Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխարհը կանգնած է մի նոր Կարիբյան ճգնաժամի առաջ

Աշխարհը կանգնած է մի նոր Կարիբյան ճգնաժամի առաջ
16.03.2018 | 02:18

Վերջին մի քանի օրերին լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ աշխարհի անվտանգությունը: Եթե թեկուզ Սիրիայում սկսեն միմյանց հարվածել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ապա պատերազմի հրդեհը դժվար թե հնարավոր լինի կանգնեցնել ու թույլ չտալ, որ այն վերածվի միջուկայինի: Հրաբուխը, որը սկսում է ժայթքել, հնարավո՞ր է կանգնեցնել…

Միաժամանակ, չափազանց փոքր է հավանականությունը, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի բռնկման դեպքում այն կսահմանափակվի նշված գերտերությունների շրջանակով: Դատելով ամենից, այդ պատերազմում կներգրավվեն նաև Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Իրանը, Լիբանանը և այլ պետություններ:
«Վաշինգտոն փոստ» թերթի տեղեկացմամբ, օրերս ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության խորհրդականի մասնակցությամբ անցկացվել են լսումներ այն մասին, որ անհրաժեշտ է «Տոմահավկ» հրթիռներով հարվածել Դամասկոսին: Դոնալդ Թրամփը բլե՞ֆ է անում, թե՞, ինչն ավելի հավանական է, ցանկանում է խաղալ միջազգային ժանդարմի կամ միջազգային խուլիգանի դեր: Այս հարցի պատասխանը հայտնի կդառնա շատ մոտ ապագայում:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում, ինչպես տեղեկացնում է «News.mail.ru»-ն, մարտի 13-ին պատմել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին հարվածելու ԱՄՆ-ի պլանների մասին:


Զինյալներն Արևելյան Ղութայում պատրաստվում են սադրանքի` քիմիական զենքի կիրառմամբ, որն ԱՄՆ-ը հետո օգտագործելու է որպես պատրվակ Դամասկոսի կառավարական թաղամասերին հարվածելու համար: Այս մասին լրագրողներին մարտի 13-ին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Մեզ մոտ առկա է կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման բեմականացմանը զինյալների նախապատրաստվելու մասին հավաստի տեղեկություն: Այդ նպատակով Արևելյան Ղութայի մի քանի շրջաններում հավաքել են այլ շրջաններից դուրս բերված կանանց, երեխաների և ծերերի հոծ խմբեր, որոնք պետք է պատկերեն քիմիական միջադեպի զոհերին»,- ասել է գեներալը:
Նրա խոսքերով, այնտեղ են արդեն «Սպիտակ սաղավարտների» ակտիվիստները և տեսանկարահանող խմբերը` արբանյակային տեսասփռման սարքավորումներով:
Նկատի ունենալով ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառմամբ նախապատրաստվող հարձակումը, Գերասիմովն ընդգծել է. «Դա հաստատվում է ահաբեկիչներից ազատագրված Աֆթրիս բնակավայրում քիմիական զենքի արտադրման լաբորատորիայի հայտնաբերմամբ»:


Գեներալի խոսքերով, սադրանքից հետո ԱՄՆ-ը ծրագրում է Դամասկոսին մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ և ներկայացնել սիրիական կառավարության և «նրան սատարող ռուսական ղեկավարության» մեղքով խաղաղ բնակչության զանգվածային սպանության «ապացույցներ»:
Գերասիմովն ընդգծել է, որ Վաշինգտոնը, որպես պատասխան միջոց, ծրագրել է Դամասկոսի կառավարական թաղամասերին հասցնել հրթիռառմբային հարված: Գլխավոր շտաբի ղեկավարը հիշեցրել է, որ այժմ Դամասկոսում են գտնվում ռուսական ռազմական խորհրդատուներ, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ և ռազմական ոստիկաններ:
Նույն օրը` մարտի 13-ին, Վալերի Գերասիմովը սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Դամասկոսին ԱՄՆ-ի հրթիռառմբային հարվածին պատասխան միջոցներ կձեռնարկեն: Գեներալ Գերասիմովի խոսքերով, ամերիկյան զինված ուժերը պլանավորում են հարվածել Դամասկոսում գտնվող կառավարական հիմնարկներին:


«Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կձեռնարկեն ազդեցության պատասխան միջոցներ ինչպես հրթիռների, այնպես էլ կրողների նկատմամբ, որոնք դրանք կկիրառեն»,- հայտարարել է բանակի գեներալը:
Դժվար չէ հասկանալ, որ հրթիռների կրողներ և արձակողներ են ինքնաթիռները, նավերը և սուզանավերը, իսկ ռմբային հարված կարող են հասցնել ինքնաթիռները: Հետևաբար Ռուսաստանն իր զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման, այսինքն` Դամասկոսի կառավարական թաղամասերին, հաստատություններին, Սիրիայի պաշտպանության նախարարության հիմնարկներին կամ օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածի դեպքում հայտարարում է ոչ միայն ամերիկյան հրթիռների նկատմամբ ազդեցության պատասխան միջոցներ ձեռնարկելու, այլ կերպ ասած, դրանք չեզոքացնելու մասին (ինչը, չնայած հակահրթիռների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմանը, հրթիռների միաժամանակ մեծ քանակությամբ արձակման դեպքում կարող է ամբողջությամբ չհաջողվել), այլև ուղղակիորեն զգուշացնում ու սպառնում է հրթիռներ արձակելու, ռումբեր նետելու դեպքում դրանք կրողների նկատմամբ ազդեցության պատասխան միջոցներ ձեռնարկել, այսինքն` խոցել դրանք:


«Դամասկոսում Սիրիայի պաշտպանության նախարարության հիմնարկներում և օբյեկտներում գտնվում են ռուսական ռազմական խորհրդատուներ, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ և ռազմական ոստիկանության զինծառայողներ»,- վերստին պարզաբանել է գլխավոր շտաբի պետը:
Վալերի Գերասիմովը ասել է նաև, որ ռուսական զինվորականների տեղեկատվության համաձայն, Սիրիայում զինյալները պլանավորում են քիմիական հարձակում բեմականացնել: Հենց այս միջադեպի պատասխանն էլ պետք է դառնա ամերիկյան հարվածը: Անցած շաբաթ Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ ալ Միքդադը նույնպես հաղորդել էր Արևելյան Ղութայում քիմիական հարձակման բեմականացմանը զինյալների նախապատրաստվելու մասին:


ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ լայն հանրության, բնականաբար, նաև միջազգային հանրության համար հրապարակված, Սպիտակ տանը, ՆԱՏՕ-ին և Եվրոպային հասանելի դարձած տեսանյութի վերջում համառոտ խոսվում է խորհրդակցության ընթացքում Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարի կողմից «Սարմատ» միջմայրցամաքային ծանր հրթիռով նորագույն համալիրի փորձարկման հերթական փուլի վերաբերյալ ներկայացրած զեկույցի մասին: Նշվել է, որ հրթիռը պատրաստվել է արձակման: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, միանգամից մոտ տասնյակի չափ միջուկային հզոր մարտագլխիկներ աշխարհի ցանկացած կետ ճշգրտորեն հասցնելու ունակ «Սարմատ» հրթիռը, ինչպես նաև հրթիռից անջատվելուց հետո դրա մարտագլխիկներն ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության նորագույն ու նույնիսկ հեռանկարային, այսինքն` նախագծման փուլում գտնվող, դեռ չստեղծված բոլոր համակարգերի կողմից անխոցելի են:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութ

Դիտվել է՝ 3528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ