ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մի՛ գայթակղվեք նրանով, թե այդ «ուղերձը Վաշինգտոնին» այլևս ոչ ոքի չի վերաբերում

Մի՛ գայթակղվեք նրանով, թե այդ «ուղերձը Վաշինգտոնին» այլևս ոչ ոքի չի վերաբերում
16.03.2018 | 02:12

2018 թ. մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ Ռուսաստանի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով: Հայաստանի քաղաքացիներիս համար նրա ելույթի արտքաղաքական մասը պակաս կարևոր չէ, քան, օրինակ, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար: Ընդ որում, առաջին հերթին հենց մեր հասարակության ամերիկամետ մասի համար: Դատեցեք ինքներդ. ահա ամերիկյան CNN հեռուստաալիքի արձագանքը, որով կողմնորոշվել և կողմնորոշվում են Հայաստանի որոշ քաղաքացիներ: Ընդսմին, CNN-ի այդ արձագանքը տեղ է գտել Վ. Պուտինի ամենամյա ուղերձից, փաստորեն, անմիջապես հետո, և հենց մարտի 1-ին:
«Արտակարգ նորություն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարծենում է, թե իրենք ունեն միջուկային էներգակայանքով հանդերձավորված նոր հրթիռներ, որոնք ընդունակ են հասնելու աշխարհի ցանկացած կետ»,- այսպես են մեկնաբանել ամերիկացիները Դաշնային ժողովի առջև Ռուսաստանի նախագահի ունեցած այսօրվա ելույթը:

Ամերիկյան լսարանի համար Մոսկվայից հեռարձակումը վարում էր CNN-ի թղթակից Մեթյու Չանսը: «Դա նախ սկսվեց որպես... Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներին ուղղված դիմում: Մինչև Ռուսաստանի ընտրությունները մնացել է երեք շաբաթ, և խոսքը տնտեսության մասին էր: Բայց հանկարծ ելույթի տոնը փոխվեց, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց խոսել այդ նոր, նրա խոսքերով ասած, «անխոցելի» հրթիռների մասին, որոնք փորձարկումներ են անցել վերջին ամիսներին ու հիմա, ըստ էության, «շահագործման են հանձնվել»: Կամ, դրանք կարելի է գործադրել: Խոսքը, մասնավորապես, գերձայնային հրթիռների մասին է, որոնք թռչում են ձայնի արագությունը մի քանի անգամ գերազանցող արագությամբ և կարող են անցնել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության միջոցներից, այնքան «ճկուն են», որ ամերիկյան ՀՀՊ միջոցները ի վիճակի չեն որսալու դրանք: Նա խոսեց նաև նորաստեղծ ստորջրյա ինքնակառավարվող սարքերի մասին, որոնք ընդունակ են միջուկային լիցք կրելու, և այլ ամենատարբեր ու արտասովոր ռազմական տեխնոլոգիաների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, պետք է հայրենասիրական վերելք առաջացնեն մարդկանց սրտերում ոչ միայն խորհրդարանում, այլև ամբողջ երկրում: Բայց, կարծում եմ, դա նաև ազդանշան էր՝ ուղղված ԱՄՆ-ին: Նա պարզորոշ հասկանալ տվեց, որ այդ տեխնոլոգիաները մշակվել են վերջին մեկ-երկու տարում: Նրա խոսքերով՝ դա Արևելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղաբաշխման, ԱՄՆ-ի մյուս ռազմական քայլերի պատասխանն է: Նա ասաց. «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել: Լսեք հիմա»: Ահա ԱՄՆ-ին ուղղված մի ոչ այնքան սքողված նախազգուշացում. մի կպեք Ռուսաստանին և գործ չունեք նրա նոր, այսպես ասենք, սարսափազդու միջուկային զինանոցի հետ»: «Շատ շնորհակալություն, Մեթյու Չանս, իրոք կարևոր նորություններ են»,- արձագանքեց ստուդիայի հաղորդավարը: Համոզված եմ, որ այս մեջբերումներից հետո լավ կլիներ, որ Հայաստանում էլ ոմանք խոր մտածեին, թե, մասնավորապես, ինչու և ում, վաղ թե ուշ, իրենք հարկադրված կլինեն աջակցել:


Ելույթի արտքաղաքական մասում առավել նշանակալին հետևյալ հայտարարություններն էին. առաջին՝ Պուտինը հայտարարեց, որ ՀՀՊ պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու կապակցությամբ ռուսական կողմն ստեղծում է ռազմավարական զենքի նորագույն համակարգ, որին «ոչինչ չի կարող դիմակայել»: «Մենք ամերիկացիներին երկար հորդորում էինք չխախտել ՀՀՊ պայմանագիրը, չխախտել ռազմավարական հավասարակշռությունը: Սակայն 2002 թ. ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս եկավ այդ պայմանագրից: Բայց անգամ դրանից հետո մենք երկար ժամանակ ձգտում էինք նրանց հետ կառուցողական երկխոսություն հաստատել, առաջարկում էինք մտահոգության ցրման և վստահության մթնոլորտի պահպանման համար այդ բնագավառում համատեղ աշխատանք կատարել: Ինչ-որ մի պահ ինձ թվաց, թե փոխհամաձայնություն, այնուամենայնիվ, կգտնվի, բայց ոչ, մեր բոլոր առաջարկությունները մերժվեցին»,- հայտարարեց Ռուսաստանի առաջնորդը: 2017-ի վերջերին հաջողությամբ փորձարկվեց միջուկային էներգակայանքով հանդերձավորված հրթիռը, որը սկզբունքորեն նոր զինատեսակ է՝ հաղորդեց նա: Ակտիվում է գտնվում փոքրածավալ միջուկային էներգետիկ կայանքը, որը կարող է դրվել թևավոր հրթիռների վրա և անխոցելի է ՀՀՊ և ՀՕՊ համակարգերի կողմից: Բացի այդ, Ռուսաստանն ստեղծում է ոչ բալիստիկ զինահամակարգեր, որոնք անորսալի են ՀՀՊ-ի համար: Արդեն ստեղծված է ինքնակառավարվող ստորջրյա կայանք, որն ընդունակ է լողալու գերխոր ջրերում, և որի լողալու հեռավորությունն անսահմանափակ է:


Երկրորդ՝ Պուտինն ասաց, որ Ռուսաստանը Արևմուտքի ռազմական մարտահրավերներին պատասխանելու ձևը կգտնի: Միանգամից մի քանի նորագույն գաղտնի զինատեսակների փորձարկումները հաջող անցան, և հիմա դրանք գտնվում են ՌԴ պաշտպանության նախարարության մարտական զինանոցում: ՌԴ նախագահը դիմեց աշխարհում տիրող արդի իրադրության, ռիսկերի ու սպառնալիքների թեմային և ընդգծեց, որ ՀՀՊ գծով համատեղ աշխատելու վերաբերյալ Ռուսաստանի բոլոր առաջարկությունները ԱՄՆ-ի կողմից մերժվել են: Այդ կապակցությամբ, Պուտինի խոսքերով ասած, Ռուսաստանը սրընթաց քայլ է արել նոր ռազմավարական զենքի ստեղծման ուղղությամբ, որից «պրծում չկա», և որը կարող է խոցել թիրախը երկրագնդի ցանկացած կետում, ինչպես նաև գերձայնային ու լազերային զենքի ստեղծման ուղղությամբ: «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել: Լսեք հիմա»,- ամփոփեց Պուտինը: Այս խոսքերն ընդունվեցին խորհրդարանի երկու պալատների պատգամավորների ծափահարություններով: Ռուսական պետության ղեկավարը նոր ռազմավարական զենքն ստեղծողներին անվանեց «մեր ժամանակի հերոսներ»: Սակայն, ընդգծեց նա, Ռուսաստանի ռազմական հզորության գրավականը բանակում քաջարի ու հայրենանվեր սպաների առկայությունն է, այնպիսիք, ինչպիսին Ռուսաստանի հերոս Ռոման Ֆիլիպովն է: «Նորագույն զենքը վաղ թե ուշ կմշակեն կամ կստանան նաև այլ երկրներ, իսկ մենք արդեն ունենք: Բայց այնպիսի սպաներ, ինչպիսին Ռոման Ֆիլիպովն է, նրանք երբեք չեն ունենա»,- ընդգծեց Ռուսաստանի նախագահը:


Երրորդ՝ անդրադառնալով Ռուսաստանի զինված ուժերում տիրող իրադրությանը, Պուտինը հայտարարեց, որ Սիրիայում իրականացված ռազմական գործողությունը ցույց տվեց ռուսական բանակի հարաճուն ընդունակությունները: Ռուսաստանի ղեկավարը նշեց հիմնական նվաճումները ՌԴ զինված ուժերի ամրապնդման, սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի արդիականացման ասպարեզում: Արդիական զենքով բանակի զինվածությունը վերջին տարիներին աճել է 3,7 անգամ՝ արձանագրեց Պուտինը: Սպառազինության մեջ ներառվել են ռազմական տեխնիկայի ավելի քան 300 նմուշներ, իսկ ռազմավարական միջուկային ուժերը համալրվել են 80 նոր միջմայրցամաքային հրթիռներով: Ռուսական բանակն ստացել է սուզանավային 102 բալիստիկ հրթիռ և «Բորեյ» տեսակի երեք հրթիռակիր ռազմավարական սուզանավ: Նախագահը նշեց նաև, որ 12 հրթիռային գնդեր վերազինվել են «Յարս» նոր համալիրներով, և որ մեծ հեռահարության գերդիպուկ զենքի արձակման միջոցների թիվը տասներկուապատկվել է: Գերդիպուկ թևավոր հրթիռների քանակն իր հերթին աճել է ավելի քան 30 անգամ: Բացի այդ, Պուտինը նշեց, որ զգալիորեն մեծացել է ընդհանուր նշանակության, ռազմատիեզերական ուժերի և ռազմածովային նավատորմի հզորությունը:


Նախագահի խոսքով՝ ՌԴ զինված ուժերը կոմպլեկտավորված են գրեթե 100 տոկոսով: Նա համոզված է, որ ռուսական զինված ուժերի հնարավորությունների ցուցադրումը կսթափեցնի ցանկացած ագրեսորի: «Միջուկային զենքի ցանկացած գործադրում Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ կդիտվի որպես միջուկային հարձակում, և պատասխանը կլինի ակնթարթային: Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ որևէ մեկի վրա հարձակվել, չնայած գերդիպուկ ռազմավարական սպառազինության ստեղծմանը: Ռուսաստանն ընթացել է, ընթանում է և ընթանալու է իր վստահ ուղիով»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղերձի վերջում:


Ի դեպ, այդ «կամ Ռուսաստանի դաշնակիցների դեմ» ակնարկը վերաբերում է ոչ միայն Իրանին, որը ՌԴ-ի հետ դաշնակցում է Սիրիայում և Իրաքում, այլև Հայաստանին. ընդ որում, ոչ միայն որպես ԱՊՀ ՀԱՊԿ դաշնախմբի անդամ երկրի: Մենք, ի վերջո, զինվորականներ կամ ինժեներ-տեխնոլոգներ չենք, որ գնահատենք, թե արդյո՞ք ամբողջ հայտարարվածը ճիշտ է: Թեև մարտի մեկից ի վեր միայն ծույլերը լրատվամիջոցներով կամ սոցցանցերով հանդես չեն եկել՝ խիստ քննադատելով Պուտինին և կասկածի տակ առնելով Ռուսաստանի տրամադրության տակ նոր սպառազինությունների առկայությունը: Դե, ինչ, վերջերս այդ բանն էլ «ստուգման ենթարկվեց»: Օրինակ, ռուսատյացները թունոտ ծաղրում էին այն հաղորդագրությունները, թե Սիրիայում՝ Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ռուսական ռազմատիեզերական ուժերը (ՌՏՈՒ) օգտագործել են «5+» Cy-57 սերնդի նորագույն ռազմական ինքնաթիռ: Ի՜նչ ասես չգրեցին. իբր, չկա այդպիսի ինքնաթիռ կամ այն կա, բայց «դեռ չի թռչում», էլ ու՜ր մնաց «կրակ արձակեր»: Հիմա տեսան. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտոնապես (ընդ որում՝ դեռ մինչև խորհրդարանում Պուտինի ամենամյա ուղերձը) հաստատեց, որ, այո, Cy-57-եր եղել են Սիրիայում և հաջողությամբ փորձարկվել են ահաբեկչական խմբավորումների դեմ ուղղված մի շարք գործողություններում, այդ թվում՝ Արևելյան Գուտայում: Դատելով ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի զինվորականների գերեզմանային լռությունից, նրանք հաստատ իրենց սեփական աչքերով էլ են տեսել և համոզվել, որ Cy-57-եր կան, դրանք պատրաստի մարտական ինքնաթիռներ են և իրոք թռչում են հենց Սիրիայում: Եվ ճիշտ այդպես էլ կլինի, երբ Պուտինի հայտարարած նորագույն սպառազինությունները «հանկարծ» կիրառվեն նույն Սիրիայում կամ մեկ այլ տեղ. ավաղ, «թեժ կետերը» շատ են, իսկ ոմանք էլ նորերն են ստեղծում:


Եվ էլի մի քանի բան մարտի 1-ի առթիվ Արևմուտքի արձագանքների մասին: Գլխավորն այն է, որ այնտեղ՝ Արևմուտքում, հասկացել են՝ Պուտինի հայտարարությունների արտքաղաքական մասը նախատեսված է հատկապես արտաքին աշխարհի համար: BBC-ի ռուսական ծառայությունը նախագահի ուղերձն անվանել է «աննախադեպ ռազմաշունչ» և հիշեցրել, որ «ավանդաբար, Պուտինի ուղերձի տեքստը բաժանված է լինում մի քանի մոտավորապես հավասար մասերի. ենթակառուցվածք, մարդկային կապիտալ, կոռուպցիա, միջազգային օրակարգ: Սակայն այս անգամ համամասնությունները խիստ խախտված էին... ՈՒղերձի ընթերցման ժամանակ կեսից մի փոքր պակաս մասը Պուտինը հատկացրեց ԱՄՆ-ի հետ դիմակայության թեմային ու նոր սպառազինությանը»: «The Guardian» թերթը գրում է. «Երևում էր, որ Կրեմլն ուզում է լրացուցիչ ուշադրություն հրավիրել այդ ելույթի վրա, այն Կրեմլի ոսկեհուռ Գեորգիևյան դահլիճից տեղափոխելով Մոսկվայի կենտրոնում գտնվող ցուցահամալիր, որտեղ կարելի է ցուցադրել տեսագրություններ և տեղեկատվական գրաֆիկա: ՈՒղերձի առաջին ժամը ավանդական էր, թեև լավատեսական. Պուտինը խոստանում էր 10 տարով բարձրացնել կյանքի միջին տևողությունը, Ռուսաստանի ՀՆԱ-ն մինչև 2025 թ. ավելացնել 50 տոկոսով և կիսով չափ նվազեցնել ռուսաստանցիների աղքատության մակարդակը... Թեև ուղերձի ներածական մասն ուղեկցվում էր գծանկարներով, որոնք ցույց էին տալիս ծնելության մակարդակը Ռուսաստանում և վերջին տարիների բերքատվության թվերը, այն հիմնականում օգտագործվեց որպես ռուսական նորագույն սպառազինությունների ցուցադրման պլատֆորմ, որոնցից մի քանիսը կարող են միջուկային հարված հասցնել մոլորակի ցանկացած կետի»: Ամերիկյան «Bloomberg» կայքը ազդարարում է. «Ռազմական հզորության արտասովոր ցուցադրությունը ճառի ամենադրամատիկ տարրն էր, որն սկսվեց կենսամակարդակի բարձրացման համար «վճռական ճեղքում» կատարելու և առողջապահության ու ենթակառուցվածքի վրա կատարվող ծախսերն ավելացնելու խոստումներով: Պուտինն ամենամյա դիմումն օգտագործեց իր չորրորդ նախագահական ժամկետի առաջնայնությունները շարադրելու համար, և այդ ժամկետը, ինչպես սպասվում է, հեշտորեն կստանա մարտի 18-ի ընտրություններում: Բայց ամենակոշտ խոսքերն ուղղված էին ԱՄՆ-ին. նա մատնանշեց հատկապես Միացյալ Նահանգների նոր միջուկային ռազմավարությունը որպես միջուկային զենքի օգտագործման շեմի իջեցման սպառնալիք: Եվ նախազգուշացրեց, որ Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ միջուկային սպառազինությունների ցանկացած օգտագործում կհանգեցնի «անհապաղ պատասխանի»:

«The Washington Post» թերթը գրում է. «Պուտինի ճառը, որն սկսվեց ներքին նախագծերի թվարկմամբ, արագորեն վերածվեց Արևելքի ու Արևմուտքի հակասությունների կոշտ շարադրման և Ռուսաստանի զինանոցի նվաճումների գովքի, ինչպիսիք են միջուկային շարժիչով գործող թևավոր հրթիռները, որոնք կարող են խոցել թիրախը որտեղ կամենաք: Պուտինը չտվեց Մոսկվայի ոչ մի դաշնակցի անուն, ում նա պաշտպանելու է... Նրա խոսքերը կարող են համարվել Վաշինգտոնին հասցեագրված ուղերձ՝ վատթարացող հարաբերությունների կապակցությամբ»: Գերմանական «Die Welt» թերթը գրում է. «Ռուսաստանը հիմա ունի այնպիսի հրթիռներ, որպիսիք չունի ուրիշ ոչ մի երկիր: Այդ զինատեսակներից ոչ մեկը չի կարող սովորական միջոցներով խոցվել: Բացի այդ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է հյուսիսային բևեռում ռազմական ներկայությունը թարմացնելու մասին՝ տարածաշրջանում երկրի շահերի պաշտպանության համար: Պատճառը օգտակար հանածոների հարուստ հանքավայրերն ու ռազմավարական կարևոր դիրքերն են»: «Zeit online» կայքը գրում է. «Ռուսաստանն ընդլայնում է իր զինանոցը՝ ի պատասխան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առկա լարվածության: Նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում պատգամավորների առջև ունեցած ելույթում ներկայացրել է սպառազինությունների մի քանի նոր համակարգ, որոնց դեմն առնել չի կարող ոչ մի պաշտպանություն: Պուտինն ասել է, որ իր երկիրը հարկադրված է գործել ԱՄՆ-ի սպառազինություններին հակընդդեմ: Ռուսական զինված ուժերի ամրապնդումը պետք է ապահովի ամբողջ աշխարհի խաղաղությունը... ԱՄՆ-ը միջուկային նոր ռազմավարության մասին հայտարարել է փետրվարի սկզբին: Նրան քննադատել են Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Զիգմար Գաբրիելը»:


Ինչպես տեսնում ենք, ոմանք Արևմուտքում արդեն շտապում են «հիշեցնել» Ռուսաստանին, թե իրենք էլ են «քննադատել ԱՄՆ-ին»: Այնպես որ մտածեք, տիկնայք և պարոնայք հայեր, մտածելը վնաս չէ: Եվ մի՛ գայթակղվեք նրանով, թե այդ «ուղերձը Վաշինգտոնին» այլևս ոչ ոքի չի վերաբերում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ