ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կարմիր երազների կամուկուն

Կարմիր երազների կամուկուն
16.03.2018 | 00:42

Ի՞նչ երազներ եք տեսնում դուք: Միայն չասեք, որ չեք հիշում: Կան երազներ, որ չեն մոռացվում ոչ հաջորդ օրը, ոչ որևէ օր: Մարդկությունը տեսել, տեսնում ու տեսնելու է երազներ: Մոռանալու՞ է, հիշելու՞ է, կատարվելու՞ են, չե՞ն կատարվելու` երազները մեր ընկերներն են, որ մեր կողքին են, եթե անգամ նրանց չենք տեսնում: Երազները լինում են քնած ու արթմնի: Արթմնի երազները նաև երազանք են կոչվում:

Չգիտեմ` ով ինչ երազներ է տեսնում ու ինչ երազանքներ ունի, ՀՀ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանն ապացուցել է, որ հայ քաղաքական ասպարեզի ամենամեծ երազողն է: Անանձնական հարթության մեջ: Ով` ինչպես, ես կորցրել եմ թիվը, թե քանի՞ երկրում է նա արդեն եղել ու դեռ քանի՞ երկիր է պատրաստվում մեկնել: Աշխատունակության բոլոր ռեկորդները խփած Արմեն Սարգսյանը պայծառ երազանք ունի` ցանկանում է իր երդմնակալությանը ներկա լինեն Հայաստանի 3 նախագահները: Ոչ իր համար: Նա ուզում է` Հայաստանում հաստատվի քաղաքական նոր մշակույթ: Եվ դա շարունակությունն է Հայաստանի չորրորդ Հանրապետության գաղափարի, որի առաջին նախագահն է նա լինելու: Բայց սա Հայաստանն է, որտեղ քաղաքական մշակույթը խիստ տարբեր ընկալումներ ունի` ոմանց համար մոլախոտ է, որ պետք է քաղհանել, ոմանց համար օտարոտի բույս է, որ հատուկ խնամք է պահանջում, ոմանց համար պարզապես էկզոտիկա է, որ բացատրություն չունի: Միով բանիվ` արժեհամակարգի պատկերացումն այնքան է տարտղնված, կիսատ ու կարծրատիպերում խրված, որ ընդհանուր հայտարարը գումար է, որի գումարելիները կան ու չկան: Օրինակ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղարն արդեն ասել է, որ երկրորդ նախագահը Արմեն Սարգսյանի երդմնակալությանը չի մասնակցի` Ռոբերտ Քոչարյանն ապրիլին 9-ին Հայաստանում չի լինելու. «Այդ օրերին, նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն, գտնվելու է արտերկրում»: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ հարցին կպատասխանի ավելի ուշ: Կգա՞, թե՞ չի գա առաջին նախագահը ԱԺ, ինքը կորոշի: Բայց երեք նախագահների հանդիպում չորրորդի հետ ապրիլի 9-ին չի ստացվի: Ովքե՞ր կհրավիրվեն, ովքե՞ր չեն հրավիրվի, ովքե՞ր կգան, ովքե՞ր չեն գա` երկրորդ հարցն է: 2018-ը խոստումնալից տարի է` ապրիլի 9-ին չի ստացվի, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը կա ու կա: Փառահեղ տարբերակ` մեկտեղելու նախագահական քառյակին, պարզապես պետք է այսօրվանից ազգովին խնդրել ՀՀ առաջին նախագահին, որ այդ օրը արժանի համարի իր նշանակած վարչապետի, իրեն հաջորդած նախագահների կողքին լինի, երկրորդին, որ այդ օրը իր օրակարգում ծրագրավորի այսերկրում լինել, երրորդին, որ նախորդներին վերաբերվի, ինչպես հաջորդին:


Վաղուց, շատ վաղուց ժամանակն է հասկանալու, որ պետությունը անձնական հարաբերությունների հարթակ չէ: Ինչպիսին էլ լինեն անձնական հարաբերությունները, քաղաքական նկատառումները, պետությանը վերաբերող հարցերում նախկին-ներկա-ապագա նախագահ չի լինում: Լինում է միասնության ու համերաշխության ոսկե օղակ, որի առաջին օրինակը առաջին դեմքերը պիտի տան: Ոչ միայն նախագահները, այլև վարչապետները` սկսած Վազգեն Մանուկյանից մինչև Կարեն Կարապետյան: ԱԺ նախագահները` սկսած Բաբկեն Արարքցյանից մինչև Արա Բաբլոյան: Պետությունը ունենում է պատմություն, որի բոլոր էջերն ինքն է գրել ու ինքն իր գրածը պիտի հարգի: Վերջապես պետք է գա պահը, երբ տոները բովանդակություն են ստանում, ոչ թե ձևական արարողություններ են, որ կլինեն, թե չեն լինի, ոչինչ չի փոխվի ու ոչ մեկին պետք չեն` չհաշված ասեկոսեներն ու սկանդալները` հիմնականում դատարկ տեղը:


Հայաստանում շատերն են երազներ տեսնում: Երազատեսությունը հաճախանում է, երբ ակտիվանում են քաղաքական գործընթացները: Նկատե՞լ եք, որ «Ո՞վ կլինի վարչապետը ապրիլի 17-ին» հարցը սահուն մղվել է հետին պլան ու քաղաքական-լրատվական հարթության առաջին հարցը դարձել է` «Ի՞նչ է անելու «Ելքը»:

Եթե ՀՀԿ-ն ժամանակից շուտ համառորեն չի ասում` ինչ բոլորը գիտեն, ինչու՞ պիտի «Ելքը» ասի` ինչ ոչ ոք չգիտի: «Ելքն» այս օրերին դարձել է թիրախ` իշխանության-չիշխանության, ընդդիմության-չընդդիմության: Չգիտես ինչու` բոլորին թվում է, որ ամեն ինչի պատասխանատուն «Ելքն» է: «Ելքն» ունեցել է ու ունի մեկ խնդիր` այլընտրանք դառնալ իշխանությանը և ցույց տալ, որ Հայաստանում բոլորն ունեն իրական ընտրության ոչ միայն պարտականություն ու իրավունք, այլև հնարավորություն ու տարբերակ: Թե ինչ մարտավարություն կընտրի ու ինչպես իր խնդիրը կլուծի «Ելքը», 3 կուսակցություններին վերաբերող հարց է առաջին հերթին: Հետո նրանց, որ ձայն են տվել դաշինքին: Եվ միայն երրորդ հերթին նրանց, որ կամ այլ կուսակցությունների են ձայն տվել, կամ չեն քվեարկել, բայց կարող են դառնալ «Ելքի» ընտրող, եթե դաշինքն ապացուցի, որ ելք կա:
Մարտի 10-ին առաջին հանրահավաքն անցկացրեց «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Դեռ հայտնի չէ` շարժու՞մ, թե՞ նախաձեռնություն, որ ուզում է դառնալ համաժողովրդական հարթակ` պայքարելու իշխանափոխության համար: ՀՀՊ-ն գործունեության ծրագիր չներկայացրեց, կցկտուր ելույթներից հասկացվեց, որ անընդունելի է համարում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: Մնացածը այն ամենն էր, ինչ լսում ենք 21-րդ դարում` նույն պատմությունները, նույն կոչերը, նույն պաթոսն ու նույն առաջարկները: Եվ` նույն դեմքերը, սակավ բացառություններով: Նրանք նորից պայքարի են կոչում ժողովրդին` վստահ, որ ապրիլի 9-16-ը` 7 օր կանգնեն հրապարակում` իշխանափոխություն կլինի: Ի՞նչ անվանես, եթե ոչ երազախաբություն: Շատ կոնկրետ պատճառներով` ռեալ քաղաքականության մեջ չի գործում «Նաջարյանը փոշմանել է» տարբերակը: Եթե նույնիսկ նաջարյանները հազարավոր մարդիկ են, որ ընդհանրության մեջ կոչվում են ժողովուրդ, իսկ Սահմանադրության մեջ անվանվում են իշխանության տեր: Նաջարյանների ինքնագիտակցությունը իր մեծամասնության մեջ մնում է չարչիական մակարդակին` տուր և առ: Այստեղ ու հիմա: Ի՞նչ կլինի հետո: Հետո կերևա: Նաջարյանը կարող է փոշմանել, բայց «միլիոնը տարել են»: Մինչև 2022-ը: Իհարկե, կարելի է ու պետք է հետ ուզել, բայց տվողն ո՞վ է: Ոչ մի երկրում իշխանությունը կամովին չի հրաժարվում իշխելու իրավունքից: Բոլոր խնդիրներով` հանդերձ: 20 տարի մենք լսում ենք` կան խնդիրներ, որ պետք է լուծվեն: Ժամանակ է պետք: Իսկ ո՞վ է ժամանակը կանգնեցնելու մեզ համար` մինչև խնդիրները լուծվեն ու սկսենք նորմալ ապրել մեր մեկ անգամ տրվող կյանքը: Որևէ շարժում կամ նախաձեռնություն մեկ ամսում իշխանափոխություն կատարելու նպատակով պիտի ունենա ծրագիր և ժամանակացույց: Ծրագիր, որի գործող անձը վիրտուալ հանրությունը չէ, որ պարտավոր է 7 կամ 17 օր կանգնել կամ նստել: Համակարգի դեմ հախուռն պայքարը գրավիչ է, բայց անարդյունք: Իսկ եթե ՀՀԿ-ն չի՞ հեռանում, ի՞նչ է լինելու: Թեյախմությու՞ն, աղո՞թք, գործադուլ-հացադուլ-նստացու՞յց` ո՞րերորդը: Որևէ քաղաքական ուժ, շարժում կամ նախաձեռնություն ռեալ իշխանափոխության համար համակարգին պետք է հակադրի իր համակարգը: Ոչ թե ազգանվեր ցանկությունների ու ցաքուցրիվ գաղափարների խառնուրդը: Նոր համակարգի առաջին ու պարտադիր աստիճանը մտածողության փոփոխությունն է: Բավական են բոլոր անկյուններից համախմբման կոչեր անելն ու սպառված գաղափարներին կառչելը: Իշխանությունը ինքն իրեն չի ուժեղանում: Իշխանությանն ուժեղացնում են դիմադրունակության թուլությունը, հարմարվողականությունն ու կարծրատիպերը, որոնց մեջ տեղավորված հայտարարում ենք, թե գնում ենք առաջ, իսկ դոփում ենք տեղում ու վարգում հետ:


Երազանքներն ի՞նչ եղան: Ոչինչ: Շարունակում են մեզ հետ դեգերել:
Մենք առանձնացնում ենք անձերին ու պտտվում նրանց շուրջ: Որևէ մեկն իրեն հարցրե՞լ է` ի՞նչ պետություն է ուզում ունենալ: Եվ պատասխանե՞լ է իր հարցին: Կառավարման համակարգ է փոխվում: ՈՒ՝ ի՞նչ: Դառնու՞մ ենք ավելի ինքնիշխան, անվտանգ, կանխատեսելի երկիր` արտաքին ու ներքին քաղաքականության մեջ: Ի՞նչ է տալիս միջին վիճակագրական հային այդ փոփոխությունը: Սահմանադրություն է փոխվել, համակարգ է փոխվում, օրենքներն են փոխվում` ո՞րն է ընդհանուր հայտարարը, որի հանրագումարում երկրի քաղաքացու կյանքը փոխվում է: Մենք գոնե մեր ներկա վիճակի սահմանումը տվե՞լ ենք: Ճգնաժամու՞մ ենք գտնվում: Ճգնաժա՞մ ենք հաղթահարում: Զարգացու՞մ ենք սկսել: Եթե այո, որո՞նք են բնութագրիչները: Որտեղից ու՞ր ենք գնում: Ինչպե՞ս ենք գնում: Ի՞նչ ուղենիշներով: Պայծառ, փառահեղ, երազած հայրենիք ունենալը յուրաքանչյուրի իրավունքն է, քաղաքականության մեջ գործող մարդկանց պարտականությունն է այդ պայծառին, փառահեղին ու երազածին հասնելու ոչ միայն բովանդակությունն ու ձևերն իմանալը, այլև ժամանակացույցն ունենալը: Միջին վիճակագրական հայի համար, որ ապրում է այսօր ու այստեղ, ի՞նչ է փոխվելու: Ի վերջո` նրա համար մեկ է` նախագահակա՞ն կառավարում է, թե՞ խորհրդարանական, նրան պետք է իր արժանապատիվ կյանքը ու հեռանկարը, որ վաղն ավելի լավ է լինելու: Ռեալ հեռանկարը` սովորելու, աշխատելու, բուժվելու, հանգստանալու: Իսկ մենք 2014-ից քննարկում էինք` կլինի՞ Սերժ Սարգսյանը վարչապետ, թե՞ խոստացել է, որ չի լինի, ուրեմն չի լինի: Մինչև հասանք, որ միակն ու անփոխարինելին է ու մինչև 2022-ը ՀՀԿ-ն ինչ կուզի` կանի: ՈՒմ ուզի` վարչապետ կնշանակի, կուզի` կհանի, նորին կնշանակի, ու այդպես մի քանի անգամ կամ ոչ մի անգամ: «ՈՒմ ի՞նչ գործն է»` կարճ ու սպառիչ սահմանել է ՀՀԿ մամլո խոսնակ ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Եվ` լավ է արել: Այս ընթացքում քննարկել էր պետք կատարվող փոփոխությունների բովանդակությունը, մոդելի առավելություններն ու վտանգները, աշխատունակությունն ու արդյունավետությունը կամ անգործունակությունն ու պատճառները: Պատրաստված լինելու համար: Հաջողության հասնելու համար: Երկնքից մանանան մեր պատմությունը չէ: Եվ բացի այն, որ սահմաններից ներս ունենք հարյուրավոր խնդիրներ, անապատում չենք ապրում, որտեղ ավազները չինական պարսպի դերում են: Կա արտաքին աշխարհ, որ Հայաստանի վրա ներգործում է անընդհատ: Փոփոխվող աշխարհաքաղաքականություն կա, որի հետնաբակ մնալը գուցե թույլ է տալիս աննկատ ապրել, բայց անվտանգ կյանքի երաշխիք չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Երբ առաջին մարդիկ զգացին, որ մեռնում են, կանչեցին իրենց ազգակիցներին ու վասալներին, որ լսեն իրենց վերջին խոսքը: ՈՒ տխրությամբ լեցուն՝ երգեցին իրենց «Կամուկուն»՝ «Մենք տեսնում ենք» երգը, որ առաջին անգամ երգել էին, երբ տեսան արևը: Նրանք հրաժեշտ տվեցին կանանց ու զավակներին ու մեկեն անհետացան: Նրանց տեղում մնաց միայն մեծ ծրար, որ զավակները երբեք չբացեցին: Նրանք «Վեհության ծրար» անվանեցին իրենց հայրերից մնացածը: Հետո մոռացան նաև Վեհությունը՝ ապրել էր պետք` մայաների առասպելներից է: Հավերժությունը, որ հնարավոր է տեսնել, շոշափել, հոտոտել, համտեսել, լսել, մեզ տրված է արյան տեսքով, բայց տրված չէ արյան իրական անվանումը, ու մենք հնարում ենք մեզ հասու անվանումներ և համարում, որ գիտենք ճշմարտությունը: Առասպելներում ապրում է մարդկության ընդհանրական միտքը, որ աստվածային ծագում ունի, հատել է աստվածայինի ու մարդկայինի սահմանն ու ապրում է տիեզերքում: Այնտեղ ժամանակը չի շարժվում, շարժվում է մնացյալը: Մայաների կամուկուն շարունակում է հնչել: Տիեզերքում: Երբևէ կլսենք և մենք: Արյունը վերադառնում է՝ ինչպես ջուրը, որ պտտվում է տիեզերքում՝ առանց դիմադրության, դառնալով գոլորշի, սառույց, բայց մնալով ջուր: Նրա գոյության չորրորդ վիճակը ի զորու չենք ընկալել` մեր ընկալումներում մենք հենվում ենք իրեղեն ապացույցների վրա: Քանի դեռ մեր միտքը նյութական ուժ չունի, մենք աղոթելու ենք մեր Աստծուն: ՈՒ` հավատալու ենք երազներին: Գուցե նաև երգելու ենք մեր կարմիր երազների կամուկուն մայաների պես, բայց` չանհետանալու համար: Նրանք դադարել էին երազներ տեսնել, մենք դեռ երազում ենք` քնած ու արթմնի:

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ