USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«ՀՀԿ-ն իշխանությունը կտա, եթե ընդդիմությունը ժողովրդագրական խնդիրները կարողանա լուծել»

«ՀՀԿ-ն իշխանությունը կտա, եթե ընդդիմությունը ժողովրդագրական խնդիրները կարողանա լուծել»
13.03.2018 | 10:55

Մինչ այս օրերին ներքաղաքական կյանքը տարված է վարչապետի ընտրության շուրջ խոսքուզրույցով և Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու հայտնի հայտարարությունը ծանրութեթև անելով, մոռացության է մատնվել մեկ այլ, առավել կարևոր հայտարարություն: Ամիսներ առաջ երկրի ղեկավարը հայտարարեց, որ իշխանության նպատակն է 2040-ին ունենալ առնվազն 4 միլիոն բնակիչ: Ի՞նչ է անում իշխանությունն իր հռչակած նպատակը կյանքի կոչելու ուղղությամբ: Թեմայի շուրջ զրուցում ենք խորհրդարանական ընդդիմադիրների և իշխանության ներկայացուցչի հետ:

«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ»
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ («Ծառուկյան» խմբակցության անդամ)
-Դուք տեսնու՞մ եք իշխանության այն քայլերը, որոնք տանում են դեպի 4 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան:
-Ես տեսնում եմ միայն ցանկություն, բայց դրա իրականացմանը միտված քայլերն ինձ համար, ցավոք, տեսանելի չեն, փոխարենը կա մեծ չափերի հասնող արտագաղթ: Որպեսզի ապահովենք այդ թվաքանակը, Հայաստանում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, այդ թվում` հասարակական մթնոլորտի, տնտեսական վիճակի, արդարադատության համակարգի: Այս ամենի առկայության դեպքում մարդիկ ցանկություն կունենան վերադառնալու հայրենիք:
-Ի՞նչ պետք է անի իշխանությունը որպես իրավիճակը շտկելու առաջին քայլ:
-Դա քայլերի ամբողջություն է: Կառավարման համակարգի ճիշտ իրականացում, Հայաստանում սուր ընդգծված է նաև արդարության պակասը, հարկավոր է արդարության մթնոլորտ ձևավորել, տնտեսական վերելք ապահովել: Այսօր խոսում են արտաքին ներդրումների կարևորության մասին, բայց միայն դա չէ կարևոր, պետք է նաև բանկային համակարգի ամբողջական վերափոխում: «Ծառուկյան» դաշինքը նախընտրական շրջանում 15 կետ էր առաջ քաշել, որոնց իրականացմամբ իսկապես մարդիկ կցանկանային վերադառնալ Հայաստան: Եվրոպական երկրներում մարդիկ բնակարան են գնում և հիպոթեքային վարկ են վճարում 2-3 տոկոս, իսկ մեզ մոտ՝ 10-12 տոկոս, գյուղացիական վարկը ևս մեզ մոտ շատ բարձր տոկոսներով է տրվում: Ոչ միայն տնտեսական իրավիճակը պետք է փոխվի, այլև արդարադատության համակարգը, սկսած կոռուպցիայի չափերի կրճատումից:
-Այս ամենը հնարավոր է իշխանությա՞ն, անձերի՞ փոփոխմամբ:
-Չեմ կարծում, որ այս ամենը հնարավոր է այս կամ այն իշխանության փոփոխությամբ: Սա շատ բարդ խնդիր է: Անկախ հանգամանքից` իշխանություն, թե ընդդիմություն ես, մի բան ակնհայտ է՝ բոլորս ցանկանում ենք, որ հայերը մնան ու ապրեն Հայաստանում: Բայց հայրենիքում մարդը պետք է կարողանա ինքնադրսևորվել, կայանալ, իր ապագան կերտելու հեռանկար ունենալ: Ցավոք, մեր երկիրը դեռ այս չափորոշիչներին չի համապատասխանում: Երիտասարդը, որ ստանում է բարձրագույն կրթություն, նաև դրսում է սովորում, գալիս է Հայաստան, բայց այստեղ ինքնադրսևորման հնարավորություն չունի: Մինչև այս խնդիրը լուծում չստանա, մարդիկ հեռանալու են երկրից: Էլ չեմ խոսում այն մասին, որ նվազագույն աշխատավարձը բավական ցածր է, եղած հնարավորությունները՝ շատ սուղ: Մարդիկ պետք է համոզված լինեն, որ կարիք չկա շատ վաստակելու համար այլ տեղ գնալ: Մինչև այս խնդիրները գլոբալ լուծում չստանան, 4 միլիոն բնակչություն ապահովելն իրատեսական չէ:
-Այս օրերին իշխանության ներկայացուցիչները հաճախ են հիշում Չերչիլի հայտնի խոսքը: Եթե վերաձևակերպենք, այս հայտարարությունն արվել է, որ 2040-ին հիմնավորե՞ն, թե ինչու չիրականացավ այդ նպատակը:
-Այս հայտարարությունը սխալ չէ, ցանկացած իշխանության խնդիրն է ապահովել այնպիսի վիճակ, որ արտագաղթ չլինի: Եթե արտագաղթ չլինի, փոխարենը ներգաղթ լինի, հնարավոր է այդ ցուցանիշն ապահովել: Հիմա գործիքաշարն իշխանության ձեռքին է, թող փորձեն կիրառել այն, ստեղծեն մի իրավիճակ, որ ժողովուրդը չհեռանա հայրենիքից: Բայց գործուն քայլերն ինձ տեսանելի չեն:

«ԿԱՆ ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԴՐԱ ԳԵՐՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Որոշ ժամանակ առաջ Դուք ևս խոսեցիք ժողովրդագրական խնդիրների մասին, որոնք վտանգավոր չափերի են հասնում: Դրան զուգահեռ, երկրի ղեկավարը իշխանության նպատակ համարեց 2040-ին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը: Ի՞նչ է արվում այս ցուցանիշն ապահովելու ուղղությամբ:
-Նախագահը սահմանել է այն նշաձողը, որին պետք է Հայաստանի իշխանությունները ձգտեն: Սա շատ նշանակալից, ճիշտ թիրախ է: Խնդրի տրիվիալացումը խնդրի լուծմանն օգուտ չի տալիս: Նախագահը նաև հանձնարարություն է տվել կառավարությանը ժողովրդագրական միտումների բարելավման քաղաքական հայեցակարգ մշակել, կառավարությունն աշխատում է, մենք խորհրդարանում ստեղծել ենք աշխատանքային խումբ և ակտիվորեն զբաղվելու ենք այդ հարցով: Պետք է նկատի ունենանք, որ ժողովրդագրական միտումների ինչպես բացասական, այնպես էլ դրական տեղաշարժերը ոչ մեկ, ոչ տասնյակ որոշման, ոչ մեկ կամ մի քանի տարիների արդյունք են: Հիմա ունենք այն, ինչ ունենք, և կա գիտակցում, որ այս ուղղությամբ լրջագույն քայլեր պետք է իրականացնել, ոչ թե հատվածական, այլ համապարփակ:
-Նշեցիք, որ կառավարությունը հետամուտ է խնդրին, ԱԺ-ում էլ աշխատանքային խումբ է ստեղծվել, կոնկրետ ժողովրդագրական որևէ խնդրի առնչությամբ ի՞նչ քայլ է ձեռնարկվում:
-Եթե կարծում եք, թե կառավարության որոշմամբ, նախագահի հրամանագրով կամ ԱԺ-ի ընդունած օրենքով կարճ ժամկետում հնարավոր է նման թիրախներ խոցել, այդպես չէ, աշխարհի որևէ երկրի չի հաջողվել ու չի էլ հաջողվելու դա: Եթե ժողովրդագրական միտումները իբրև ակադեմիական նյութ դիտարկենք, դրանք պայմանավորված են հարյուրավոր համաժամանակյա հանգամանքներով: Հիմա ի՞նչ է արվում: Կա խնդրի քաղաքական գիտակցություն և համարձակություն` արձանագրելու դրա գերվտանգավորությունը: Տարիներ շարունակ ունեցել ենք մի վիճակ, երբ խնդիրը բարձրաձայնվել է, քննադատել են իշխանություններին, ասվել է ճշմարտության մի մասը, իսկ հիմա նշանակալից ձեռքբերում է, որ կա քաղաքական համաձայնություն, թե սա գերխնդիր է: Այսօր կառավարությունը մշակում է քաղաքական փաստաթուղթ, մենք, որպես խորհրդարան, զուգահեռ մասնագիտական աշխատանք ենք կատարում: Վստահ եմ, որ գալիք և հաջորդ իշխանությունների քաղաքական առաջնահերթության առաջին տողում լինելու է այդ հարցը:
-Ձեր նշած «քաղաքական գիտակցությամբ և համարձակությամբ» 2040-ին 4 միլիոնի կհասնե՞նք:
-Աշխարհում չկա որևէ մարդ կամ գիտահետազոտական ինստիտուտ, որ կկանխատեսի, թե 2040-ին Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի կամ Շվեդիայի բնակչությունը որքան կլինի: Սա անհնար է: 4 միլիոնի կոնցեպցիան քաղաքական թիրախավորում է, ազգային ծրագրի նման մի բան՝ կարգախոսի մեջ պարփակված:
-Մինչև որոշակի քայլեր անելը իշխանությունը նախ պետք է խոստովանի, թե ինչու հասանք այս օրին: Այսինքն, պետք է ախտորոշումն իրականացնել, հետո բուժումը:
-Դուք ճիշտ եք: Ժողովրդագրական միտումների որևէ փոփոխություն չի կարող հաջողել, եթե իրավիճակի ախտորոշումը չլինի ամբողջականության մեջ ճշգրիտ: Պատկերացրեք, գործ ունենք խորացող հիվանդության հետ ու չենք կարող բուժում իրականացնել, եթե ախտորոշումն ամբողջությամբ ճիշտ չլինի: Հիմա կարող է որևէ լրագրողի, ընդդիմադիր գործչի հետաքրքրի այդ ախտորոշման մեղադրանքների մասը. այն, որ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի վարչակարգը այս որոշումն այսպես չաներ, այնպես աներ` ճիշտ կլիներ: Գուցե դրանք կյանքի իրավունք կունենան, բայց դրանից չի փոխվում իրականությունը, ժողովրդագրական պատկերը համաժամանակյա բազմաթիվ հանգամանքների համադրում է: Ավելի բարդ խնդիր, քան ախտորոշման իրականացնումը և դրանից բխող որոշումների կայացումն է, չկա:
-Առանձնացրեք գոնե երեք խնդիր, որոնց պատճառով այսօր ունենք այսպիսի ժողովրդագրական պատկեր:
-Երեսուն պատճառ կարող եմ թվարկել, զրույցը շատ երկար կլինի: Եթե առանձնացնենք 2 պատճառ, մոռանալով 18-ը, ընթերցողը տպավորություն կստանա, որ ես միտումնավոր կամ չիմացության պատճառով մեջտեղ եմ բերում 2-ը՝ մոռանալով մյուսները: Հարյուր պատճառներ կարելի է նշել, այդ թվում այն բոլոր խնդիրները, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է ընդդիմությունը: Հիմա մեկ կնոջը բաժին հասնող ծննդաբերության թիվը մտահոգիչ է, միայն այս խնդրի համար կարող ենք հարյուր պատճառ բերել: Հարյուր պատճառ էլ կարող ենք նշել արտագաղթի համար:
-Ընդդիմությունն ասում է` իրավիճակը կշտկվի, եթե իշխանափոխություն լինի: Եթե հենց հիմա իշխանության գան ընդդիմադիրները, ժողովրդագրական խնդիրները կլուծվե՞ն:
-Եթե ընդդիմությունը կարող է իրավիճակը շտկել, ես համաձայն եմ, որ մեկ ժամ հետո իշխանությունը հանձնենք նրանց: Մեծ հարգանք ունենալով և՛ երեկվա, և՛ այսօրվա, և՛ վաղվա ընդդիմության հանդեպ, դա խնդրի ոչ համապարփակ գիտակցության արդյունք է: Եթե կուզեք՝ քաղաքական մանիպուլյացիա: Եթե վաղը ընդդիմությունը գա իշխանության, պետք է վերանայի՞ Հայաստանի բաց սահմանների քաղաքականությունը, պետք է վերանայի՞, որ առաջնակարգ որակավորում ունեցող մասնագետներն աշխատաշուկա են դիտարկում Կանադայից մինչև Ավստրալիա... Իմ ասածը չի ենթադրում, որ իշխանության պատասխանատվությունը քիչ է: Տվյալ պահին իշխանությունը ամբողջական պատասխանատվություն է կրում: Ժողովրդագրական խնդիրների լուծումը Հայաստանի և՛ ներկա, և՛ գալիք իշխանությունների, էլիտայի, հասարակության հասունության քննություն է լինելու:

«ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ»
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ («Ելք» խմբակցության անդամ)
-Ձեր խմբակցությունը այս օրերին մշտապես հիշում ու բարձրաձայնում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը վարչապետ չի առաջադրվի: Մինչդեռ դուք մոռանում եք առավել կարևոր հայտարարության մասին: Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ հայտարարեց, որ իշխանության նպատակը 2040-ին 4 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալն է: Դուք այդ հայտարարությանը հաջորդած քայլեր տեսնու՞մ եք:
-Ոչ: Այսպես շարունակելով բացառվում է, որ դառնանք 4 միլիոն: Այդ թիվը պետք է ապահովվի կա՛մ ներգաղթի, կա՛մ ծնելության հաշվին: Ոչ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ոչ էլ հսկայական տեմպերով արտագաղթը թույլ չեն տալիս խոսել 4 միլիոնի մասին:
-Իշխանափոխությամբ հնարավո՞ր է լուծել ժողովրդագրական խնդիրները:
-Այո, իհարկե: ՀՀԿ-ի իշխանությունից ազատվելով է հնարավոր ապահովել Հայաստանի զարգացումը:
-Իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են, որ եթե ընդդիմությունը կարող է այսօր ժողովրդագրական իրավիճակը շտկել, մեկ ժամից կտան իշխանությունը: Պատրա՞ստ եք մինչև 2040-ը Հայաստանի բնակչության թիվը հասցնելու 4 միլիոնի:
-Այդպես ասելով փարիսեցիություն են արել, իրենք չեն հրաժարվի իշխանությունից՝ հասկանալով նաև, որ իրենց կառավարումը վնաս է երկրին:
-Ենթադրենք, տվել են ձեզ իշխանություն, որտեղի՞ց եք սկսելու:
-Այնքա՜ն բան կա անելու, բազմաթիվ ոլորտներ պետք է խելքի բերել:
-Վստա՞հ եք, որ կարող եք բնակչության թիվն ավելացնել:
-Հստակ թիվ չեմ կարող ասել, գուցե դրանից ավելին էլ լինի, բայց կստեղծենք այնպիսի պայմաններ, որ մարդիկ Հայաստանում կապրեն ազատ և երջանիկ: Սա է էականը:

Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ