Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ներքաղաքական հանգստությունը Հայաստանում մակերեսային է

Ներքաղաքական հանգստությունը Հայաստանում մակերեսային է
07.03.2018 | 23:37

Հայաստանի նոր նախագահն ապագայում պետության երկրորդ դեմքն է լինելու, և դա ձեռնտու է նրա նախորդին: Հարավկովկասյան հանրապետությունը հավասարակշռում է Ռուսաստանի ու Եվրամիության միջև` գրում է Մարկուս Ակերետը շվեյցարական Neue Zürcher Zeitung-ում: Ի տարբերություն իր նախորդի` Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանին ընտրեց խորհրդարանը, ոչ թե ժողովուրդը: Դա առավել քան խորհրդանշական է` 64-ամյա Արմեն Սարգսյանը ստանձնում է ներկայացուցչական իրավասություններով սահմանափակված պաշտոն: Իրական իշխանությունն ապագայում լինելու է վարչապետի ձեռքում, որ բանակի հրամանատարն է և հիերարխիայի տեսակետից` պետության առաջին դեմքը:

Համապատասխան փոփոխությունները սահմանադրության մեջ արվել են 2015-ի դեկտեմբերին: Առաջին հայացքից այս փոփոխությունները խոստանում էին բազմակարծության ամրապնդում և հեռացում մոդելից, երբ ամբողջ պետության կառավարումը մեկ մարդու ձեռքում էր ու հարմարեցված էր նրան: Այնուամենայնիվ, նախկին խորհրդային հանրապետություններում նման նախաձեռնություններն ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ պաշտոնից հեռացող նախագահները որոնում են իրենց համար նոր քաղաքական հենարան կառավարությունում: Հայաստանում էլ ամեն ինչ կարող է դրանով ավարտվել: Գործող նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի անգամ ակնարկել է, որ ապրիլին նախագահական լիազորություններն իր հաջորդին փոխանցելուց հետո կարող է դառնալ իրավասությունները նշանակալից չափով ամրապնդած վարչապետ:
Հայաստանի ապագա նախագահ Արմեն Սարգսյանը կյանքի մեծ մասն անցկացրել է Մեծ Բրիտանիայում` նա Հայաստանի դեսպանն է Լոնդոնում: Նոր նախագահի արևմտյան սոցիալացումը բավականին նշանակալից է Ռուսաստանից Հայաստանի մեծ կախվածության համապատկերում: Մինչև անցյալ տարեվերջին ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է եղել դեպի Մոսկվա:

Ռուսաստանը որոշիչ ուժ է Հայաստանում տնտեսության ու քաղաքական անվտանգության տեսակետից: Սակայն անդամակցումը ԵԱՏՄ-ին Հայաստանին ավելի շուտ վնասներ, քան օգուտներ բերեց: Արտաքին քաղաքականության մեջ Երևանը նորից փորձում է հավասարակշռել շահերը: Թուրքիայի հետ մերձենալու Սարգսյանի սկզբնական ձգտումները անհաջողության մատնվեցին: Երևանը զայրացած է ռուսական զենքի մատակարարումներից Ադրբեջանին, որի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում առավել ռազմաշունչ է դարձել: Այդպիսի արտաքին քաղաքական հիմքերը ծանր զարգացող տնտեսության հետ հավանաբար Հայաստանին նորից կկանգնեցնեն ներքաղաքական հակասությունների առաջ, ինչպես եղել է անցյալում:
Մարկուս ԱԿԵՐԵՏ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Սա էլ ձեզ շվեյցարական պատասխանը հայ-թուրքական արձանագրություններին ու տեսակետին, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումն ընդունելի է դարձնում Արևմուտքի համար Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Ճիշտ է` հպանցիկ ու մակերեսային, բայց և թեմայի իմացությամբ: Նրանք բոլորովին չեն կիսում որևէ մեկի անփոխարինելիության տեսակետը, որին այդպես կառչում են ՀՀԿ-ականները, որ պատրաստ են իբր ինքնուրույն որոշում ընդունել ու պարտադրել շարքային կուսակցական Սերժ Սարգսյանին: Երբվանի՞ց կուսակցության նախագահը դարձավ շարքային կուսակցական ՀՀԿ-ում, որ երբեք ինքնուրույն որոշումներ չի կայացրել, նույնիսկ չարժի քննարկել: Եվ, այնուամենայնիվ, իրենց շարքային կուսակցականի անփոխարինելիության որևէ հիմնավորում ՀՀԿ-ն դեռ չի ներկայացրել` թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ, մինչդեռ ժամանակն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ