ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Աչքն ծով ի ծով»

«Աչքն ծով ի ծով»
16.03.2018 | 02:39

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Դանիել Երաժշտի հետ։ Նախորդ հանդիպումն այնքան հագեցած էր, որ Վահան Թեքեյանի խոսքերով գրված երկու ստեղծագործություն մաեստրոն ընդգրկեց նոր հանդիպման մեջ։ Մեկը Արմենուհի Կարապետյանի «Քու հիշատակդ այս գիշեր» խմբերգն էր (Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգի տեսագրությունը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ), մյուսը` Դանիել Երաժշտի «Փափագ» երգի տեսագրությունը («Շարական» անսամբլի և մեներգչուհի Սոֆյա Թումանյանի կատարմամբ)։ Իսկ տվյալ հանդիպման նոր թեման Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով ի ծով» տաղն էր, որը նկարագրում ու գովերգում է Մարիամ Աստվածածնի գեղեցկությունը։
Բանախոսը ներկայացրեց տաղի խորհուրդը, զուգահեռներ անցկացրեց Սողոմոնի «Երգ երգոցի» և տաղի միջև։ Երաժշտագետը բացատրեց բանաստեղծական տեքստի և տաղի մեղեդու «հակադրամիասնական» կապը, համեմատեց Ռաֆայելի «Սիքստինյան մադոննայի» հետ, որտեղ միահյուսված են Տիրամոր երջանկությունը և տագնապը, մտահոգությունը Հիսուսի ճակատագրով։


Նարեկացու տաղում խոսքերը նկարագրում են Մարիամի լուսավոր գեղեցկությունը, մինչդեռ սրան զուգահեռ ծավալվում է ողբերգական մեղեդին։ Համեմատելով դասական ժանրերի հետ` մաեստրոն նշեց, որ այս տաղում միավորված են Մարիամի կյանքի երկու կարևորագույն իրադարձությունների խորհուրդն արտացոլող երգերի երկու տեսակ` «Ավե Մարիա» և «Ստաբատ մատեր»։ Տաղի խոսքերը հիշեցնում են «Ավե Մարիայի» «լի շնորհոք»` գեղեցկությամբ լի արտահայտությունը, իսկ մեղեդին արտահայտում է խաչված Հիսուսի դիմաց կանգնած մոր ողբը։ Երաժշտագետն իր գաղափարը հիմնավորելու համար ընթերցեց Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի այն դրվագները, որտեղ վառ կերպով արտահայտվում է Նարեկացու խառնվածքի, նրա պոեզիայի հիմնական հատկություններից մեկը` երկփեղկվածությունը, հոգու և մարմնի «տարաձայնությունը», երկնայինի և երկրայինի միջև դեգերող մարդու «հակադրամիասնական» հոգեվիճակը։ Այնուհետև բանախոսը բեմ հրավիրեց ասմունքող Սաթե Հովակիմյանին` ընթերցելու «Աչքն ծով ի ծով» տաղը։
Դանիել Երաժիշտը ներկայացրեց տաղի չորս տարբեր մեկնաբանության ձայնագրություն և տեսագրություն։ Համաձայն իր վերլուծության, բանախոսը հնչեցրեց նախ գործիքային տարբերակի ձայնագրությունը` Կոմիտասի անվան քառյակի ալտահար, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի փառահեղ կատարմամբ։ Սրան հաջորդեց Խորեն Պալյանի օրինակելի մեներգի տեսագրությունը։ Լուսինե Զաքարյանի խնկաբույր կատարումը հնչեց երգեհոնի նվագակցությամբ (այս երկու տեսագրությունները տրամադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանը)։ Հանդիպումն ավարտվեց Գևորգ Հունանյանի անզուգական կատարմամբ։ Այս բացառիկ ձայնագրությունը մաեստրոն իրականացրել էր այն ժամանակ, երբ Գևորգ Հունանյանն աշխատում էր Ռադիոհեռուստապետկոմի «Գանձեր» անսամբլում (ղեկավար` Դանիել Երաժիշտ)։


Ինչպես նշեց մաեստրոն, Նարեկացու տիեզերահունչ տաղը իր պատվավոր տեղն է գրավում համաշխարհային «մարիամերգության» ընտրանիում` Ռաֆայելի, Միքելանջելոյի, Ջորջոնեի և այլ հանճարների գլուխգործոցների շարքում։


Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3035

Մեկնաբանություններ