«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նորի՞ց նույն գետը

Նորի՞ց նույն գետը
10.03.2018 | 13:48

Այսօր արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հանրահավաք են անելու։ Իսկ թեման հիշեցնում է հայտնի խոսքը՝ Զատիկից հետո ում է պետք կարմիր ձուն։ Ընդդիմադիրները որոշել են կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը։ Առավել ուտոպիստներն էլ որոշել են ողջ համակարգի վերարտադրությունը կանխել։ Սակայն իրականությունը նրանց մղումներից ավելի հզոր է. համակարգի, այդ թվում` Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վաղուց կայացած փաստ է, ընդամենը մնացել է մի քանի արարողակարգային միջոցառում։ Դեռ տարիներ առաջ, երբ նախաձեռնվեցին սահմանադրական բարեփոխումները, որոշվեց Սերժ Սարգսյանի ճակատագիրը, իսկ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հաղթանակը լիովին ամրապնդեց ոչ միայն Սարգսյանի, այլև ողջ համակարգի կայունությունը։ Հետևանքների դեմ պայքար ծավալել չցանկացող ընդդիմությունն այսօր հենց հետևանքի դեմ է կռիվ տալիս։ Իհարկե, այս ամենը դեռ հարցի մի կողմն է։ Առավել կարևոր է մեկ այլ հանգամանք. ինչպես են կասեցնելու օպերացիայի իրականացումը։ Այսօր ընդդիմությունն իր հաղթանակի միակ գրավականը համարում է ժողովրդին հրապարակ բերելը և այնտեղ առնվազն մեկ շաբաթ պահելը։ Այս միտքն այնքան հնացած է, որքան անկախ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմությունների պարտությունների պատճառաբանությունները։ Ենթադրենք, թե ժողովուրդն այս անգամ էլ հրապարակ եկավ ու մի շաբաթ էլ քնեց այնտեղ, հետո՞։

Կա՞ հստակ մարտավարություն, քայլերի հաջորդականություն, թե՞ ամեն ինչ հանգելու է նույն միտք-գործողությանը՝ «Սերժ, հեռացիր»։ Եթե ամեն ինչ այսպիսի ավարտ է ունենալու, չի լինելու կոնկրետ քայլերի հաջորդականություն, բնականաբար հանրային վստահությունն էլ այս գործընթացին կանխատեսելի է։ Անշուշտ, բոլոր ընդդիմություններն էլ հաջողելու հարցում ճիշտ են՝ պետք է նախ հասարակությունը լծվի իշխանափոխության գործընթացին, պայքարի ու ոտքի կանգնի։ Իսկ ցանկացած հասարակական մեծ ընդվզում սրբում-տանում է ցանկացած իշխանություն, եթե անգամ նրա հիմքերն անսասան են թվում։ Այդուամենայնիվ, հասարակությունն էլ յուրովի է ճիշտ, երբ փողոց դուրս չի գալիս, երբ չի աջակցում ընդդիմադիրներին։ Ոչ վաղ անցյալում երբեմնի «մոլեռանդ» ընդդիմադիրները դարձան իշխանության ջերմ երկրպագուներն ու երգիչները, ստացան պաշտոններ, ղեկավար դարձան ինչ-որ խորհուրդների։ Տեսան նաև, թե ինչպես մարդկանց բերեցին հրապարակ ու ամենավտանգավոր պահին թողեցին կրակի տակ։ Շատ բան տեսած հասարակությանը դժվար է համոզել փողոց դուրս գալ ու ազատվել այս իշխանությունից, ապահովել այդ շարժման ղեկավարների հաղթանակը, այն դեպքում, երբ այդքան էլ վստահ չեն, թե գործող ղեկավարներին ինչ մարդկանցով են փոխարինում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ