ոք այնպիսի գումարներ չի ստանում, որ կարողանա իր գործը սեփական ուժերով ներկայացնել, երկրից դուրս տանել։ Կուզեի, որ այս հոդվածը բարերարների ուշադրությունը գրավեր, մի քիչ ակտիվություն լիներ նրանց կողմից»։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ