«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ 4-րդ նախագահի ընտրության շուրջ

ՀՀ 4-րդ նախագահի ընտրության շուրջ
06.03.2018 | 00:53

Ապրիլի 9-ից ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի իր պարտականությունները։ Ընտրություններից առաջ, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպումների ժամանակ, ՀՀ 4-րդ նախագահը հավաստիացնում էր, թե հնարավոր ամեն բան անելու է տնտեսական և քաղաքական դաշտն ակտիվացնելու համար։ Ինչքանով է սա հնարավոր` որոշեցինք ճշտել խորհրդարանական գործիչներից։

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԸ ՆԱԽԱԳԱՀՆ Է»
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ (ԱԺ փոխնախագահ)
-Պարոն Շարմազանով, ըստ սահմանադրության, ՀՀ կառավարման համակարգում առանցքային ֆիգուրը վարչապետն է, ՀՀ նախագահի դերը հիմնականում ներկայացուցչական է։ Սրանից ելնելով` որքանո՞վ են իրատեսական տնտեսության զարգացման ապահովման և դրան նպաստելու մասին ՀՀ նորընտիր նախագահի խոստումները։
-Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորություններով նա է պետության գլուխը։
-Միայն դրանո՞վ։
-Միայն դա չէ, այլ մի ամբողջ գործընթաց է։

«ՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ»
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Պարոն Ցոլակյան, ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ նորընտիր նախագահն ապահովել տնտեսական այն զարգացումներն ու ներդրումները, որ խոստացել էր։
-Սահմանադրությամբ սահմանված են ՀՀ նախագահի լիազորությունները, հետևաբար, Արմեն Սարգսյանը պետք է գործի սահմանված լիազորությունների շրջանակներում։
-Ըստ նույն սահմանադրության, առաջնայինը վարչապետի պաշտոնն է, ինչն էլ հիմք է տալիս պնդելու, թե ՀՀ նախագահը երկրորդական դերակատարություն ունի։
-Ես նման ձևակերպմանը համաձայն չեմ, դա ճիշտ մոտեցում չէ։ Իհարկե, ըստ սահմանադրության, վարչապետի լիազորություններն ավելի մեծ են, միևնույն ժամանակ ՀՀ նախագահը կարող է լուրջ դերակատարում ունենալ երկրի զարգացման հարցում` ելնելով իր անձնական հատկանիշներից։

«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄԸ»
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ (ԱԺ «Ելք» խմբակցություն)
-Պարոն Զեյնալյան, թեև «Ելքը» ներկայացրել էր, ինչու է դեմ Արմեն Սարգսյանին, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ ում թեկնածությունն էլ իշխանությունը ներկայացներ, «Ելքը» դեմ էր լինելու։ Այդպե՞ս է։
-Մեր դիրքորոշումն այս դեպքում պայմանավորված չէր Ձեր նշած հանգամանքով։ Մենք բազմիցս ապացուցել ենք, որ իշխանության ներկայացրած օրենսդրական ամեն նախաձեռնությանը չէ, որ դեմ ենք։ Եղել են իշխանության մշակված շատ օրենսդրական նախագծեր, որոնց մենք կողմ ենք քվեարկել, և հակառակը, եղել են դեպքեր, որ իշխանությունն է կողմ եղել «Ելքի» ներկայացրած նախաձեռնությանը։ Սա հաստատում է, որ Ձեր ասածը ճիշտ չէ։
-Եթե Արմեն Սարգսյանը կարող է առաջընթաց ապահովել Հայաստանի տնտեսության համար միջազգային դաշտում, ճի՞շտ է արդյոք կառչել քաղաքացիության հարցից։

-Քաղաքացիության հարցը սահմանադրությամբ առաջադրված պայմաններից է և քննարկման ենթակա չէ, այն պետք է պահպանվի։ Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները շատ որոշակի են և դրանից ավելին նախատեսված չէ։ Իսկ սահմանադրության տառի և ոգու պահպանումը ՀՀ նախագահի լիազորությունն է` համապետական և համազգային շահերից ելնելով։ Շահ հասկացությունը պետք է մեկնաբանել սահմանադրության նախաբանի և անփոփոխելի երեք հոդվածների ներքո։
-ԱԺ-ում ներկայացվեցին Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք Ձեզ հույս չներշնչեցի՞ն։
-Արմեն Ռոստոմյանն իր ելույթում ասաց, թե համազգային շահն ավելի բարձր է, քան սահմանադրության տառը, այսինքն, ինքն իրեն հակասեց։ Սահմանադրությունը չպետք է «ձևել» ըստ հարմարավետության։
-Եթե պարզվի, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է առաջադրվելու վարչապետ, Դուք դե՞մ եք լինելու և ներկայացնելու եք Ձե՞ր թեկնածուին։
-Մենք արդեն իսկ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։
-Աչքի տակ ունեք ձե՞ր թեկնածուին։
-Այո։
-Ո՞վ է։
-Ժամանակը կգա` կտեսնեք։

«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ»
ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Տիկին Մուրադյան, Արմեն Սարգսյանի հավաստիացումները ներդրումներ ներգրավելու և քաղաքական դաշտը ակտիվացնելու առումով որքանո՞վ են իրատեսական, եթե առաջնային պաշտոնը վարչապետինն է։
-Ե՛վ վարչապետի, և՛ ՀՀ նախագահի պաշտոնները կարևոր են իրենց պարտականությունների շրջանակում և չեն սահմանափակում մեր երկրի տնտեսական ու քաղաքական դաշտի զարգացմանն ուղղված քայլերը։ Ի դեպ, այդ գործընթացին կարող են մասնակից լինել նաև այն անձինք, ովքեր իրենց անձնական կապերով կաշխուժացնեն ներդրումային շուկան։ Կարծում եմ` այս առումով բոլորս անելիք ունենք։ Այո, վարչապետի պաշտոնն առանցքային է նոր սահմանադրությամբ և, բնականաբար, կառավարության դերը տնտեսական դաշտում է՛լ ավելի է մեծանում։ ՀՀ նախագահի պաշտոնը կարևորվում է միջազգային դաշտում Հայաստանը ներկայացնելու, կապեր ամրապնդելու և զարգացնելու հարցում։
-Ըստ էության, միայն «Ելքը» դեմ քվեարկեց Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ Ըստ Ձեզ, սա քաղաքական դիվիդենդ շահելու փո՞րձ էր։
-Ընդդիմություն լինել չի նշանակում ամեն ինչին դեմ լինել։ Ընդդիմությունը կարող է նաև կողմ լինել, սակայն հանդես գալ առողջ հարցադրումներով, հիմնավորումներով և պահանջներով։ Միևնույն ժամանակ, հարգում եմ «Ելքի» որոշումը, որովհետև նրանք ներկայացրել էին իրենց փաստարկներն ու հիմնավորումները և հող էին նախապատրաստել «դեմի» համար։ Սրա հետ մեկտեղ, և՛ քաղաքական դաշտում, և՛ հասարակության մեջ պետք է ճիշտ ձևավորվի ընդդիմության գաղափարը։ Այսօր, ցավոք, ընդդիմությունն ընկալվում է մեկ ձևով` դեմ լինել իշխանության բոլոր նախաձեռնություններին. դա արդյունավետ մոտեցում չէ։ Պետք է հասկանալ նաև, որ այն, ինչ առաջարկում է իշխանությունը, կարող է լինել շատ առաջադեմ։ Ի դեպ, իշխանությունը ևս օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ կարևորում է ընդդիմադիր գործիչների առաջարկները, օրերս իշխանությունը կողմ քվեարկեց «Ելքի» օրենսդրական նախաձեռնությանը։ Սա կառուցողական համագործակցության ցայտուն օրինակ է։

Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ