Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կունենան ազատ գործակալի կարգավիճակ

Կունենան ազատ գործակալի կարգավիճակ
02.03.2018 | 14:12

Եթե մոտակա մեկ-երկու ամսում նոր պայմանագիր չկնքեն, արդեն այս ամառ հանրահայտ 19 ֆուտբոլիստ կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Ժողովրդական լեզվով ասած՝ կլինեն իրենց գլխի տերը: Փորձենք տեսնել, թե ովքեր են նրանք, ինչ ակումբ են ներկայացնում:

1. Ստեֆան դե Վրեյ, «Լացիո»: Հոլանդացի այս 26-ամյա պաշտպանին ակումբը համառորեն հրաժարվում է վաճառելուց, ֆուտբոլիստն էլ, այսպես ասած, թասիբի ընկած, հրաժարվում է նրա հետ նոր պայմանագիր ստորագրելուց: Արդյունքում՝ 35 միլիոն եվրո արժեք ունեցողը թիմին կոպեկ իսկ չի բերի: Ֆուտբոլիստով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեստր Սիթին» ու «Լիվերպուլը», սակայն խոսակցություններ կան, որ նա ցանկանում է գործունեությունը շարունակել Իտալիայում:

2. Էմրե Ջան, «Լիվերպուլ»: «Երբ Էմրեն խաղում է այնպես, ինչպես հիմա, ես նրանից գոհ եմ»,- ասողը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է, որը, ի հավելումն հարցին, թե երկարաձգվելու՞ է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, պատասխանում է. «Եթե մենք պայմանավորվենք, Ձեզ կասեմ», ու դարձյալ միանգամայն թափանցիկ ակնարկում. «Եթե նա որոշի հեռանալ, մենք միմյանց ձեռք կսեղմենք ու հրաժեշտ կտանք»: Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն կարծում է, որ ամռանը Ջանը կհայտնվի «Յուվենտուսում»: Էմրե Ջանը 24 տարեկան է, գնահատված է 28 միլիոն եվրո:

3. «Նիցցան» ներկայացնող Մարիո Բալոտելիի հարցում հայտնիներն ու անհայտները գրեթե նժարում են իրար: 27-ամյա ֆուտբոլիստը, որը գնահատված է 22 միլիոն եվրո, վերջին երկու տարում քիչ գոլերի հեղինակ չի դառնում, ու թիմում դա գոհունակությամբ են արձանագրում, սակայն ակումբի նախագահը կարծում է, որ եթե եվրագավաթներին մասնակցություն չեն ունենալու, գանացի ֆուտբոլիստը թիմի համար ավելորդ է դառնում:

4. Ջեկ ՈՒիլշիր, «Արսենալ»: Միանգամայն հնարավոր է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ (արժեքը` 18 մլն եվրո) ակումբն արդեն իսկ պայմանագիր է կնքել, պարզապես այն առայժմ չի բարձրաձայնվում: Խնդիրն այն է, որ ֆուտբոլիստը պահանջում է շաբաթական 110 հազար ֆունտ, ակումբն ուզում է բավարարվել 80 հազարով: Համաձայնության չգալու դեպքում այս ֆուտբոլիստը, որն իսկապես լավն է, հաստատ չի մնա չպահանջված:

5. Բերնարդ, «Շախտյոր»: Հարձակողական ոճի այս 25-ամյա կիսապաշտպանը դեռևս ձմեռային պատուհանում կարող էր հեռանալ ակումբից, եթե «Նապոլիից» չպահանջեր սպասվածից մեծ գումար, սակայն ամռանը նա կարող է թիմն անվճար լքել: Պարադոքսն այն է, որ 2013-ին բրազիլացուն ձեռք բերելու համար «Շախտյորը» գումար չխնայեց` 25 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ներկայիս գինը 16 միլիոն եվրո է:

6. Մաքս Մայեր, «Շալկե»: Գերմանական ակումբի 16 մլն եվրո գին ունեցող երիտասարդ աստղն (ընդամենը 22 տարեկան է) ազգային հավաքականից ավելի շուտ հրավեր ստացավ, քան երիտասարդականից: Ամռանը նա հրաժարվեց ակումբի հետ պայմանագիր կնքելուց, որ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու իրավունք ստանա: Նրան ձեռք բերելու հավակնություն ունեցողների ցանկը բավականին մեծ է` «Արսենալից» մինչև «Բարսելոն»: Նկատենք, որ ակումբի նոր մարզչի ձեռամբ նա հարձակվող կիսապաշտպանից վերածվել է գրոհներ սկսող հենակետայինի:

7. Լյուկ Շոու, «Մանչեստր Յունայթեդ»: 22-ամյա այս ֆուտբոլիստը փայլուն մուտք ունեցավ մեծահասակների ֆուտբոլային աշխարհ, սակայն ծանր վնասվածքը նրան շատ բաներից հետ գցեց: Մոուրինյոյի նման քմահաճ մարզչի պայմաններում դժվար է կանխագուշակել ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը, ու թեև պորտուգալացին վերջերս ասել է, թե ինտենսիվ աշխատելու դեպքում ակումբը կարող է երկարաձգել նրա հետ պայմանագիրը, սակայն, ինչպես հայտնի է, Մոուրինյոյի փլավին ջուր լցնելն այնքան էլ հեռանկարային չէ: Ֆուտբոլիստի ներկայիս արժեքը 15 միլիոն եվրո է:

8. Միլան Բադել, «Ֆիորենտինա»: 29-ամյա խորվաթ հենակետայինը (13 մլն եվրո) ակումբում մնաց նաև այն բանից հետո, երբ եռանկյան նրա մյուս երկու գործընկերները նախապատվությունը տվեցին «Ինտերին»: Ձմռանը նրանով հետաքրքրված էր ռուսական «Սպարտակը», սակայն ներկայումս նրա հետ, կարծես, բանակցություններ է վարում իտալական «Ռոման»:

9. Կվադվո Ասամոա, «Յուվենտուս»: 29-ամյա գանացին (12,5 մլն եվրո) գուցե լավագույնը չէ իրեն առաջարկվող խաղային դիրքերում, սակայն որ կարող է միանգամից մի քանի «անցք» փակել, սա էլ նրա մենաշնորհն է: Բոլոր դեպքերում երևում է, որ ակումբում արդեն նրա գնի կոնկրետացման հաշվարկներ են կատարում, իսկ այս ֆուտբոլիստի պահանջարկը կա, համենայն դեպս, միլանյան ակումբները նրան տեսադաշտում են պահում:

10. Մարուան Ֆելաինի, «Մանչեստր Յունայթեդ»: Երբ Մոուրինյոյին հարցրել են, թե արդյո՞ք նրան չի անհանգստացում Լյուկ Շոուի պայմանագրի ավարտին մոտենալու փաստը, նա պատասխանել է, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է Մարուան Ֆելաինիի պայմանագրի ավարտին մոտենալու փաստը: Վկայում են, որ ֆուտբոլիստի պայմանագրի հարցն այս ընթացքում արդեն իսկ երեք անգամ ջրի երես է ելել ու վերջնականապես հունից հանել Մոուրինյոյին, որը բելգիացուց պահանջել է պայմանագիրը ստորագրել ու ձենը կտրած վեր ընկնել տեղը: 32-ամյա բելգիացին (12 մլն եվրո) դեռևս չի ստորագրել:

11. Յոհան Կաբայ, «Կրիստալ Պալաս»: Ֆրանսիացի 32-ամյա կիսապաշտպանը, որ անչափ վառ սկիզբ ունեցավ «Լիլում» ու դրա շնորհիվ երկրի հավաքականների ուշադրության կենտրոնում էր, Անգլիա տեղափոխվելուց հետո չկարողացավ արդարացնել իրենից ունեցած մեծ սպասելիքներն ու խոշոր հաշվով վառ անհատականություն չդարձավ: Անցած տարի նա փորձել է վերադառնալ հարազատ ակումբ, սակայն «Կրիստալ Պալասն» արգելք է հանդիսացել: Հիմա արդեն այդ արգելքը չի գործի, որովհետև 10 միլիոն գին ունեցող ֆուտբոլիստի վերջնական «ազատագրմանը» մնացել է չորս ամիս, ու նա ինքնուրույն կարող է որոշել իր ճակատագիրը:

12. Ժոաո Մոուտինիու, «Մոնակո»: Կաբայից ընդամենը մեկ տարով երիտասարդ, բայց նույն գինն ունեցող ֆուտբոլիստը «Մոնակոյի» «աստղային մանկապարտեզի» ֆոնի վրա մեկնարկային կազմում անվերապահորեն լինելու անհրաժեշտության կորուստն ունեցավ, սակայն թիմի համար կարողացավ պահպանել սեփական կարևորությունը: Որքան էլ դժվար լինի հավատալը, թե ակումբը կարող է նրան կորցնել, սակայն տագնապն այնպիսի բան է, որ հեշտությամբ չես վանի զգացողություններիդ միջից:

13. Ջորջիո Կելինի, «Յուվենտուս»: 10 միլիոնի արժողությամբ 33-ամյա այս ֆուտբոլիստի հետ պայմանագիրը թարմացված չէ, սակայն բոլորն էլ հստակ հասկանում են, որ դա ավելի շուտ ժամանակի հարց է, թեպետ վերջերս ունեցած հարցազրույցներից մեկում պաշտպանը հայտնել է «Տոտենհեմի» նկատմամբ ունեցած հետաքրքրվածության մասին` հավելելով. «Ես իտալացի եմ, իսկ մեզ մոտ ամեն ինչ պարզ է` դու «Յուվենտուսից» հեռանում ես այն ժամանակ, եթե «Յուվենտուսը» ցանկանում է քեզ վաճառել»:

14. Արիեն Ռոբեն, «Բավարիա»: 34 տարեկանում 9 մլն եվրոյի արժողությամբ հոլանդացի այս ֆուտբոլիստը դեռևս մեկ-երկու տարի էլ է պլանավորում բարձր մակարդակով հանդես գալ: Դժվար բան է, սակայն նրա աշխատասիրությամբ միանգամայն իրագործելի: Ինչ վերաբերում է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, Ռոբենը պատասխանել է, որ անձամբ ինքը բացարձակապես հանգիստ է:

15. Խուանֆրան, «Աթլետիկո»: Թիմի ավագն ու խորհրդանիշներից մեկն ակնհայտորեն պարտադրված կլինի հեռանալու ակումբից: 33-ամյա ֆուտբոլիստը (8 մլն) ձմռանն ակտիվ բանակցությունների մեջ էր «Ռոմայի» հետ: Ներկայիս թիմի հետ վարվող բանակցությունների մասին առայժմ լուր չկա:

16. Ատեմ Բեն-Արֆա, «Պարի Սեն Ժերմեն»: Առանձնակի մանրամասների մեջ չմտնենք 30-ամյա այս ֆուտբոլիստի ունեցած նախկին ակումբների կտրվածքով, միայն ասենք, որ փարիզյան ակումբի հետ նրա հարաբերությունները ներկայումս այնպիսին են, որ երկուստեք սիրով կընդունեն իրարից բաժանվելու լուրը:

17. Զլատան Իբրահիմովիչ, «Մանչեստր Յունայթեդ»: Այս ֆուտբոլիստի տարիքի ու գնի մասին, թերևս, ճիշտ կլինի այսպես արտահայտվել` անգին է, տարիք չունի: Այս ֆուտբոլիստի հարցում այսպես է` նա ինքը կորոշի որ թիմում հանդես գալու հարցը: Իհարկե, սա փոքր-ինչ չափազանցված ընկալում է, սակայն իրականությունից այնքան էլ հեռու չէ:

18. Աշրաֆ Հակիմի, «Ռեալ»: Հինգ միլիոն արժողությամբ 19-ամյա այս ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անգամ գոլի հեղինակ է դարձել, սակայն նրա հետ նոր պայմանագրի մասին խոսակցություններ չկան, թեև լավատեղյակները վկայում են, որ դա լինելիք բաների շարքից է:

19. Ֆրանկ Ռիբերի, «Բավարիա»: 34-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ թիմի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ձմռանն ասել էր, որ նա «թիմի համար աներևակայելիորեն կարևոր է», ու պետք է այնպիսի որոշում ընդունել, որը բոլորի համար կլինի լավագույնը: Եթե նրա ասածն արտածենք դիվանագիտական լեզվից, կնշանակի, որ ակումբը 5 միլիոնի արժողությամբ այս ֆուտբոլիստից հրաժարվելու ցանկություն ինչպես որ չունի, այնպես էլ նույնչափ ունի: Ինչ է, չգիտե՞ք, որ դիվանագիտություն կոչվածը սեփական մտքերն ու նպատակները թաքցնելու համար է: Ինչպես Ռոբենը, Ռիբերին գերմանական թիմի լեգենդներից է, սակայն դժվար չէ նկատել, որ «Բավարիան» արդեն փորձում է վարժվել նրա բացակայությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ