Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չի կարելի «Ելքին» կախել, բայց և չի կարելի «Հանրապետականին» տեսակետ պարտադրել

Չի կարելի «Ելքին» կախել, բայց և չի կարելի «Հանրապետականին» տեսակետ պարտադրել
13.03.2018 | 02:29

Օրեր առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդես եկավ ուշագրավ հոդվածով` «Կախեք «Ելքին» ու կայուն լճացեք», որով փորձ է արվում գնահատականներ տալ ստեղծված քաղաքական իրավիճակին ու գործընթացներին: Նախ պետք է նշեմ, որ հոդվածներով հանդես գալը փայլուն միտք է, մեր երկրում քաղաքական մշակույթի այդ կարևորագույն բաղադրիչը կանգնած է ոչնչանալու եզրին, քանզի մեր քաղաքական գործիչների ջախջախիչ մեծամասնությունը նախընտրում է հարցազրույցներ տալ կամ մի երկու տող գրել սոցիալական ցանցերում` դրանով իսկ սահմանափակվելով հասարակության հետ շփվելու կոմունիկացիոն իր գործառույթներում: Ի վերջո, քաղաքական պատմությունը կերտում են տեքստեր գրող և կարդացող մարդիկ:
Ինչևէ, «Ելքին» կախել չի կարելի, ինչպես և ցանկացած այլ քաղաքական ուժի: Չէ՞ որ մենք սահմանադրականություն և պառլամենտարիզմ կերտելու քաղաքականությունն ենք որդեգրել, իսկ այդ մոդելում ընդդիմությունը պետական համակարգի անքակտելի մասն է, իմունային համակարգը, որը միանում է, երբ ինչ-որ բան այն չէ: Իհարկե, հասկանալի է, որ մեր ընդդիմադիր գործընկերները ժամանակ առ ժամանակ դիսկոմֆորտի մեջ են հայտնվում` փորձելով ավելի ակնհայտ դարձնել իրենց ընդդիմադիր կեցվածքը: Եվ սա բնական է, բոլորս էլ հասկանում ենք, որ ընդդիմադիր դաշտը նույնպես պայքարի առարկա է, իսկ պայքարողների պակաս չկա` բարեբախտաբար կամ դժբախտաբար:


Հասկանալի է նաև վարչապետի ընտրության հետ կապված «Ելքի» մեր գործընկերների քաղաքական կեցվածքը: Իհարկե, պետք է ընդդիմանալ, ինչ-որ բան պետք է ասել և անել, խաղի կանոնը դա է: Բայց իմ համեստ կարծիքով` անձնավորված գործընթացն ամենահեռանկարային ճանապարհը չէ: Իսկ Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության դեմ ընդվզելն» առնվազն կեղծ օրակարգ է` թե «Ելքի», թե հասարակական լայն զանգվածների համար: Ո՞վ չգիտի, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է և կուսակցության անդամների 100 տոկոսի վստահությունն է վայելում, իսկ վարչապետի ընտրության հարցը, փաստացիորեն, ՀՀԿ ներքին գործն է` համաձայն սահմանադրության, որովհետև ՀՀԿ-ն է 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն կազմելու իրավունք վաստակել` կոալիցիա կազմելով ՀՅԴ-ի հետ: Եթե հարցը դիտարկում ենք «անփոխարինելիության» տեսանկյունից, ապա հարց է առաջանում. արդյո՞ք Արամ Սարգսյանն անփոխարինելի չէ «Հանրապետություն» կուսակցությունում կամ ասենք` Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանում»: Չէ՞ որ խնդիրը ոչ թե անփոխարինելիությունն է, այլ կուսակցությունների ներսում լավագույն կադրային լուծումներն ու ներկուսակցական իրողությունները: Ինչպե՞ս է ստացվում, որ մի կուսակցության ղեկավարը կարող է «անփոխարինելի» լինել, իսկ մյուսինը` ոչ, ավելին` դրա իրավունք էլ չպետք է ունենա: Արդյո՞ք չենք մտնում երկակի ստանդարտների ու անարդարության դաշտ:


Կամ «փաստարկ» է շրջանառվում, թե «2017-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը Սերժ Սարգսյանը չի գլխավորել, ուստի և վարչապետ ընտրվելու իրավունք չունի, ժողովուրդն իրեն խաբված կզգա»: Կներեք, իսկ երբ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար էիք ընտրում Նիկոլ Փաշինյանին, ժողովրդին փաստորեն խաբու՞մ էիք: Չէ՞ որ «Ելքի» ցուցակի առաջին հորիզոնականում Էդմոն Մարուքյանն էր: Եվ եթե «Ելքը» պատրաստվում է փողոց դուրս գալու` ընդդիմանալու ՀՀԿ սահմանադրական իրավունքի իրացմանը, այն է` կուսակցության հայեցողությամբ վարչապետի թեկնածուներ կայացնել, ապա տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք անցած տարվա ԱԺ ընտրություններից հետո երկրում չկար 50 կամ 100 մարդ, ովքեր, ճիշտ է, «Ելքին» չէին քվեարկել, բայց փողոց դուրս կգային բողոքելու, թե ինչու են «Ելքի» պատգամավորներն իրենց խմբակցության ղեկավար ընտրում Նիկոլ Փաշինյանին: Իհարկե կային, բայց նման գործողության տրամաբանություն չկար և չկա. կուսակցությունը կամ դաշինքն իրենք են ընտրում իրենց ղեկավարին:
Անշուշտ, կարելի է «փաստարկներ» բերել, թե սահմանադրական հանրաքվեն կեղծված էր, խորհրդարանական ընտրությունները կեղծված են, ուստի և լեգիտիմության խնդիր կա, այլ ճանապարհ չի մնացել, բացի փողոց դուրս գալուց, բայց սրանք վաղուց իրենց սպառած «փաստարկներ են»: Որովհետև «Ելքը» ճանաչել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` վերցնելով մանդատները և շուրջ մեկ տարի բավականին հաջող ընդդիմադիր գործունեություն ծավալելով Ազգային ժողովում: Իսկ խորհրդարանը ձևավորվել է` համաձայն 2015-ին հանրաքվեով հաստատված սահմանադրության: Եվ, ասենք` «Ելքից» Գևորգ Գորգիսյանը չի կարող ասել, թե իր պատգամավորական մանդատը «մաքուր է», իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանինը` ոչ այնքան: «10000 դրամների փաստարկը» նույնպես սին է, որովհետև կամ խորհրդարանը լեգիտիմ է` բոլորովս հանդերձ, կամ լեգիտիմ չէ` նորից բոլորովս հանդերձ: Ընդհանրապես, եթե ընդդիմադիր գործընկերներիս տեղը լինեի, այդ «10000 դրամների փաստարկը» երբեք չէի օգտագործի, որովհետև կստացվեր, որ մենք մեր գաղափարներով ու ծրագրերով 10000 դրամ էլ չարժենք:


Ամեն դեպքում, բանավեճ է պետք, բայց ո՛չ մեկի կարծիքը մյուսի վզին փաթաթելու ու փողոցային պայքարով սպառնալու տարբերակով: Ժամանակակից աշխարհում, այն էլ պառլամենտարիզմի ճանապարհը բռնած պետության մեջ ի՞նչ քաղաքական համակարգ առանց ընդդիմության, ի՞նչ ուժեղ իշխանություն առանց ուժեղ ընդդիմության: Եվ, եթե ինչ-որ մեկին թվում է, թե իշխող քաղաքական ուժը չի գիտակցում, որ առանց ընդդիմության լճանալու է, «մարզավիճակ է կորցնելու», ապա չարաչար սխալվում է: Չկա բանավեճ, չկա ճշմարտություն, իսկ խորհրդարանից լավ վայր քաղաքական բանավեճերի համար չկա: Կարծում եմ` չկա նաև մի գաղափար, որի շուրջ պետք է բանավեճ չլինի, տաբու թեմաներ ուղղակի չկան, վերջին մեկ տարվա խորհրդարանի գործունեությունը դրա ամենավառ ապացույցն է: Ի վերջո, ցանկացած բանավեճ, եթե չի վերածվում ատելության ու չի վերածվում բռնության, միայն օգտակար է, ի դեպ` բոլորի համար: Իսկ «Ելքին» կախել չի կարելի, ինչպես ասում են` «նույնիսկ չերազեք այդ մասին»:


Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ