«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Դեպի ու՞ր

Դեպի ու՞ր
16.03.2018 | 02:14

Այս օրերին անվերջ հիասթափություններից ու հուսախաբություններից հոգնած մարդկանց հանկարծ «հոգատարության» մեծ չափաբաժին մատուցվեց՝ «ավելորդ» դեղորայքի ընդունման պատճառով առողջության վնասման դեմ կյանքի կոչված դեղերի դեղատոմսային բացթողման «բալասանի» տեսքով: Պարզվում է, մեր ժողովրդի մասին մտածողներ ու անհանգստացողներ կան և այն էլ` առողջապահության ոլորտում, որը, վաղուց արդեն բիզնեսի փողաբեր տիրույթում հայտնված, իրեն հաշիվ էլ չի տալիս, որ տունուտեղ կորցնելու և մարդկանց հարկադրված երկրից հեռանալու առյուծի բաժինն արդեն իր խղճի վրա է ծանրանում օր օրի: Որովհետև անհասկանալիորեն, այսօրվա զարգացած բժշկագիտության պայմաններում, բազում անբուժելի հիվանդությունների տեր դարձած մարդկանց մեծ մասին անհրաժեշտ բուժումը, վիրահատությունները և բուժման համար մշտապես պահանջվող դեղերը գնային այնպիսի սահմանների են հասել, որ «լավագույն ելքը» վարկ վերցնելն ու արդյունքում տուն կորցնելն է դարձել։ Հաջորդ քայլը, մի քանի հայրենյաց մասունքներ ճամպրուկներում, անհայտության ճամփան բռնելն է:


Ոչ միայն առողջապահության ոլորտում, ամենուր խնդիրներն այնքան շատ են, որ զարմանում ես, թե էլ որտեղից նորերը կարող են հորինվել: Սակայն նրանք, ովքեր կոչված են երկրապահպան ու ազգաշահ գործեր անելու, եղած խնդիրներին լուծում տալու, լավ էլ կարողանում են անվերջորեն նոր խնդիրներ բարդել ժողովրդի գլխին, ավելի անլուծելի դարձնելով անգամ օրախնդիր հարցերը։ Եվ միտք չարչարելու առիթ էլ չունեն, որովհետև դրսից հուշումներն ու պատրաստի ծրագրերը «փրկության» պես շտապում են օգնության։
Եվ «վայելում» ենք օտարի համար ձևվածը, մոռանալով, որ մեր երկրի անունը Հայաստան է, և մեզ հայկական «մոդել» է պետք: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ «եվրոպականը» հենց Եվրոպայի գլխին է պատուհաս դարձել՝ գլոբալիզացիայի ծրագրավորված քաոսի կործանարար խառնաշփոթով: Ի դեպ, արդեն տարիներ ի վեր, հատկապես տոնական օրերին են մեզ մատուցվում գների բարձրացման, կյանքի դժվարացման, ցավոք, նաև արյունահեղության «նվերները»։ Եզրահանգումները ձեզ եմ թողնում։


Եվ այսպես, դեղերը, դժբախտաբար այսօր գրեթե բոլորին անհրաժեշտ դարձած, փուլ առ փուլ արդեն ողջ տեսականիով մեզ հասանելի են լինելու միայն կյանքը բարդացնող պայմաններով: Ոչ հաճախակի, ուղղակի պահի խնդիրներից առաջ եկած գլխացավի ժամանակ պետք է պարզապես տառապել, որովհետև բժշկի դռան առաջ հերթերում սպասելն ու հետո հետազոտությունների երկար ցուցակը ձեռքում մի տեղից մյուսը վազվզելը, ունեցած և չունեցած գումարից քիչ առ քիչ զրկվելով, հաստատ գլխացավ չեն անցկացնի: Իսկ հանգստյան օրերի և գիշերային խնդիրների դեպքում խղճին դեմ գնալով շտապօգնություն կանչելու հետևանքը պարզապես սարսափելի է լինելու այն առումով, որ մեկ կամ մի քանի գլխացավերի և բարձր ջերմության պատճառով իսկապես կյանքի-մահվան սահմանում գտնվողների համար, բնականաբար, արդեն ծանրաբեռնված շտապօգնության ուշացած այցերը ողբերգությունների պատճառ կարող են դառնալ: Անգամ հասարակ թվաբանություն էլ պետք չէ դա հասկանալու համար:


Այո, իհարկե, հիվանդության դեպքում դեղորայքը պետք է նշանակի բժիշկը, և այդպես էլ արվում է, ոչ մի հիվանդ ինքնուրույն լուրջ բուժման կուրս չի ընդունում։ Այլ բան են սիմպտոմատիկ, կարճատև խնդիրների ժամանակ օգտագործվողները, որոնք, եթե անգամ ավելորդ էլ լինեն, այդքան կարճ ժամանակում մեծ վնասներ պատճառել չեն կարող, քան երբ դեղորայքը պետք է և դժվարությունների պատճառով ժամանակին չի ընդունվում: Բացի այդ, մեր երկիրն ունի իր առանձնահատկությունները, և դրանցից մեկն այն է, որ բուժող բժիշկը կարող է լինել հարևանը, ծանոթը, ծանոթի ծանոթը, ընտանիքի անդամը: Նման դեպքերում ավելորդ խնդիր չեն դառնում թանկ դեղորայքի և որոշակի դեղատների պարտադրանքները: Իսկ, ինչպես արդեն նշվեց, սիմպտոմատիկ և առողջական թեթև խնդիրների դեպքում յուրաքանչյուր հասուն մարդ հիանալի գիտի ապաքինման համար անհրաժեշտ միջոցները՝ դեռևս չբարդացած սուր վիրուսային հիվանդությունների, ստամոքսի խանգարման, հոգնածության ժամանակ անհանգստացնող գլխացավերի ժամանակ։ Դրա համար համալսարան ավարտել պետք չէ։ Մենք ռոբոտների աշխարհում չենք ապրում և ռոբոտներ չենք, որոնց մեջ եթե որևէ ծրագիր բացակայում է, այն այլևս անլուծելի է։ Բանական մարդիկ ենք, ովքեր կյանքի բոլոր ոլորտներում շատ հարցեր ինչ-որ չափով կարող են իրենք էլ լուծել և ոչ բոլոր դեպքերում դիմել մասնագետի:


Հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեպքում էլ դրանց նկատմամբ մանրէների կայուն ձևերի առաջացման հարցն էլ ուռճացված է. նախ, դեղագործական ընկերությունները հենց իրենք են գնալով ավելի ուժեղ ազդող հակաբիոտիկներ բերում կյանք, որոշ բժիշկներ էլ՝ ավելի արագ արդյունքի հասնելու համար, ավելի ուժեղ պրեպարատներ են նշանակում, իսկ դրանք օգտագործելուց հետո հիվանդն արդեն նախորդների նկատմամբ դառնում է ոչ զգայուն, այնպես որ մանրէները՝ գոյության իրենց պայքարով հետին պլան են մղվում: Կա նաև մեկ այլ խնդիր. նոր մանրէները միայն գոյության պայքարի արդյունք չեն, այլև մեր աչքից հեռու գործող փակ լաբորատորիաների արտադրանք, և այս դեպքում այլ մոտեցումներ են պետք: Վաղուց արդեն ժամանակն է, մանրէները սպանելուց բացի, այլ ուղիներ փնտրելու, ասենք, հենց ժողովրդական բուժամիջոցների։


Իսկ բարդ դեպքերում բժշկի չդիմելու պատճառն այն է, որ հետազոտությունների, իսկ հետո նաև բուժման ահռելի գները հիվանդի համար պարզապես անհասանելի են: Սոցիալական տարբեր ծրագրերն ու պետպատվերները նման են անապատում ջրի կաթիլի, այնպես որ դրանց վրա չկենտրոնանանք:
Գրեթե ողջ ժողովուրդը տառապում է այս անելք լաբիրինթոսում, և դեռ ավելի են շատացնում փողաբեր բիզնես-բուժհիմնարկները, «մթության քողի տակ», սուսուփուս ավելի ու ավելի բարձրացնում ստացիոնար բուժման, վիրահատությունների, հետազոտությունների և դեղորայքի գները։ Ծանր, ողջ կյանքում բուժում պահանջող կամ անբուժելի հիվանդությունները գնալով ավելի մեծ թվով մարդկանց են իրենց ոստայնի մեջ խճճում, գամում անկողնուն։ Հոգատարությունն այն կլիներ, որ առողջապահության ոլորտում ամենակարևոր գործերի մեջ առաջինը համարվեին հիվանդությունների ահռելի քանակի օր օրի ավելացման պատճառներն ի հայտ բերելը, կանխարգելման լուրջ մեխանիզմներ մշակելը՝ հաճախակի հետազոտություններից ու ինչ-որ պատվաստումներից ավելի կարևոր և գործուն: Բայց ասես այդ ամենը ոչ մի կարևորություն չի ներկայացնում մեզ նման փոքրաթիվ ժողովրդի համար։ Մարդն ինչ է որ, կարևորը՝ հիվանդ մարդը լավ է վճարում։ Պատասխանը միշտ պատրաստ է՝ այդպես է ամբողջ աշխարհում, և վերջ: Դա ճիշտ է, և այս մեկն էլ «աշխարհային է», «եվրոպական մոդելի»` իր բոլոր խարդախություններով: Ամենավտանգավորն այս ամենում, թերևս, առողջապահության միասնական էլեկտրոնային համակարգի անցնելն է. առողջության հետ անհարիր պայմաններ ստեղծելու հետևանքով մարդկանց մեջ առաջացած ամենափոքր խնդիրն անգամ ֆիքսելն ու ներկայացնելը ուր որ պետքն է։


Անդրանիկ Զորավարը ոսկով հայ մանուկներ էր գնում և, ի հեճուկս աշխարհի դավերի, երկիր փրկելու իր ջանքը չէր խնայում։ Նրա և նրա նմանների շնորհիվ մենք դեռ կանք։ Իսկ այսօրվանների «շնորհիվ» դեպի ու՞ր ենք գնում։


ՆԱՆԵ

Դիտվել է՝ 4361

Մեկնաբանություններ