Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ռուբեն Ադալյանի ժամանակը և տարածությունը»

«Ռուբեն Ադալյանի ժամանակը և տարածությունը»
16.03.2018 | 02:47

Մեր արյան հիշողության և մեզ տրվող գիտելիքի հոգևոր ուղիով ընթանալն սկզբում ենթագիտակցորեն, գուցե ինքնաբերաբար, այնուհետև սթափ կերպով տանում է դեպի հոգու ազատություն: Այդ լինում է կամ պոռթկումի, կամ խաղաղորեն հանգրվանի հասնելու ձևով: Ներքին ազատության պահանջը մեծ մտածողների մեջ ի սկզբանե է դրված, գուցե և իրենց ծնունդից էլ առաջ: Իսկ թե ինչ է այդ պոռթկումի առարկան, և թե որքան դժվար է այն միանգամից ընկալելը՝ ուղիղ համեմատական են միմյանց:


Ինձ բարեբախտություն վիճակվեց Մեծ պահքի այս օրերին կարդալու Նորայր Ադալյանի «Ռուբեն Ադալյանի ժամանակը և տարածությունը» էսսեն: Որքան ուրախացա, որ այն արդեն երրորդ անգամ է տպագրվում, այս անգամ՝ նաև ռուսերեն թարգմանության հետ նույն գրքույկում, և ես այն առաջին անգամ եմ ձեռքս առնում: Այսպիսով, հասուն մտքով ու հոգով կարդալու ուրախությանս գումարվեց այս էսսեն երկրորդ, երրորդ անգամ կարդալու, դրանով վարակվելու, Քամյուի «Սիզիփոսը» վերընթերցելու նման ամեն անգամ հաճույքը կրկնապատկելու պատեհությունը:
Եթե այս ոճով շարունակեմ, կստացվի էսսե էսսեի մասին, բայց իմ խնդիրն այսօր դա չէ, այլ միայն ասելը, թե ի՜նչ կորցրած կլինեի, եթե կարդացած չլինեի, վայելած չլինեի իմ սիրելի գրողի այս ստեղծագործությունը:
Էսսեի բոլոր չափանիշներով Նորայր Ադալյանի ստեղծած այս երկը մի աննման ձոն է մեծ արվեստագետին, ձոն ավագ եղբորը, ձոն արվեստին: Նաև գրողական գրեթե անտեսանելի բավիղներով այս մեծ ձայնարկության մեջ միահյուսվում են Ադալյան եղբայրների, իրենց, իրենց սերնդի, իրենց Դավայաթաղի, իրենց միջավայրի, իրենց երկրի կենսագրությունները: Եվ ամենակարևորը, որ սա ոչ միայն գորովագութ եղբոր, այլև արվեստը, արվեստի աշխարհն ու պատմությունը նրբագույնս դիտարկողի, վերլուծողի հայեցումն է, հիացումն ու նաև հիասթափությունը մեր կողքին ապրող, արարողին առնչվելուն անհաղորդակիցներից:
Էսսեի վերնագիրն արդեն իսկ համապարփակություն է ազդանշանում, այս դեպքում՝ ազատության համապարփակություն:
Նորայր Ադալյանին տրվել է իր եղբոր ստեղծած անսանձ ձիերի աներևակայելի թռիչքը վերածել հայերեն տողերի, մտասուզումների:
Մինչ չհամաձայնելս, թե ինչու է այսպես խոսում Ն. Ադալյանը, թե՝ նկարչի ճանաչվածությունը չի կարող չափվել կոմպոզիտորի ու գրողի ժողովրդայնության հետ («գոնե մեզանում»), մտածում եմ. «Իսկ ես այլ բան էի կարծում. գիրք կարդալու համար հարկավոր է նախ իմանալ նրա մասին, հետո ձեռք բերել, հետո ժամեր, օրեր անցկացնել դրա հետ, իհարկե, եթե այն քեզ արդեն առել է իր ոլորտը: Կոմպոզիտորի երաժշտությունը, եթե մանավանդ բարդ ստեղծագործություն է, քչերի քիմքին կարող է հաճո լինել: Իսկ նկարը տեսնելու համար, նախ՝ իմանալ հեղինակին, հետո կանգնել նկարի առջև ու դիտել… խորանալ, եթե լսել ես նրա մասին գովեստներ, ինքդ քեզ զարմանալ, եթե քեզանից ոչ ոք նկարչության տեսաբանի գիտելիքներ ու կարծիք չի ակնկալում, մտածել հանկարծ մյուս գիտակներից առաջ ընկնելով չսխալվելու, ծիծաղի առարկա չդառնալու մասին, եթե արվեստաբան ես»:
Այստեղ դարձյալ դիմում ես ներքին ազատության մեծ խորհրդին ու լսում ես հոգուդ այն զանգուլակների արձագանքը, որ ենթարկվում են գեղագիտական տատանումներին: Տվյալ դեպքում, իհարկե, Նորայր Ադալյանին ավելի մեծ ազատություն է վերապահվում, քանի որ հավակնություն չունի արվեստաբանի դիրքերից խոսելու և ստանում է սուբյեկտիվ, բայց շատ ավելի մեծ թվով մարդկանց անունից դատելու հնարավորություն:
Ն. Ադալյանը նշանավոր արվեստաբանների՝ Ռուբեն Ադալյանի արվեստի մեկնություններից, կարծիքներից մեջբերումներ անելուց զատ, ազատորեն խորհրդածում է եղբոր նորարարությունների մասին, չի երկմտում նրան մեր ազգային բացառիկ արժեքների շարքը դասելիս և դա անում է անձնական բացահայտումների, ապացուցումների, բուռն, համոզիչ խոսքով, քանի որ ինքը այդ օրհնյալ գերդաստանի մեջ հենց խոսքի՛ վարպետն է: Խոսքը այս փոքրիկ խոհագրության մեջ իր ռիթմով, պատկերավորությամբ, հստակությամբ, մտքի թռիչքներով հաճախ հասնում է այն առարկայի սլացքներին, որի մասին հանձն է առել բարձրաձայնել:
Այնպես որ, արժե այս միաձույլ, մեկ շնչով կարդացվող խոսքից, թեկուզ և ափսոսանքով առանձնացնել մի փոքրիկ հատված ու դրանով ավարտել՝ ընթերցողին ցանկանալով բարի վայելում՝ գրքույկը ձեռքն առնելուց անմիջապես հետո:
«Դրաման ընդգծված կերպով ի հայտ է գալիս ձիերի պատկերներում, որոնք նկարչի ստեղծագործական կյանքի անբաժան ուղեկիցն են՝ ուսումնառության տարիների գծանկարներից մինչև այսօր: Ադալյանը ձիուն նույնքան խոր է ճանաչում, որքան և գեղեցկության տիպար կնոջ մարմինը, և ի վիճակի է պահի մեջ «բռնելու» նրա արտաքուստ չնկատվող շարժումն անգամ: Կնոջ համեմատությամբ ձին շարժումների ավելի բարդ ու հարուստ կծիկ է՝ ընդունակ անկանխատեսելի բացահայտումներ անելու: Նման շարժումը դրամա է: Ռուբեն Ադալյանի նկարչության դաշտում ավելի շատ ձիեր կան, քան լրիվությամբ հայոց կերպարվեստում և գրականության մեջ, մի ամբողջ վրնջացող այրուձի, սակայն նրանցից և ոչ մեկը բեռնաձի չէ: Չարհամարհենք բեռնաձիերին, որոնք ստրկության գրկում լռելյայն ապրում են իրենց «սոցիալական դրաման», այլ տեսնենք այն ձիերին նաև, որոնց վրա ուզում ենք սանձ դնել, դարձնելով մեր կամակատարները: Ադալյանական ձիերը չգիտեն սանձի համը, թամբի ու մարդու ծանրություն, նրանց ոչ ոք նույնիսկ ձեռքով չի հպվել, բնության բացարձակապես ազատ էակներ, որոնց խրխինջներում, սակայն, ստրկության վախ կա, անսանձության և սանձահարումի բախումից ծնված «ենթագիտակցական» ողբերգություն: Սա նկարների խոհափիլիսոփայական դրամատիզմն է՝ ազատության և բռնադատումի մշտարթուն զուգահեռի մտազննությամբ: Նկարչի երևակայությունն իր այրուձին աստրալ բարձունքներից իջեցնում է ներքև, և նրանք այնքան թափանցիկորեն հարաբերում են 20-րդ դարի հասարակական կյանքին, որտեղ մեր բոլոր դժբախտություններն են, վիրավոր ձի, մեռնող ձի, ձիու գլուխ, ձիու վերացարկում, միայնակ ձի, ձիերի մենամարտ ու ճակատամարտեր: Այս նկարաշարերում մարդն իսպառ բացակա է, նրա ստվերն անգամ չի նկարված, բայց նա ներկա է նկարների «ենթատեքստում»՝ ողբերգության և՛ գործող անձինք, և՛ դերակատարները մենք ենք: (Այո՛, այրուձին՝ այրն է ու ձին, որոնցից առաջինը իր արվեստի հզորությամբ կարողանում է սանձել անսանձելին։- Ա.Հ.): Այստեղ գուցե ավելի, քան այլուր, Ռուբեն Ադալյանի նկարչությունը նվաճում է երևույթների խորհրդանշականության գագաթը, որը, պարզվում է, դրաման է, «ցավալի է» ասել՝ կնոջ մարմնի գեղեցկությունից առավել բարձր: Ըստ երևույթին, այդ «ցավը», թե ափսոսանքը նկարիչն էլ է զգում և երբեմն դիմում է կնոջ գեղեցկության և «ձիական» դրամայի համատեղություններին մեկ ու նույն կտավի շրջանակում՝ հավասարեցնելու իրեն թերևս հավասարաչափ հոգեհարազատ այս երկու գագաթները («Նիկե»), բայց այստեղ էլ, ի վերջո, թե՛ կանանց, թե՛ ձիերի պատկերներում հաղթում է դրաման, որովհետև սիմֆոնիկ կոմպոզիցիայում հնչեցվում է Հայոց ցեղասպանության ողբերգը՝ նրանց խմբերգային կատարմամբ: Կնոջ մարմինը և ձին ոչ միայն նպատակ են, այլև, գուցե ավելի, միջոց՝ արտահայտելու բնության ամենագեղեցիկ ու խորհրդավոր շարժումները»:


Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ