Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հանիր ձեռքդ գրպանիցս

Հանիր ձեռքդ գրպանիցս
13.03.2018 | 02:21

Կոռուպցիան Հայաստանում այս ընթացքով երբեք չի հաղթահարվի, որովհետև կոռուպցիայի հաստատուն հիմքերը ՀՀ օրենսդրության մեջ են: Ամեն քայլափոխի պետությունը օրենքով մտնում է քաղաքացու գրպանը` բոլոր իրավունքներից նրան թողնելով միայն վճարելու իրավունքը: Պետական տուրքերն ու տուգանքները այնպիսի բարդ ու մանվածապատ ցանց են հյուսել միջին վիճակագրական հայի շուրջ, որ պետության հետ յուրաքանչյուր «հանդիպում» ավարտվում է գրպանը դատարկելով` իրավական հիմքերի վրա:


Պետական տուրքեր ու տուգանքներ կան բոլոր երկրներում, դա Հայաստանի Հանրապետության հայտնագործությունը չէ: Բայց եթե մենք պատճենում ենք եվրոպական օրենսդրությունը ու պարծենում ենք, որ եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքներ ունենք, որոնք արժանացել են եվրոպական կառույցների դրվատանքին, հաշվի առնու՞մ ենք եվրոպական ու հայկական կենսամակարդակների տարբերությունը, հաշվի առնու՞մ ենք եվրոպական միջին աշխատավարձի ու տույժ-տուգանքների հարաբերակցությունը: Հաշվի առնու՞մ ենք ենթակառուցվածքների ու պայմանների տարբերությունը: Տարատեսակ գունավոր գծերը ունեն անխոտելի հիմնավորում` կարգավորում են երթևեկությունը: Թղթի վրա: Փողոցներում կարմիր գծերը օդից փող աշխատելու միջոց են: Նախքան մայրաքաղաքը գծապատելը պետք էր կանգառները կարգավորել, մեքենաների կայանման տեղ ապահովել, հետիոտների համար փողոցն անցնելու պայմաններ ստեղծել` վթարներից խուսափելու նպատակով: Երբ կառավարությունը վթարների պատճառ է հայտարարում աջակողմյան ղեկով մեքենաները, վիճակագրություն ունի՞, թե ձախակողմյան ղեկով մեքենաներով օրական քանի վթար է լինում ճանապարհներին արագության գերազանցման, հետիոտնային անցումներ չլինելու, կանգառներում հասարակական տրանսպորտի ու կայանված մեքենաների խճողվածության պատճառով: Ամենահեշտ ու «արդյունավետ» ճանապարհը տուգանքներն են: Ցանկացած վարորդ կհաստատի, որ Երևանում անհնար է երթևեկել առանց տուգանքների` ճանապարհային երթևեկության սխալ կամ անհարմար կարգավորումների, անկանխատեսելի իրավիճակների ու այլ վարորդների վարքագծի պատճառով: ՈՒ՞ր են գնում տուգանքների գումարները: Ենթակառուցվածքների ստեղծմա՞նը: Գետնուղիների կարգավորմա՞նը, որտեղով ցերեկն անցնելն արդեն կյանքի համար ռիսկ է, ուր մնաց մթով: Կանգառներում տաքսիների ու տրանսպորտի կանգառի անվտանգության ապահովմա՞նը: Այո՞: Ինչու՞, ուրեմն, փոփոխություններ չկան:


Հիմա էլ դեղատոմսերի պատմությունը, որ մասնակի կասեցվեց, բայց սպառնում է հոկտեմբերից ամբողջ թափով ծավալվել` դեղատոմսով տրվող դեղերի ցանկում ընդգրկելով սրտանոթային ու ճնշումային դեղերը: Այսինքն` ընդգրկել Հայաստանի ամբողջ բնակչությանը` մրսածներից, ալերգիկներից, հորմոնալ դեղեր խմողներից բացի: Առողջապահության նախարարության որոշումը, անկասկած, ճիշտ է, և արտասահմանում եղածները կվկայեն, որ առանց դեղատոմսի գրեթե անհնար է դեղատնից դեղ գնել: Ցանկացած որոշում ընդունելուց ու պարտադրելուց առաջ պիտի ստեղծվեն կատարման պայմաններ: Գործու՞մ է Հայաստանում բժշկական ապահովագրության համակարգը, որ, ինչպես արտասահմանում, փոխհատուցում է բուժման ու դեղերի ծախսերը: Այն դեղը, որի մեկ ներարկումը Հայաստանում արժե միջինը 1 300 000 դրամ, ԱՄՆ-ում արժե 300 դոլար, նույնքան` Եվրոպայում: Պարտադիր դարձած դեղատոմս ունենալու համար ստիպված եք գնալ բժշկի` հերթեր, ժամանակ, նյարդեր` մի կողմ թողած, ցանկացած բժիշկ իր պարտքը կհամարի ձեզ ուղարկել անալիզների ու ուսումնասիրությունների` ճիշտ դեղամիջոց ու դեղաչափ որոշելու համար: Բժշկի խորհրդատվության հետ դա միջինը 30-50000 դրամ է նստելու ձեր գրպանին, եթե որոշեք դիմել մասնավոր բուժհիմնարկ` ստանալու որակյալ բուժօգնություն` խոսքը ի վերջո ձեր առողջությանն է վերաբերում (պոլիկլինիկայում թեյի «անալիզի» մասին, թերևս, պետք չէ հիշեցնել):

Բայց դուք վաղուց խմում եք այդ դեղերը, որ օգնում են ձեզ, ու գիտեք, որ այդ ծախսի կարիքը չկա, չե՞ք դիմի էժան ու անօրինական ճանապարհի: Կդիմեք կամա-ակամա` նախ փող եք խնայում, հետո էլ պետությունը ձեզ է խաբում, դուք էլ` պետությանը:
Կամ` ձեր զավակը Հայաստանի քաղաքացի չէ և ուսանում է, ասենք, բժշկական համալսարանում: Չորրորդ կուրսում: 3 տարի դեկանատից փաստաթղթերը ներկայացվել են ժամանակավոր կացության գրանցում ստանալու համար: Չորրորդ տարին դեկանատի աշխատակիցը «մոռացել է» ժամանակին գործն անել: Դուք հայտնվում եք ՕՎԻՐ-ում ու պարտավոր եք 40-50000 դրամ տուգանք վճարել, այլապես կզրկվեք ՀՀ-ում մնալու ու ուսումը շարունակելու իրավունքից: Ինչու՞ դուք և ոչ համալսարանը պիտի տուգանքի գումարը վճարի, եթե ժամանակին փաստաթղթերը չի ներկայացրել և չի զգուշացրել, որ դուք զբաղվեք ձեր գործով` հարցի մի կողմն է: Մյուս կողմում տուգանքի չափն է` ինչու՞ հենց այդքան, ոչ 4-5000, կամ 400-500000` եթե թիվ ենք կրակում, թափով կրակենք:


Կամ` ձեր ընտանիքում դժբախտություն է, և դուք թաղման բյուրո եք գնում ձեր հանգուցյալին հուղարկավորելու իրավունքի համար: Դուք ունեք գերեզմանի սեփականության, հարազատի մահվան վկայականները, ձեր մահացած ու հուղարկավորված ու նոր մահացած ազգականի ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ, ձեզ ասում են` վճարեք 30000 դրամ: Ինչու՞: Պետական տուրք է: Ի՞նչ կապ ունի պետությունը այդ իրավահարաբերությունում, կոնկրետ ի՞նչ է անում ձեզ համար: Գործնականում` ոչինչ: Դուք եք վճարում սգո ծառայությունների բոլոր ծախսերը` առանց որևէ զեղչի կամ պետության մասնակցության, ձեր սեփականությունը ճանաչված գերեզմանում ձեր հարազատին հողին հանձնելը պետությունը գնահատում է 30000: Դե՞մ եք: Դուք այն վիճակում չեք, որ հաշվեք, թե ով ինչի համար ինչքան գումար է պահանջում: ՈՒնե՞ք` վճարում եք, որ ժամանակին ամեն ինչ հասցնեք: Չունե՞ք, պարտք եք վերցնում` տարբերակ չկա: Եթե այլ ծառայությունների դիմաց վճարն իմաստ ունի (թեպետ նվազագույն գները երկնիշ թվեր են, իսկ քիչ, թե շատ որակ ապահովելու համար` եռանիշ), պետության փայ մտնելը անհասկանալի է:


Կամ` դուք պիտի ձեր հարազատի մահից հետո դառնաք տան սեփականատեր: Գնում եք ոստիկանություն: Ասում են` կես տարին լրանալուց հետո կգնաք նոտարիատ, այնտեղ կձևակերպեք փաստաթղթերը, կգաք մեզ մոտ: Կես տարին լրանալուց մի քանի օր անց գնում եք նոտարիատ` բոլոր փաստաթղթերով: Ընդունում են, նայում են, ասում են` ամեն ինչ կարգին է, վճարեք 39000 դրամ տուգանք` դուք պիտի գայիք կես տարին լրանալուց առաջ, ոստիկանությունը պարտավոր չէ ձեզ տեղեկություն տրամադրել, դուք եք պարտավոր օրենքներն իմանալ ¥ի վերջո, առանց որևէ կտրոն տալու ձեզնից գանձում են 44000, հետո գնում եք կադաստր, որտեղ մուծում եք ևս 26000 դրամ¤: Ո՞ր օրենքը: Պետական տուրքի: Եվ շնորհակալ եղեք հարազատ պետությանը, որ նոտարին է իրավունք տվել տուգանելով հարցը լուծել, ոչ թե ձեզ դատի տալ, ինչպես նախկինում էր: Այսինքն` եթե դուք ուզում եք տեր լինել ձեր սեփականությանը, բայց ժամկետի մեջ թերացել եք, պետությունը նորից փայ է մտնում: Իսկ կատարու՞մ է պետությունը իր պարտականությունները` ապահովու՞մ է ձեր տեղեկացվածությունը: Անհնա՞ր է, որ ձեր հարազատի հուղարկավորության իրավունքի դիմաց ձեզնից 30000 գանձելիս հիշեցման թերթիկ տրվի, որի վրա գրված լինեն համապատասխան օրենքները և ձեզ անհրաժեշտ քայլերը, եթե ունենալու եք սեփականություն ստանձնելու ու վերագրանցելու կամ այլ խնդիրներ: Անհնա՞ր է, որ առավոտից ուշ գիշեր հեռուստաեթերը գռեհիկ ու ողորմելի սիթքոմներով, բոլոր ալիքներով իրար կրկնող, ծամծմված ու ձգձգված կամ էլ լոզունգային երկխոսություններով հեռուստասերիալների, դհոլ-զուռնայի ու կլկլոցի փոխարեն ներկայացվեն իրավագրագիտություն ապահովող հաղորդումներ: Ճիշտ է, այդ հաղորդումները պահանջում են ոչ խոսող գլուխներ, սցենար պիտի մշակվի, նյութի մատուցման արդյունավետ ձևեր որոնվեն, վարկանիշը բարձր չի լինելու ու փող չի բերելու, փոխարենը օգտակար ու անհրաժեշտ է լինելու հեռուստադիտողին: Իհարկե, հեռուստատեսությունը վաղուց տեղեկատվության միակ աղբյուրը չէ, բայց շարունակում է մնալ մասսայական: ՈՒրեմն` ազդեցիկ: Փաստորեն ոչ միայն հնարավոր չէ հեռուստատեսային քաղաքականության տեսակետից, այլև պետական: Որքան քաղաքացիները քիչ գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, որքան անտեղյակ են գործող օրենքներին, այնքան հաճախ կտուգանվեն: Նման դեպքերում հայ պաշտոնյաները սովորաբար հայտարարում են, որ մեր օրենքները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Իսկ միջազգային չափանիշներին համապատասխանու՞մ են օրենքների կիրարկման պայմաններն ու ձևերը: Ձևավորվա՞ծ է Հայաստանում օրենք-քաղաքացի մշակույթը (որքան էլ արտառոց հնչի` կա նման մշակույթ աշխարհում): Հայաստանում կա՞ն պայմաններ, որ ամեն ընտանիք իր փաստաբանն ունենա ու օրենքի հետ հարաբերվի նրա միջոցով ու ամեն «հանդիպում» չավարտի կամ պետական տուրքով նախատեսված տուգանքը վճարելով, կամ միջին օղակի պաշտոնյայի հետ փոխշահավետ կոռուպցիոն գործարքի մեջ մտնելով: Ինչու՞ ոչ, եթե պետությունը օրինական ճանապարհով տեղին-անտեղի մտնում է իր քաղաքացու գրպանը, անբարեխիիղճ պաշտոնյան հանգիստ կարող է նույն վարքագիծը ընդօրինակել` քաղաքացու «բեռը» թեթևացնելով, իր գրպանի պարունակությունը մեծացնելով, «անվտանգության» համար էլ` իր անմիջական պետին փայավորելով: Կոռուպցիոն սխեման սատանայի ձեռքի գործը չէ, ամենօրյա հարաբերությունն է պետության ու քաղաքացու: Եվ այդ սխեման անմահ է, քանի դեռ պետությունը շարունակում է իրենից օտարել իր քաղաքացուն ու նրան դիտարկել անհատակ գրպան` չմտահոգվելով իր պարտականությունների մասին ու բազմապատկելով նրա պարտականությունները: Սա ճանապարհ չէ: Այդ ճանապարհով է քաղաքացին խորթանում պետությանը և ինքնաբերաբար կենսակերպ է դառնում օրինական ու անօրինական ճանապարհով եկամուտ ապահովելը, որ կարողանա կոմունալ վարձերը, տարբեր հանգամանքներում առաջացած տուգանքները, զավակների ուսման վարձը վճարել, Աստված չանի, հիվանդացավ` բժշկի գնալու ու դեղի փող գտնել: Այդ քաղաքացին իր մեծամասնության մեջ ոչ տրամադրություն, ոչ ֆինանս ունի թատրոն ու համերգ գնալու: Նրա «մշակութային կյանքը» ապահովում է հեռուստատեսությունը իր ուղեղ արդուկող, ագրեսիա կամ անտարբերություն տարածող ծրագրերով: Դա` քաղաքներում: Գյուղերի մասին արդեն ավելորդ է խոսել: ՈՒ` ի՞նչ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Որևէ մեկը կարո՞ղ է հիմնավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերբարձր հարկերը: Որ ուղեղների արտահոսքը խթանվի՞: Որովհետև բացարձակապես սպիտակ դաշտում են ու ատկատների տեղ չկա՞: 2030-ին Հայաստանում 3 միլիոն հայ ունենալու համար պետությունը պիտի դադարի համառ մուրացկանի պես ձեռքը քաղաքացու գրպանը մտցնելը: Պետությունը պիտի դադարի իր քաղաքացուն թշնամի համարելը, որին պետք է հաղթել: Անվերջ հաղթել: Պետության խնդիրը քաղաքացու կյանքը կազմակերպելն ու անվտանգությունն ապահովելն է: Բայց ոչ նրա հաշվին ապրելը: Քանի դեռ իշխում է այս հոգեբանությունը, ընդունվելու են եվրոպական չափանիշներով փայլուն օրենքներ ու ուղղվելու են քաղաքացու դեմ: Վերջնահաշվում` պետության, որ կորցնում է աշակերտ, ընտրող, սպառող, արտադրող, զինվոր` քաղաքացի, ուրեմն իր գոյության հիմքերն ու նպատակը: Եվ շարունակում է հայտարարել, որ պայքարում է կոռուպցիայի դեմ` հակառակ այդ հաջողությունները չտեսնող որոշ դեսպանների ու անձանց: Ինքնախաբեության նպատակը ոչինչ չփոխելու ցանկությունն է, որ հանցագործություն է: Դեռ անպատիժ:
Նաև քաղաքացու օգնությամբ, որ ձեռքը թափ տալով վճարում է տուրքերն ու տուգանքները` մտքում կամ բարձրաձայն հայհոյում պետությանն էլ, օրենք հնարողին էլ, կիրառողին էլ: Իր բախտն էլ` հետը:

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ