Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանն ու ինչո՞ւ

Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանն ու ինչո՞ւ
06.03.2018 | 12:12

Ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու` ԱԺ ճեպազրույցներում երեկ ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ ժամանակահատվածում, եթե լինի ժողովրդի կամարտահայտությունը, ինքը կարող է երաշխավորել իշխանափոխությունը։ «Ելքի» նպատակն է արձանագրել խնդիրը ու լուծման մասին ժողովրդին դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալ։ Նա չի հավատում, որ ապրիլի 16-ին պարզվի` Սերժ Սարգսյանը չի հավակնում վարչապետի պաշտոնին. «Նման սցենարը ես այս պահին հավանական չեմ համարում։ Նման սցենար միայն հավանական եմ համարում ժողովրդի կամարտահայտության դեպքում»։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք ավելի քան վստահ են՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու է Սերժ Սարգսյանը. «Վաղվա արտահերթի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը վկայում է՝ անցում ենք կատարում վարչապետական դիկտատուրայի համակարգի, իսկ նման համակարգ միայն Սերժ Սարգսյանի համար կարող է լինել»:


Հարցին, թե «Ելքը» Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ փողոցային պայքար սկսելու որոշում ունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դեռ ոչ, բայց բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մեկ շաբաթում:
Կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում Նիկոլ Փաշինյանը երկար փորձում էր համոզել, որ պետք է պայքարել:
«Ինձ համար ինստիտուցիոնալ պայքարն ու փողոցային պայքարը տարանջատված չեն, մեկը մյուսի հետ կապ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այսինքն՝ չկա այնպիսի ժողովրդավարական երկիր, որտեղ խորհրդարանական, քաղաքական պրոցեսները երբեմն, ըստ պատեհության, չեն զուգորդվում հրապարակների, փողոցների պայքարով»` ասում էր նա: «Մենք քննարկումների փուլում ենք, և «Ելք» խմբակցությունը նախկինում արտահայտել է մի քանի դիրքորոշում: Առաջինը, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, իշխանավարումն անընդունելի են խմբակցության համար: Հաջորդը՝ 2017 թ. հունիսի 22-ին, ԱԺ ամբիոնից «Ելք» խմբակցության անունից հանդես գալով՝ ես հայտարարել եմ, որ եթե իրադարձություններն այնպես դասավորվեն, որ Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, ուրեմն ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա այդ իրադարձության վերաբերյալ արտահայտելու իր հստակ դիրքորոշումը: Հիմա այս բոլոր հայտարարությունների սահմանում մենք քննարկումների մեջ ենք և որոշում կկայացնենք»` սա է Նիկոլ Փաշինյանի տեսակետը:

Ըստ էության` նա ճիշտ է: Ժողովուրդը պիտի հնարավորություն ունենա արտահայտելու իր հստակ դիրքորոշումը: Բայց` ժողովուրդը պաշտոնապես իր տեսակետը արտահայտել է 2017-ի խորհրդարանական ընտրություններում, որոնց արդյունքում ՀՀԿ-ն ստացավ մեծամասնություն և իշխանություն ձևավորելու իրավունք մինչև 2022-ը: Եվ հիմա ՀՀԿ-ն կարող է իբրև մեծամասնություն առաջադրել վարչապետի իր թեկնածուին: Կո՞ղմ է, թե՞ դեմ Նիկոլ Փաշինյանը: Կամ` «Ելքը»:


Կան տարբերակներ:
1. «Ելքի» մյուս երկու կուսակցությունները չեն միանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` իմաստ չտեսնելով հերթական անգամ ժողովրդին փողոց հանելու մեջ, երբ չկան իշխանափոխության իրավական հիմքեր ու արտահայտված տրամադրություններ: Նաև վստահ չլինելով, որ կհավաքեն իշխանափոխությանն անհրաժեշտ թվով մարդ: Ի՞նչ է անում նա` մենա՞կ կամ ընտանիքի՞ հետ է դուրս գալիս պայքարի: Ի՞նչ է կատարվում այդ դեպքում դաշինքի հետ: Իհարկե, մեկ հարցով դաշինք չի քանդվի, բայց ճեղքեր կառաջանան: Հատկապես հայկական քաղաքական դաշտում հրաշալի պատրվակ է հարայ-հրոց հայտարարելու` «Ելքի» պառակտվելու, անփառունակ ու խիստ վաղաժամ վախճանի վերաբերյալ: Հրապարակումների ու զուգորդումների պակաս չի լինելու` ՀԱԿ-ից «Ժառանգություն» ընդդիմության անցած ճանապարհի հետ: Եվ բոլորովին հաշվի չի առնվելու փաստը, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ «Ելքն» է, ոչ Նիկոլ Փաշինյանը:
2. «Ելքը» մեկ շաբաթից կայացնում է փողոց դուրս գալու որոշում ու հրավիրում է հանրահավաք` Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու դեմ: Հրաշալի ելույթներ են ունենում, մի քանի անգամ հրապարակում են նրա 2012-ի հայտնի խոսքը ու… գնու՞մ են տուն, թե՞ մնում են փողոցում: Եթե գնում են տուն, նորմալ է` հրապարակեցին իրենց ընդդիմադիր տեսակետը և ոչ ոք չի կարող մեղադրել, որ «Ելքը» ընդունել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եթե մնում են փողոցում, ի՞նչ է լինում` ամեն օր հանրահավաք են անում, երթեր, հարցազրույցներ, համախոհներին են հրավիրում մարզերից: Միով բանիվ` գործընթաց են սկսում: Կհավաքվի՞ և քանի՞ օրում այնքան մարդ, որ իրավիճակ փոխվի: Խմբակցության ղեկավարը վրան է խփելու ու գիշերելու՞ է Ազատության հրապարակում, հետո հացադու՞լ է անելու: ՈՒ` ի՞նչ: Նա, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի պես հաղթանակի հետևից Մոսկվա չի գնա, բայց ի՞նչ է դա փոխում միջին վիճակագրական հայի կյանքում: Սա է գլխավոր հարցը, որի պատասխանը Նիկոլ Փաշինյանը չունի: Նա ուզում է մարդկանց տեսակետ արտահայտելու հնարավորություն տալ, իսկ մարդիկ տեսակետ կամ չունեն, կամ` արտահայտելու իմաստը չեն տեսնում: Նրանք չեն հավատում իշխանափոխության հնարավորությանը:


Փաստացի` երկու դեպքում էլ գործընթացը հանգում է նույն խնդրին` մարդիկ փողոց դուրս կգա՞ն: «Ելքը» ակամա բախվում է նախորդ ընդդիմադիրների շարած ականներին` փողոց դուրս եկած մարդկանց այնքան երկար ու այնքան հաճախ են տուն ուղարկել, որ այլևս փողոց դուրս գալը իմաստազրկվել է: Կարեն Դեմիրճյանից` Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյանից Գագիկ Ծառուկյան` փողոցային պայքարը կորցրել է ազդակներն ու նպատակները: Գնաճի դեմ բողոքի «Ելքի» երկու ակցիաները վկայեցին, որ մարդիկ չեն բողոքում նույնիսկ իրենց գրպանը սուբյեկտիվորեն դատարկողների դեմ` փողոց դուրս գալով ու պահանջներ դնելով: Ոչ թե «Ելքն» է կորցրել փողոցը, այլ փողոցը փոխել է պայքարի ձևը` մարդիկ սլացիկ հեռանում են: Հեռանում են լուռ ու արագ` եթե այստեղ իրենց հարցերը հնարավոր չէ լուծել, գնում են այնտեղ, որտեղ լուծում են: Դա «Ելքի» խնդիրը չէ: Դա իշխանության խնդիրն է, որ ոչ միայն բողոքական զանգված է կորցնում, այլև երկրի բնակչությանը: Ոչ միայն ընտրող, այլև` արտադրող ու սպառող, աշակերտ ու զինվոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ելք» դաշինքը, «Ելք» խմբակցությունը որոշել են, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումն անընդունելի է: «ՈՒզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ և 2015 թ. սահմանադրական հանրաքվեն, եթե նույնիսկ ունենք դրա ֆորմալ արդյունքները, և 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որ որևէ մեկը կես բառով անգամ չի հերքել Սերժ Սարգսյանի 2014 թ. ապրիլի 10-ին արած այն հայտարարությունը, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում կամ եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում չլինի իր ցանկությանը համապատասխանող արդյունք՝ խորհրդարանական կառավարման մոդելը, ինքը չի առաջադրվի վարչապետի պաշտոնում»` ասում էր Նիկոլ Փաշինյանը: Երեկ նրան ուղղակի, թե անուղղակի պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի»: Նա երկրորդ անգամ է ասում, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ: Այսպես է ՀՀԿ-ն փակում իր նախագահի 4 տարվա վաղեմության «անհաջող» հայտարարությունը:


«Տղամարդու խոսքը քաղաքականության մեջ չեն գնահատում, իր ապրած տարիներով են գնահատում: Իսկ որ պահին քաղաքականությունը վերածենք տղայական խոսքերի, այդ ժամանակ քաղաքականությունը վերանում է այդպիսին լինելուց»` ասել է Վահրամ Բաղդասարյանը, փաստորեն ՀՀ նախագահի խոսքերը որակելով «տղայական խոսքեր»: Այսինքն` նրա իմացած քաղաքական գործիչների խոսքի ու գործի հակասությունը օրինաչափություն է: ՈՒ պետք չէ համեմատվել ՈՒինստոն Չերչիլի հետ: Կամ` Շառլ դը Գոլի: Համեմատությունը տեղին կլիներ, եթե Հայաստանը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պես երկիր լիներ: Եթե Հայաստանում լինեին այնպիսի ընտրություններ, որ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համար սովորական են: Եթե Հայաստանի քաղաքական գործիչների խնդիրները գոնե մի քիչ համարժեք լինեին ֆրանսիացիների ու բրիտանացիների խնդիրներին: Տխուր պատմություն է, բայց դա է իրականությունը: Փաստացի` ոչ «Ելքը», ոչ որևէ այլ քաղաքական ուժ այս պահին այդ իրականությունը փոխելու օբյեկտիվ նախադրյալներ չունեն: Խաղը 2022-ի վրա է դրված: Իշխանությունը արդեն պատրաստվում է 2022-ին` իր սատելիտներին դաշտ վերադարձնելով, օրենքները փոխելով, իսկ «Ելքը» փորձում է հաղթական դարձնել այն խաղը, որ բոլորս ենք տանուլ տվել 2017-ի ապրիլի 2-ին լավ հայտնի հանգամանքներում: ՈՒժերի ապարդյուն վատնում է, կամ փորձություն, որ եթե չսպանի, ավելի ուժեղ կդարձնի:

Դիտվել է՝ 3629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ