Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պուտինը հստակ ուղերձ հղեց Արևմուտքին»

«Պուտինը հստակ ուղերձ հղեց Արևմուտքին»
06.03.2018 | 01:02

Դաշնային ժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տասնչորսերորդ ուղերձն առանձնացավ հատկապես ռազմական ներուժի շեշտադրմամբ: «Մենք տևականորեն համոզում էինք ամերիկացիներին չավերել ՀՀՊ պայմանագիրը: Ապարդյուն։ Եվ ի՞նչ արեցինք մենք, բացի բողոքի ցույցերից և զգուշացումներից: Ինչպե՞ս է Ռուսաստանը պատասխանում այդ մարտահրավերին: Ահա՛ ինչով»,- ասել է Պուտինը և խոսել ու ցուցադրել միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռով նոր հրթիռային համալիրի փորձարկումները:


Նախընտրական շրջանում նման հռետորաբանությունը վերլուծաբանները տարբեր կերպ են մեկնաբանում։ Ոմանք կարծում են, թե դա ներքին օգտագործման համար էր, մյուսներն ավելի լայն են դիտարկում խնդիրը՝ ԱՄՆ-Ռուսաստան տանդեմում: Միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Իրատեսը» խնդրեց մեկնաբանել Պուտինի ելույթը:

-Նման զենք ցուցադրելով ի՞նչ նպատակ ուներ ՌԴ ղեկավարը: Արդյո՞ք դա միայն նախընտրական շրջանով էր պայմանավորված:
-Նախ` նման ելույթի ժամանակը պատահականորեն չէր ընտրված: Պետք է այն դիտարկել նախընտրական քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ։ Այս ընտրություններում ֆավորիտը նախագահ Վլադիմիր Պուտինն է: Նոր հրթիռի ցուցադրումը պայմանավորված էր մի քանի հանգամանքով՝ ներքաղաքական, այսինքն` ընտրությունից մի քանի օր առաջ իր ժողովրդին Պուտինը ցույց է տալիս նոր հրթիռը և ասում, որ զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը: Երկրորդ՝ սա ակնհայտ ուղերձ էր ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ԵՄ-ին ու աշխարհի խոշոր տերություններին, որ Ռուսաստանը, նույնիսկ պատժամիջոցների տակ լինելով, շարունակում է զարգացնել իր ռազմական պոտենցիալը, նոր գերժամանակակից հրթիռներ ստեղծում, որոնց համար սարսափելի չեն հակաօդային պաշտպանության այլ միջոցները:
-Ամերիկյան լրատվամիջոցները, սակայն, որոշակի կասկած հայտնեցին, թե հնարավոր է, որ այդ հրթիռները համապատասխան փորձարկումներ չեն անցել: Այսինքն, Արևմուտքը ՌԴ նախագահի այս հայտարարությանը լուրջ չի՞ վերաբերվում:
-Չեմ կարծում, թե լուրջ չի վերաբերվում, որովհետև ամերիկյան տեղեկատվական աղբյուրները չեն սահմանափակվում միայն այն հոլովակով, որը ցուցադրվեց ՌԴ նախագահի ելույթի ժամանակ: Բնականաբար, նրանք Ռուսաստանում ունեն իրենց հատուկ ծառայությունները, այդ թվում` տիեզերական հետախուզությունը, ուստի այս հարցի առնչությամբ ամերիկյան կողմն ունի բավարար տեղեկություն, ոչ թե հետևում է պաշտոնական հայտարարություններին:
-Ի դեպ, ԱՄՆ-ի պաշտոնական արձագանքն էլ բավականին մեղմ էր, կարծես այնքան էլ անհանգստացած չեն միջուկային նոր հրթիռի փորձարկմամբ:
-Բնական է, եթե խիստ անհանգստանային, պետք է հստակ գործողությունների դիմեին: Չգիտեմ՝ այսօր այդ գործողությունների անհրաժեշտությունը կամ իրականացնելու հնարավորությունը որքան է: Պենտագոնի լավագույն արձագանքն այն կլինի, որ նա էլ իր հակաօդային պաշտպանության համակարգը համապատասխանեցնի այդօրինակ հզորությանը: Այսինքն, ստեղծի հակակշիռների մեխանիզմ: Պետք է մի փոքր սպասել, որպեսզի հասկանանք Վաշինգտոնի արձագանքը և փորձագետների գնահատականները։
-Պուտինի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները մեկ տարով էլ են երկարացվում: Սա պատասխան-հակահարվա՞ծ էր:
-Չեմ կարծում, թե պատասխան էր, քանի որ, անկախ ամեն ինչից, պատժամիջոցների ժամկետը երկարաձգվելու էր:

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ