Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Գայլերը» բզկտեցին նեապոլցիներին

«Գայլերը» բզկտեցին նեապոլցիներին
06.03.2018 | 11:56

Անցած հանգստյան օրերին ֆուտբոլային Եվրոպայի համար առաջնակարգ դիմակայությունների շքերթների մի ամբողջական շարք էր՝ ի դեմս «Բարսելոն»-«Աթլետիկո», «Մանչեստր Սիթի»-«Չելսի», «Լացիո»-«Յուվենտուս», «Լայպցիգ»-Դորտմունդի «Բորուսիա», «Նապոլի»-«Ռոմա» դիմակայությունների, ու տեսնեմ թե այդ ո՞վ է գլխից մեծ գործեր բռնողը, ո՞վ կխիզախի թեկուզ զուտ համեմատականի համար ասել, թե դրանք Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի պատասխան խաղերից առաջ ընդամենը նախավարժանքներ էին: Հիշատակված հանդիպումների հետ շարք էր կազմելու և «Միլան»-«Ինտեր» դիմակայությունը, սակայն «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի մահվան լուրը պատճառ է հանդիսացել կիրակի Իտալիայում կայանալիք բոլոր հանդիպումների հետաձգման:

ԻՏԱԼԻԱ
Ֆանտաստիկ լարված հանդիպում է արձանագրվել «Նապոլի»-«Ռոմա» դիմակայությունում: Ի հաշիվ եզրային գրոհի հանգուցալուծման, արդեն վեցերորդ րոպեին Ինսինիեն տանտերերին հաշվի մեջ մղել է առաջ, սակայն ժամացույցի սլաքը չի հասցրել ամբողջությամբ բոլորել մեկ րոպեն, երբ «Ռոման» (ՈՒնդեր) հավասարեցրել է հաշիվը: 26-րդ րոպեին Էդին Ջեկոն «գայլերի» համար ապահովել է հաղթական մուտք հանդերձարան:
Հանդիպման երկրորդ պոռթկումը տեղի է ունեցել 73 և 79 րոպեների սահմանագծում: Նախ Ջեկոն է կրկին գոլ հեղինակել, ապա Պերոտին է հաշիվը դարձրել տանտերերի համար անպատվաբեր՝ 1:4: Մրցավարի հավելած ժամանակում «Նապոլին» մի անգամ էլ է զգացրել իրեն, սակայն բանը բանից արդեն անցած է եղել: Սկուդետեի առաջատարը կրել է ցավալի պարտություն՝ 2:4:
Դեպքերից առաջ չանցնենք, սակայն չեմպիոնության պայքարում սա կարող է նեապոլցիների համար ճակատագրական լինել: Այստեղ միջանկյալ նկատենք, որ Էդին Ջեկոն իր դուբլով հատել է երկրի առաջնությունում խփած գոլերի հիսնյակի սահմանագիծը՝ պատմության մեջ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որն այդքան և ավելի գոլ է խփել միանգամից եվրոպական երեք թոփ առաջնությունում: Բոսնիացին նման հաջողության է հասել նաև ԱՆգլիայում («Մանչեստր Սիթի») ու Գերմանիայում («Վոլֆսբուրգ»):
Իր այս հաղթանակով «Ռոման» անասելի մեծ նվեր արեց «Յուվենտուսին», որը թեպետ սաստիկ ծանր հանդիպում ունեցավ Հռոմում, սակայն վերջին վայրկյաններին կարողացավ հաղթանակ կորզել «Լացիոյից» ու կրկին մեկ միավորի հեռավորությամբ մնալ «Նապոլիից»: Սակայն այս հետ մնալն արդեն հարաբերական իմաստ է ստանում, քանի որ «Ատալանտայի» հետ «ծեր սինյորայի» անցած տուրի հանդիպումը ձնաբքի պատճառով հետաձգվել էր, իսկ սա նշանակում է ակտիվում ունենալ պակաս անցկացրած խաղ:
Ինչպես վերը նշել ենք, Դավիդե Աստորիի մահվան լուրը (հյուրանոցային համարում կիրակի առավոտյան գտել են անշնչացած) դարձել է ծրագրված հանդիպումների հետաձգման պատճառ, ու այս կեսխաղացված տուրով մրցաշարային աղյուսակում առաջին վեցյակի դասավորությունն այսպիսին է՝ «Նապոլի»՝ 69, «Յուվենտուս»՝ 68, «Ռոմա»՝ 53, «Լացիո»՝ 52, «Ինտեր»՝ 51, «Սամպդորիա»՝ 44 միավոր:

ԱՆԳԼԻԱ
«Լիվերպուլ»-«Նյուքասլ», «Տոտենհեմ»-«Հադերսֆիլդ» հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է տանտերերին, երկուսում էլ գրանցվել է նույն 2:0 հաշիվը: Տուրի արդյունքներով լիվերպուլցիներն ունեն 60, լոնդոնցիները՝ 58 միավոր: 59 միավորով նրանց արանքում սեպի պես խրված է «Մանչեստր Յունայթեդը», որի հանդիպումը «Կրիստալ Պալասի» հետ երեկ ուշ երեկոյան էր: Հաղթանակը նրանց համար մրցաշարային աղյուսակում կշարունակեր ամրագրած պահել երկրորդ հորիզոնականը:
Պրեմիեր լիգայի թիվ մեկ խաղը, բնականաբար, «Մանչեստր Սիթի»-«Չելսի» դիմակայությունն էր: Արդեն անտարակուսելիորեն կարելի է ասել, որ մրցում էին երկրի ապագա ու գործող չեմպիոնները: Արձանագրվել է ընդամենը մեկ գոլ, սակայն դա էլ բավարար է եղել հիրավի չեմպիոնական մրցաշար անցկացնող Պեպ Գվարդիոլայի ու նրա թիմի համար հաղթ ու գլխաբաց նայելու սեփական երկրպագուների աչքերին: Խփած-բաց թողած գնդակների գերազանց՝ 83:20 հարաբերությամբ «Սիթին» ունի 78 միավոր:
Ինչ վերաբերում է «Բրայտոն»-«Արսենալ» մրցակցությանը, այն պիտի ցույց տար՝ արդյո՞ք զինագործները կարողացել են դուրս գալ «Մանչեստր Սիթիի» հետ ներքին առաջնության ու գավաթային հանդիպումներում ունեցած սթրեսից: Խաղը ցույց տվեց, որ «Արսենալը» միայն հոգեբանական խնդիրներ չունի: Աչքի առաջ այս թիմը պարպվում է, նրա համար արդեն երազային է դառնում լավագույն քառյակում հայտնվելն անգամ: Ինչևէ: Վենգերի սաներն այս խաղում զիջել են 1:2 հաշվով ու մնացել ինչպես 45 միավորով, այնպես էլ վեցերորդ տեղով: Նրանք ամբողջ ութ միավորով են հետ «Չելսիից»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Մարկո Ռոյսի պատասխան գոլը եղել է «Լայպցիգ»-Դորտմունդի «Բորուսիա» դիմակայության վերջին գոլը (1:1), թեպետ կողմերը պակաս ջանքեր չեն գործադրել ավելիին հասնելու համար:
Անցած տուրի հաղթական արտագնայից հետո առաջատար եռյակ ներխուժած «Շալկեն» անզիջում է եղել հյուր ժամանած «Հերտայի» նկատմամբ (1:0), որը, հիշեցնենք, այդ նույն նախորդ տուրում միավոր էր պոկել «Բավարիայից»:
Անկյունայինի հաջող իրացումը «Այնտրախտին» բերել է հաղթանակ «Հանովերի» հետ խաղում:
2:0 հաշվից հետո «Բայերը» որոշակիորեն ներողամիտ է եղել տանտերերի՝ «Վոլֆսբուրգի» նկատմամբ, սակայն նրան ավելին անելու շանս չի տվել:
Այս հանդիպումների արդյունքում մրցաշարային աղյուսակը նկատելի փոփոխությունների է ենթարկվել: 43 միավորով երկրորդ հորիզոնական է բարձրացել «Շալկեն», որի ունեցածը մեկով ավելի է Դորտմունդի «Բորուսիայի» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դիմաց արձանագրվածից: «Բայերը» 41 միավորով հինգերորդ հորիզոնականում է, նրանից երկու միավորով հետ է հաջորդ հորիզոնականում հայտնված «Լայպցիգը», որը վերջին երկու խաղում կորցրել է հինգ միավոր, ինչի պատճառով էլ ունեցել է այսպիսի տհաճ նահանջ մրցաշարային աղյուսակում:
Ինչ վերաբերում է բունդեսլիգայի առաջատարությունը ոչ մեկին չզիջող «Բավարիային», տուրի նրա մրցակիցը «Ֆրայբուրգն» էր: Դժվար է անգամ հավատալը, որ տանտերերի նկատմամբ մյունխենցիների 4:0 հաշվով տոնած հաղթանակը նրանց երկրորդ խոշոր հաշվով հաղթանակն էր արտագնայում: Ինչևէ, բավարացիներն ունեն արդեն 63 միավոր:


ԻՍՊԱՆԻԱ
Տուրի կենտրոնական հանդիպումը Բարսելոնում էր, մադրիդյան «Աթլետիկո» ակումբի հետ, որը հանգամանքների բերումով «Բարսելոնին» ամենամերձ կանգնած թիմն էր ու հաջողության դեպքում կարող էր սրել Լալիգայում չեմպիոնության համար պայքարը` մտցնելով լրացուցիչ ինտրիգ: Կարող էր, սակայն չկարողացավ, քանզի կատալոնացիները նախ մտադիր չեն քամուն տալու մրցաշրջանի ընթացքում կաթիլ-կաթիլ ձեռք բերածը, բացի այդ, թիմի սկզբունքների մեջ չի մտնում առանց պայքարի հանձնվելը: Հանդիպման ելքը վճռել է Մեսիի խփած գոլը: Այս հաղթանակով կատալոնացիները միավորների թիվը հասցրին 69-ի, ինչը ութով շատ է Դիեգո Սիմեոնեի սաների ունեցածից: Ի դեպ, նրանք էլ իրենց հերթին յոթ միավորով են առաջ «արքայականից», ինչը ոչ պակաս նկատելի կտրվածություն է:
Դառնալով «Ռեալ»-«Խետաֆե» մրցակցությանը` Գարետ Բեյլի ու Քրիշտիանու Ռոնալդուի գոլերի շնորհիվ «արքայականը» հանդերձարան գնաց արդեն իսկ բարձր տրամադրությամբ: Երկրորդ խաղակեսում նրանից պահանջվում էր եթե ավելին չանել, գոնե եղածը պահպանել: Այդպես էլ եղավ: Նախ «Խետաֆեն» հանդիպման մեջ ինտրիգ մտցրեց՝ 11-մետրանոցից իրացրած գոլով, ապա Ռոնալդուն կրկին ամեն ինչ բերեց չափաբերված հուն: Արդյունքում՝ 3:1 ու բարձր տրամադրություն Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն Ժերմենի» հետ ունենալիք պատասխան խաղից առաջ:
Մեդալների համար պայքարում հույսը չկորցրած «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Բետիսին» ու պարտության մատնել 2:0 հաշվով` վաստակած միավորների թիվը հասցնելով 53-ի, ինչն ընդամենը մեկով է պակաս «արքայականի» ունեցածից:
Նույն 2:0 հաշվով են ավարտել տուրի հանդիպումները նաև «Վիլյառեալն» ու «Սևիլիան»: Առաջինին նրա իսկ դաշտում պարտության է մատնել «Ժիրոնան», երկրորդը սեփական հարկի տակ գերազանցել է «Աթլետիկին»:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի հետնապահներից մեկի՝ «Տրուայի» նկատմամբ «Պարի Սեն Ժերմենի» հաղթանակը (2:0) միանգամայն սպասվածներից էր, սակայն թե այն փարիզցիների համար որքանով ոգևորող կլինի Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ սպասվելիք խաղից առաջ, դժվար է ասել, քանզի «մայրաքաղաքցիներին» այս մրցակցությունում օդի պես հաղթանակ է անհրաժեշտ ու այն էլ ոչ պակաս 2:0 հաշվով, քանզի առաջին հանդիպումում կրած պարտությունը (1:3) ուրիշ բան չի պարտադրում, եթե, իհարկե, ՊՍԺ-ն չի կամենում այս հեղինակավոր խաղարկությունում նախորդ տարվա «պատվին» արժանանալ: Միաժամանակ նկատենք, որ «արքայականի» հետ հանդիպումը բաց կթողնի Նեյմարը (վիրահատվել է՝ վերականգնման համար պահանջվող երեք ամիս ժամանակաշրջանով), դաշտում որի ներկայությունն էր նաև հաշվի առել ՈՒնաի Էմերին՝ խոստանալով պատասխան հանդիպումը կատարյալ դժոխքի վերածել մադրիդցիների համար:
«Մոնակո»-«Բորդո» հարավային տաք մրցավեճում հաշվի առումով նախաձեռնողը եղավ վերջինս, սակայն մոնեգասկները կարողացան պատասխան գոլի հետ մեկտեղ նաև հաղթականը հեղինակել ու շահել անչափ կարևոր երեք միավոր:
Մրցաշարային առումով այս անչափ կարևոր փուլում երրորդ հորիզոնականն իրենով արած ու առավելագույնին ձգտող «Մարսելը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Նանտի» համառությունն ու բավարարվեց մեկ միավորով` 1:1: Նույնպիսի հաշիվ արձանագրվել է նաև «Մոնպելիե»-«Լիոն» մրցակցությունում: Այստեղ պարտությունից խուսափողները եղել են հյուրերը՝ լիոնցիները:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 74, «Մոնակոն»՝ 60, «Մարսելը»՝ 56, «Լիոնը»՝ 51 միավոր:


ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ
Այս ենթավերնագրի տակ ծավալելիք խոսակցությունը վերաբերելու է Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի պատասխան խաղերին: Այսօր մրցող զույգերն են «Լիվերպուլն» ու «Պորտուն», «Պարի Սեն Ժերմենն» ու Մադրիդի «Ռեալը», վաղը վայելելու ենք «Մանչեստր Սիթի»-«Բազել», «Տոտենհեմ»-«Յուվենտուս» ճակատումների հաճույքը: Սակայն դառնանք օրվա հանդիպումներին:
Առաջինի կապակցությամբ լրջորեն ասելու գրեթե ոչինչ չկա, որովհետև սեփական հարկի տակ հինգ անպատասխան գնդակով պարտված պորտուգալական թիմը սկզբունքորեն հաղթելու տարբերակ չունի. անգամ այն դեպքում, եթե լիվերպուլցիները խաղադաշտ դուրս չգան, քանզի նման դեպքերում հաղթանակ է շնորհվում 3:0 հաշվով: Իհարկե, սա չի նշանակում, թե պորտուգալացիները չեն պայքարելու: Նրանք բոլոր դեպքերում կռիվ կտան, պարզապես այդ կռվի արդյունքը շոշափելի չի լինելու, որովհետև նրանց գնացքն անվերադարձ գնացել է:
Շատ ավելի ծանր զարգացումներ են սպասվում փարիզյան հանդիպումում: 1:3 հաշվով պարտությունն այնպես չէ, որ հետ բերվողներից չէ: Ով` ով, գոնե ՈՒնաի Էմերին ու նրա թիմն այդ մասին առարկայնորեն գիտեն: Ճիշտ է, նրանց իմացած տարբերակում իրենք չէին հաղթող կողմը, բայց դե բացասական ելքով փորձն էլ է փորձ: Հետո չմոռանանք մի բան, որ այդ նույն Էմերին խոստացել է պատասխան հանդիպումը «արքայականի» համար վերածել դժոխքի: Իհարկե, այսպես ասելով նա հաստատապես նկատի էր առել և Նեյմարի գործոնը, սակայն բրազիլացին վնասվածքի պատճառով այս խաղը բաց է թողնելու: Հիմա դա կլինի ի վնաս թիմի՞, թե՞ հակառակը, ցույց կտա արդեն այսօրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ