Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանի պաշտպանության նախարարի այցը Բաքու. պատճառն Իսրայե՞լն է

Իրանի պաշտպանության նախարարի այցը Բաքու. պատճառն Իսրայե՞լն է
13.03.2018 | 10:46

(Նախորդ մասը)

Այսպիսով, Բաքվում ԻԻՀ-ի պաշտպանության նախարարի համար առհասարակ առաջնային չէր որևէ մեկի «տարածքային ամբողջականությունը» պաշտպանելու կամ չպաշտպանելու հարցը, լինի դա Ադրբեջանը, Հայաստանը, թե ԼՂՀ-ն: Կարևորը տարածաշրջանային համագործակցությունն էր, տարածաշրջանային կայունությունը և... այո, հակաահաբեկչական գործունեությունը: Կարծում եմ՝ հարկ չկա անդրադառնալու 2016 թ. ապրիլին, սակայն խիստ օգտակար և ժամանակին կլիներ հիշել, որ քառօրյա գործողություններից հետո և դրանց ընթացքում իրանական լրատվամիջոցները հպանցիկ հաղորդում էին, թե ԻՀՊԿ-ի հատկապես որ ներկայացուցիչները և ադրբեջանական կողմից հատկապես ում էին կանչում սահմանագոտի և հենց տեղում նախազգուշացնում, թե ինչ է սպասում Ադրբեջանին, եթե ռազմական գործողությունները շարունակվեն: Ինչպես նաև հիշեցնել այն մասին, որ այաթոլահ Խամենեիի այնպիսի խորհրդականներ, ինչպիսիք են Ալի Աքբար Վելայեթին ու գեներալ Յահյա Ռահիմ Սեֆևին, բացահայտորեն մատնանշում էին հենց Թուրքիան՝ որպես 2016 թ. ապրիլի ադրբեջանական ագրեսիայի հրահրողի, և անգամ սպառնում էին լիովին վերանայել իրանա-թուրքական հարաբերությունների ամբողջ սպեկտրը:


Արդեն փետրվարի 23-ին Իրանից հնչեց, մեր կարծիքով, Ադրբեջանին հասցեագրված մի հետաքրքրական հիշեցում: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Բաքվի բանակցություններում այդ թեման շոշափել է նաև գեներալ Խաթամին: «Անսպասելիորեն» Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլահ Սեյեդ Հասան Ամելին Բաքվին հերթական անգամ հիշեցրել է Ադրբեջանի տարածքից Իսրայելի իրականացրած հակաիրանական գործողությունների մասին: ՈՒրբաթօրյա աղոթքի ժամանակ իրանական հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է. Իրանը հատուկ միջոցներով ադրբեջանական կողմին ապացուցել է, որ մի քանի տարի առաջ Իրանի Նաթանզեի շրջանում (ի դեպ, այդտեղ է գտնվում Իրանի միջուկային կենտրոններից մեկը-խմբ.) Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրած իսրայելական անօդաչու սարքը արձակվել է Ադրբեջանի տարածքից, մասնավորապես՝ Լենքորանից: Մեր կարծիքով, անպայման պետք է հիշեցնել, թե ով է Արդեբիլի իմամ-ջումա այաթոլահ Սեյեդ Հասան Ամելին: Դա Իրանում շատ ազդեցիկ հոգևոր անձ է, որը հեղինակ է Ադրբեջանի մասին մի շարք աղմկոտ մերկացուցիչ հայտարարությունների և Իրանի գլխավոր հակառակորդների՝ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ ադրբեջանական համագործակցության վերաբերյալ: Հենց նա էլ 2013 թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Խոջալուի իրադարձությունների հետևում կանգնած էր «Էրգենեկոնը», իսկ իրականում՝ «Մոսսադը»»: 2014 թ. հուլիսի 26-ին այաթոլահ Ամելին հայտարարել էր. «Ադրբեջանն ու Թուրքիան գաղտնի աջակցում են Իսրայելին պաղեստինցիների դեմ մղվող պատերազմում»: 2015 թ. մայիսի 29-ին դարձյալ նա. «Ադրբեջանում Շահ Իսմայիլի պատկերով ոգելից խմիչքների վաճառքը վիրավորանք է Իրանի հասցեին»:


Համոզված ենք, որ Ադրբեջանից դեպի Իրանի խորքերն արձակված իսրայելական անօդաչու թռչող սարքերի հիշատակումը Իրանի շիական հոգևորականության բարձրագույն հիերարխիան պատահականորեն չի հանձնարարել հենց Արդեբիլի իմամ-ջումա այաթոլահ Սեյեդ Հասան Ամելիին: Համոզված ենք նաև, որ այդ և նման հարցերը Բաքվում հաստատ շոշափել է նաև ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ա. Խաթամին: Իրանի և՛ հոգևոր, և՛ պետական, և՛ զինվորական ղեկավարությունը շատ լավ իրազեկված է, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու սարքերն օգտագործել և մինչ օրս էլ օգտագործում է ԼՂՀ-ի ու Հայաստանի դեմ, ինչպես իրազեկված է նաև, որ Ադրբեջանն այդ գործում (այսինքն՝ անօդաչու թռչող սարքերն արձակելիս-խմբ.) օգտագործում է իսրայելցի մասնագետների: ԼՂՀ-ն ու Հայաստանը, ինչպես և հակամարտության գոտին Իրանի հենց հյուսիսային սահմանն են՝ այստեղ ճիշտ է ադրբեջանցի փորձագետ Շահինօղլուն: Ադրբեջանում ճիշտ չեն մեկ բանում. Թեհրանին պետք չէ տարածաշրջանային կայունության խարխլում իր հյուսիսային սահմաններում, ուստի և Իրանը չէր կարող խոստանալ «աջակցել Ադրբեջանին» այն հարցում, ինչ Բաքուն երազում է անմիջականորեն ստանալ Իրանից: Ընդ որում, չենք վախենում սխալվելուց, որ Իրանը սառնարյուն է դեռ 1996-ի վերջերից, երբ Հեյդար Ալիևը «վիզ դրած» ձգտում էր Իրանի այն ժամանակվա նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիին (այնուհետև նաև նախագահ Մոհամմադ Խաթամիին) համոզել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը հայտարարելու միջկրոնական հակամարտություն: Այնպես որ, ստացվում է, որ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածության՝ որպես տարածաշրջանային կայունությանն ուղղված լուրջ սպառնալիքի մասին նախարար Զ. Հասանովի բարբաջանքների, նրա իրանցի պաշտոնակից Ա. Խաթամին, ապա նաև Սեյեդ Հասան Ամելին, ավելի քան պարզորոշ հասկացրել են, որ Իրանը տարածաշրջանային կայունությանն ուղղված սպառնալիքը տեսնում է հենց այն բանում, որ Իսրայելը ներգրավված է Ադրբեջանի ներքին գործերի, այդ թվում՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ: Նշենք նաև, որ 2017 թ. Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Մեջլիսի (խորհրդարանի) ղեկավար Ալի Ամոլի Լարիջանին, Հայաստանին ևս նախազգուշացրել էին (2017 թ. ամռանը Սեուլում մեր խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ) տարածաշրջանային հակամարտության մեջ Իսրայելի ներգրավվածության վտանգավորության մասին. «Լարիջանիի խոսքերով, Իսրայելի մասնակցությունը Ադրբեջանի և Հայաստանի վեճին կարող է բացասական հետևանքներ ունենալ, իսկ չլուծված հարցերը պետք է լուծվեն երկխոսությամբ, առանց արտաքին միջամտության»:


ՈՒզում եմ ինչ-որ բան հիշեցնել այն մասին, թե ինչպես Իրանը 2016 թ. ապրիլին ամենաակտիվ կերպով միջամտեց ադրբեջանական ագրեսիայի զարգացմանը: Ըստ իրանական Fars գործակալության հաղորդագրությունների, ապրիլի 2-ի երեկոյան, այսինքն` մարտերի ամենալարված պահին, ընդամենը Արևելյան Ադրբեջանի նահանգապետի քաղաքական հարցերի և անվտանգության գծով տեղակալ Սայիդ Շաբեստարի Խիաբանիի մակարդակով դիտողություն արվեց հակամարտող կողմերին և պահանջվեց դադարեցնել սադրանքները: Հիշենք Իրանի սահմանամերձ Հոդա-Օֆարին գյուղի մոտ «չգիտես ում» ականների կամ արկերի պայթյունների հետ կապված պատմությունը: Նա նաև հաղորդել էր, թե «հակամարտող կողմերը իրանական սահմանապահների լուրջ նախազգուշացումից հետո խոստացան, որ նման բան այլևս չի կրկնվի»: Թե ինչ էր տեղի ունեցել ռազմական գործողությունների գոտում ապրիլի 2-ի երեկոյան, իրանական աղբյուրները հաղորդեցին ավելի ուշ՝ ապրիլի 4-ին և 5-ին: Իսկ արանքում Ադրբեջանը ապրիլի 3-ին շտապեց հայտարարել «կրակի միակողմանի դադարեցման» մասին: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ, նախ, ԼՂՀ-ի պաշտպանության բանակին հաջողվեց ապացուցել իրանցիներին, որ հրետակոծությունը Արցախի կողմից չի եղել, և, կարծես, հենց դա էլ եղել է քննարկումների առարկան 2016 թ. ապրիլի 4-ին Հայաստանի պաշտպանության 1-ին փոխնախարար Դավիթ Տոնոյանի և Երևանում Իրանի զինվորական կցորդ գնդապետ Հոսեյն Շեյխի միջև կայացած հանդիպման ժամանակ: Ճիշտ է, այդ հանդիպման ընթացքում, չգիտես ինչու, ասվում էր, թե «պատահական» ականները հասել են իրանական Կոլիբեգլու բնակավայր:

ՈՒրեմն, իրանական մե՞կ, թե՞ երկու բնակավայր է եղել հրետակոծման շառավղում: Այդ հարցը պատասխան չի ստացել մինչ օրս: «Ճշտելով նշված բնակավայրի կոորդինատները, հայկական կողմը հաղորդում է, որ այն գտնվում է ղարաբաղյան զինված ուժերի թիկունքում և, համապատասխանաբար, նրա հրետակոծությունը հայկական կողմից քիչ է հավանական: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այդ միջադեպն ավելի շուտ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական երկկողմ շփումների շուրջ՝ նպատակ ունենալով կանխելու ապատեղեկատվության տարածումը: Այդ առումով ղարաբաղյան զինված ուժերը լրացուցիչ կուսումնասիրեն իրանական բնակավայրի հրետակոծության փաստը և արդյունքների մասին կտեղեկացնեն իրանական կողմին»,- ասվում էր Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության 2016 թ. ապրիլի հաղորդագրության մեջ:


Այնուհետև 2016 թ. ապրիլին իրանցիները ադրբեջանցիներին բացահայտորեն «բռնեցին հանցանքի վայրում»: Ապրիլի 5-ին Իրանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար, ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Քասեմ Ռըզային երկրի հյուսիսարևմտյան նահանգի սահմանային շրջաններ կատարած այցի ժամանակ, խոսելով միջադեպի մասին, մատնանշել է միայն այն, որ ինքը «հայ սահմանապահներին նախազգուշացրել է այլևս նման բաներ թույլ չտալ», և որ «մի քանի պատահական ականներ» թռել են «Հայաստանից»: Հնարավոր է, որ իրանցի գեներալը «Հայաստան» ասելով նկատի է ունեցել հենց ԼՂՀ-ն, որովհետև Հայաստանից ամեն հրթիռակայանք չէ, որ կկարողանա իր հրթիռային արկերը «հասցնել» Խուդափերինի կամուրջ կամ իրանական Հոդա-Օֆարին գյուղ: Չէ՞ որ իրանական լրատվամիջոցների հաղորդումներում և պաշտոնատար անձանց հայտարարություններում ասվում է, որ ականակոծվել է հենց այդ բնակավայրը, ոչ թե Վերին Կոլիբեգլուն: Բայց չէ՞ որ իրանցիները խոսել են հենց միայն ականանետային արկերի մասին, ոչ թե հրթիռների: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. շարունակելով թեման, գեներալ Ռըզային ընդգծում է, որ սահմանամերձ շրջաններում շրջագայելիս հանդիպել է միայն «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Իլհամ Մեհդիևին, որի հետ քննարկել են երկու երկրների համատեղ սահմանային հարցեր»: Իսկ ու՞ր են «հայ սահմանապահների» լիազորած անձանց ազգանունները, որոնց, իբր, գեներալ Ռըզային «նախազգուշացրել է այլևս նման բաներ թույլ չտալ»:


Դատելով Բաքվի վայրկենական արձագանքից (կրակի դադարեցման մասին ապրիլի 3-ի միակողմանի հայտարարությունից), Իրանը, իրոք, իր կոշտ նախազգուշացումը հասցեագրել է առաջին հերթին Ադրբեջանին, ուստի իրանական լրատվամիջոցներում հիշատակվել է միայն այն, թե ԻՀՊԿ-ի գեներալը հանդիպել է միայն ադրբեջանցի սահմանապահ Մեհդիևի հետ: Հետևաբար Ք. Ռըզային «նախազգուշացրել է այլևս նման բաներ թույլ չտալ» միայն ադրբեջանցուն: Ահա մեջբերումներ իրանական աղբյուրներից. «Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ իրանական զինված ուժերը պատրաստ են պատասխանելու ցանկացած զինված սադրանքի», «Մենք կոշտ կարձագանքենք մեր երկրի տարածքի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի», «Իրանական սահմանապահները նախազգուշացրել են, որ կրակոցների կրկնության դեպքում պատրաստ են պատասխան միջոցներ ձեռնարկելու, հակամարտության երկու կողմն էլ խոստացել են նման սխալ այլևս թույլ չտալ»:


Անգամ հիմա, 2018 թվականին, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ էր «խնդրել» Ադրբեջանին մի քանի ական «բաց թողնել» Իրանի կողմը: Այդ անփառունակ դերի հավակնորդները նույնն են՝ ԱՄՆ-ը, այնուհետև, հնարավոր է, էլի ինչ-որ արևմտյան երկրներ, Իսրայելն ու Թուրքիան: 2016 թ. ապրիլի 3-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհանը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ: Թեհրանի կոշտ նախազգուշացումներից հետո հենց պաշտոնական Բաքուն սկսեց մտածել և հիշել, թե ինչ կարող է նշանակել իրանցիների շուրթերից հնչող «կոշտ պատասխան միջոցներ» ձևակերպումը: Չէ՞ որ Ռուսաստանը, որը, ինչպես Իրանը, նույնպես պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները, իր լրատվամիջոցների ու պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններում ոչ մի կոպիտ խոսք չասաց ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հասցեին: 2016 թ. ապրիլի կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ այն ժամանակ էլ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համառորեն պահանջում էին «բեկում կարգավորման գործում»: Թե դա ինչ կարող էր նշանակել, կարծում եմ, հայերի շրջանում այդ առումով ոչ մի կասկած չկա: Իսկ Իրանը 1992 թվականից կտրականապես բացառել և բացառում է արտատարածաշրջանային երկրների ցանկացած զորախմբի մուտքը տարածաշրջան: Արտատարածաշրջանային երկրներ ասելով ԼՂՀ-ի պարագայում Իրանը հասկանում է նաև Թուրքիան: Կարելի է հիշել նաև այն բազմամյա հաստատակամությունը, որով Երևանում իրանցի դիվանագետները պաշտոնական և մասնավոր հանդիպումներում փորձում էին պարզել այն հարցը, թե հակամարտող կողմերը ինչ և ինչպես են պլանավորում Իրանի հյուսիսային սահմանին անմիջականորեն հարող տարածքների առնչությամբ:


Իրանը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը հսկայական հետախուզական բազա է ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Սա էլ բավական է, որ Թեհրանի ցանկացած բանագնաց Բաքու այցելելիս լինի վերին աստիճանի ուշադիր, զգույշ և միևնույն ժամանակ՝ կոշտ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ