ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՀՀՊ` չշփոթել ՀՀՇ-ի հետ

ՀՀՊ` չշփոթել ՀՀՇ-ի հետ
11.03.2018 | 12:55

Երեկ առաջին հանրահավաքն անցկացրեց «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Շարժու՞մ, թե՞ նախաձեռնություն, որ ուզում է դառնալ համաժողովրդական հարթակ` պայքարելու իշխանափոխության համար: ՀՀՊ-ն վերկուսակցական է անվանում իրեն և հարթակ է հրավիրում բոլորին` կուսակցություններ, անհատներ:
Ի՞նչ իմացանք հանրահավաքի հավաքական ելույթներից` հուզական ու անհույզ, ծրագրային ու անծրագիր, ոգեշունչ ու անոգի: ՀՀՊ-ն գործունեության ամբողջական ծրագիր չներկայացրեց, ուստի տարբեր ելույթների համադրումից հասկացվեց.


1. ՀՀՊ-ն անընդունելի է համարում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը` որակելով Հայաստանի «թուրքմենիզացում», համարելով արտագաղթի նոր խթան: Առաջնային է համարում սահմանադրական կարգի բռնաբարության կանխումը:
2. Հայաստանին պետք է համակարգային փոփոխություն, գործող համակարգը պետք է հեռացնել իր առանցքով և վերադարձնել այն, ինչ տարել են մեզնից ու մեր հայրենիքից, և մենք շատ կարճ ժամանակում կարող ենք ստեղծել չքնաղ պետություն:
3. Պայքարի է կոչում ժողովրդին` վստահ, որ 7 օր կանգնեն հրապարակում` իշխանափոխություն կլինի: Ապրիլի 9-16-ը, երբ ավարտվում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, 7 օր հանրահավաքներ կանցկացվեն:
Հանրահավաքներ են լինելու ոչ միայն Երևանում, այլև Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում:
4. Իշխանափոխությունից հետո ՀՀՊ-ն պատրաստվում է ստեղծել ժամանակավոր կամ անցումային կառավարություն, որի հիմնական խնդիրը պետք է լինի անցկացնել արդար, ազատ ընտրություններ:
5. 21-րդ դարում անընդունելի է քաղբանտարկյալներ ունենալը, ՀՀՊ-ն կհայտարարի համաներում և ազատ կարձակի քաղբանտարկյալներին, պարտադիր կվերացնի կոռուպցիան:
6. Ստեղծել Սահմանադիր ժողով, որը կընդունի նոր Սահմանադրություն:
7. Ընդունել նոր Ընտրական օրենսգիրք:
8. Անցկացնել նոր ընտրություններ` հավանաբար խորհրդարանական:
9. Թալանչիների թալանած միջոցները պետք է ներդնել բանակի վերազինմանը:

10. Պետք է արագ անդրադառնալ սոցիալական խնդիրներին, մասնավորապես, գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է երկու անգամ նվազեն:
11. Նրանք, ովքեր կհամագործակցեն ժամանակավոր կառավարության հետ, մեղմացուցիչ մոտեցում կլինի, իսկ մյուսներին կկուլակաթափեն:
12. Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 16-ին, այդ օրը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցն է:
13. Հանրահավաքին ներկա էին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, պատգամավոր Արարատ Միրզոյանը, նրանք ելույթներ չունեցան:
Կարապետ Ռուբինյանը, Պետրոս Մակեյանը, Արթուր Սաքունցը, Արմեն Մարտիրոսյանը, Թամար Հովհաննիսյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Եղիշե Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը և մնացածները իրենց ելույթներում նոր ոչինչ չասացին: Այդ ամենը վաղուց հայտնի է, լավ հայտնի է, բոլոր գաղափարները բազմիցս շրջանառվել են ու տեղ չեն հասել:
Գուցե երեկ Ազատության հրապարակում հավաքված 300-350 մարդկանց համար բոլոր ելույթները համոզիչ ու հուսադրող էին, գուցե ժամանակի վատնում, գուցե պարզապես ժամանց: Որևէ շարժում կամ նախաձեռնություն ընդամենը մեկ ամսում իշխանափոխություն կատարելու նպատակով պարտավոր էր ունենալ ծրագիր և ավելի լուրջ ներկայանար հանրությանը` ուշադրության արժանանալու համար: Նվազագույնը հավարտ հանրահավաքի պետք է ներկայացներ գոնե երեք կետից կազմված իր հայտարարությունը, հռչակագիրը, կոչը, ուղերձը` ինչպես ուզում եք` ձևակերպեք, որ մարդիկ հիշեին, թե ի վերջո իրենց ինչ ասացին այդքան հախուռն ու թափթփված, անբովանդակ ելույթներով ու ինչ են ուզում իրենցից` բացի ապրիլի 16-ին` «Հաց բերողի» մահվան տարելիցին, նորից հանրահավաք ու երթ անելը: Ինչ-ինչ, բայց իշխանափոխություն այդպես անկազմակերպ չեն անում: Ներկայանալ հանրությանը ու նրան հրավիրել իշխանափոխության առանց ծրագրի, առանց ղեկավարի, միայն հայտարարելով` դուք եկեք մեզ լրացրեք, մեզ օգնեք, մեզ կազմակերպեք, հավարտ ասելով` «Հաղթանակ, ամեն ինչ լավ է լինելու, մինչ հանդիպում»: Անգամ Նժդեհի մասին երգելը չի օգնի ՀՀՊ-ին ՀՀԿ-ին հաղթել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հուշագիր հաջորդ հանրահավաքի համար`
1. Ծրագիր է պետք ունենալ, ոչ թե կցկտուր գաղափարներ:
2. Համակարգի դեմ հախուռն պայքարը գրավիչ է, բայց ոչ արդյունավետ:
3. Գոնե մեկ պատճառ նշեք, որ ապրիլի 9-16-ին, 7 օր հանրահավաքներով հնարավոր է ՀՀԿ-ին ստիպել հեռանալ: Իսկ եթե չի՞ հեռանում: Ի՞նչ է լինելու հետո: Թեյախմությու՞ն, աղո՞թք, գործադուլ-հացադուլ-նստացու՞յց` ո՞րերորդը:
4. Ժամանակավոր կամ անցումային կառավարությունը ցրելու՞ է խորհրդարանը, ի՞նչ հիմքով:
5. Ի՞նչ լեգիտիմություն է ունենալու Սահմանադիր ժողովը, որը պիտի ընդունի նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրությունը ո՞վ է գրելու, արտագրելու, մշակելու: Եվ` ինչքա՞ն ժամանակում:
6. Ո՞վ է ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք: Սահմանադիր ժողո՞վը: Թե՞ ԱԺ-ն:
7. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյա՞նը ևս պաշտոնանկվելու է, ի՞նչ հիմքով:
8. Որքանո՞վ է օրինական «կուլակաթափությունը» ու ինչպե՞ս է կատարվելու` օրենքո՞վ, թե՞ ինչպես բոլշևիկներն էին «բուրժույներին» ունեզրկում:
9. Սոցիալական խնդիրը միայն գազի և էլեկտրաէներգիայի սակագնե՞րն են, ինչու՞ պետք է երկու անգամ նվազեն, ոչ թե երեք` հաշվարկներ կա՞ն:
10. Կա՞ ստվերային կառավարություն, որ ապահովելու է անվտանգությունը ու կառավարումը:
11. Նոր Սահմանադրությամբ կառավարման ի՞նչ մոդել է լինելու` նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն:
12. Որևէ տեսակետ կա՞ արտաքին քաղաքականության ու Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ:
Հանրահավաքին ներկա «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը երկու ճանապարհ ունեն` կամ խիստ ոգևորվել ու որոշել, որ ճիշտ տեղում ու ճիշտ պահին էին հայտնվել ու արդեն ապրիլի 16-ին բարձրանալ հարթակ` բոցաշունչ ելույթով առաջնորդություն ստանձնելու (եթե թույլ տան` Թամար Հովհաննիսյանը, օրինակ, ասում էր` ընդդիմություն չկա, որովհետև ընդդիմությունը բանտերում է), կամ խիստ հիասթափվել և որոշել, թե որտե՞ղ է ինքը հանրահավաք ու իշխանափոխություն անելու, եթե նույն օրերին Ազատության հրապարակի հայտ է ներկայացրել ՀՀՊ-ն, բայց նրանց միանալը իմաստ ունի մի դեպքում` ձախողվելու մեղքը նրանց վրա գցելու համար:

Դիտվել է՝ 2226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ