«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կյանքը ռեալության մեջ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կյանքը ռեալության մեջ
02.03.2018 | 14:40

Երբ այսօր ԱԺ-ում սկսվեց նախագահի ընտրության քվեարկությունը, զինվորական կարգապահությամբ առաջինը քվեատուփերին մոտեցան գեներալները, և
Սեյրան Սարոյանն ասաց. «Կարևորը մարդուն հավեսից չգցենք, թողենք թող աշխատի։ Ընենց չանենք, որ առավոտ հավես չունենա գործի գնա»: Ինչպես միշտ` գեներալը ձևակերպեց կատարվողի էությունը: Պարզ ու հստակ: Երեկ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երևի խորհրդարանում ապրեց իր ամենահակասական օրերից մեկը ու, դատելով նրա դեմքի արտահայտության փոփոխություններից, ինչ-որ պահի նրա ամենաբուռն ցանկությունը բոլորին գրողի ծոցն ուղարկելն ու Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատուն վերադառնալն էր: Նույնիսկ ոչ դեսպանատուն, պարզապես` Մեծ Բրիտանիա: Նա, իհարկե, իր «նախընտրական արշավի» բազում հանդիպումներից հասկացել էր` ու՞ր է վերադառնում ու ի՞նչ է սպասում իրեն և պատրաստ էր դիմադրության: Պատահական չէ, որ քննարկումից առաջ իր ծրագրային ելույթը բանավորի ու գրավորի բաժանեց` փորձելով ի սկզբանե կառավարել դահլիճի հույզերն ու դատողությունները, բայց` չստացվեց: Ընդհանրապես ճակատագիրն էլ նրան դառը անակնկալներ մատուցեց` ինչու՞ պիտի նրա ընտրության օրը համընկներ Մարտի 1-ին, որ արդեն 10 տարի ցավոտ թեմա է Հայաստանում: Նույն օրը ու համարյա նույն ժամերին ՌԴ նախագահ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղերձում անակնկալ շրջադարձ արեց դեպի ռազմական ոլորտ ու փաստացի աշխարհին ուղերձ հղեց` «Մեզ չէի՞ք լսում, հիմա կլսեք» բանաձևով` ի ցույց դնելով գերժամանակակից ռազմական տեխնիկա, որ մինչ այդ պետական գաղտնիք էր: ՈՒ հիմա արևմտյան փորձագետները տարբերակներ են առաջադրում, թե ինչ պիտի անեն արևմտյան տերությունների ղեկավարները: Բայց դա իրավիճակ է, որին անմասն չի լինելու Հայաստանը: Բնականաբար` Հայաստանի նախագահը ևս:


Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, դատելով իր ելույթից, մտահոգում է, որ այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաև բևեռացված, և հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն: Նա հույս ունի, որ հաջորդ 26 տարիներին երկիրը կկառուցեն՝ հիշելով և չմոռանալով այն հաջողության բանալին, որ հայտնաբերել են Արցախյան շարժման տարիներին՝ նաև չմոռանալով այն սխալները, որոնք արել են։ Արմեն Սարգսյանն իսկապես մատը դրեց ամենաակնհայտ, բայց իշխանության համար անտեսանելի խնդրին` հնարավոր չէ զարգանալ և առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ, եթե իրավական համակարգը հասարակության առջև հաշվետու չէ: «Անարդարության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի հանդեպ պետք է անհանդուրժող լինենք, պետք է թույլ չտանք, որ այդ վիճակը խաթարի մեր միասնությանը»,-ասաց նա և շեշտեց. «Կոռուպցիան ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, մարդու իրավունքը դարձնում է առքուվաճառքի առարկա»: ՈՒ ինչպե՞ս է այդ տեսակետներով աշխատելու Հայաստանում: Առավել ևս, որ կարծում է` քաղաքացի լինելը բացարձակ արժեք է: Եթե դա սոսկ հայտարարություն չէ, ուրեմն նա շատ քիչ պատկերացում ունի, թե ինչպես է ապրում այդ բարձրագույն արժեքը: Արմեն Սարգսյանը խոսեց արտագաղթի մասին և ասաց` կանխարգելելու, մարդկանց երկրին կապելու բազմաթիվ միջոցներ կան:

Իհարկե, կան, բայց խնդիրն այն է, որ արտագաղթի խրախուսումը Հայաստանում պետական քաղաքականություն է` ամրագրված ԵԱՏՄ փաստաթղթերում ու իրավական կարգավորումներում` սկսած ԵԱՏՄ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքից` մինչև աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծում: Ռուսաստանն իր ժողովրդագրական վիճակից ելնելով` ունի էժան աշխատուժի կարիք, Հայաստանը, իր տնտեսական վիճակից ելնելով` աշխատուժի ավելցուկ: Ռուսներին բոլորովին պետք չէ, նույնիսկ շահերի դեմ է Հայաստանի տնտեսության զարգացումը, որը Հայաստանում կպահի հայերին` կանխելով ոչ միայն առևտուրն ու շինարարությունը զարգացնելու, այլև` Սիբիրը վերաբնակեցնելու ծրագրերը: Իսկ դրա դիմաց Արմեն Սարգսյանն առաջարկում է… հայրենասիրություն. «Ինչո՞ւ չենք կարող մենք մեր հայրենասիրությունը կիրառել այսօր, ոչ թե ապրիլին, այլ շաբաթ- կիրակի այցելենք Գյումրի, Վանաձոր, Արցախ՝ մեզ հետ տանելով սփյուռքի մեր հայրենակիցներին»: Կարող ենք, բայց դա հարցի լուծում չէ: «Լինելով սահմանադրության սահմաններում՝ աշխատելու եմ իմ ողջ անկեղծությամբ ու ազնվությամբ: Լինելու եմ մեկը, որը ոչ միայն ՀՀ նախագահի պարտականություններն է կատարելու, այլև նախ և առաջ լինելու քաղաքացի այս երկրում, փորձելու եմ ոչ միայն այս խորհրդարանի, այլև ՀՀ քաղաքացիների նախագահ լինել, նաև ներկայացնելու ինչ-որ իմաստով արցախահայության շահերը և լինելու ոչ թե իրական, այլ բարոյական աջակցությունը կրող նախագահ, փորձելու եմ ամեն ինչ անել՝ դառնալու համար հսկա սփյուռքահայության նախագահ՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնականությունը և դարձնել մեր երկիրը մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նախագահ ունեցող ազգ: Փոքր պետություն՝ համաշխարհային ազգ. վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, 21-րդ դարը մերն է լինելու»,- ասաց Սարգսյանը` 19 տարով հետ տանելով դեպի 1999-ի սեպտեմբերի 24, երբ Հայաստան-Սփյուռք համաժողովում վարչապետ Վազգեն Սարգսյանն առաջին ու վերջին անգամ հայտարարեց` «21-րդ դարը մերն է լինելու»: Բայց փաստացի` 21-րդ դարը Հայաստանում ոչ մի կերպ չի սկսվում:


Եվ դրա ապացույցը նախագահի թեկնածուի հարցի քննարկումներն էին` հարց ու պատասխաններով: Իշխանական թևը ողջ աղքատիկ պերճախոսությամբ ապացուցում էր, որ Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուն է` կրկնելով նույն փաստարկներն ու խոսքերը, ընդդիմադիր «Ելքը» խրվեց-մնաց նույն կետում` Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը: Եթե հիշենք` կրկնվում է նույն պատմությունը վարչապետից նախագահի թեկնածու դարձող Ռոբերտ Քոչարյանն էլ 1998-ին չուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց 10 տարի նախագահեց: Այս դեպքում հարցը ավելի բարդ է` Մեծ Բրիտանիան հարևան Ղարաբաղը չէ: Եվ ճիշտ էր Արտակ Զեյնալյանը, երբ կարճ ասում էր. «Մենք ուզում ենք ունենալ նախագահ, ով ինքնավստահ կլինի, ում դիմումի վրա դրված ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները ատամի, լեզվի տակ չեն պահի այս կամ այն երկրի հատուկ ծառայությունները»:


Բայց նվազագույնը տարօրինակ էր, որ «Ելքին» չէին հետաքրքրում, նույնիսկ իր նվազագույն սահմանադրական լիազորությունների պարագայում, ի՞նչ վերաբերմունք ունի Արմեն Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղի հարցին, տնտեսության վերականգնմանը, ռեալ աշխատատեղերի ստեղծմանը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության համար կատարելիք քայլերին: Իհարկե, «Ելքը», ինչպես մյուս խմբակցությունները, առանձին հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ ու գուցե իր բոլոր հարցերի պատասխանները ստացել է կամ չստանալով` անիմաստ էր համարում բարձրաձայնել կենսականորեն կարևոր խնդիրները: Գուցե նաև վստահ էր, որ թեկնածուն տալու է հավուր պատշաճի ու խուսափողական-դիվանագիտական պատասխաններ, բայց հարց հնչեցնելը իր իրավունքն էր, պատասխան տալը կամ չտալը` նախագահի թեկնածուի: Փոխարենը ԱԺ-ի միակ ընդդիմությունը գնաց շոուի ճանապարհով: Քաղաքացիության խնդրի կարևորությունը բնավ չնվազեցնելով և չնվազեցնելով նաև այն փաստի կարևորությունը, որ ի սկզբանե ՀՀ ապագա նախագահի լեգիտիմությունը ստվերվում է` կաշկանդելով նրա հետագա ազատ ու անկաշկանդ, անկախ գործելու հնարավորությունները, կարելի էր այդ խնդիրը վերհանել ու անցնել մյուս խնդիրներին:
Ի՞նչ իմացանք մենք երեկ:


1. Որ Արմեն Սարգսյանը որևէ կուսակցության անդամ չի դառնալու` ոչ մի պարագայում:
2. Որ նա չի պատրաստվում եթե-ներով հարցերին պատասխանել, որոնց հասցեատերն ինքը չէ:
3. Որ Արմեն Սարգսյանը իր համար չի պարզել` կա՞ն քաղբանտարկյալներ Հայաստանում, թե՞ ոչ, բայց վստահ է` «Մեր երկրում քաղբանտարկյալ չպիտի լինի»:
4. Որ կոռուպցիայի հարցում նա դատավոր չէ, ունի ընդհանուր վերաբերմունք: ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ինստիտուցիոնալ՝ վերևից ներքև՝ օրենք, մարմիններ, քաղհասարակություն և ամենակարևորը՝ քաղաքացի:
5. Որ բնապահպանությունը համարում է իր ողջ ժառանգության մասը. «Ես հանգիստ կասեմ՝ ցանկացած հանքարդյունաբերական ծրագիր, որը վնասում է շրջակա միջավայրին, որոշակի նորմատիվներ չեն պահպանվում, չպետք է իրականացվի. մեր ամենամեծ հարստությունը ջրային ռեսուրսն է: Հետևաբար, իմ վերաբերմունքը բնապահպանական խնդիրներին մեծ է, իմ դիրքորոշումը բոլոր նման ծրագրերում բնապահպանական է»:
6. Որ ինքը չի կրելու ՀՀԿ-ի հանդեպ եղած հասարակության անվստահության ու քննադատության պատասխանատվությունը. «ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը ՀՀ նախագահն է, ոչ թե այս կամ այն կուսակցության: Ես հպարտ կլինեմ ընտրվելու դեպքում լինել և ՀՀԿ խմբակցության անդամների նախագահը, և մյուսների»:


7. Որ ՀՀ Սահմանադրությունը ինքը չի գրել և ըստ Նիկոլ Փաշինյանի`
«Դուք ՀՀ նախագահ չեք ընտրվում, այլ իշխող մաֆիայի, կլանի անդամ եք ընտրվում»:
Ընդունեք, որ ՀՀ չորրորդ նախագահի կյանքը Մաշտոցի պողոտայում ու Հայաստանում ընդհանրապես հեշտ ու հաճելի չի լինելու` տեսակետների բախումն անխուսափելի է: Կամ նա պետք է մնա սահմանադրության շրջանակներում ու կատարի իր արարողակարգային պարտականությունները և վավերացնի կառավարության որոշումները` լինելով նկատելի, բայց ոչինչ չորոշող անձ պետական համակարգում, կամ պետք է, ինչպես ինքն է ասել, ստանձնի «առաջնորդելու» գործը, որը ամենաանշնորհակալ գործն է Հայաստանում ՀՀԿ-ի իշխանության պարագայում: Հետևանքները ի հայտ են գալիս արագ ու ասիմետրիկ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսօր ԱԺ-ն Արմեն Սարգսյանին 90 կողմ, 10 դեմ ձայներով ընտրեց ՀՀ նախագահ: Շնորհավորանքների ժամանակն արագ կանցնի, ապրիլի 9-ից հետո նա կստանձնի պարտականություններն ու կսկսվի ռեալ կյանքը:

Դիտվել է՝ 3240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ