Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կառավարության «ծուռ աշխարհը»

Կառավարության «ծուռ աշխարհը»
15.03.2018 | 22:51

«Տեսնես, էս աշխարհն ինչու է այսքան ծուռ»,- հայտնի ֆիլմի այս արտահայտությունն է առաջինը միտքդ գալիս, երբ հետևում ես, թե հայրենի կառավարությունը ինչ որոշումներ է կայացնում: Այսօր նման մի որոշում է «երկնել» գործադիրը: Դատախազները գործուղում մեկնելիս կարող են պետության հաշվին բնակարաններ վարձել: Ըստ այդմ, դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում նշանակելիս կամ գործուղելիս նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով: Օրենքը կիրառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողների համար:


Իսկ աշխարհը ծուռ է, որովհետև հանրային կյանքը բարեկեցիկ դարձնելու համար երկրի ղեկավարությունը սխալ տեղից է սկսել: Խոցելի խմբերի դարդին դարման գտնելու փոխարեն, ապահովված խավի կյանքն է առավել հարմարավետ դարձնում: Դատախազներն ու քննչական կոմիտեի աշխատողները հաստատապես այն ընչազուրկ ու կարիքավոր հատվածը չեն, որ գործուղման գնալուց, այն էլ 30 և ավելի կմ-ի դեպքում պետք է բյուջեի հաշվին բնակարան վարձեն: Հետևելով մեր դատախազների գերակշիռ հատվածի եկամուտներին ու վարած կենսակերպին, վստահաբար կարելի է ասել, որ կառավարությունը շփոթմունքի մեջ է, եթե նրանց պետբյուջեից գումարներ է տալիս, նրանք ամենևին էլ գործուղման գումարների կարիք չունեն: Եթե այս ամենին էլ գումարում ենք նրանց և Հայաստանում գործող նվազագույն աշխատավարձերը, ամեն ինչ պարզ է դառնում: Դեռ հարց է, ով բյուջեի այդ գումարների կարիքն ունի: Ոչ մեկը չի ասում, որ դատախազներին ու քննիչներին որևէ տեղ գործուղելիս բնակարանի վարձի գումար չհատկացնել, բայց կառավարությունը պետք է հստակ առաջնահերթություններով առաջ շարժվի: Երբ երկրումդ 30 տոկոս աղքատություն է ու ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, դատախազներին գործուղման գումարներ տրամադրելը ժամանակավրեպ է ու ավելորդ շռայլություն: Խնդիրը գումարների ճիշտ ու արդյունավետ տեղաբաշխումն է:


Շարքային քաղաքացիների շրջանում էլ այսպիսի որոշումները ներքին ըմբոստության առիթ են դառնում, մարդիկ արդարացիորեն նշում են, որ խիստ անապահով խավերի խնդիրներին լուծում տալու փոխարեն կառավարությունն ապահովների կյանքն է է՛լ ավելի լավացնում: ՈՒ նրանք միանգամայն ճիշտ են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ