Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այս սկուդետեն էլ սպառնում է լինել «Յուվենտուսինը»

Այս սկուդետեն էլ սպառնում է լինել «Յուվենտուսինը»
13.03.2018 | 11:27

Այսօր-վաղը կայանալիք «Մանչեստր Յունայթեդ»-«Սևիլիա», «Ռոմա»-«Շախտյոր», «Բեշիկթաշ»-«Բավարիա», «Բարսելոն»-«Չելսի» պատասխան խաղերով հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդը կազմած վերջին չորս թիմերը: Խաղերից զատ պակաս հետաքրքրություն չի ներկայացնելու և հետևելիք վիճակահանությունը, որով պարզ կդառնա, թե թիմերից որը որին զույգ լինելու պատեհությունը կամ դժբախտությունը կունենա, իսկ մինչ այս ամենին սպասելը տեսնենք, թե եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում այդ թիմերն ու նրանց ֆոն կազմածներն ինչպիսի մրցելույթներ են ունեցել:

ԱՆԳԼԻԱ
Երկրի երկրորդ թիմ հռչակվելու առումով առանցքային էր մանչեստրյան դիմակայությունը տեղի «Յունայթեդի» ու «Լիվերպուլի» միջև: Առաջին խաղակեսը փայլուն անցկացրած տանտերերը մինչև հանդերձարան գնալն ապահովեցին երկու գնդակի առավելություն (դուբլի հեղինակ է դարձել Ռեշֆորդը), ինչը նման թիմերի հանդիպումներում մահվան հրովարտակի պես է հնչում: Երկրորդում «Լիվերպուլը» ջանաց, սակայն արած առավելագույնը եղավ հաշվի տարբերությունը կրճատելը, ինչը, սակայն, խոշոր առումով Յուրգեն Կլոպի սաների համար պարտությունից զատ ոչինչ էլ չնշանակեց, բնականաբար, ոչնչով էլ չավելացրեց նրանց ունեցած 60 միավորը: Իհարկե, առաջնության ավարտին ամբողջ ութ տուր կա, ու հնարավոր է ամեն զարգացում, բայց որ փոխչեմպիոնության համար պայքարում մոտակա մրցակցի նկատմամբ Մոուրինյոյի սաներն ունեն չորս միավորի առավելություն, սա քննարկման ենթակա փաստ չէ:
«Լիվերպուլի» վրիպումը ավելի քան տեղին էր «Բոռնմուտին» հյուր գնացած «Տոտենհեմի» համար, որին հաղթանակը 61 միավորով տեղ կապահովեր աղյուսակի երրորդ հորիզոնականում: Մաուրիսիո Պոչետինոյի սաները հաջողությամբ լուծեցին խնդիրը, թեպետ առաջինը գոլ հեղինակած տանտերերը մինչև 87-րդ րոպեն պահպանում էին ոչ-ոքի հաշիվն ու դաշտից այնուամենայնիվ միավոր վաստակած հեռանալու հույսը: Սակայն հանդիպման մնացած րոպեներին այստեղ ինչ եղավ, եղավ ի վնաս «Բոռնմուտի». չարաբաստիկ 87-րդ րոպեից սկսած՝ սեփական դարպասից գնդակը երեք անգամ հանելը հաճելի արարողություններից չէ:
«Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» մրցակցության օրինակով 2:1 հաշվով է ավարտվել և «Չելսի»-«Կրիստալ Պալաս» դիմակայությունը: Այստեղ էլ հաղթող կողմը եղել են տանտերերը՝ «ազնվականների» համար ամրագրած պահելով մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: Նրանք ունեն 56 միավոր:
Վերջին երեք ցավագին պարտություններից հետո վերջապես հաղթանակ տարավ «Արսենալն» ու դրանում իր ծանրակշիռ մասնակցությունն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով նախ գոլային փոխանցման, ապա և գոլի հեղինակ: «ՈՒոտֆորդը» զինագործներին զիջել է 0:3 հաշվով: «Արսենալն» ունի 48 միավոր:
«Ստոկ Սիթի»-«Մանչեստր Սիթի» դիմակայության ցանկացած ելք ոչնչով չէր կարող սպառնալ մրցաշարային աղյուսակում «քաղաքաբնակների» ունեցած դիրքին: Առանց երեկվա հանդիպման արդյունքի, Խոսեպ Գվարդիոլայի սաները 78 միավորով գլխավորում են պրեմիեր լիգան:

ԻՍՊԱՆԻԱ
Շնորհիվ Լուիս Սուարեսի ու Կոուտինիոյի գոլերի, արդեն 28-րդ րոպեին «Բարսելոնն» արտագնայում 2:0 հաշվով հաղթում էր «Մալագային», ու եթե արդեն 30-րդ րոպեից տասը հոգով հանդես եկող տանտերերը հետագայում գոլ բաց չեն թողել, դա ավելի շուտ «Բարսելոնի» բացթողումն էր, քան «Մալագայի» արժանիքը: Նույն հաշիվն է արձանագրվել նաև «Սևիլիա»-«Վալենսիա» դիմակայությունում ու դարձյալ հօգուտ հյուրերի:
Հաղթական մրցելույթ է ունեցել և «Էյբարին» հյուր գնացած «արքայականը»: Մրցակցության ելքը վճռած գոլի հեղինակը նշանառությունը վերականգնած ու գոլային անհագուրդ ծարավով տառապող Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 2:1: Ի դեպ, նա նաև հանդիպման առաջին գոլի հեղինակն է:
Լա լիգայի առաջին քառյակը կազմածներից «Աթլետիկոն» էլ է հաղթանակով եզրափակել 28-րդ տուրը: Նրա զոհն է եղել «Սելտան»՝ 3:0:
Երեք միավորի ձեռքբերմամբ է տուրի իր բաժին մրցելույթն ավարտել նաև «Լաս Պալմասին» հյուր գնացած «Վիլյառեալը»՝ 2:0: Ի դեպ, հյուրերի այս հաղթանակն ավելի քան տեղին է եղել, որովհետև երեք անընդմեջ հաղթանակ տոնած «Ժիրոնան» պատրաստ է եղել նրանց փոխարեն մարտական հերթափոխի կանգնելու:
«Բարսելոնն» ունի 72, «Աթլետիկոն»՝ 64, «Ռեալը»՝ 57, «Վալենսիան»՝ 56, «Սևիլիան»՝ 45, «Վիլյառեալը»՝ 44 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Սեփական հարկի տակ «Բավարիայի» մրցակցությունը աղյուսակը եզրափակողներից մեկի՝ «Համբուրգի» հետ ավելի շուտ ու նույնքան շատ հիշեցրել է ֆուտբոլային նախավարժանք, ինչի մասին առարկայնորեն վկայում է և հանդիպման հաշիվը: Այս դիմակայության առնչությամբ թերևս նշենք Ռոբերտ Լևանդովսկու հեթ տրիկը (մեկ տասնմեկմետրանոց էլ չի իրացրել), Ռիբերիի դուբլը: Բունդեսլիգայում բավարացիների հերթական չեմպիոնականը վաղուց իրականացված փաստ է, մնում է դրա դեյուրե ձևակերպումը: Այստեղ մտահոգողը թերևս այն է, որ վաղ չեմպիոնությունը կարող է բացասաբար ազդել թիմի մրցակցային ոգու պահպանմանը, իսկ մյունխենցիները, ինչպես հայտնի է, եվրոպական թոփ հնգյակը, եթե չասենք թոփ եռյակը կազմածների մեջ են ու շատ ավելի կարևոր խնդիր ունեն լուծելու համաեվրոպական մակարդակով:
«Մայնցի» նկատմամբ տոնած հաղթանակով (1:0) «Շալկեն» մեկ տուրով էլ երկարաձգեց բունդեսլիգայի երկրորդ հորիզոնականում մնալը, ինչը չի կարող ջղագրգռումների մեջ չպահել նրան հետապնդողներին: Այն ունի 46 միավոր և ուղիղ 20-ով հետ է «Բավարիայից»:
Դորտմունդի «Բորուսիան» մրցել է իր հետ հավասարապես 42 միավոր ունեցող Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Առաջին խաղակեսն ավարտվել է տանտերերի օգտին, ու դրանում իր բացառիկ ավանդն է ունեցել հյուր ժամանած թիմի խաղացողը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում գրանցվել է հավասար արդյունք: Հավելյալ ժամանակում նախ Բլյումն է ապահովել իր թիմի համար ընդհանուր 2:2 հաշիվը, ապա «Բորուսիան» ներկայացնող Բաչուային վերականգնել է իր թիմի համար հաղթական 3:2 հաշիվը:
Հաղթական հանդիպում է ունեցել նաև «Բայերը», որի մրցակիցն է եղել Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: 2:0 հաշվով հաղթանակը 44 միավորով նրա համար ապահովել է պատվավոր չորրորդ տեղը բունդեսլիգայում:
42 միավոր ունեցող «Այնտրախտը» հինգերորդ հորիզոնականում է, նրանից երկու միավոր պակաս ունի «Շտուտգարդտի» հետ հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտած «Լայպցիգը»՝ երկրի անցած մրցաշրջանի փոխչեմպիոնը, որը վերջին վեց խաղում չի պարտվում, բայց չի էլ հաղթում:

ԻՏԱԼԻԱ
Սեփական հարկի տակ «Յուվենտուսը» «ՈՒդինեզեի» հետ պայքարում նվաճել է հերթական երեք միավորը՝ (2:0) ամեն խաղակեսում բավարարվելով մեկական գոլով (դուբլ է ձևակերպել Դիբալան): Մրցակիցների քաշային կարգերի տարբերության պատճառով այս դիմակայությունը գործնականում առանձնահատուկ հետաքրքրություն չի էլ ներկայացրել: Փոխարենն անհամեմատ սպասված է եղել «Ինտեր»-«Նապոլի» մրցակցությունը, որը ոչ միայն այս հեղինակավոր ակումբների հարաբերությունների պարզում էր, այլև կարող էր վճռական ազդեցություն ունենալ խաղարկվող մեդալների համար պայքարի վրա: Շտապենք ասել, որ նախորդ տուրում «Լացիոյի» հետ ունեցած մրցակցության ֆոնի վրա այս մեկը նեապոլցիների համար հուսադրող էր թեկուզ այնքանով, որ «Ինտերի» հետ դիմակայությունում նրանք առավելագույն քանակի միավոր չկորցրին, սակայն ոչ-ոքին էլ (կողմերն անառիկ են պահել դարպասները) առանձնապես սրտի մխիթարանք չի կարող դիտվել, քանզի չեմպիոնական մրցավազքում լիդերությունը խլած թուրինցիներից արդեն հետ են մեկ միավորով՝ գումարած «ծեր սինյորայի» ակտիվում եղած պակաս անցկացրած մեկ խաղը: Վերջին երկու տուրում նեապոլցիների կորցրած հինգ միավորը գալիս է հավաստելու, որ ակներևաբար այս սկուդետեն էլ նրանցը չէ:
Վստահ մրցելույթ է ունեցել «Ռոման»՝ «Թուրինի» նկատմամբ առավելությունը հաստատելով երեք անպատասխան գոլով, ինչը 56 միավորով նրա համար ամրագրված է պահել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Կալյարի»-«Լացիո» դիմակայությունում հյուրերը մշտապես եղել են հետապնդողի դերում ու պարտությունից փրկվել են հավելյալ ժամանակում՝ 2:2:
Սկուդետեի նկուղային հարկերում գտնվող «Կրոտոնեն» կատարյալ դաս է տվել հեշտ երեք միավոր վաստակելու բարձր տրամադրությամբ հյուր ժամանած «Սամպդորիային»՝ 4:1 հաշվով շահելով իր համար առանցքային մարտը: Այս պարտությունից իսկույն օգտվել է մինչ այդ «Սամպդորիայի» պես 44 միավոր ունեցող ու միայն լրացուցիչ գործակիցների հաշվով աղյուսակում նրանից մեկ հորիզոնականով հետ գտնվող «Միլանն» ու, ի հաշիվ «Ջենովայի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակի, մաս կազմել առաջին վեցյակի:
Մրցաշարային աղյուսակում առաջին վեցյակի դասավորությունն այսպիսին է՝ «Յուվենտուս»՝ 71, «Նապոլի»՝ 70, «Ռոմա»՝ 56, «Լացիո»՝ 53, «Ինտեր»՝ 52, «Միլան»՝ 47 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի 29-րդ տուրը անփոփոխ է պահել առաջին քառյակի դասավորությունը, քանզի այն կազմած թիմերը հաղթական ելույթներ են ունեցել: Սեփական հարկի տակ «Պարի Սեն Ժերմենը» հինգ անպատասխան գնդակով պարզապես ռմբակոծել է «Մեցին», որն առանց այն էլ պատժված է հենց թեկուզ նրանով, որ աղյուսակի վերջին տեղից չի կարողանում աչք բացել: Արտագնայում «Մոնակոն» համոզիչ է եղել «Ստրասբուրգի», «Մարսելը»՝ «Թուլուզի» նկատմամբ: Առաջինը հաղթել է 3:1, երկրորդը՝ 2:1 հաշվով: Ինչ վերաբերում է «Լիոնին», «Կաննի» հետ խաղում նա բավարարվել է նվազագույն հաշվով հաղթանակով:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 77, «Մոնակոն»՝ 63, «Մարսելը»՝ 59, «Լիոնը»՝ 54 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ