Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հիմնականի հիմնականը

Հիմնականի հիմնականը
13.03.2018 | 11:05

Ո՞վ էր Եղիշե Չարենցը, ինչու՞, ինչպե՞ս էր հայտնվել այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում, ո՞րն էր նրա առաքելությունը, ինչու՞ էր գրում, և ի վերջո` ի՞նչ է նրա գրածը, ո՞րն է նրա գրածի նշանակությունը իր ժամանակի ու մեր ժամանակի մեջ: Ինչպիսի՞ն էր հայ գրականությունը նրանից առաջ ու նրանից հետո, ի՞նչ փոխվեց հայ գրականության մեջ ու հայ ընթերցողի համար: Կարողացա՞վ նա հազարամյակների պատմություն ունեցող հայ դպրությանն ու հայ մշակույթին, հայ մարդուն աննախադեպ խոսք ասել, դարձա՞վ նրա գրականությունը համաշխարհային գրականության մաս: Հասկացա՞ն իրար բանաստեղծն ու իր ժամանակը, բանաստեղծն ու իր ընթերցողը, թե՞ ամեն ինչ մնաց սերունդների հույսին: Իսկ սերունդների հույսն էլ նախնիների վրա է:


Պե՞տք են բանաստեղծները մարդկանց, ովքե՞ր են այդ տարօրինակ մարդիկ, որ սովորական, հասկանալի խոսքից նախընտրում են կաշկանդումներով խոսքը` հանգի, չափի, ձևի ու բովանդակության տեսակետից: Ինչու՞: Ինչու՞ ու ինչպե՞ս են կարողանում իրենց խոսքը միանգամից հասցեավորել մտքին, հոգուն, սրտին: Ինչու՞ են հազվադեպ մեռնում բնական մահով և միայն մահից հետո են հռչակվում հանճարեղ, թեպետ ոչ մի տող գրածին չեն ավելացնում: Ինչու՞ են ժողովուրդներին ճանաչում ու գնահատում իրենց գրողներով, նկարիչներով, ճարտարապետներով, նկարիչներով` արվեստագետներով: Ինչպե՞ս ու ինչու՞ են նրանց ստեղծագործություններն այդքան տարբեր, եթե արվեստի նյութը մարդն է: Գրականությունը հարցեր տալու՞, թե՞ պատասխաններ գտնելու հնարավորություն է: Ո՞րն է հիմնականը, ո՞րը` երկրորդականը: Ո՞րն է հիմնականի հիմնականը:


Եվ վերջապես` այլախո՞հ էր Եղիշե Չարենցը: Եթե ընդունենք, որ այլախոհությունը ժամանակի իշխող գաղափարախոսությունից տարբերվող կամ տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենալը, հրապարակավ ներկայացնելն ու պաշտպանելն է, հարկավ, Չարենցը այլախոհ չէր: Բայց և նույնքան այլախոհ էր: Ո՞րն է հակասության պատճառը: Ստեղծագործողը, որպես կանոն, իր արվեստի միջոցով վերհանում է ժամանակի ոչ միայն իշխող գաղափարներն ու դրանց նկարագրությունն է տալիս, այլև ուրվագծում կամ գոնե սահմանագծում է իդեալը, այն, ինչին հասարակությանը, որպես զարգացման հաջորդ քայլ, արվեստագետը նախապատրաստում է և որպես կատարելության ձգտում` առաջնորդում: Իր ստեղծագործության երկրորդ` իդեալի հաստատման փուլում նա գիտակցաբար կամ ակամա դառնում է այլախոհ: Այդպես է և գիտության մեջ, և արվեստում: Ժամանակին այդ պատճառով են խարույկ բարձրացել Ջիրոլամո Սավոնարոլան ու Ջորդանո Բրունոն, այդպես է եղել և Գալիլեո Գալիլեյի, և Նիկոլայ Կոպեռնիկոսի, և Անդրեյ Սախարովի պարագաներում: Այդպես են Ֆլորենցիայից տարագրվել Դանտե Ալիգիերին ու Նիկոլո Մաքիավելին: Խնդիրը ոչ թե արվեստագետինն է կամ գիտնականինը, այլ հասարակությանը, որ դեռ պատրաստ չէ առաջադրված գաղափարի ընկալմանը: Ի վերջո դա դառնում է արվեստագետ-գիտնական և իշխանություն կոնֆլիկտ: Ինքնապահպանման և վերարտադրման բնազդով թելադրված` իշխանությունը միշտ պահպանողական է, արվեստագետը կամ գիտնականը, իրենց գործունեության ոլորտով պայմանավորված` միշտ միտված են առաջ քայլի: Այս հակասության մեջ ժամանակի առումով միշտ պարտվողը իշխանությունն է, բայց այդ պարտության համար արվեստագետն էլ, գիտնականն էլ հաճախ հատուցում են կյանքով կամ լավագույն դեպքում` իրենց գործունեության դադարեցմամբ` հրապարակային մակարդակում:
Ինչու՞ Չարենցն այլախոհ չէր:


20-րդ դարի 30-40-ականներին այլախոհություն, որպես այդպիսին, անհնար էր հասարակության մեջ: Նրանց հավաքում էին ստալինյան համակենտրոնացման ճամբարներում ու պաշտոնապես անվանում էին ժողովրդի թշնամիներ, բայց բնավ ոչ այլախոհներ: Նրանք կոմունիստական պայծառ ներկան ու ապագան իրենց գոյությամբ կործանող մարդիկ էին, որոնց «մեղքերի» դատավարությունների արձանագրությունները սփռված են ժամանակի մամուլում: Նրանք դրսևորվում էին ոչ որպես այլախոհներ, այլ հենց թշնամիներ ու դատապարտվում էին ոչ թե այլ, ուղղակի` թշնամական մտքերի ու արարքների համար հոդվածներով: Շատ նուրբ ու համարյա անշոշափելի է անցումը` նախ այդ մարդկանց մեծամասնությունը զրպարտված ու հանիրավի դատապարտված էր, այսինքն` ոչ թե այլախոհություն կա, այլ զրպարտանքը հարկադրաբար ընդունելու կամ չընդունելով դատապարտվելու ու գնդակահարվելու, աքսորվելու փաստը: Բայց կար նաև իրական այլախոհություն: Չձևակերպված: Եվ դա ոչ այնքան կոմունիստական գաղափարախոսության դեմ էր, որքան իրականացման ձևերի ու իրականացնողների: Համակարգի ժխտման փաստ չկար, կար կործանված գաղափարների ու իդեալների համար ցավ, կար բողոք ու ընդվզում կուսակցական-պետական գործիչների քաղաքականության դեմ: Ոչ ոք համակարգը տապալելու կամ բարեփոխելու հարց չէր բարձրացնում: Խնդիրը շատ ավելի նեղ էր դիտվում` մեղադրվում ու մեղավորներ էին համարվում կատարողները, ու հազարավոր մարդիկ նամակներ էին գրում «Հայր Ստալինին»` օգնության ու արդարության վերականգնման ակնկալիքով: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ «Ժողովուրդների Հայրն» է այդ ամենի հեղինակը: Այդ առումով` այլախոհություն որպես այդպիսին ու այլախոհներ չկային:
Բայց կար բացահայտ, թեպետ այդ օրերին չտպագրված գրականություն, որը այլ որակում չի կարող ստանալ, եթե ոչ այլախոհության դրսևորում: Այն ամենը, ինչ չէր համապատասխանում կուսակցական կարգախոսներին, այլախոհություն էր: Այդ շրջագծում իսկապես այլախոհներ էին Եսենինը, Մայակովսկին, Պաստեռնակը, Ախմատովան, Ցվետաևան, Մանդելշտամը, Զոշչենկոն, Բուլգակովը, հարկավ` Չարենցը և այլք: Նրանց ստեղծագործության մեջ ժամանակագրության արտացոլումն այնքան ճշմարտացի ու խորքային էր` նաև իր բուն պատճառների ու հետևանքների վերհանմամբ, որ ուղղակի վերածվում էր այլախոհության: Պիտի գային հաջորդ տասնամյակները, պիտի փոխվեին քաղաքական հանգամանքները, նրանց, ցավոք, հետմահու, տպագրվելու հնարավորություն պիտի տրվեր, որ մարդիկ գնահատեին իրենց ապրած ժամանակի իրողությունները և ի զորու լինեին քայլ առաջ անել: Ինչպես բոլոր դարերում` արվեստագետ-իշխանություն կոնֆլիկտում իշխանությունը վերստին պարտվելու էր, բայց արդեն առանց արվեստագետների ներկայության: Արվեստագետներին ու գիտնականներին տրված էր ընտրելու հնարավորություն. օրվա պյուռոսյան հաղթանակի տե՞ր լինել, թե՞ հավերժ ժամանակի, բայց` ինքնազոհաբերմամբ: Ոչ մի իսկական արվեստագետ այդ կոնֆլիկտում չէր կարող ու չի ընտրել օրվա հաղթանակը: Օրվա տերերին մոռացության է մատնում ժամանակը, որ մաղում է հարդը ցորենից ու ապագայի բերքի համար ընտրում է մաքրված ցորենը:


Հասարակության ողբերգությունն է, որ փակ շրջանակը պարբերաբար կրկնվում է` ամեն տասնամյակ բերում է իր արգելված անունները` մարդիկ, որ համարձակություն ունեն սևի ու սպիտակի միջև այլ գույներ ու նույնիսկ գծեր տեսնել ու ցույց տալ: Նույն Բորիս Պաստեռնակը, ում «Դոկտոր Ժիվագոն» հայրենիքում դարձավ հասարակական պարսավանքի պատճառ, հայրենիքից դուրս արժանացավ Նոբելյան մրցանակի, նույն Ալեքսանդր Սոլժենիցինը իր հանրահայտ ԳՈՒԼԱԳ-ով, որի համար արտաքսվեց երկրից, իսկ հետո համարյա Ռուսաստանի ազգային գաղափարախոսության հեղինակ հռչակվեց, նույն Անդրեյ Սախարովի գիտական ու հասարակական գործունեությունը, նույն Իոսիֆ Բրոդսկին, որ հարկադրված էր ընտրել` տարագրությու՞ն, թե՞ հոգեբուժարան: 1972-ին ընտրեց աքսորը, 1987-ին արժանացավ Նոբելյան մրցանակի` իր հրաշալի բանաստեղծությունների ու էսսեների համար: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչեր չգրվեցին, նույնիսկ բառը կարող է մեռնել, երբ բանաստեղծի հոգին ցավում է: Հայ իրականության մեջ` Պարույր Սևակն ու Հրանտ Մաթևոսյանը և այլք, բնավ համակարգի փոփոխության խնդիր չառաջադրելով` ակամա դառնում էին համակարգին անցանկալի մարդիկ, որովհետև ինքնաճանաչման ու գնահատման, վերագնահատման խնդիր էին դնում ու շարունակում էին իրենց ժամանակի մեջ դեռ չպատասխանված ո՞վ ենք մենք, որտեղից ու՞ր ենք գնում հարցերի պատասխանները տալ: Հարցեր, որոնց ձևակերպումն ու բարձրաձայնումն արդեն այլախոհություն էր` պաշտոնական պատասխանի այլընտրանք էր, ստիպում էր մտածել: Ստիպում էր չափանիշի չափանիշ որոնել, երբ ամեն ինչ կուսակցության համագումարներում բանաձևված էր ու հրամայված էր կատարել: ՈՒ նրանք դառնում էին արվեստագետ-իշխանություն դասական հակասության հերթական զոհը, մինչդեռ իրենց կողքին բարեհաջող ու բազմահատոր ստեղծագործում ու պարգևատրվում էին տասնյակները, ում համար գոյություն չուներ նման կոնֆլիկտ ու չէր էլ կարող ունենալ` սոցիալիստական ռեալիզմը միայն լավատեսություն ու սոցիալիստական ապրելակերպի հաղթական ընթացքն էր: Իսկ արդյունքում` հասարակությունը հայտնվում էր իշխանահաճո թմբիրի ու ընդարմացումի մեջ, որ ինքնախաբեության պատրանք էր բերում` ինչպես Ֆրանսուա Ռաբլեի հանրահայտ պանգլոսյան փիլիսոփայության մեջ` աշխարհներից լավագույնում ամեն ինչ լավից դեպի լավագույնն է գնում:


Բայց կա նաև շատ նուրբ պահ. երբ արվեստագետը սկսում է զբաղվել գաղափարախոսությամբ, իմա` քաղաքականությամբ, ակամայից դադարում է արվեստագետ լինել, և այս փաստի հարյուրավոր հավաստումներ կան մշակույթի պատմության մեջ: Այդպես է նաև Չարենցի ու նրա ժամանակակիցների դեպքում: Այլ խնդիր է, որ արվեստագետի ստեղծագործությունն է մղում, նախապատրաստում հասարակությանը գաղափարախոսական փոփոխությունների` արվեստագետի քաղաքականությունից վեր ու դուրս լինելու պարագայում: Այս իրողությունը ևս Չարենցի կյանքով ապացուցված փաստ է` ագիտկաները արվեստի աստիճանի բարձրացնելու ձախողված փորձերից հետո «Էպիքական լուսաբացով» ու «Գիրք ճանապարհիով» Չարենցը հասավ պոեզիայի այն որակին ու ներգործությանը, որ այսօր նրան դասում է համաշխարհային գրականության դասականների կողքին: Հենց նրա պոեզիան հենք դարձավ ապագա սերունդների այլախոհության համար:
Բազմակարծությունն ու տարբեր տեսակետների նկատմամբ հասարակական հանդուրժողականության ու ընկալման մթնոլորտը արվեստագետների ու գիտնականների դրախտն են, բայց ինչպես Աստվածաշունչն է վկայում` երկրի վրա չէ դրախտը: Գոնե այն դրախտը, որին արժանի են երկրի աղը դարձողները: Այս փակ շրջանակը պտտվում է բոլոր ժամանակներում` իր անիվի վրա պահելով օրվա տերերին, անիվի տակ առնելով ժամանակի տերերին, որ հետո նրանց անունով կոչվի ժամանակը:


Ժամանակի այդպիսի ՏԵՐ է Եղիշե Չարենցը: Նա ապրեց դաժան ու գեղեցիկ կյանք` ստեղծելով ներհակ, առեղծվածային, մարդկային իր պոեզիան` իբրև բարդ ու հերոսական ժամանակի տարեգրություն, ժողովրդի ճշմարիտ կենսագրություն, իբրև ԲԱՆԱՍՏԵՂԾ, ում յուրաքանչյուր տողին ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ էր նայում, ում մեծ երթ էր նշված հենց ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ, ով արդեն իսկ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ է` դեպի ուր դեռ պետք հասնել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Հ. Գ. Ինչու՞ Եղիշե Չարենցի 121-ամյակի օրը հենց այս մասին ու այսպես` փառաբանելու ու հիանալու փոխարեն: Որովհետև նա ոչ թե հերթապահ հիացմունքի բառակույտի, այլ ընթերցված ու հասկացված լինելու կարիք ունի: Որովհետև նրանով մեր ժամանակն է հասկացվում ու մեզնից յուրաքանչյուրը: Որովհետև Հիմնականի Հիմնականը հասկանալը նաև մեր օրերի խնդիրն է: Իսկ բանալին Չարենցն է:

Դիտվել է՝ 2969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ