USD482.59
EUR559.61
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Պատասխանը լինելու է ակնթարթային` դրանից բխող բոլոր հետևանքներով»

«Պատասխանը լինելու է ակնթարթային` դրանից բխող բոլոր հետևանքներով»
13.03.2018 | 11:12

Սիրիայում ԻՊ-ի պարտությունից, այդ երկրի բանակի, ՌԴ օդա-տիեզերական ուժերի և Իրանի զինուժի կողմից մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղութան այնտեղ կենտրոնացած ահաբեկիչներից և զինյալ ընդդիմությունից գրեթե կիսով չափ մաքրելուց հետո, ԱՄՆ-ին մնաց Սիրիայում իշխանափոխության հասնելու միայն մեկ հնարավորություն։
Դատելով ամենից, Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելուն, նրա վարչակարգը տապալելուն և Սիրիայում իշխանափոխության հասնելուն նպատակաուղղված իր քաղաքականության ձախողումից հետո, ԱՄՆ-ը Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխության հասնելու և Բաշար Ասադի վարչակարգը տապալելու այլ հնարավորություն այլևս չունենալով, պատրաստվում էր մարտավարական նշանակության, փոքր հզորությամբ միջուկային զենք կիրառել Սիրիայի առավել կարևոր օբյեկտներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ (օրինակ` կառավարության շենք, խոշոր զորամասեր և այլն):

Կարծում ենք` ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետախուզական տվյալների և համապատասխան վերլուծությունների հիման վրա հանգել էր հենց այս եզրակացության, և մարտի 1-ին Պուտինի հայտնի ելույթը հենց վերոնշյալ հարվածը կանխելու նպատակն ուներ: Այս եզրակացությանը կարելի է հանգել մի շարք փաստերի վերլուծության հիման վրա:
Հասկանալի է, որ միջուկային հարվածով Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխությունից ու Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո ռուսական և իրանական զինված ուժերը Սիրիայում այլևս անելիք չէին ունենա ու ստիպված կլինեին լքել այդ երկիրը: Իր այդ հարվածը հիմնավորելու համար ԱՄՆ-ը քաղաքական և քարոզչական ասպարեզում վաղուց է նախապատրաստական աշխատանք կատարում` Բաշար Ասադին, Սիրիայի կառավարությանը և բանակին անհիմն կերպով կամ շինծու հիմքերով մեղադրելով Սիրիայի զինված ընդդիմության (որին ԱՄՆ-ը զինել և հովանավորում է) նկատմամբ զանգվածային բնաջնջման զենքի մեկ այլ տեսակի` քիմիական զենքի կիրառման մեջ: Սադրանքի տրամաբանությունը հետևյալն է` Սիրիայի իշխանությունները զանգվածային բնաջնջման զենք են կիրառել, ինչը մեզ իրավունք է տալիս նրա նկատմամբ նույնպես զանգվածային բնաջնջման զենք կիրառելու:


Հիշենք, որ Միացյալ Նահանգներն անցյալ տարվա գարնանը Սիրիայի իշխանություններին մեղադրելով Խան Շեյխուն քաղաքում գտնվող զինյալ ընդդիմադիրների նկատմամբ 2017 թ. ապրիլի 4-ին քիմիական զենք կիրառելու մեջ, հենց քիմիական զենք կիրառելու պատրվակով 2017 թ. ապրիլի 7-ին հրթիռային հարված հասցրեց Սիրիայի «Ալ-Շայրաթ» ռազմական օդանավակայանին: Այն ժամանակ կիրառվեց սովորական ռազմամթերք, և եթե այդ հրթիռներով մի քանի տասնյակ զինծառայող ունեցող տվյալ օդանավակայանը նույնիսկ ամբողջությամբ ոչնչացվեր, ԱՄՆ-ի նախագահին ի սկզբանե պարզ էր, որ դրանով Սիրիային կաթվածահար անող, շշմեցուցիչ վնաս չէր պատճառվելու: Հնարավոր չէր լինելու կոտրել Սիրիայի ժողովրդի և իշխանության պայքարելու կամքը, ԱՄՆ-ը դրա շնորհիվ չէր կարողանալու հասնել իր նպատակին` Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելուն ու նրա վարչակարգի տապալմանը: Դոնալդ Թրամփն այն ժամանակ հիշյալ օդանավակայանին հարվածելու հրաման տալով իր առջև այդպիսի խնդիր չէր էլ դրել, քանի որ հույս ուներ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը հասնելու իր և Իսրայելի աջակցությունն ունեցող (http://www.irates.am/hy/1519981760 ) զինյալ ընդդիմության, ԻՊ-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների միջոցով: Սակայն Սիրիային, իր դաշնակիցների օգնությամբ, հաջողվեց ահաբեկչական կազմակերպություններին և զինյալ ընդդիմությանը ծանր, պարտության մատնող հարվածներ հասցնել, փոխել երկրում հակամարտ կողմերի միջև ուժերի հավասարակշռությունը:


Սա շատ էական հանգամանք է, քանի որ Սիրիայում ԻՊ-ը, ահաբեկչական մյուս կազմակերպությունները և զինյալ ընդդիմությունը հիմա նախկին ուժը չունեն և այլևս չեն կարող լուծել վարչակարգի տապալման խնդիր: Կարելի է ասել, որ այժմ Արևելյան Ղութայում գտնվող ահաբեկիչների և զինյալ ընդդիմության մնացորդներն են փորձում թունավորել Սիրիայի իշխանությունների և խաղաղ ժողովրդի կյանքն այնքանով, որքանով դա հնարավոր է, սակայն Սիրիայում գտնվող, Արևմուտքի հովանավորությունը և աջակցությունն ունեցող ուժերն այլևս ի վիճակի չեն տապալելու Ասադի վարչակարգը և հասնելու իրենց մյուս նպատակներին` զուգահեռաբար իրականացնելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նպատակները: Ահա այս իրավիճակում է, որ Միացյալ Նահանգների նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Սիրիայի իշխանությանը վերստին սկսեցին մեղադրել զինյալ ընդդիմության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ կամ հաճախացրին և խստացրին ավելի վաղ հնչող մեղադրանքները` հող նախապատրաստելով, ինչպես արդեն նշեցինք, միջուկային հարվածի համար: Դա այս պահին ու տեսանելի ապագայում Սիրիայում իրենց նպատակներին հասնելու` Ասադի վարչակարգը տապալելու, իր ներկայիս տեսքով այդ պետության գոյությանը վերջ տալու միակ միջոցն է, ինչը ԱՄՆ-ը շատ լավ գիտակցում է:
Միջուկային մարտալիցքի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն իր բնույթով, այլև կիրառման հետևանքներով էապես տարբեր է սովորական ռազմամթերքից: Միջուկային ռումբի կամ մարտագլխիկի պայթյունը հանգեցնում է ռադիոակտիվ ճառագայթման, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակվածության, պայթյունից նույնիսկ ամիսներ ու տարիներ հետո մարդկային մեծաթիվ զոհերի: Բացի այդ, այն վախ ու սարսափ է սփռում, տեղիք տալիս խուճապի բոլոր նրանց շրջանում, ում նկատմամբ կիրառվել է: Շատ կարևոր է նկատի ունենալ, որ միջուկային զենքի կիրառումն ունակ է հոգեբանորեն կոտրելու նաև նրանց, ովքեր սովորական պատերազմի դեպքում չեն կոտրվում: Աչքի առաջ ունենալով Հիրոսիմայի ու Նագասակիի փորձը, ողջ մնացածներն աշխատելու են պայթյունի վայրից շատ հեռու փախչել, երկար ժամանակ չվերադառնալ։ Ոչ միայն մարդկանց, տեխնիկայի, կոմունիկացիաների կորուստն է ահռելի լինում, այլև ճառագայթված շինությունները դառնում են ապրելու կամ աշխատելու համար անպիտան, երկրի տնտեսությանը պատճառվում է ահավոր մեծ վնաս, որի տակից մի այնպիսի պետություն, ինչպիսին երկարամյա պատերազմում հյուծված Սիրիան է, կարող է և դուրս չգալ:


Շատերը, նկատի ունենալով հենց նույն Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծություններն ու դրանց հետևանքները, չեն պատկերացնում, որ ԱՄՆ-ը կհամարձակվի Սիրիայում նման քայլի դիմել: Իսկ ի՞նչ է` Ճապոնիայի պարագայում չհամարձակվե՞ց։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել ստեղծել մարտավարական նշանակության միջուկային այնպիսի թույլ մարտալիցքեր, որոնք իրենց հզորությամբ հավասար են կամ նույնիսկ զիջում են սովորական սպառազինությանը, ինչպես, օրինակ, Աֆղանստանում կիրառված ամերիկյան 9,5-տոննանոց GBU-43/B ավիացիոն ֆուգուսային ռումբին (պայթյունի ուժը տրոտիլային համարժեքում կազմում է 11 տոննա), որը հայտնի է նաև «Բոլոր ռումբերի մայր» անվամբ, դրանից 4 անգամ ավելի հզոր և «Բոլոր ռումբերի հայր» անվամբ հայտնի ռուսական բարձրացված հզորությամբ վակուումային ռումբին: Միջուկային այդպիսի մարտալիցքի կիրառման հետևանքով հնարավոր կլինի, օրինակ, հողին հավասարեցնել Դամասկոսում գտնվող Սիրիայի կառավարության շենքը, ավերել դրա շուրջ 1-2 կմ հեռավորությամբ գտնվող շինությունները: Թե ինչ կլինի դրանից հետո, կարծում ենք, արդեն պարզ է. մայրաքաղաքի բնակչության մեծ մասը, ռադիոակտիվ վարակվածության հետևանքով ճառագայթման ենթարկվելու վախից խուճապահար, կփախչի Դամասկոսի նույնիսկ այն շրջաններից, որտեղ այդ պահին ռադիոակտիվ վարակվածություն չկա, կիսադատարկ մայրաքաղաքում առանց կառավարության մնացած Ասադը, ամենայն հավանականությամբ, արդեն ստիպված կլինի հրաժարական տալ:


Թրամփն արդյոք կհամարձակվե՞ր միջուկային հարված հասցնել Սիրիային: Մինչև Պուտինի մարտի 1-ի ելույթը, կարծում ենք, այո: Թեև համեմատելի չեն, բայց Սիրիայի «Ալ-Շայրաթ» ռազմական օդանավակայանին հրթիռային հարվածը, ինչպես նաև վերջերս ռուսական մասնավոր ռազմական ընկերության բազմաթիվ մարտիկների օդից հասցված հարվածով ոչնչացնելը նույնպես բավական համարձակ քայլեր են: Բացի համարձակությունից, Թրամփն ունի նաև անհավասարակշիռ և անկանխատեսելի բնավորություն, ունակ է նույնիսկ ծայրահեղ քայլերի, ինչի մասին ԱՄՆ-ի ներկայիս նախագահի քաղաքական շրջապատը և աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ներ վաղուց են խոսում ու գրում: Օրինակ, 2018 թ. փետրվարի 2-ին MSNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանն ասել է. «Սպիտակ տանը Թրամփի ներկայությունը երկիրը ճգնաժամային իրավիճակում է դնելու: Թրամփը անկայուն, ոչ տրամաբանական, անփորձ ու կոռումպացված անհատ է»: Բրենանը նշել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահը երկիրը ղեկավարելու արժանի չէ: Ավելին, անցյալ ամիս «Washington post» օրաթերթի և «ABC News» հեռուստաընկերության անցկացրած համատեղ հարցումները պարզել են, որ ԱՄՆ-ի ժողովրդի 50 տոկոսի համոզմամբ, Դոնալդ Թրամփը հոգեպես անհավասարակշիռ է:


Պաշտոնական Դամասկոսը տարբեր ժամանակներում բազմիցս հայտարարել է, որ Սիրիան քիմիական զենք չունի և երբեք քիմիական զենք չի օգտագործել, հերքել է այդ կապակցությամբ իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները: Միաժամանակ բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սիրիայում քիմիական զենք Սիրիայի ժողովրդի և բանակի նկատմամբ կիրառել են ահաբեկիչներն ու զինված ընդդիմությունը: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը դեռ 2017թ. ապրիլին հայտարարել է, որ «Սիրիացի ապստամբներն ու զինված ընդդիմությունը քիմիական սպառազինության օգտագործան համար այն պատրաստ դրության են բերել»: «Սիրիացի ապստամբներն ու զինված ընդդիմությունը նոր պատրվակ են որոնում, որ Սիրիայի կառավարությանը մեղադրեն քիմիական սպառազինության օգտագործման մեջ և ԱՄՆ-ին նոր հարձակումների մղեն»,- հայտարարել է Սերգեյ Ռուդսկոյը:


Դրանից վաղ, ինչպես նաև դրանից հետո բազմաթիվ փաստեր են հրապարակվել Սիրիայում ահաբեկիչների և զինյալ ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Չնայած այն իրողությանը, որ ահաբեկիչները և Սիրիայի զինյալ ընդդիմությունն են այդ երկրի ժողովրդի ու զինվորականների դեմ արդեն մի քանի տարի շարունակ կիրառում քիմիական զենք, ինչի կապակցությամբ պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ-ին և այլ պատկան մարմինների ներկայացրել է համապատասխան փաստեր ու փաստաթղթեր, անտեսելով, որ Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի օգտագործում վերագրող իր և իր կամակատարների բոլոր մեղադրանքներն անհիմն են, հակասական ու հերքված ինչպես Սիրիայի իշխանությունների, այնպես էլ ՌԴ արտգործնախարարության կողմից, ԱՄՆ-ն այս տարի ևս շարունակեց իր անհիմն մեղադրանքները` դրանք ավելի և ավելի վերածելով Սիրիային հարվածելու սպառնալիքների, ինչի հիմքը դրել էր դեռ անցյալ տարի:


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն այս տարվա փետրվարի 2-ին Սիրիային սպառնացել է ռազմական հարձակմամբ` դարձյալ անհիմն կերպով պատրվակելով այդ պետության կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործումը: «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, կրկնելով Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործման մասին հայտարարությունը, ասել է. «Եթե դա շարունակվի, Վաշինգտոնը Բաշար Ասադի կառավարության դեմ կգործադրի ռազմական այլընտրանքը»: Փետրվարի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում Ջ. Մետիսն ասել է նաև. «Թեև մենք Արևելյան Ղութայում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման մասին դեռ հստակ ապացույցներ չունենք, սակայն համոզված ենք, որ դրա հեղինակը Սիրիայի պետական ուժերն են»:
Շատ հնարավոր է, որ Արևելյան Ղութայում, զինված ընդդիմության կամ ահաբեկիչների կողմից արդեն կիրառվել կամ առաջիկայում սադրիչ նպատակով կարող է կիրառվել քիմիական զենք: Հիշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի 2018 թ. փետրվարի 2-ի վերոնշյալ հայտարարությունից գրեթե 1 տարի առաջ` դեռ 2017 թ. ապրիլին է հայտարարել. «Ռուսաստանի ձեռք բերած հավաստի տեղեկությունների համաձայն, Սիրիայում զինված ընդդիմությունն իր տրամադրության տակ եղած քիմիական նյութերը փոխադրում է «Խան Շեյխունի» տարածք, «Ջառահի» օդանավակայան, Հալեպի հարավարևմտյան և Արևելյան Ղութայի տարածքներ»: Դրանից հետո, դեռ 2017 թ. հուլիսին ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան զգուշացրել է. «Կան տեղեկություններ, որ սիրիական ահաբեկչական խմբավորումները պլանավորում են քիմիական թունավոր նյութերի օգտագործմամբ բեմականացված սադրանքներ՝ սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար»:


Հավանաբար շատ քչերն ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ Վլադիմիր Պուտինի ելույթը, չհակասելով Ռուսաստանի ռազմական դոկտրինին, երեք նուրբ, բայց էական պարզաբանում էր պարունակում: Թերևս բացատրելու հարկ չկա, որ Պուտինի նման ղեկավարի համար, որը ներկայիս ծանր ժամանակներում ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ ունեցող հսկայական տերության ղեկավարման և անվտանգության ապահովման բառերով աննկարագրելի պատասխանատվությունն է կրում, թանկ է ժամանակի ամեն մի վայրկյանը: Հետևաբար Պուտինն իր ելույթում ավելորդաբանություն չէր կարող թույլ տալ, կրկնել այն, ինչ ՌԴ ռազմական դոկտրինում վաղուց գրված է ու քաջ հայտնի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: Ռուսաստանի ղեկավարի ելույթի այդ հատվածին փոքր-ինչ ուշադիր ծանոթանալը բացահայտում է, թե Պուտինը ՌԴ կողմից միջուկային հարվածի առնչությամբ երկրի ռազմական դոկտրինում գրվածն ինչ ուշագրավ պարզաբանումներով է ներկայացրել:
«Նշեմ՝ մեր ռազմական դոկտրինում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործելու միայն ի պատասխան իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային բնաջնջման այլ զենքի կիրառման,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում:- Կամ` մեր նկատմամբ սովորական սպառազինության կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ սպառնալիքի տակ է հայտնվում պետության գոյությունը: Այս կապակցությամբ իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին, ցանկացած հզորությամբ միջուկային զենքի որևէ կիրառում մենք դիտարկելու ենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա, պատասխանը լինելու է ակնթարթային` դրանից բխող բոլոր հետևանքներով»:


Առաջին երկու նախադասությունը բովանդակային առումով նույնությամբ կրկնում են ՌԴ ռազմական դոկտրինում գրվածը: Պարզաբանումը սկսվում է 3-րդ նախադասությունից. ռազմական դոկտրինում չի նշված, թե Ռուսաստանն իր կամ իր դաշնակիցների դեմ ինչպիսի հզորությամբ (թույլ, միջին, հզոր, գերհզոր) միջուկային զենքի կիրառման դեպքում է իրեն իրավունք վերապահում պատասխան միջուկային հարվածի, ինչից ենթադրելի է, որ միջուկային պատասխան հարվածը կարող է հաջորդել իր կամ իր դաշնակիցների նկատմամբ ցանկացած հզորության միջուկային կամ զանգվածային բնաջնջման այլ զենքի կիրառման դեպքում: Մարտի 1-ի իր ելույթով Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին պարզաբանեց` Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ նույնիսկ փոքր հզորությամբ միջուկային զենքի որևէ կիրառում Ռուսաստանը դիտարկելու է որպես միջուկային հարձակում իր վրա: Այս պարզաբանումը կարևոր է նրանով, որ ԱՄՆ-ը կամ նրա դաշնակիցներից որևէ մեկը հանկարծ զոհ չդառնան այն մտապատրանքի, թե Սիրիայի նկատմամբ սովորական սպառազինությանը համարժեք կամ նույնիսկ դրանից թույլ միջուկային զենքի կիրառման դեպքում Ռուսաստանի միջուկային հարվածը չի ստանա:


Պուտինի երկրորդ կարևոր պարզաբանումն արդեն վերաբերում է նշված իրավիճակում ՌԴ-ին միջուկային հարվածի իրավունք վերապահելուն, ինչը նշված է այդ պետության ռազմական դոկտրինում: Ռուսաստանի ղեկավարը պարզաբանեց, հստակեցրեց, որ այդ դեպքում ՌԴ-ն ոչ միայն իրեն իրավունք կվերապահի միջուկային հարվածի (այսինքն` կարող է միջուկային հարված հասցնել, կարող է և չհասցնել), այլև, իրեն այդ իրավունքը վերապահելով հանդերձ, անպայման կհարվածի, կպատասխանի ակնթարթորեն, առանց երկար-բարակ մտածելու (պատասխանը ոչ թե կարող է լինել, այլ «պատասխանը լինելու է ակնթարթային»):
Ի վերջո, ՌԴ ղեկավարի 3-րդ կարևոր պարզաբանումը կամ ակնարկը հետևյալն է. «Պատասխանը լինելու է ակնթարթային` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»: Այսինքն, հաշվի չառնելով դրանից բխող բոլոր հետևանքները, այդ թվում նաև այն, որ պատասխան միջուկային հարվածից հետո կարող է սկսվել միջուկային լայնամասշտաբ պատերազմ կամ մոլորակի վրա մարդկության գոյությանը վերջ տվող երրորդ համաշխարհայինը:


Եթե հաշվի առնենք, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածի անմիջական սպառնալիք չկա ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռազմական ոլորտում հետխորհրդային տարածքի նրա դաշնակիցներ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նկատմամբ, ապա կարելի է եզրահանգել, որ Ռուսաստանը, զգուշանալով Սիրիային Միացյալ Նահանգների միջուկային հարվածից կամ ինչ-ինչ տեղեկություններ ունենալով նախապատրաստվող այդպիսի հարվածի մասին, ԱՄՆ-ին պարզաբանեց, թե ինչ կհետևի իր դաշնակիցներից Սիրիային միջուկային հարվածի դեպքում:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ