USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց
06.03.2018 | 11:37

(Նախորդ մասը)

Մենք դեռ ճանապարհի՞ն ենք:
Այդ դեպքում մտովի գնացեք մի քանի տարի հետ և այն ժամանակվա ձեր կյանքը համեմատեք այսօրվա կյանքի հետ, ևս մի քանի տարի հետ գնացեք և նորից համեմատեք: Եթե այդ համեմատություններն այսօրվա օգտին են, ապա դուք իրավունք ունեք սպասելու երազած հայրենիք մտնելու օրվան:
Իսկ եթե այդ համեմատությունները ցույց են տալիս, որ մեր կյանքը շարունակաբար վատթարանում է, ապա ինչպե՞ս և ինչու՞ թույլ տալ, որ այս ամենը շարունակվի, հատկապես, երբ ժամանակից կախված, իշխանափոխության հնարավորությունը ձգտելու է զրոյի:
ՈՒ՞մ կարող ենք մեղադրել, երբ մեր սերունդների ապագան, հայրենիքն ինքը դրված կլինեն օլիգարխիայի զոհասեղանին: Եվ ի՞նչ փույթ դրանից:


Ծրագրի վերջում հաղորդավարուհին, կարծեմ, մեկ անգամ էլ շնորհավորելով մեզ տոնի կապակցությամբ, հնչեցնում է մի նախադասություն, որն ինքը չէր գրել, որն իրեն տրված էր ընթերցելու: Եվ դա «Ազգ-բանակ» հայեցակարգը մենագրած սոցտեխնոլոգների կարևորագույն ուղերձներից մեկն է: Թվարկելով տարբեր ոլորտների մարդկանց, նա խոսքն ամփոփում է այսպես. «Մենք բոլորս էլ զինվորներ ենք»:
Մի խոսքով, եթե վերաձևակերպենք հայտնի միտքը, կարելի է ասել, որ մեր թշվառ ժամանակներում, երբ իշխանությունների կողմից հասարակությունն ընկալվում է որպես բանակ, ներշնչման (նույնն է թե՝ հրամանի) միջոցով այդ հասարակությանը պետք է կառավարել այնպես, որ «պատրաստ լինի վազելու Կեսարի մարտակառքի հետևից»:
Շտապում եք, պարոնայք: Շտապում եք:


Առանց իշխանությունը վերցնելու ոչինչ փոխել հնարավոր չէ: Սա ասված է ինձնից առաջ, և ողջ ճշմարտությունն այստեղ է: Այսինքն, այլ ճանապարհ, քան իշխանափոխության հասնելը, չկա: Դա նշանակում է, և այդ բանը մեկ անգամ ևս պետք է ընդգծել, որ այս իշխանությունների շարունակության դեպքում մենք, այսինքն՝ բնակչությունը, որևէ դրական տեղաշարժ ակնկալելու իրավունք և հավակնություն չենք կարող փայփայել երկրի կյանքի և ոչ մի ոլորտում: Ամեն ինչ կգնա դեպի վատթարացում՝ թե՛ գործազրկության ու արտագաղթի սաստկացման, թե՛ երկրում մնացած ժողովրդի ունեզրկման: Ոչ մի ներդրում, ոչ մի բարեփոխում չեն բերելու ժողովրդի վիճակի բարելավման, որովհետև քաղաքացու ձեռքից, լինի նա գործարար, թե թոշակառու, ծառայող, թե գյուղացի, բոլորի ձեռքից խլվում է և խլվելու է այն ամենը, ինչ նրանք ունենալու են: Դրա համար կան բազում մեխանիզմներ ու միջոցներ, և դրանք բոլորը գործադրվում են հանուն նպատակի: Դրան զուգահեռ կավելանան առաջընթացի, բարենորոգումների, հակակոռուպցիոն պայքարի, նորանոր ձեռքբերումների շոուները, որոնք անշեղորեն կկատարեն իրենց գործը՝ հիմարացնել, ապակողմնորոշել ժողովրդին: Այդ շոուները լրագրողական այնպիսի մատուցմամբ են ներկայացվում, որ ակնդրի մեջ տպավորություն ստեղծեն (անկախ ներկայացման ձևաչափից, բովանդակային խորությունից, մասնակիցների կազմից և այլն), որ քննարկվում են երկրի կյանքի ամենակարևոր խնդիրները, և, անկասկած, դրանք լուծվում են ժողովրդի, ՀՀ հասարակ քաղաքացու շահից ելնելով և այլն, և այդպես շարունակ:


Եվ որքան ուշ գիտակցենք մենք այս փաստը, այնքան դժվար է լինելու սթափվելը, այնքան դժվար է լինելու դրա ողջ կարևորության ըմբռնումը, առավել դժվար՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումը: Նույնքան կարևոր է, որ երկրի, հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատավորվող անօրինությունը, ազգային, քաղաքացիական, ընտանեկան արժեքների ոտնահարումն ու անբարոյականության սփռումը չընդունող, դրան դիմակայելու պատրաստ հասարակության ներկայացուցիչները, հասարակական խմբերը միավորվեն ընդհանուր գաղափարական պլատֆորմի շուրջ: Դա թույլ կտա բաժան-բաժան, առանձին հարթակների վրա վարվող մարտերը համախմբել մեկ հայեցակարգում և մեկ ճակատով մղել կռիվը:


Մենք պետք է ճշտենք այն ճանապարհները, որոնցով կատարվում է իշխանափոխությունը և ընտրություն կատարենք դրանցից: Պատմությունից մեզ հայտնի իշխանափոխության հասնելու առաջին ձևերը պալատական դավադրություններն են, հեղաշրջումները: Այդպիսի բան մեզանում անել հնարավոր չէ, նախ, որովհետև գործող նախագահը իր շրջապատը կառուցել է այնպես, որ այնտեղ նման մարդիկ լինել չեն կարող, որոնք իրենք կհավակնեն իշխանության: Մյուս կողմից՝ փաստ է նաև, որ այդ շրջապատում չկա այնպիսի մեկը, որը, իշխանության հասնելով, սկիզբ դնի երկրի նորոգման գործին:
Մյուսը հեղափոխությունն է, երբ ժողովրդական զանգվածները, այլևս չցանկանալով ապրել իշխանության թելադրած կյանքով, բռնի ուժով փոխում են իշխանությունը, որոշ դեպքերում նաև կառավարման համակարգը, հասարակարգը: Սրանք, որպես կանոն, ուղեկցվում են մեծ թվով մարդկային կորուստներով, ավերածություններով: Ի հայտ են գալիս գաղափարական հենարանը իրենց անձնական, շահադիտական նպատակներին ծառայեցնելու պատրաստ և ունակ մարդիկ, որոնք շատ դեպքերում կարողանում են նենգափոխել պայքարի տրամաբանությունն ու նպատակները և, հավաքագրելով գաղափարակիցներին, որպիսիք պղտոր ջրում շատ են, դառնում են նոր իշխանություն, մի նոր չարիք իրենց վեր բարձրացրած ժողովրդի գլխին: Այս ճանապարհը՝ առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում ու աշխարհում, աղետալի է, հատկապես մեր երկրի, մեր տկարացած պետականության ու հասարակության համար: Մեզ այժմ պետք է ոչ թե բաժանվել բանակների ու միմյանց դեմ դուրս գալ, այլ համախմբվել: Համախմբվել որքան հնարավոր է շատ: Համախմբվել գաղափարի, հավատի ու վստահության շուրջ: Համախմբել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել այս իշխանություններից, ովքեր իրենց համար այլ կյանք են պատկերացնում, ովքեր ուժ ու համարձակություն ունեն դուրս գալու այս արատավոր շրջանից:
Մյուս ճանապարհները կապված են խորհրդարանական ընտրությունների հետ: Դրանք կարող են լինել հերթական կամ արտահերթ:


Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորություն այս իշխանություններն ինքնակամ չեն տա: Անգամ եթե արտահերթ ընտրությունների անցկացման համար օրենքով սահմանված բոլոր գործընթացները կատարվեն, մի միջոց կգտնեն այն չեղյալ հայտարարելու համար: Վերջին հնարավորությունը Սահմանադրական դատարանն է, և այն, առանց այլևայլության, քայլ կանի օրենքի վրայով:
Ի՞նչ է մնում: Հերթական խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը:
Բազմաթիվ բացասական կողմերից զատ, որ այս իշխանությունների կառավարման ևս մի քանի տարիների ընթացքում բաժին կհասնի մեզ, այս տարբերակն ունի նաև ոչ պակաս առավելություններ: Առաջին և ամենակարևոր հանգամանքն այն է, որ եթե, Աստծո կամոք և ժողովրդի կամքով, հաջողվի փոխել այս իշխանությունները, նոր կազմավորվածը կլինի լիովին լեգիտիմ, առանց ժողովրդի վստահության դեֆիցիտի կառավարություն: Սա շատ կարևոր հանգամանք է հասարակության կյանքին ու պետականության ամրացմանը վերաբերող ամենալուրջ խնդիրները լուծելու համարձակության և կամքի դրսևորման համար: Երկրորդը՝ արտաքին հարաբերությունների կարգավորման նոր հայեցակարգի առկայությամբ այդ հարաբերությունները վերաֆորմատավորելու համար: Թե՛ ռազմավարական գործընկերոջ, թե՛ հեռու և մոտ հարևանների հետ:


Այն ոչ միայն նպաստավոր է վերը թվարկված պատճառներով, այլև անհրաժեշտ:
Անհրաժեշտությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը այն ժամանակահատվածն է, որը պետք է ժողովրդի ստվար խմբերի մեջ նոր վերաբերմունք ձևավորելու համար: Վերաբերմունք՝ իշխանությունների դերի, իշխանափոխության անհրաժեշտության և այդ խնդրի հաղթահարելիության վերաբերյալ: Նոր և հիմնավոր, պատճառաբանված վերաբերմունք:
Միաժամանակ, բնակչությանը պետք է ներկայացվեն այն հայեցակարգային փոփոխությունների ծրագրերը, որոնց ականատեսն ու իրականացման մասնակիցը կարող են դառնալ նրանք երկրի ներքին կյանքի բոլոր ոլորտներում: Նույնքան հանգամանալից և պատճառաբանված:


Սրանք աշխատատար և ժամանակատար գործընթացներ են, և դրանց ճիշտ կազմակերպման ու իրականացման համար մարդկային լուրջ ռեսուրսներ են պահանջվելու: Այդ ռեսուրսները համախմբելու և գործարկելու խնդիրը մյուս կարևոր հանգամանքն է: Դրա իրականացման՝ օրենքով նախատեսված ճանապարհը կուսակցական աշխատանքն է:
Երկմտելու կարիք չկա, թե գործող կուսակցություններից որին պետք է դիմենք այդքան կարևոր խնդրի լուծման համար: Այն կուսակցություններին, որոնք խորհրդարանում ներկայացուցիչ չունեն, ապավինելու իմաստ չկա՝ նրանց թույլ գաղափարական հենքից ելնելով:
Նրանք, որոնք ներկայացված են խորհրդարանում, բայց իշխանություն չեն (այդպիսի մեկ կուսակցություն կա՝ «Ելքը»), իրենց գործունեության մեջ համակրելի լինելով հանդերձ, չունեն այն ամբողջական և անվերապահ աջակցությունը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար:


Այսինքն, պետք է ստեղծել նոր կուսակցություն: Մեկ կուսակցություն, որպեսզի ա) հնարավոր լինի դրսևորել համախմբման բարձրագույն կարողություն, բ) գործող իշխանությունները արհեստական, հակաիշխանական լոզունգներով զինված մի քանի այդպիսի կուսակցություններ չկլոնավորեն, որոնք այսօր հայտնի որոշ կուսակցությունների դերն իրենց վրա վերցնելով թույլ չտան բնակչության համախմբում իշխանափոխության գաղափարի շուրջ:
ՈՒրեմն նոր կուսակցություն:
Ինչպե՞ս վարվել: Շատերը կարող են իրենց վերագրել իշխանափոխության դրոշակակրի դերն ու իրենց համախոհների հետ մի կուսակցություն հիմնելով հայտարարել, որ այդ «նոր» կուսակցությունն իրենց կուսակցությունն է, և մյուսները նման հավակնություններ ունենալ չեն կարող: Ճիշտ է, որ այդպիսի «նոր» կուսակցություններ կարող է հիմնել և իշխանությունը, նրանց օժտելով իր մարտավարական ողջ զինանոցով (կաշառքի համար բավարար միջոցներ, թաղային հեղինակությունների աջակցություն, համայնքային և պետական հաստատությունների անվերապահ ծառայություն և այլն): Այս դեպքում ինչպե՞ս վարվել չսխալվելու համար: Այդ մարտավարությանը իշխանությունները լավագույնս են տիրապետում և գործարկում են ողջ հզորությամբ: Ասենք «Ծառուկյան» դաշինքը, որ նախընտրական ծուղակ է և ամեն մի ընտրության ժամանակ իր ծանրակշիռ ծառայությունն է մատուցում իշխանություններին: Շատ ավելի շատ, քան նրանց կոալիցիոն գործընկերը: Ճիշտ է, որ անգամ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանում քննարկվող հարցերից շատերի վերաբերյալ դրսևորում է հակակառավարական դիրքորոշում և երբեմն «դաժան» քննադատության թիրախ դարձնում նրանց: Բայց դրանք ոչինչ են, ժամանակավրեպ, քանի որ սկզբունքային հարցերում, երբ իշխանությունների համար իրոք կարևոր հարց է քննարկվում, սպասում են, թե նախագահն ինչ կորոշի:


Այսպիսի դաշինքը կարողանում է ժողովրդի ոչ իշխանամետ զանգվածից այնքան ձայն տանել, որ դառնում է խորհրդարանական երկրորդ ուժը: Կարո՞ղ եք պատկերացնել ընտրությունների արդյունքը, եթե դաշինքի ղեկավարը հանկարծ հայտարարեր, որ հենց ժողովրդի ծանր վիճակի մասին մտահոգությունը իրեն ստիպում է դուրս գալ խորհրդարանական պայքարից, և դաշինքը իր համակիրներին կոչ է անում իրենց ձայները տալ ոչ իշխանամետ ուժերին:
Իսկ դա տեղի չի ունենում, որովհետև ընտրությունների միջոցով դաշինքի ղեկավարը լուծում է իր երկու խնդիրները՝ մնա՛լ իշխանության մերձակայքում և պահպանե՛լ իր բիզնես կայսրությունը: Պարզ է, որ մնացած խնդիրները նրա համար երրորդ-չորրորդ կարևորության են:


Չի գործի նաև մեկ հեղինակավոր անհատի, քաղաքական գործչի կամ մտավորականի միջոցով այդ «նոր» կուսակցության նշանակումը: Այն պատճառով, որ այդպիսի քաղաքական գործիչ չկա, իսկ մտավորականների մասին թույլ տվեք լռել:
Իշխանափոխություն պահանջող կուսակցությունը պետք է միակը լինի: Բոլոր նրանք, ովքեր մտադիր են իրենց ձայնը միացնելու իշխանությունների փոփոխության պահանջին, պետք է ճանաչեն մեկ կուսակցություն: Այդ «նոր» կուսակցության միակ և էական տարբերությունը մյուսներից պետք է լինի հետընտրական փոփոխությունների հայեցակարգը, որը մեկ այլ կուսակցություն որդեգրել չի կարող: Այսինքն, նման նպատակներ հետապնդող կուսակցությունը պարտավոր է միանալ «նոր» կուսակցությանը, հակառակ դեպքում այն պետք է ճանաչել որպես իշխանությունների պրոյեկտ: Այլ ճանապարհ չկա, որը կապահովագրի ժողովրդի համախմբման գործընթացը:


Իշխանափոխության խնդիրը հրատապ է ոչ միայն հայերիս համար, այլև այն եղբայր ժողովուրդների, այսպես ասած, ազգային փոքրամասնությունների համար, որոնք այսօր մեզ հետ ապրում են նույն երկրում: Նրանց հասարակական ակտիվ դիրքորոշումը նույնպես շատ կարևոր է, որովհետև հայրենիքը մեկն է, և նրա ճակատագիրը հավասարապես առնչվում է բոլորիս: Նրանք մեզ հետ կիսում են մեզ բաժին հասնող բոլոր զրկանքները և, մեզնից ոչ պակաս, արժանի են լավ օրվա:
Հետընտրական փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները կարող են նյութականանալ իշխանափոխության անհրաժեշտության ու դրա իրականացման գործընթացի, հույս ունեմ, լայն քննարկման ժամանակ, որտեղ և կարող է ձևավորվել «նոր» կուսակցության կորիզը, որը շփոթել մեկ այլ կուսակցության հետ պարզապես հնարավոր չի լինի:


«Նոր» կուսակցության հենարանը, ուղղակի և փոխաբերական առումով, պետք է լինի ժողովուրդը: Այդ կուսակցության նպատակը նույնպես պետք է լինի ժողովուրդը, նրա կենսապայմանները, հասարակական բարոյականությունը, ընտանեկան արժեքները: Երկրի կյանքի բոլոր ոլորտներում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և այդ փոփոխությունների բովանդակային խորությունը կախված է առաջարկվող քննարկումներին հասարակության մասնակցության աստիճանից: Բնավ չի կարելի ենթադրել, թե ցանկալի փոփոխություններն ապահովող գաղափարներ ու դրանց իրականացման մեխանիզմներ չկան: Դրանք կան բոլոր ոլորտներում՝ առանց բացառության: Մտածել, թե լավագույնները հեռացել են, և այսօր չունենք այն մտավոր ներուժը, որ կարողանանք ձևակերպել մեր մտադրությունների հայեցակարգը կամ գտնել դրանց գործարկման մեխանիզմները, թյուր կարծիք է: Լավագույններն այստեղ են, նրանք միշտ են եղել իրենց հողի վրա: Երկրի կյանքի բոլոր ծանրագույն իրավիճակներում հանգուցալուծումը տեղի է ունեցել նրանց ուժերով, նրանց մտավոր ու ֆիզիկական կարողությունների գործադրմամբ: Այս դեպքում և միայն այս դեպքում մենք իրավունք ունենք ակնկալելու թե՛ սփյուռքի, թե՛ «նոր արտագաղթի» պատճառով այն համալրած մեր հայրենակիցների գործուն միջամտությունը, որպեսզի կարողանանք միասին ոտքի կանգնեցնել երկիրը:

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao