Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող

Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող
05.03.2018 | 18:31

Հավերժական հետագիծ


Տարիները գլորվում են ու պատմության ոտնահետքերն ավելի հստակ են դառնում: Ավելի պահանջկոտ է հնչում` «Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը»: Ավելի հստակ է դառնում` «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»։ Մարգարեություն է, որ «Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որ կարող են երկիրը պահպանել»։

Նշաբան է` «Չգիտեմ` համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է»։ Ազգային նկարագիր` «Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։ Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք»։ Խոստովանություն է` «Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ո՞վ է ինքը»:

Պատգամ է` «Ես այս պատերազմին տվել եմ ինչ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք: Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որ փայփայում էինք: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի` չգիտեի, որ նախարար էի դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա: Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին»: Վերջապես` «Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք` շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»: Ինչի՞ն սպասել` Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն»: Եվ այս ամենի հետ շենշող վստահություն` «21-րդ դարը մերն է լինելու»:


Հեղինակը` Վազգեն Սարգսյան: Գրառումների ժամանակը` 1988-1999: Բազում գրառումների ու բազում չգրված գրքերի, որովհետև երբ կարող էին ու պետք է գրվեին, Հայաստանն անկախանում էր, պատերազմում էր, պաշտպանվում ու կառուցվում էր: Վազգեն Սարգսյանին ունենալով իրադարձությունների կենտրոնում ու իրադարձություններից առաջ` «Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող» վճռական մենակի հաստատակամությամբ: 1999-ին մենք կորցրինք մտածողության որակ ու զգացողության մակարդակ: Մենք կորցրինք բացատրության կարիք չզգացող սեր ու անպարագիծ վստահություն: Ապագայի վստահությունն ու ներկայի հուսալիությունը: Անպաշտպան մնացինք մեր անկախության առաջ ու սկսեցինք նահանջել: Բայց` մինչև նա: Վազգեն Սարգսյանն այլևս սահման է, որից սկսվում է նրա ու նրա հազարավոր զինվորների հաղթանակ ու անկախություն բերած անդառնալի ժամանակը: Անկախության ժամանակը, որ նրան կարող էր լացացնել, երբ Հանրապետության հրապարակով անցնում էին իր Հայաստանի ու իր երեկվա զինվորներն ու իր տանկերը, իր ինքնաթիռները, իր հրանոթները, իսկ նա բոլորին ճանաչում էր ու գիտեր յուրաքանչյուրի պատմությունը` ինչպես իր հինգ մատները, որ բաց ափ մնացին ու բռունցք չդարձան, երբ…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դու ասում էիր «Պատմությունը մեր ոտնահետքերով չպիտի ավարտվի»: Չգիտեմ` ավարտվե՞ց, թե՞ նոր միայն սկսվելու է, երբ 21-րդ դարը վերջապես մերը դառնա ու իր ամեն քայլափոխին պատմությունը հաստատի քո անվերապահ ճշմարտությունը ու քո խոսքերի մեջ վերադարձնի հայ լինելու հպարտությունն ու սերը քարի, հողի ու երկնքի անբացատրելի ձգողականություն ունեցող այս բացված ափ հիշեցնող երկրի նկատմամբ, որի մահապարտը եղար դու: Ու մնացիր 40 տարեկան:

Դիտվել է՝ 4553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ