Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                

Հետաքրքիրը սկսվելու էր ընտրություններից հետո, Սկրիպալը ամեն ինչ խառնեց

Հետաքրքիրը սկսվելու էր ընտրություններից հետո, Սկրիպալը ամեն ինչ խառնեց
15.03.2018 | 07:25

Ռուսաստանցիների ձայները ստանալու ո՞ր միջոցն է առավել հուսալի, եթե ոչ ԱՄՆ-ին միջուկային հարձակումով սպառնալը` գրում է Տաֆտսի համալսարանի պրոֆեսոր Քրիս Միլերը The Wall Street Journal-ում: Պուտինի միջուկային հռետորաբանության նպատակը տաղտուկ ընտրարշավն աշխուժացնելն է: ՌԴ Սահմանադրությամբ` նախագահական 6-ամյա ժամկետը Պուտինի համար վերջինն է լինելու, բայց նա կարող է փոխել խաղի կանոնները, ինչպես ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը: Իր 65 տարեկանում Պուտինը կարող է 10 ու ավելի տարիներ ակտիվ հրապարակային կյանքով ապրել: Մեկ ռեկորդ արդեն սահմանվել է` այս տարի նա հասավ ու անցավ Լեոնիդ Բրեժնևից, որ ղեկավարում էր երկիրը 1964-ից մինչև մահը 1982-ին` լինելով ամենաերկարամյա ղեկավարը Ստալինի ժամանակներից:


Որ Բրեժնևի հետ պատմական ընկերակցության մեջ է հայտնվել, թերևս այնքան էլ Պուտինի սրտով չէ: Բրեժնևյան վերջին տարիներին ԽՍՀՄ-ը սուզվել էր ստագնացիայի տասնամյակում, որից այդպես էլ դուրս չեկավ: Պուտինյան Ռուսաստանը տնտեսական նման ճանապարհի վրա է: Հիմա Կրեմլը ներքին խնդիրները փոխհատուցում է արտաքին քաղաքական ցուցամոլությամբ: Երբ 1985-ին Միխայիլ Գորբաչովը եկավ իշխանության և փորձեց սովետական համակարգին նոր ուժեր հաղորդել, համակարգն արդեն չափազանց քարացած ու փխրուն էր, որ վերապրեր: Երկու տասնամյակ Պուտինն ընդլայնում էր անձնական իշխանությունը` հենվելով այն տեսությանը, որ երկաթե բռունցքի միակ այլընտրանքը քաոսն է: Գուցե նա ճիշտ է: Քաղաքական իշխանության փոխանցումը կարող է հարթ անցնել` ՌԴ Սահմանադրության համապատասխան: Կարող է և ոչ այդքան: Երբ Բորիս Ելցինը 1999-ին իշխանությունը փոխանցեց Պուտինին, խնդիրներ չեղան, բայց Ելցինը հիվանդ էր ու հեղինակազրկված` իրենից սպառնալիք չէր ներկայացնում: Պուտինի հեռանալը կարող է ավելի բարդ լինել: Նախագահի պաշտոնում նա կրճատել է ռեգիոնների ինքնիշխանությունը ու մեծացրել կենտրոնի վեահսկողությունը: Նրա իրավահաջորդը, որ պիտի ռեգիոնների աջակցությունը ստանա, գուցե հարկադրված լինի ապակենտրոնացնել իշխանությունը: Շատ ռուսաստանցիներ դժգոհ են ստատուս քվոյից, բայց մեծամասնությունը մտածում է, որ Պուտինի հեռանալը իրավիճակն ավելի կվատացնի: Բոլորն էլ գիտեն, որ փոփոխությունները հետաձգելը եռացող կաթսան կափարիչով ծածկել է: Կարիք չկա ուշադիր հետևել նախագահական ընտրարշավին, որ ամենաձանձրալին է Ռուսաստանի պատմության մեջ, իսկական հարցը մեկն է` ի՞նչ է լինելու հետո:
Քրիս Միլեր, The Wall Street Journal


Հ.Գ. Հետո ոչինչ չի լինելու, նվազագույնը 3-4 տարի: Միայն ամերիկացին, դատելով ամերիկյան պատկերացումներով, կարող է կարծել, որ ռուս որևէ ղեկավար ռեգիոններին ազատություն կտա, թուլացնելով իշխանության ուղղահայացը: Բայց նա սխալվեց` «հետաքրքրություն» ստացվեց` Բրիտանիայի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց ՌԴ հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով: Լոնդոնը մեծ հավանականություն է տեսնում, որ թունավորման հետևում Ռուսաստանն է: Նախ ՌԴ ԱԳՆ հրավիրվեց Մեծ Բրիտանիայի դեսպանը` առանց մեկնաբանության, հետո` Բրիտանիայի ԱԳՆ հրավիրվեց ՌԴ դեսպանը` առանց մեկնաբանության: Ռուսաստանը մինչև կեսգիշեր չպատասխանեց Թերեզա Մեյի պահանջին` բացատրել, թե ինչպես է նյարդակաթվածահարող նյութը, որով թունավորվել են Սկրիպալն ու դուստրը, հայտնվել Բրիտանիայում: Վարչապետը մարտի 12-ին հայտարարեց, որ Սկրիպալի մահափորձին Ռուսաստանը հավանաբար առնչվում է և բացատրություններ պահանջեց: Մոսկվան պատասխանեց, որ պատրաստ է Լոնդոնին 10 օրում պատասխանել, երբ պաշտոնական հարցում ստանա:

Մեյի հայտարարությունը ԱԳՆ-ում անվանեցին ուլտիմատում և հրաժարվեցին կատարել նրա պահանջները` պահանջելով գործի նյութերը: Չորեքշաբթի օրը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լոնդոնը պետք է պատասխան տա «միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձի համար»: Նրա խոսքով` Ռուսաստանը նախկին գնդապետի դեմ մահափորձի ոչ մի պատճառ չուներ և դա ձեռնտու է միայն նրանց, ովքեր ուզում են «շարունակել ռուսաֆոբիայի արշավը»: Սերգեյ Սկրիպալն ու դուստրը մարտի 4-ին գտնվել են Սոլսբերիի կենտրոնում նստարանի վրա անգիտակից վիճակում: Քննիչները կարծում են, որ նրանք թունավորված են նյարդակաթվածահարող նյութով: Սկրիպալն ու դուստրը հիմա հիվանդանոցում են` ծանր վիճակում: Մարտի 5-ին Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ եթե ապացուցվի Ռուսաստանի առնչությունը թունավորմանը, Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներ կկիրառվեն: ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հայտարարեցին, որ համերաշխ են Բրիտանիայի հետ: Մարտի 12-ին, պատասխանելով ВВС-ի թղթակցի հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Դուք դեռ պարզեք` ինչ է եղել, հետո մենք ձեզ հետ կքննարկենք»:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չտրվեց Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հախուռն մեղադրանքներին ու հայտարարեց, որ Մոսկվան Լոնդոնին կպատասխանի պաշտոնական հարցում ստանալուց 10 օր հետո: Լավրովը հայտարարեց. «Երբ կստացվի պաշտոնական հարցում, մենք, ինչպես պահանջում են մեր պարտավորությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիայով, 10 օրում անպայման պատասխան կտանք, որը կհամապատասխանի միջազգային փաստաթղթի պահանջներին»` հասկացնելով Թերեզա Մեյին, որ կան միջազգային համաձայնագրեր ու վարքականոններ, որոնք ավելորդ են դարձնում որևէ պետության հրատապ պահանջները մեկ այլ պետության: ՌԴ ԱԳ մամլո խոսնակ Մարիա Զախարովան ավելի չոր էր պատասխանել. «Ոչ ոք չի կարող իր երկրի խորհրդարանում հայտարարել. «Ես Ռուսաստանին 24 ժամ եմ տալիս»: Ի՞նչ է դա ընդհանրապես նշանակում սկզբունքորեն»: Զախարովան հիշեցրել էր, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հարցի քննարկման համար 10 -օրյա ժամկետ է տալիս: Դա ՔԶԱԿ-ի 9-րդ հոդվածի 2-րդ կետն է: Բայց Լոնդոնը չսպասեց և Թերեզա Մեյը հայտարարեց. «Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Միացյալ Թագավորությունը արտաքսելու է 23 ռուսաստանցի դիվանագետների, որոնք մեր կողմից բացահայտվել են որպես հատուկ ծառայությունների ծպտյալ աշխատակիցներ: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվում: Այս քայլով մենք առաջիկա տարիներին լրջորեն կնվազեցնենք ռուսաստանյան հետախուզության կարողությունները մեր երկրի տարածքում: Եթե նրանք փորձեն վերականգնել այդ ցանցը, մենք կանխարգելիչ միջոցների կդիմենք»: Բրիտանիայի նախարարներից և թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը չի մասնակցի ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական միջոցառումներին: Մեյը նաև հայտարարել է, որ կառավարությունը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքարել Ռուսաստանի հատուկ ծառայությունների դեմ և կընդլայնեն հակահետախուզական մարմիններին տրվող լիազորությունները:


«Լոնդոնը նաև կփորձի սառեցնել ՌԴ-ին պատկանող այն ֆինանսական միջոցները, որոնք կարող են օգտագործվել բրիտանացիների դեմ»,- հայտարարել է Թերեզա Մեյը: Դադարեցվում են ռուս-բրիտանական շփումները և չեղարկվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերը Լոնդոն:
Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի թեման Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է քննարկել ԵՄ պետությունների ղեկավարների հետ: «Ըստ ամենայնի, Մոսկվայի կազմակերպած այս հարձակման ֆոնին ես ցանկանում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել վարչապետ Թերեզա Մեյին: Ես պատրաստ եմ այս հարցն ընդգրկել ԵՄ` հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի օրակարգում»` հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Իսկ Փարիզը մտադիր չէ շտապել: Կառավարության ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն հայտարարել է, որ նման որոշում կայացնելու համար «դեռ շատ վաղ է», փոխանցում է Reuters-ը։ Հարձակումը անվանելով «շատ լուրջ ակտ»՝ Գրիվոն նշել է, որ Փարիզը սպասում է ապացույցների նախքան որոշում կայացնելը, թե ինչ կձեռնարկի Ֆրանսիան՝ ի նշան իր «ռազմավարական դաշնակից» Լոնդոնի հետ համերաշխության:


Երեքշաբթի հայտնի դարձավ Լոնդոնում բնակվող ամենահայտնի ռուսաստանցի վտարանդիներից մեկի` 69-ամյա Նիկոլայ Գլուշկովի մահվան մասին: Գլուշկովի մարմինը, խեղդամահության հետքերով, հայտնաբերվել էր Լոնդոնում, իր տանը: Գլուշկովը 2013-ին մահացած օլիգարխ Բորիս Բերեզովսկու մերձավորագույն թիմակիցներից էր: 90-ականներին նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել Բերեզովսկուն պատկանող ЛогоВаз և Аэрофлот ընկերություններում: 2000-ին Аэрофлот-ում կատարված չարաշահումների գործով Գլուշկովը ձերբակալվեց և 4 տարի անցկացրեց ռուսական բանտում: Կալանավայրից ազատվելուց հետո Գլուշկովը մեկնեց Լոնդոն՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելով: Գլուշկովի մերձավորները նրա մահը կասկածելի են անվանում, իսկ բրիտանական իշխանությունները հայտարարեցին, որ նրա մահվան հանգամանքների հետաքննությունը հանձնվել է Լոնդոնի ոստիկանության հակահաբեկչական վարչությանը: Reuters-ի տեղեկություններով` ոստիկանները հակված չեն Գլուշկովի անսպասելի մահվան և հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման միջև ուղղակի կապ տեսնել:
Իսկապես Ռուսաստանի ինչի՞ն էր պետք նախագահական ընտրությունների վերջնագծում հայտնվել միջազգային սկանդալի կենտրոնում և ստանալ նոր պատժամիջոցներ ու արտաքսված դիվանագետներ Մեծ Բրիտանիայից, որի հետ հարաբերությունները մինչ այդ էլ նորմալ չէին: Իսկ գուցե Սկրիպալն ընդամենը պատրվակ է` հարաբերությունների մակարդակը նվազեցնելու ու նույնիսկ խզելու համար: Պարզ է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի: Պատմությունը շարունակվելու է, բայց այս ընթացքով հազիվ թե պարզվի ռուսական հետքի իսկությունը Սկրիպալի ու դստեր թունավորման մեջ, երբ արդեն կայացվել են քաղաքական որոշումներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ