Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանի պաշտպանության նախարարի այցը Բաքու. պատճառն Իսրայե՞լն է

Իրանի պաշտպանության նախարարի այցը Բաքու. պատճառն Իսրայե՞լն է
06.03.2018 | 11:27

Մինչ տարբեր փորձագետներ գլուխ են ջարդում այն բանի վրա, թե մի շարք տարածաշրջանների երկրներին ու ժողովուրդներին ինչ կտա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների նոր գագաթնաժողովը (նախնական պայմանավորվածությամբ՝ Ստամբուլում, ապրիլի առաջին օրերին-խմբ.), և արդյո՞ք միայն Սիրիայի ու քրդական հարցերն են քննարկվելու, Անդրկովկասում նկատվում է Ադրբեջանի որոշակի ակտիվացում:

Եվ եթե Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ-ի հատուկ հանձնակատար, էստոնացի Տայվո Կլաարի այցը Ապշերոն դժվար է գնահատել որպես միայն Ադրբեջանի շահերը շոշափող և տարածաշրջանի խնդիրներին կոնկրետ առնչվող իրադարձություն, ապա միջազգային լրատվամիջոցներում «ծուլորեն լուսաբանվող» Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամիի երկօրյա այցը Բաքու մտորումների տեղիք է տալիս: Չէ, իհարկե, եվրապաշտոնյա Կլաարը, դատելով նրա պաշտոնի լայն ընդգրկումից, մի տեսակ նման է ԵՄ-ի կողմից անդրկովկասյան հակամարտությունների «վերակացուի»: Բայց այստեղ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ էստոնացու այցը համատարածաշրջանային էր, և Բաքվից հետո՝ փետրվարի 23-ին, նա արդեն Երևանում էր, հանդիպումներ էր ունենում տեղի իշխանությունների հետ: Այնպես որ, այն փաստը, որ Բաքվում պարոն Կլաարը բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովի հետ, դեռ ապացույց չէ, որ այդ կերպ ադրբեջանական իշխանությունները ցանկացել են իմանալ ԵՄ-ի կարծիքը տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմամբ շանտաժ անելու վերաբերյալ: Դե, իսկ Երևանում նույն Կլաարը բանակցել է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եվ ի՞նչ: ԵՄ-ը միջնորդական ոչ մի ձևաչափով շահագրգռություն չի ցուցաբերել զբաղվելու հայ-ադրբեջանական հակամարտության և ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմամբ:


Այլ բան է Իրանը, որը թեև եվրոպական երկիր չէ, ԵԱՀԿ-ի անդամ չէ, և այլն, բայց 1992 թվականից այս կամ այն չափով «ընդգրկված» է սահմանային Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներում, այսինքն, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրադարձությունների մեջ: Դժվար է համաձայնել այն բանին, թե բրիգադային գեներալ Խաթամիի այցը պարզապես «ճանաչողական ուղևորություն» է. իբր, հարևան երկրների նախարարները որոշել են ուղղակի «ավելի մոտիկից ճանաչել միմյանց»: Միևնույն ժամանակ իրանական տարբեր լրատվամիջոցների հրապարակումների մանրազնին հետազոտությունը որևէ ապացույց չտվեց այն բանի, թե Խաթամին Բաքու է գնացել ինչ-որ բան թելադրելու կամ ինչ-որ բան իմանալու, այդ թվում՝ ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Մյուս կողմից՝ ուշադրությունից չի վրիպել այն, որ Իրանի ռազմական նախարարի այցը, ըստ էության, ձեռնարկվել է այն բանից անմիջապես հետո, երբ Բաքուն հայտարարեց, թե մարտի 6-ին Ադրբեջան են այցելելու Թուրքիայի և ՈՒկրաինայի փոխարտգործնախարարներ ՈՒմիդ Յալչընը և Վասիլի Բոդնարը. «Կոնսուլտացիաները կապված են Ադրբեջան-Թուրքիա-ՈՒկրաինա համագործակցության եռակողմ նոր ձևաչափի ստեղծման հետ»: Դժվար է պատկերացնել, որ նույն Իրանում «տեղյակ չեն», թե ում օգտին են «աշխատում» իրենց ադրբեջանական հարևանները, ինչպես նաև Թուրքիան և ՈՒկրաինան: ՈՒրեմն, Թեհրանը պետք է որ միանգամայն տրամաբանական հարցեր ունենար տալու Բաքվին:

Ճիշտ է, Թուրքիան հիմա մի տեսակ ծանր կացության մեջ է այն կապակցությամբ, որ Իրանն ու Ռուսաստանը ներգրավված են սիրիական իրադարձությունների մեջ, բայց այդ համագործակցության ձևաչափը երկար պատմություն չունի, և ով գիտե, թե ինչ կկատարվի Իդլիբի և Աֆրինի իրադարձությունների պատճառով:
Սակայն ուշագրավ են գեներալ Խաթամիի այցը և անցկացված հանդիպումների արդյունքները լուսաբանող ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված խիստ կասկածահարույց խրոխտ զեկույցների շատ կողմեր: Մենք Իրանի նախարարի այցի կապակցությամբ Բաքվից հնչած բոլոր գնահատականներն ու մեկնաբանությունները չենք մեջբերի, սակայն նշենք, որ միայն քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն է մոտեցել ճշմարտությանը, այն էլ շատ հպանցիկ բնութագրելով Իրանի որոշակի հետաքրքրությունը հակամարտության գոտում տիրող իրավիճակի նկատմամբ. «Իրանական կողմն անհանգստանում է իր հյուսիսային սահմանի համար՝ կապված Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման հետ, որոնք այդ երկրին մեղադրում են Սիրիայում տարբեր զինված խմբավորումների աջակցության մեջ»: Թե ինչու է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ իբրև Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությամբ Իրանի շահագրգռության գործոնների մասին, Շահինօղլուի վերապահությունը հիմա ավելի կարևոր, քան նույնիսկ 2016 թ. ապրիլին, երբ Բաքուն չհրահրված ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, պարզ կդառնա փոքր-ինչ ուշ: Իսկ առայժմ մեծ կարևորություն ունեցող հարցերի մասին: Առաջին՝ նկատի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև այն, որ սա, ըստ էության, գեներալ Խաթամիի առաջին արտասահմանյան այցն է, կարելի էր սպասել, որ նա կարող էր մեկնել և՛ Ռուսաստան, և՛ Սիրիա, և՛ Իրաք ու Թուրքիա: Ընտրվել է Ադրբեջանը: Դա հանգեցնում է երկրորդ հարցին: Պարզվում է, որ իրանական լրատվամիջոցներում բազմիցս ընդգծվել է, որ Խաթամիի այցը ձեռնարկվել է «նրա ադրբեջանցի պաշտոնակցի հրավերով»: Այսպիսով, այդ Իրանը չէր «ինչ-որ բան ճշտում» Ադրբեջանի հետ, այլ Ադրբեջանն էր ձգտում «ինչ-որ բան ճշտել» Իրանի հետ: Եվ դրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու է Իրանի պաշտպանության նախարարը մեկնում Բաքու և ոչ թե Անկարա կամ Պակիստան, որի հետ Իրանը ծայրաստիճան լրջորեն ու լարված է այժմ երկխոսում թե՛ Աֆղանստանի, թե՛ Պակիստանի տարածքում բազավորված բելուջական ահաբեկչական խմբավորումների հարցում:


Երրորդ հարցը, իհարկե, այնուամենայնիվ, Արցախ-ԼՂՀ-ի գործոնն է՝ որպես վաղուց արդեն կայացած պետական սուբյեկտի իրողության, և այն էլ Իրանին սահմանակից: Քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները նշում էին, թե Զ. Հասանովն անձամբ ինքն է հրավիրել Ա. Խաթամիին, իսկ փետրվարի 21-ին նախ Իրանի նախարարի հետ անցկացրել է «առանձնազրույց, իսկ հետո տեղի է ունեցե ընդլայնված կազմով հանդիպում», ապա, երևի, խոսելիք եղել է: Պաշտոնական լրատվությունից ադրբեջանական մեկնաբանությամբ դուրս է գալիս, որ միայն Հասանովն է ինչ-որ բան պնդել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. «Խոսելով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրության մասին, գեներալ- գնդապետ Զ. Հասանովը իր իրանցի պաշտոնակցի ուշադրությանն է արժանացրել այն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված չլինելը այսօրվա դրությամբ լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային կայունության համար: Նախարարը նաև երախտագիտություն է հայտնել իրանական կողմին այն ջանքերի համար, որ նա գործադրում է մեր երկրի տարածքային ամբողջականության ու սուվերենության շրջանակներում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ադրբեջանական լրատվամիջոցները Ա. Խաթամիի ելույթներն էլ են մեկնաբանում նույն ոգով. «Նշելով, որ մեր պետությունների միջև կրոնական, պատմական, մշակութային կապերը հիմնված են բարի ու բարեկամական ավանդույթների վրա, Ա. Խաթամին ընդգծել է, որ ռազմական ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա: Նա ավելացրել է, որ իր երկիրը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պաշտպանում է հակամարտության կարգավորման գործում նրա արդարացի դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Իրանը, որպես մուսուլմանական երկիր, շահագրգռված է Ադրբեջանի ռազմական հզորության մեծացմամբ և պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերելու այդ բնագավառում»: Իսկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի աշխատակազմին շատ մոտ կանգնած իրանական ISNA գործակալությունը արտահայտվել է ավելի համեստ ու զուսպ. «Չորեքշաբթի օրը հանդես գալով լրագրողների առջև, գեներալ Խաթամին ասաց, որ երկու հարևանները կարող են պայմանավորվածություն ձեռք բերել իրենց պաշտպանական ճյուղերի տեխնոլոգիական և տեխնիկական համագործակցության շուրջ, ներառյալ ռազմական տեխնիկայի համատեղ արտադրությունը»:

«Հուսով եմ, որ մենք կարող ենք ադրբեջանական պաշտոնական անձանց հետ իմաստալից բանակցություններ վարել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ, որոնք կարող էին նպաստել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը և Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է Խաթամին:
Դա շատ հետաքրքրական ու նուրբ դիտարկում է. ո՛չ Tehran Times թերթը, ո՛չ IRNA, IBIB գործակալությունները, ո՛չ Tasnim News, Mehr News և այլ կայքեր բառ իսկ չեն ասում այն մասին, թե գեներալ Խաթամին Բաքվում կայացած հանդիպումների ու բանակցությունների ընթացքում հրապարակայնորեն ինչ-որ բան է հայտարարել կոնկրետ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ: Իսկ հայ արևելագետ Արմեն Իսրայելյանը, մեկնաբանելով Իրանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, հավանաբար, վերաշարադրել է հենց ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների իմաստը, երբ Facebook-ի իր էջում գրում է, թե հայտարարությունները «կրում են ընդհանրական բնույթ», չեն շեշտադրում Ադրբեջանը և կարող են վերաբերել Արցախին նաև: Իսրայելյանի կարծիքով, Իրանի տարածքում անջատականության սպառնալիքի պայմաններում միանգամայն բնական է, որ իրանցի նախարարը խոսել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևորության մասին: «Բայց տվյալ պարագայում հատկանշական է, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը խոսել է առհասարակ բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին, առանց Ադրբեջանն առանձնացնելու: Եվս մեկ կարևոր հանգամանք. Արցախը Իրանի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից արդեն վաղուց թեև ընկալվում է որպես չճանաչված, սակայն անկախ պետական միավոր: ՈՒստի տարածքային ամբողջականության մասին Իրանի պաշտպանության նախարարի ձևակերպումը կարող է վերաբերել նաև Արցախին»,- գրում է Իսրայելյանը:


Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների ու մեկնաբանությունների նկատմամբ ուշադրությունն ու հետաքրքրությունը գովելի են անավարտ հակամարտության պայմաններում, բայց դա հազիվ թե արդարացնի ինչպես հայ, այնպես էլ, ի դեպ, ադրբեջանցի փորձագետների անուշադրությունը այն բանի հանդեպ, ինչը Խաթամիի Ապշերոն կատարած այցի կապակցությամբ շեշտադրում էին իրանական ԶԼՄ-ները: Իսկ Թեհրանից ստացվող հաղորդագրություններում անզեն աչքով նկատելի է. 1) Խոսքը վերաբերել է հենց «երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը... ինչը կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը տարածաշրջանում և Թեհրանի ու Բաքվի հարաբերությունների բարելավմանը»: Սա արդեն վկայում է այն մասին, որ Իրանը գոհ չէ Ադրբեջանի հետ փոխըմբռնման մակարդակից, քանի որ հարաբերությունները պետք է «բարելավել»: Եվ հասկանալի է, թե ինչ կապակցությամբ է Իրանն ուզում «բարելավել հարաբերությունները» Ադրբեջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի «մասնագետների» ռազմական ու տեխնիկական ներկայության վերաբերյալ իր ունեցած տվյալների կապակցությամբ: 2) Խոսվել է նաև «նրանց պաշտպանական ճյուղերի տեխնիկական ու տեխնոլոգիական համագործակցության մասին, ներառյալ ռազմական տեխնիկայի համատեղ արտադրությունը»: Դարձյալ հասկանալի է, թե ինչու. Ադրբեջանին ռազմական մատակարարումների ռեկորդակիրները, այնուամենայնիվ, իսրայելցիներն ու թուրքերն են, թեև նրանց ձգտում է հավասարվել Ռուսաստանը: ՈՒրեմն ինչու՞ պիտի Իրանն էլ չձգտեր «տեղ գտնել» այդ շարքում: Հենց դա է, ըստ ադրբեջանական և իրանական լրատվամիջոցների հաղորդումների, գեներալ Խաթամին փետրվարի 21-ին քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի ու այլ բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների ընթացքում: Դեռ 2017 թ. նոյեմբերին Թեհրանն ու Բաքուն ստեղծեցին պաշտպանության ոլորտում համագործակցության համատեղ հանձնաժողով, մատնանշելով բարեկամական կապերն ամրապնդելու իրենց կամքը, հաղորդել է IFP News կայքը:


Ըստ IRNA գործակալության հաղորդման, Ալիև-Խաթամի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Իրանի ու Ադրբեջանի եղբայրական և բարեկամական հարաբերություններն այնպիսի բնագավառներում, ինչպիսին ռազմական ու տեխնիկական արդյունաբերությունն է, ընդլայնվել են»: Հանդիպումը համարելով Թեհրանի ու Բաքվի միջև պաշտպանական ու ռազմական համագործակցության հարցերի քննարկման լավ հնարավորություն, Ադրբեջանի նախագահը հետագա երկկողմ գործակցության հույս է հայտնել: Խաթամին ասել է, որ երկու հարևան երկրները վճռականորեն մտադիր են զարգացնելու պաշտպանական հարաբերությունները: Երկօրյա այցի ընթացքում գեներալ Խաթամին և նրան ուղեկցող զինվորական պատվիրակությունը քննության կառնեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր: Խոսելով իրանա-ադրբեջանական կապերի մասին, գեներալ Խաթամին ասել է, որ Թեհրանն ու Բաքուն վաղեմի հարաբերություններ ունեն, և իր այցը Բաքու երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման նպատակ ունի: Նա նաև հույս է հայտնել, որ իր ուղևորությունը Ադրբեջան կհանգեցնի ռազմական և պաշտպանական ոլորտներում համաձայնագրերի ստորագրման:


Վերջապես, նաև վերջինը. այդ մասին Խաթամին խոսել էր դեռևս փետրվարի 22-ին, երբ հանդիպում ունեցավ Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի ղեկավար, գեներալ-մայոր Հեյդար Փիրիևի հետ, ինչի մասին ևս տեղեկացրել է IRNA գործակալությունը: «Իրանը իր արժեքավոր ռազմական և հակաահաբեկչական փորձն է հաղորդել հարևան Ադրբեջանին»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ