Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պահանջվում են չվարկաբեկված քարոզողներ

Պահանջվում են չվարկաբեկված քարոզողներ
16.03.2018 | 02:02

Արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ չորրորդ նախագահի ընտրությունից անմիջապես հետո իշխանական համակարգն անցնելու է ապագա վարչապետի ընտրության նախապատրաստական աշխատանքների վերջնական փուլերից մեկին՝ քարոզչական հիմնավորումներին։ Եվ սա հասկանալի է, քանի որ եթե խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը, ինչպես պնդում են ՀՀԿ-ական վերնախավը ներկայացնողները, ապա պետք է քիչ թե շատ փաստարկված և հանրության համար գոնե որոշ չափով ընկալելի հիմնավորումներ ներկայացվեն։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ իշխանության ներսում և քաղաքական-վերլուծական շրջանակներում այս պահի դրությամբ գերիշխում է այն կարծիքը, թե ապագա վարչապետի հետ կապված գլխավոր ինտրիգն արդեն իսկ լուծված է, և խնդիրը թևակոխել է, այսպես կոչված, տեխնիկական լուծման փուլ։ Իսկ այս շրջանում դեռևս առաջնային է 2014 թ. Սերժ Սարգսյանի՝ այլևս վարչապետ կամ նախագահ չդառնալու մասին հայտնի հայտարարությունն ինչ-որ կերպ չեղարկելու կամ առնվազն որոշակիորեն լղոզելու տեխնոլոգիան։ Բայց ինչպես ցույց են տալիս իշխող համակարգի ներկայացուցիչների հիմնավորումների փորձերը, այդ խնդրի լուծման արդյունավետ բանալին ամենևին էլ գտնված չէ։ Ընդ որում, ակնհայտ է, որ Բաղրամյան 26-ը հանրության լայն շրջանակներում հեղինակություն վայելող, գոնե համեմատաբար չվարկաբեկված հանրային դեմքերի սուր դեֆիցիտ ունի։ Եղած ռեսուրսներով, այդ թվում՝ քաղաքական և կադրային, Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության անհրաժեշտությունը հանրությանը մատուցելու արդյունավետ ճանապարհ գտնելը գոնե առայժմ շատ դժվար է թվում։


Այս առումով, անշուշտ, հետաքրքիր է, թե ինչ լուծումներ են փորձելու գտնել իշխանական վերնախավում։ Վերջերս ՀՀ նախագահի նստավայրում սոցիալ-տնտեսական իրավիճակի շուրջ կայացած խորհրդակցությունը փորձագետներին և վերլուծաբաններին որոշակի դիտարկումների առիթ տվեց։ Ըստ այդմ, վերոհիշյալ խորհրդակցությունն արձանագրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա ղեկավարած կառավարության գործունեության արդյունքները գործող վարչապետին պաշտոնանկ անելու հիմք չեն կարող դառնալ։ Ընդհակառակը, խորհրդակցության ընթացքում կառավարությանն ու անձամբ վարչապետին երկրի այսօրվա ղեկավարի տված գնահատականները նույնիսկ ուղղակի քարոզչություն էին գործող վարչապետի համար, քանի որ անընդհատ շեշտվում էր, որ կառավարությունը ոչ միայն զգալի աճ է ապահովել, այլև դրական միտումները շարունակական են։ Եվ անընդհատ ակնարկներ են արվում, որ եթե աճը նման տեմպերով 2-3 տարի շարունակվի, այն ավելի շոշափելի ու զգալի կդառնա նաև ժողովրդի համար։


Վերոհիշյալ խորհրդակցությունը ցույց տվեց նաև, որ գոնե տնտեսության արդյունքների գնահատման առումով լուրջ խնդիրներ գործող նախագահի և վարչապետի միջև գոյություն չունեն։ Բացի այդ, կարևոր էին նաև այն ուղերձները, որոնք, փաստորեն, հղվեցին ամբողջ իշխանական համակարգին։ Բոլոր մակարդակների վարչական ռեսուրսների ներկայացուցիչներին ՀՀ նախագահը, ըստ էության, հասկացրեց, որ ապագա իշխանական հիերարխիայում նույնպես գործող վարչապետը, անկախ իր ապագա դեյուրե կարգավիճակից, ունենալու է գրեթե նույն լիազորությունները, ինչ այժմ։ Այսինքն՝ իր այսօրվա ստատուս քվոն, հավանաբար փաստացի, պահպանվելու է։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած այդ խորհրդակցությունն իր տեսակով, ձևաչափով, մատուցման եղանակով դարձել է Սերժ Սարգսյանի ապագա գործելաոճի նախադեպ։ Ըստ էության, նախագահականից գուցե ցույց են տալիս, թե ինչ ձևաչափով է աշխատելու ապագա կառավարությունը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության պարագայում։ Ապագա վարչապետը, որ ինչպես հայտնի է, այսուհետև նստելու է Բաղրամյան 26-ում, գուցե կոնկրետ թեմաների շուրջ խորհրդակցություններ անցկացնի, այլ ոչ թե ամենշաբաթյա ռեժիմով՝ կաբինետային նիստեր, ինչպես արվել է մինչ օրս։


Ինչևէ, այս իրողություններում, մասնավորապես, ՀՀ նախագահի կողմից վարչապետի և կառավարության հասցեին հնչեցված լուրջ PR-ի դիմաց, ի վերջո, ի՞նչ գին է ակնկալվում ստանալ հենց վարչապետ Կարեն Կարապետյանից։ Այս հարցադրման շուրջ, բնականաբար, կան տարբեր վարկածներ: Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ նախագահն ու նրա մերձավոր շրջապատը, 2014-ին նախագահ և վարչապետ չդառնալու հայտարարությունից հետո լինելով որոշակի դիսկոմֆորտի մեջ, լուրջ դժվարություններ ունեն Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու հիմնավորման հարցում։ Ընդ որում` խնդիրը ոչ թե ֆորմալ հիմնավորումներ հնչեցնելն է, ինչը կարկառուն ՀՀԿ-ականների շուրթերից բազմիցս արվում է և ընդդիմադիրների քաղաքական օրակարգի բավականին բուռն քննարկումների ու դժգոհությունների թեմա դառնում, երբեմն նաև ծաղրանքի տեղիք է տալիս, այլ պատճառաբանված փաստարկներ, որպեսզի հանրային ընկալումներում հավաստի թվան։ Հենց այստեղ Սերժ Սարգսյանը գուցե կարող է ակնկալել Կարեն Կարապետյանի փոխադարձ աջակցությունը կառավարության հասցեին հնչեցված գովեստի խոսքերի դիմաց։

Մասնավորապես, հանրապետականների շրջանակներում ակնկալում են, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը ՀՀԿ վերին ատյաններում կիրականացվի հենց Կարեն Կարապետյանի կողմից։ Նա էլ վերջ կդնի բոլոր հարցերին՝ առաջադրելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ ՀՀԿ-ում հույս ունեն, որ այս ակցիան կլինի նոր պայմանավորվածությունների շրջանակներում, ընդ որում` չի բացառվում, որ այդ արարողությունը քարոզչամիջոցներով ներկայացվի հանրությանը։ Այսպիսով, հանրապետական կուսակցությանը, չունենալով հանրության վստահությունը վայելող, չվարկաբեկված ռեսուրս, Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու գաղափարը մատուցելու համար, մնում է մեկ տարբերակ. միմյանց ծառայություններ մատուցելով՝ Սերժ Սարգսյանը մատնանշում է գործող կառավարության արդյունավետությունը, իսկ Կարեն Կարապետյանն իր վրա է վերցնում Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու ծանր գործը։ Կարեն Կարապետյանի վրա հույս դնելու սցենարը բավականին իրատեսական է, սակայն ակնհայտ է, որ այն հղի է բավականին լուրջ ռեյտինգային ու իմիջային ռիսկերով հենց Կարեն Կարապետյանի համար։


Կան մի քանի պատճառներ։ Կարեն Կարապետյանը, գնալով նման քայլի, իհարկե զգալի պատասխանատվություն է վերցնում ապագա ոչ պոպուլյար վարչապետի համար։ Բացի այդ, նա արդեն սկսում է անմիջապես ասոցացվել ՀՀԿ-ի վերնախավի հետ, ինչը, որքան էլ տարօրինակ է, մինչ այս պահը չի ընկալում հանրությունը։ Դրա ապացույցն են վարկանիշային տվյալները, համաձայն որոնց, գործող վարչապետի վարկանիշը դրական առումով զգալիորեն տարբերվում է իշխանական վերնախավում գտնվող ցանկացած գործչի վարկանիշից։ Ամենառիսկայինն այն է, որ Կարեն Կարապետյանը, մտնելով նման խաղի մեջ, հանրության կողմից կարող է ընկալվել որպես անհույս թույլ կերպար, որն իր հարմարվողական մոտեցումներով ադապտացվում է իրողություններին։ Այս հնարավոր վտանգները, ամենայն հավանականությամբ, վերլուծում, կանխատեսում, հաշվարկում է նաև Կարեն Կարապետյանը։ Եվ ստեղծված պայմաններում Կարեն Կարապետյանը շեշտը դնում է գործող կառավարության արդյունավետությունն անընդհատ մատնանշելու վրա։ Այս համատեքստում ակտիվորեն ներկայացվում են երկրի տնտեսության վիճակագրական բարձր թվերը, հեռանկարները, կազմակերպվում են այցեր մարզեր, որոնց ընթացքում արձանագրվում են ոչ միայն նախորդ 1,5 տարվա գործունեության արդյունքները, այլև ավելի բարձր նշաձող է սահմանվում, խնդիրներ են դրվում մարզային կառույցների առջև։ Ամենայն հավանականությամբ, մինչև նոր կառավարության ձևավորումը դրան է ուղղված լինելու գործող վարչապետի քարոզչական թիմի աշխատանքը։ Բնականաբար, հանրության շրջանում կարող է ձևավորել կայուն կարծիք, թե էֆեկտիվ վարչապետն անարդարացիորեն զոհաբերվում է ի շահ ներիշխանական և ներանձնական նեղ նպատակների։ Միևնույն ժամանակ ամեն ինչ պետք է հուշի իշխանական համակարգին և հանրությանը, որ գործող վարչապետը հետագայում նույնպես լինելու է տնտեսության տերը՝ շարունակելով մնալ իշխանության գլխավոր ժառանգորդի ամենագլխավոր թեկնածուներից մեկը։ Այս պարագայում ներապարատային կարևորագույն հարցերից մեկը դառնալու է առաջին փոխվարչապետի և ապագա երկու փոխվարչապետների միջև փաստացի և իրավական փոխհարաբերությունների խնդիրը։ Հարց է առաջանում, թե փոխվարչապետները, ի տարբերություն առաջին փոխվարչապետի, որքանով են ուղղակի հասանելիություն ունենալու ապագա վարչապետին։ Փոխվարչապետներն արդյոք առաջին փոխվարչապետի՞ հետ են ամենօրյա ռեժիմով աշխատելու և վերջինիս հաշվետու լինելու, թե՞ հենց անմիջապես վարչապետի հետ։ Այս առումով, թերևս, բավականին խոսուն են այն լուրերը, թե արդեն իսկ որոշված է, այսպես կոչված, սոցիալական բլոկի, Կարեն Կարապետյանի կառավարության և թիմի որոշ նախարարների փոխելու հարցը։ Սա նշանակում է, որ ապագա փոխվարչապետներից մեկը համակարգելու է ոչ տնտեսական բլոկի նախարարներին և իր ճաշակով է ձևավորելու կաբինետի իրեն հատկացված մասը։ Այս պարագայում հարց է առաջանում, թե որքանով է Կարեն Կարապետյանը շարունակում ունենալ կադրեր նշանակելու քարտ բլանշ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ շատ անորոշ են:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ