ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Երկու Սարգսյան մեկ Ալիևի դեմ

Երկու Սարգսյան մեկ Ալիևի դեմ
04.03.2018 | 10:19

Հայաստանի Ազգային ժողովն ընտրեց երկրի չորրորդ նախագահ ՀՀԿ-ի թեկնածուին: Նրան կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ` 10: Կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց հետո դա առաջին նախագահական ընտրությունն էր: 2018-ի ապրիլի 9-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանի ժամկետի ավարտից հետո վերջնականապես ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, որ իշխանությունը կենտրոնացնում են խորհրդարանում ու կառավարությունում, իսկ նախագահին օժտում են ներկայացուցչական գործառնություններով: Հետայսու միայն Ազգային ժողովի ընտրություններն են համաժողովրդական լինելու: Հայաստանի նախագահն ընտրվում է 7 տարով (ներկա 5-ի փոխարեն) ոչ թե համաժողովրդական ընտրությամբ, այլ խորհրդարանում: Երկրի վարչապետին նշանակելու է նախագահը` խորհրդարանական մեծամասնության ներկայացմամբ:

Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարման արդեն դառնում է քաղաքական փաստ: Եվ դա կատարվում է Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության պայմաններում: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Բաքուն սկսեց ամրացնել նախագահական իշխանության ուղղահայացը: Հայաստանը, հակառակը, այդ ուղղահայացը թուլացնում է: Ամրապնդվում է խորհրդարանական համակարգը, որ ուղղակի կապված է քաղաքական կուսակցությունների զարգացման հետ, ընդլայնվելու են ազատության հորիզոնները, առանձին պատգամավորների, խորհրդարանական հանձնաժողովների դերը մեծանալու է, իսկ այնտեղ պարտադիր լինելու են ընդդիմության ներկայացուցիչները: Եթե նկատի ունենանք ռազմական սպառնալիքի գործոնը, որ մատնանշում են նախագահական ուժեղ իշխանության կողմնակից որոշ հայ փորձագետներ, նրանց ուշադրությունից վրիպում է նոր ձևավորվող քաղաքական ու անգամ աշխարհաքաղաքական իրականությունը: Հիմա Բաքվի ու Երևանի դիմակայությունը Արևմուտքում ներկայացվելու է իբրև ավտորիտարիզմի ու ժողովրդավարության բախում, Հայաստանին իր «ավտորիտար կարծրատիպերը» պարտադրելու Ադրբեջանի ձգտում: Եվ այդ թեզիսը վաղուց է ներմուծված մեծ քաղաքականության շրջանառության մեջ:

Ամենամյա «Ժողովրդավարության դասիչ- 2017»-ում (Index of Democracy), որ հրապարակել է բրիտանական The Economist-ի վերլուծական կառույցը, Երևանը 111-րդ տեղում է և Հայաստանում հիմա գործում է «հիբրիդային քաղաքական համակարգ»: Բաքուն 154-րդն է` «անազատ երկրների» խմբում: Այսօրինական գնահատականները լուրջ են ընդունում միայն քաղաքականապես «զգայուն» երկրները: Պատահական չէ, որ ռուս փորձագետների որոշ մասի տեսակետով` Հայաստանի քաղաքական համակարգի ձևափոխումը թուլության նշան է, որից կարող է օգտվել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային սցենարի դիմելու դեպքում: Հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղը անցած տարվա սահմանադրական փոփոխություններից հետո նախագահական կառավարման է անցել: Հայ շատ վերլուծաբանների կարծիքով` «դա պետք է դիտարկել բացառապես ներքին հարաբերությունների տրամաբանության մեջ` հաշվի առնելով ճակատամերձ առանձնահատկությունները, կապված հայկական կողմի ճկունության հետ դիվանագիտական ու քաղաքական գործընթացներում, ապահովելով տարբեր ուղղություններով մանևրի հնարավորությունները, ներառյալ կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը»: Ինչպես Բաքվի դեպքում, Ստեփանակերտի դրեյֆը դեպի նախագահական ուղղահայացի ամրապնդում պայմանավորված էր 2016-ի ապրիլյան պատերազմով: Իր ելույթներից մեկում Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասում էր. «Մենք միշտ պիտի լինենք ուժեղ ու միասնական, ամբողջ ազգով պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը և արժանավայել ապագա ստեղծենք մեր մեծացող սերնդի համար», իսկ «ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը ազատ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետությունն է, մարտունակ բանակը»:


Այսպես գծագրվում է հետաքրքիր եռանկյուն` խորհրդարանական Հայաստան` «եվրասիական տարածքում եվրոպական տիպի» պետություն դառնալու ձգտումով, նախագահական Ադրբեջան, նախագահական Լեռնային Ղարաբաղ: Ինչպես կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա այս քաղաքական ելևէջումները: Բաքուն հրապարակավ հայտարարում է, որ Ադրբեջանում ու Հայաստանում ընտրական գործընթացների ավարտից հետո պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բանակցային գործընթացը: Իմ կարծիքով` հայկական կողմը բանակցություններում ներկայացնելու է Սերժ Սարգսյանն իբրև վարչապետ` որպես մարդ, որ երկար տարիներ բարդ շրջապտույտների մեջ է եղել: Նոր նախագահ Արմեն Սարգսյանը, լինելով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, լավ գիտի Եվրոպան ու սերտ կապեր ունի հզոր ու ազդեցիկ հայկական սփյուռքի հետ, ոչ միայն կամուրջ կդառնա Երևանի ու Արևմուտքի միջև, այլև կապահովի բանակցային գործընթացի արդյունավետ տեղեկատվական-քաղաքական ուղեկցությունը: Թեպետ չի բացառվում, որ ապագայում հայկական խորհրդարանը կարող է նրան փոխանցել Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու որոշակի լիազորություններ: Այդ նախագահը կլինի Իլհամ Ալիևը: Առայժմ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ ու վստահություն է հայտնել, որ «առաջիկա տարիները լավագույնը կլինեն Հայաստանի համար»: Հայաստանը իր քաղաքական զարգացման նոր փուլ է սկսում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Երկու Սարգսյան մեկ Ալիևի դեմ, թե մեկ` կարևորը բանակցային գործընթացի տրամաբանության փոփոխությունն է: Արմեն Սարգսյանն առիթ ունեցել է ասելու, որ բանակցելիս` կարևորը հակառակորդը իմանա, որ դու ոչինչ չես զիջելու: Բայց դա չի փոխում բանակցության սկզբունքները, դա մարտավարություն է: Իսկ խնդիրը ռազմավարական է` սկզբունքները փոխելը: Եվ գուցե հիմա է լավագույն ժամանակը այդ փոփոխության: Քաղաքական ու աշխարհաքաղաքական հանգամանքների բարեպատեհ դասավորությունից պետք է օգտվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ