ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԼՂ հակամարտության կարգավորում` բոլորն ունեն իրենց ծրագրերը, իսկ Հայաստա՞նը

ԼՂ հակամարտության կարգավորում` բոլորն ունեն իրենց ծրագրերը, իսկ Հայաստա՞նը
11.03.2018 | 12:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել Trend-ին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Նա ասել է, որ ներկա ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, բայց` հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ելնելով վերջին շրջանում ԱՄՆ-ի հայտարարություններից` փորձագետները եզրակացնում են, որ ԱՄՆ-ն ունի հակամարտության կարգավորման իր ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը, հետևաբար սպասում են, որ առաջիկայում ԱՄՆ համանախագահն ակտիվանալու է և, չի բացառվում, որ ոչ հրապարակային առաջարկներ է անելու կողմերից մեկին: ԱՄՆ-ն ուզում է տեղապտույտից հանել կարգավորման սառեցված գործընթացը: Ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ստատուս քվոն ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ պետություններին՝ բացի ԱՄՆ-ից, որն ունի կարգավորման իր ծրագիրը. «Ինձ թվում է, որ ԱՄՆ-ն ունի իրադրության վրա ազդելու իր ծրագիրը, որը գուցե չի համընկնում այս անվերջ ստատուս քվոյի հետ, և Շեֆերն ակնարկում է, որ սպասվում են ինչ-որ դժվար որոշումներ: Թե դա ի՞նչ ծրագիր է՝ ԱՄՆ-ն առայժմ չի պարզաբանում՝ հավաքելով առավելագույն ինֆորմացիա: Առայժմ ԱՄՆ-ը պահպանում է ինտրիգը: Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ն ունի ինչ-որ ծրագիր, բայց սպասում է իրավիճակի հերթական սրմանը, և այդ ժամանակ կբացի իր խաղաքարտերը և կդնի սեղանին»: Ինչու՞ է այդպես համոզված և ինչու՞ պիտի իրավիճակի սրման դեպքում ԱՄՆ-ը խաղաքարտերը սեղանին դնի, եթե Էնդրյու Շեֆերը հայտարարում է, որ ԱՄՆ-ի համար հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, անհասկանալի է:


Ֆրանսիայի ալևիների միավորումների ֆեդերացիան կազմակերպել է Եվրոպայի ալևիների այց Հայաստան: Եվրոպայի ալևիների կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիայի ալևիների միավորումների ֆեդերացիայի նախագահ Էլդար Կլիչկայան Երևանում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի թուրքական քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունները, այդ թվում` թե հայերի, թե ալևիների, թե այլ ժողովուրդների: Ժամանակն է միավորել այդ ժողովուրդների ջանքը՝ ցեղասպանությունների ճանաչման ուղղությամբ:


Ալևիները Եվրոպայում 2 միլիոն են, Թուրքիայում՝ 20 միլիոն: Ֆրանսիան փաստացի միավորել է Թուրքիայի իշխանության դեմ հայերի և ալևիների ջանքը` բացելով դեֆակտո երկրորդ ճակատ Էրդողանի դեմ: Մակրոնը Դավոսում հայտարարեց` «Ֆրանսիան վերադառնում է»: Նշանակու՞մ է, որ Ֆրանսիան հիշել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերը: Համենայն դեպս` ՌԴ ԱԳՆ-ից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրորդն արձագանքեց Ալիևի Երևան ոչ հյուր գալու բուռն ցանկությանը: Դեռ նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Փարիզում, Կոմիտասի արձանին պսակ դնելուց հետո, ապրիլի 23-ին ասում էր, որ իր հաղթանակի դեպքում Հայաստանն ու ԼՂ հարցն իր ուշադրության կենտրոնում են լինելու: Առայժմ նա զբաղված է Եվրոպան վերակառուցելով, ի՞նչ կասի հոկտեմբերին, երբ գա Երևան` Ֆրանկոֆոնիայի վեհաժողովին մասնակցելու: Պարզ է, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում չի սահմանափակվի միայն ֆրանկոֆոնիկ կամ երկու երկրների փոխհարաբերությունների հարցերով: Նա, եթե ոչ հրապարակավ, վերջապես պիտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը ներկայացնի փոփոխված ու փոփոխվող իրավիճակում:


Ռուսաստանը շարունակում է հայտարարել, որ ջանքեր է գործադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման ուղղությամբ, բայց վերջին տարիների իրադարձությունները վկայում են, որ Մինսկի խմբում միայն արտաքուստ կա միակամություն, իրականում երեք կողմերն ունեն տարբեր նպատակներ: Մասնավորապես Ռուսաստանի համար հարցի լուծման հնարավոր տարբերակը` միջանկյալ համաձայնագրի կնքումն է ու ռուս խաղաղապահների տեղակայումը սահմանին: Ո՞ր սահմանին` հարցը տարբեր պատասխաններ ունի: Ադրբեջանական կողմը պնդում է Լավրովի պլանի գոյության մասին, ռուսական կողմը` հերքում: Մոսկվայի համար լավագույն լուծումը կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և հարցը միջազգայինից տարածաշրջանային դարձնելը: Կարգավիճակի իջեցումը թույլ կտար վերջապես ազատվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տարածաշրջանում պաշտոնական ներկայությունից ու ազատ վարել իր քաղաքականությունը: Ելնելով Թուրքիայի հետ օրեցօր սերտացող (բայց միշտ անկայուն` երբեք չես իմանա` ու՞մ գիրկը կնետվի ի վերջո Էրդողանը` Պուտինի՞, թե՞ Թրամփի) հարաբերություններից` Մոսկվան` նաև տարածաշրջանում Անկարայի դերը բարձրացնելու քարտ բլանշ տալու մտադրությամբ` կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման նոր ձևաչափ ստեղծվի` Ռուսաստան-Թուրքիա-Իրան, որտեղ Թուրքիան հանդես կգար որպես Ադրբեջանի շահերի երաշխավոր, Ռուսաստանը` Հայաստանի, իսկ Իրանը` անկողմնակալ ու հավասարակշռող կողմ: Դա վաղուց ու քանիցս արտահայտված ցանկություն է (տարբերակներից մեկն էլ` Ֆրանսիայի փոխարեն Գերմանիային Մինսկի խմբում ընդգրկելու Ադրբեջանի ցանկությունն էր): Հայաստանը հրապարակավ միշտ հայտարարել է, որ հարցի լուծման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է տեսնում և բացարձակապես անընդունելի է համարում համանախագահների կազմում Թուրքիայի ներկայությունը: Փաստացի` ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ պայքարում Ադրբեջանն ունի Ռուսաստանի հետ շահերի համընկնում, հետևաբար` հնարավոր աջակցություն: Ռուսները չափազանց հաճախ են շեշտում, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան անտարբեր են կամ շահագրգիռ չեն հարցի լուծմամբ, ավելին` փորձագիտական մակարդակով մշտապես իրավիճակի լարումը վերագրում են արտաքին ներգործության (բնականաբար` ոչ իրենց, այլ` ԱՄՆ-ի), առանց բացատրելու, թե դա նրանց ինչի՞ն է պետք: Թուրք-ռուսական խորացող համագործակցությունը տարածաշրջանում (եթե առավել մեծ ընդգրկումով դիտարկենք` ներառելով նաև Մերձավոր Արևելքը)` Հայաստանի համար ստեղծում է նոր վտանգներ: Նախ` երբեք հնարավոր չէ վստահ լինել, որ Էրդողանը իր խոսքի տերն է լինելու, նույնքան հնարավոր չէ վստահ լինել, որ Ռուսաստանն իրոք Հայաստանի շահերի երաշխավորն է լինելու: Այդ դեպքում Ռուսաստանը նախ պետք է արմատապես փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում` դադարելով հարձակողական զենք վաճառել Ադրբեջանին ու Ադրբեջանը դիտարկել իր համար շահավետ տնտեսական գործընկեր: Իսկ դա գրեթե անհնար է: Եվ, ուրեմն, բացառվում է, որ որևէ պարագայում Հայաստանը կարող է այդ տարբերակն ընդունել:


Ի՞նչ է ստանալու Իրանը այդ ձևաչափում: Իր տարածքում բնակվող ու Իրանի քաղաքացի ադրբեջանցիների չեզոքությու՞ն` Բաքուն դադարելու՞ է տարածքային հավակնություններ ունենալ Իրանից, որ պարբերաբար հնչեցվում է փորձագետների ու խիստ հայրենասերների շուրթերով: Համաձայնելու՞ է իր սահմանին ռուսական զորքի ներկայությանը, որին միշտ դեմ է եղել: Բացվելու են ճանապարհնե՞րը: Թուրքիան ֆինանսական ներդրումներ է անելու ինչ-որ ծրագրերու՞մ:


Տարածաշրջանում շատ կարևոր դեր ու դիրք ունի Վրաստանը և հնարավոր չէ առանց Թբիլիսիի տեսակետները հաշվի առնելու` արմատական փոփոխությունների գնալ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշիլին մարտի 11-ին մեկնում է Բաքու, նախքան այդ նա Երևանում էր: Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ-ները 2018-ի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու այցի ժամանակ: Երկկողմ հարաբերությունների ամրապնդումից բացի Իզորիան բարձր է գնահատել համագործակցությունը եռաչափ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ: Վրաստանի պաշպտանության նախարարին ընդունել է Իլհամ Ալիևը: Ալիևն Իզորիայի հետ զրույցում ընդգծել է երկու երկրների քաղաքական կապերի հաջող զարգացումը` նշելով, որ պաշտպանության և այլ ոլորտներում վրաց-ադրբեջանական համագործակցությունը հաջող շարունակվում է երկար տարիներ: Լևան Իզորիան ասել է, որ Ալիևը մեծ դեր ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծել, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցությունը տարածաշրջանում կայունությունն ամրապնդող գործոն է: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպում: «Սա նոր ձևաչափ է, որը կխթանի տարածաշրջանային համագործակցությունն ու կնպաստի անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նա: Ահա այսպես` Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի ԱԳ նախարարների ձևաչափ, մնում է հավելել Լավրովին ու ամեն ինչ տեղը կընկնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մարտի 12-17-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշված է, որ զորքը հակառակորդի հարձակումը հետ մղելու, հակահարվածների միջոցով պաշտպանության գիծը վերականգնելու ու հետագայում լայնամասշտաբ հակահարձակում իրականացնելու առաջադրանքներն է կատարելու:
Բոլոր նրանք, որ ուշադրություն են դարձրել ադրբեջանական զորավարժությունների նպատակների ձևակերպմանը, կվկայեն, որ «մասշտաբային հակահարձակողական գործողությունը» նորություն է: Ի՞նչ հակահարձակման է պատրաստվում Ադրբեջանն ընտրություններից առաջ, երբ Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում ընտրություններից հետո բանակցություններ կվերսկսվեն, և կողմերին առաջարկվել է կարգավորման «իրական» պլան:
Ո՞վ է առաջարկի հեղինակը և ու՞մ խաղն է խաղում Ադրբեջանը:

Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ