Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկու տարբեր իրականություն

Երկու տարբեր իրականություն
13.03.2018 | 17:30

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում հետաքրքիր դասավորություն է այս պահին: Մինչ Ադրբեջանը զենքի ցուցադրությամբ է զբաղված ու զորավարժությունների մեջ է, Արցախի պետական այրերն օվկիանոսից այս ու այն կողմ տարբեր երկրներում հանդիպում են ունենում: Սա խոսում է այն մասին, որ Ղարաբաղում զբաղված են երկիրը շենացնելով ու զարգացնելով, իսկ հակամարտության լուծումը տեսնում են դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: Մինչդեռ հարևան Ադրբեջանը միայն սրեր ճոճելու արհեստին է տիրապետում: Սա հայելի է նաև միջազգային հանրության համար, որ վերջիններս հասկանան, թե ով ինչ նպատակներ է հետապնդում: Իհարկե, եթե նրանք իսկապես ցանկություն ունեն հասկանալու:


Ամենևին չանսալով միջազգային հանրության ու կառույցների անաչառությանը (ապացուցված է, որ ամենավտանգավոր պահին բոլորը մի կողմ են քաշվում), նշենք, թե ինչ ուշագրավ հակադրություն է ստեղծվել: Այս օրերին ԼՂՀ պետնախարար Արա Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ նույն օրը մասնակցել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության տարեկան ժողովին և կարևորել Արցախում ներդրումներ իրականացնելու քաղաքականությունը: Հարությունյանը մարտի 13-ին Բեյրութից աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ հանդիպումներ է ունեցել գերտերությունում: Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն: Տեղեկություններ կան, որ Սահակյանը ելույթ է ունենալու Կոնգրեսում, հանդիպելու է վաշինգտոնյան փորձագետների և հայ համայնքի անդամների հետ։ Ադրբեջանում, սովորության համաձայն, արդեն հասցրել են այս այցի առնչությամբ աղմուկ բարձրացնել. բողոքի նոտա են հանձնել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանին։


Ահա այս խորապատկերում Ադրբեջանում զորավարժություններ են, և ինչպես արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն է նկատել, Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց այդ մասին տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին: Հավելենք, որ մարտի 12-17-ին անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին 25 հազար զինծառայող է մասնակցելու, գործարկվելու են 250 տանկ և զրահատեխնիկա, 1000 միավոր հրետանա-հրանոթային միջոցներ, 50 միավոր ավիացիա։ Իհարկե, նորից նախագահ կարգվելու համար Ալիևը այս զենքի ցուցադրությունը ավելի շատ ներքին լսարանի համար է գործի դնում, բայց դրա արտաքին մեսիջները չպետք է հայկական կողմն անտեսի:
Հավարտ ասվածի, այս երկու իրականությունները վկայում են մեկ բանի մասին. եթե Ադրբեջանը զենք ու զրահով է հոխորտում, Արցախում մտածում են իրենց հայրենիքը խաղաղ պայմաններում շենացնելու մասին, ինչը, թերևս, ամենալավ պատասխան-հարվածն է Երևանը գրավել ցանկացող Ալիևին: Այստեղ են ասել՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ