Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստեփանակերտը ճանապարհ է հարթում ԵԱՀԿ-ում

Ստեփանակերտը ճանապարհ է հարթում ԵԱՀԿ-ում
10.03.2018 | 12:00

Մարտի 2-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ԱԳՆ-ի նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ում իբրև պաշտոնական փաստաթուղթ տարածվեց Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային կոտորածի 30-ամյակի առիթով: Հայտարարությունում նշվում էր, որ 1988-ի փետրվարի 27-29-ին Ադրբեջանի իշխանությունները Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթում հայ բնակչության կոտորած ու բռնի վտարում իրականացրին:

«Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդի 30-ամյակի կապակցությամբ դատապարտել Ադրբեջանի հայության նկատմամբ Բաքվի իրականացրած ցեղասպանական գործողությունները»` արձանագրում է հայտարարությունը: Այդ ողբերգությունը լավ հայտնի է աշխարհին, թեպետ վատ է ուսումնասիրված և հետաքննող մարմինների, և պատմաբանների կողմից: Սումգայիթի արյունոտ իրադարձությունները դարձան ԽՍՀՄ-ի փլուզման մեկնարկային մեխանիզմներից մեկը: Ինչ ուժեր էլ լինեն` ներքին, թե արտաքին, այդ իրադարձությունների թիկունքում, Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ հաշվեհարդարը կասկածներ չի հարուցում: Ավելին` այդ ողբերգությունն ուղղակի կապված է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններին և 30-ամյակին Ստեփանակերտի ներկա արձագանքը բնական ու բացատրելի է: Տրամաբանական կլիներ, որ Բաքուն ևս համապատասխան հայտարարություն աներ ու տարածեր ԵԱՀԿ-ում, որ թույլ կտար Ադրբեջանի իշխանություններին իրենց նոր քաղաքական դեմքը ցույց տալ, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քաղաքակիրթ երկխոսության պատրաստակամությունը, եթե նրանց իրենց քաղաքացիներն են համարում:

Բայց ամեն ինչ այլ է: ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը տարօրինակ բողոքով պատասխանեց. «ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բազմիցս բարձրացրել է այդ հարցը քարտուղարությունում` ուշադրություն հրավիրելով, որ անթույլատրելի է Հայաստանին հնարավորություն տալ չարաշահել ԵԱՀԿ-ում փաստաթղթերի տարածման իրավունքը` առաջ մղելու իր անեքսիոնիստական ձգտումները ռազմական ուժով օկուպացված տարածքներում»: Հղում անելով, որ Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունը ԵԱՀԿ-ին ներկայացվել է Հայաստանի միջոցով, ադրբեջանական ներկայացուցչությունն ընդունում է, որ «սահմանված պրակտիկայի համաձայն` ԵԱՀԿ շրջանակներում քարտուղարությունը ցանկացած անդամ պետության խնդրանքով տարածում է այդ պետությունից ստացած ցանկացած հայտարարություն` առանց բովանդակության փոփոխության»: ՈՒրեմն` ո՞րն է խնդիրը: Պարզվում է` Սումգայիթի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը «անօրինական անջատողական վարչակարգինն է` ստեղծված Հայաստանի օկուպացրած ադրբեջանական հողերում» և այդ պատճառով չի կարող համարվել «պաշտոնական փաստաթուղթ»: Այդ դեպքում Բաքուն պիտի հետևողական լինի իր գործողություններում: Օրինակ` դեմ լինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցերի ժամանակ մեկնում են Ստեփանակերտ, որովհետև դա «օկուպացված տարածք» է, որ լիարժեք բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, չէ՞ որ դա նշանակում է այդ հանրապետության փաստական ճանաչում իբրև կոնֆլիկտի կողմ: Բայց Բաքուն հազիվ թե նման քայլ անի, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը իրենց ու Արցախի միջև միակ կամուրջն է: Հակառակ դեպքում Բաքուն պետք է հրապարակավ ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը արդեն վաղուց միջհամայնքայինից վերաճել է երկու պետությունների` Հայաստանի ու Ադրբեջանի դիմակայության, որտեղ ներգրավված են ազդեցիկ միջազգային խաղացողներ` ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ դա «ասպարեզ է բերում խնդիրների ավելի լայն շրջանակ, քան առանձին վերցրած էթնոքաղաքական կոնֆլիկտ հասկացությունը»: Ստացվում է` Սումգայիթի ողբերգությունը միաժամանակ ուղղված է և ապագային, որ ակնբախ արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի էության ու կարգավորման հեռանկարների մեջ: Եվ` անցյալին` երբ հայ ժողովրդին ողբերգական հարվածներ էին հասցվում 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին իբրև զանգվածային ցեղասպանոթյուն: Ադրբեջանին չի հաջողվում դուրս գալ այդ պատմական հանգույցից առանց իրական քաղաքականություն վարելու, որը կտաներ ոչ թե նոր ադրբեջանաթուրքական ազգի ձևավորման միայն, այլ` միասնական քաղաքացիական հասարակության, որտեղ լիարժեք ընդունվում են ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու նրանց ինտեգրման հնարավորությունները: Այդ բախումը վաղուց է կախված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների վրա: Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` «սովետական գնացքն Ադրբեջանի համար վաղուց է գնացել, հղում անել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմում է եղել, բայց ոչ նոր Ադրբեջանի Հանրապետության, որ հայտարարել է 1918-1920-ի առաջին ազգային պետության իրավահաջորդը լինելը, արդյունավետ չէ»: Թեկուզ այն պատճառով, որ մեծ քաղաքականության օրակարգում աստիճանաբար նոր պետությունների ճանաչման նոր չափանիշներ են հաստատվում: Ով-ով, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը դա վաղուց զգացած պիտի լիներ ու անօգուտ բողոքներ չարտահայտեր:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM

Հ.Գ. Ով-ով, բայց ռուս փորձագետներն էլ վաղուց պիտի հասկացած լինեին, որ Ադրբեջանը բանակցություններում և փոխհարաբերություններում բացառապես ժխտողական քաղաքականություն է վարում և դա վերանայման ենթակա չէ:ՈՒ պետք չէ սադրել, որ Ադրբեջանը սկսի բողոքի նոտաներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱԳՆ-ներ, որ իրենց երկրների համանախագահները Ստեփանակերտ են գնում: Առանց այդ էլ ակնհայտ է, որ հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակից դուրս բերելու ու այդ ձևաչափից վերացնելու իր ցանկություններում Բաքուն աջակից ունի Մոսկվային:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ