USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               

Ալեքսանդր Խատիսյան. «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (հատվածներ 1930 թ. հուշագրությունից)

Ալեքսանդր Խատիսյան. «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (հատվածներ 1930 թ. հուշագրությունից)
16.03.2018 | 02:59

Երբ մեր պատվիրակությունը Բաթումից վերադարձավ Թիֆլիս, Հայոց ազգային խորհուրդը անմիջապես ձեռնամուխ եղավ Հայաստանի կառավարության կազմավորմանը: Վարչապետության թեկնածուները երեքն էին, բայց մի շարք նկատառումներից ելնելով` որոշվեց ընտրել Հ. Քաջազնունուն: Մյուս երկու թեկնածուները` Կարճիկյանն ու ես, մտանք Քաջազնունու վարչակազմի մեջ, ես` որպես արտաքին գործոց, իսկ Կարճիկյանը որպես ելևմտից ու խնամատարության նախարար:


Քաջազնունու վարչակազմն ընդունվեց մեծ համակրանքով հայ հասարակության կողմից: Մասնավորապես, Քաջազնունին` հարգված լինելով մյուս կուսակցությունների կողմից, ընդունելի անձնավորություն էր բոլորի համար: Զոր. Կորգանովը, որ հրավիրվեց մտնել վարչակազմի մեջ որպես զինվորական նախարար, մերժեց ընդունել իրեն առաջարկված պաշտոնը և առաջարկեց զոր. Ախվերդովի թեկնածությունը: Վերջինս մտավ վարչակազմի մեջ: Անվերապահորեն նվիրված լինելով Հայաստանի անկախության գաղափարին, զորավարը, դժբախտաբար, հայերեն չգիտեր: Հայերեն չգիտեին նաև զոր. Սիլիկյանը և զոր. Նազարբեկյանը: Եվ սա անկասկած մեծ թերություն էր, որն արդեն անկարելի էր ուղղել:
Կառավարություն կազմելուց հետո, կուսակցություններն սկսեցին մտածել ժամանակավոր խորհրդարան ձևավորելու մասին:


Որոշվեց խորհրդարան կազմավորել այնպես, ինչպես կազմված էր Հայոց ազգային խորհուրդը, այսինքն` կուսակցությունների համաձայնությամբ և որոշ թվական համեմատությամբ: Քաջազնունին համաձայն չէր, որ թե վարչախումբը և թե խորհրդարանը ձևավորվեն Թիֆլիսում: Նա անհրաժեշտ էր համարում խնդիրը վերջնականապես լուծել Երևանում` կառավարության ու խորհրդարանի մեջ ներառելով Երևանի գործիչներին:
Մինչ տեղի կունենար կազմակերպչական այս աշխատանքը, թուրքական զորքերը Ղարաքիլիսայի վրայով անցան դեպի Դիլիջան ու Ղազախ, որտեղից պետք է շարժվեին Բաքու: Բաքվում կազմավորված էր տեղական մի իշխանություն, որը բաղկացած էր բոլշևիկներից, և որը չէր ուզում ճանաչել Բաթումի դաշնագիրը: Մյուս կողմից, Անդրանիկն ամրացել էր Զանգեզուրում և որոշել էր թույլ չտալ թուրքերին անցնել Ղարաբաղ: Այսպիսով, Բաթումի դաշնագիրը չէր լուծել Կովկասի բոլոր խնդիրները և նույնիսկ նոր թշնամության ու բախումների առիթներ էր տալիս: Ամենակարևոր խնդիրը Բաքվի գրավումն էր, որի դեմ թուրքերն ուղղեցին 15000-անոց զորք:


Բաթումի դաշնագրի կնքումից հետո դադարեցին զինվորական բախումները թուրքերի հետ Երևանի և Ալեքսանդրապոլի շրջանում:
Խալիլ փաշան` Միջագետքի ռազմաճակատի հրամանատարը, եկել էր Երևանի թրքական ճակատ` իր զորքերի վիճակը քննելու: Զոր. Նազարբեկյանը, իմանալով նրա գալու մասին, ցանկություն էր հայտնել այցելելու իր հակառակորդին, որին ջարդել էր պարսկական ճակատում, Դիլմանի մոտ: Լսելով զոր. Նազարբեկյանի այդ ցանկության մասին, Խալիլ փաշան խնդրել էր հաղորդել նրան. «Խալիլ փաշան երբեք թույլ չի տա, որ այն մարդը, որն իրեն մշտապես ջարդել է, առաջինը այցելի իրեն»: Եվ, իրավ, Խալիլ փաշան ինքը եկավ Երևան` Նազարբեկյանի մոտ, տեսակցություն ունենալով նաև Արամի հետ, որին անձամբ վաղուց ճանաչում էր: Մեհմեդ փաշային թողնելով Երևանում, որպես Թուրքիայի դեսպան, Խալիլ փաշան մեկնեց:
Թիֆլիսի ու Երևանի միջև կապը շատ վատ էր: Թուրքերը գրավել էին երկաթուղագիծը, և նրանցից անցնելու թույլտվություն ստանալը շատ դժվար էր: Հեռագիրը փչացած էր ու չէր գործում, երկաթուղին էլ գրեթե կանգ առած էր: Մինչև Քաջազնունու վարչակազմի Երևան գալը, որ տեղի ունեցավ օգոստոսին, Հայաստանը կառավարվում էր Երևանի Ազգային խորհրդի և բանակի կողմից:


Բեռլին ուղարկված մեր պատվիրակությունը` դոկտ. Համո Օհանջանյանի և Արշակ Զոհրաբյանի մասնակցությամբ, հաջողել էր որոշ նպաստավոր տրամադրություն ստեղծել գերման կառավարության մոտ: Այդ ջանքերի հետևանքով էր, որ հունիսի 25-ին Պոլսում նշանակվեց խորհրդաժողով, որին պիտի մասնակցեին կենտրոնական Եվրոպայի բոլոր պետությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան և Բուլղարիան, և որին հրավիրված էին նաև Անդրկովկասի հանրապետությունները: Ֆոն Կրեսը այդ մասին պաշտոնապես հաղորդեց Հայոց ազգային խորհրդի նախագահ Ա. Ահարոնյանին, խնդրելով անհրաժեշտ կարգադրություններ անել խորհրդաժողովին մասնակցելու համար: Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Հայոց ազգային խորհրդի նիստը, մասնակցությամբ Քաջազնունու վարչակազմի անդամների: Հեռագիրը նպաստավոր տրամադրություն առաջացրեց. ընդհանուր կարծիքն այն էր, թե Գերմանիան ուզում էր վերանայել Բաթումի դաշնագիրը և այն փոխել` համաձայն Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանների: Պոլիս մեկնելու համար ընտրվեց պատվիրակություն` հանձին Ա. Ահարոնյանի, Մ. Պապաջանյանի և ինձ: Մեզ հրահանգված էր ամեն ջանք թափել ընդարձակելու Հայաստանի սահմանները: Մեզ հետ որպես զինվորական խորհրդական վերցրինք զոր. Կորգանյանին և երկու քարտուղարների, հունիսի 14-ին վրաց պատվիրակության հետ մեկնեցինք Բաթում, որտեղից հաջորդ օրը գերմանական «Գեներալ» նավով ուղևորվեցինք Պոլիս:

Իմ առաջին տպավորությունները Երևանից ծայրաստիճան ճնշող էին` ձմեռ, ձյուն, ցուրտ, փողոցների ցեխ, քաղցածների բազմություն հրապարակներում, մեռնող գաղթականներ փողոցների անկյուններում ու պատերի տակ, մթերքների սպառնալից բացակայություն, ճամփաները փակված են և ամեն տեսակ արգելքներ են հարուցվում Հայաստանի ժողովրդին պարեն հասցնելու համար: Քաղաքը կիսով չափ ավերակ էր, ձեռնհաս պաշտոնյաներ մատների վրա կարելի էր հաշվել, իսկ 7 կիլոմետրի վրա թրքական զորքերն էին: Բառի բուն իմաստով մենք աշխատում էինք գիշեր-ցերեկ:
Զինադադարից հետո մեր պատվիրակության զեկուցումը Պոլսի բանակցությունների մասին, անշուշտ, կորցրել էր իր արժեքը, այժմ բոլորի հայացքներն ուղղված էին դեպի Փարիզ: Հաշտության վեհաժողովին նոր պատվիրակության ընտրությունը մեզնից շատ ժամանակ չպահանջեց: Մեր կուսակցությունը կանգ առավ Ա. Ահարոնյանի, իսկ Ժողովրդական կուսակցությունը` Մ. Պապաջանյանի վրա: Պատվիրակության երրորդ անդամ նշանակվեց դոկտ. Համո Օհանջանյանը, որն արդեն արտասահմանում էր: Հարց կար Արամին և ինձ որպես պատվիրակ ուղարկելու, բայց Քաջազնունու պնդումով, թե մեր ներկայությունն անհրաժեշտ է Հայաստանում, մեր թեկնածության խնդիրը մեջտեղից դուրս եկավ:
Ընտրված պատվիրակությանը հրահանգ տրվեց պահանջել թրքահայկական հողերը և ելք դեպի ծով, առանց սակայն նշելու այդ ելքի վայրը: Կիլիկիայի մասին խոսք անգամ չկար: Պատվիրակությանը հրահանգվեց համերաշխաբար գործել Պողոս Նուբար փաշայի հետ, եթե պետք լինի` նրան հանձնել նախագահությունը, իսկ Ահարոնյանին` փոխնախագահությունը:
Այսպիսի հրահանգներով պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին մեկնեց Երևանից: Հիշում եմ, որ քաղաքական ու հողային պահանջների տեսակետից ամենաչափավորներն էին Ռուբեն Տեր-Մինասյանը և Քաջազնունին: Քաջազնունին նույնիսկ համարում էր, որ դեպի ծով ելք էլ չպետք է պահանջել:


Երբ թուրքերը հեռացան, ավելի ևս սաստկացավ սովի տագնապը, որովհետև նրանք իրենց հետ տարան մեր հացի պաշարները: Գաղթականները կրկնապատկել էին Հայաստանի բնակչության թիվը: Տիֆի համաճարակը հարյուրավոր զոհեր էր տանում, առավոտները Երևանի փողոցներում տասնյակներով, իսկ հետո նաև հարյուրավոր դիակներ էին հայտնվում, ժամանակ չէր լինում հավաքելու այդ դիակները: Տիֆից հիվանդացան ու մեռան ներքին գործերի նախարար Արամը, պետական վերահսկիչ Մինաս Բերբերյանը և Հայաստանի առողջապահական տեսուչ դոկտ. Անդրեասյանը: Տիֆը դարձավ ժողովրդական մի ահռելի աղետ:
Արամի մահից հետո ներքին գործոց նախարարությունն ինձ հանձնվեց, թեպետ Կարճիկյանի սպանությունից հետո ելևմտական նախարարությունն էլ էր ինձ տրվել, բացի խնամակալությունից:
Ոչ ոք չի կարող ասել, թե 1918 և 1919 թթ. աշնանն ու ձմռանը Հայաստանում որքան մարդ մեռավ սովից ու տիֆից, բայց իրականությունից բնավ հեռու չի լինի, եթե ասեմ, որ մեր կորուստը այդ ամիսներին 150000-ից պակաս չէր:


Տիֆը, բնականաբար, չէր կարող կանգնեցնել մեր պետական կյանքի ընթացքը: Դրոն հայկական զորքերի գլուխն անցած` դեկտեմբերի 6-ին մտավ Ալեքսանդրապոլ, որ մաքրված էր թուրքերից: Մենք ձգտում էինք օր առաջ մտնել նաև Կարս և պահանջում էինք, որ թուրքերն անհապաղ թողնեն Կարսը, բայց մեր ճիգերն ապարդյուն անցան: Հաց ստանալու համար ռադիոյով շարունակ կոչեր էինք ուղղում Եվրոպային, սակայն ապարդյուն: Վրաստանն ամեն կերպ դժվարություններ էր հարուցում Թիֆլիս-Ղարաքիլիսա գծի վրա: Օգտվելով մեր նեղ և ուժասպառ վիճակից, մեր դրացիներն ուզում էին ի նպաստ իրենց լուծել հողային վեճերը, գրավելով Բորչալուի և Ախալքալաքի գավառները: Այսպիսով ստեղծվեց այն մթնոլորտը, որից ծնվեց հայ-վրացական պատերազմը:


Այդ պատերազմի անմիջական առիթները երկուսն էին` ա) Հայաստանն ուզում էր ազատ ելք ունենալ դեպի Բաթում և բ) իրեն կցել Լոռվա և Ախալքալաքի զուտ հայկական գավառները, որոնց վրա Վրաստանը դրել էր իր ձեռքը: Հաղորդակցության անտանելի դժվարություններ հարուցելով` Վրաստանը ձգտում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի մենք իրեն զիջումներ անենք հողային վեճերի մեջ: Հարկ եմ համարում այս պարագաները շեշտելու, որովհետև ոմանք տարբեր պատճառներ են փնտրում հայ-վրացական պատերազմի բռնկման մեջ, ասելով, թե վճռական դեր են կատարել Հայաստանում գտնվող ռուս սպաների հակավրացական սադրանքները և Դրոյի ռազմատենչ խմբակցությունը:
1918 թ. դեկտեմբերի երկրորդ կեսն ամբողջովին անցավ այդ բախումների մեջ: Հենց որ Դաշնակիցների հաղթանակը որոշապես երևան եկավ Կովկասում, Վրաստանի կառավարությունը, որ ավելի լավ և անմիջական հեռագրական հաղորդակցություն ուներ Եվրոպայի հետ և զերծ էր սովից, համաճարակից ու թուրքերից, ավելի ընդարձակ կերպով կարողացավ նվիրվել դիվանագիտական աշխատանքների: Այդ ժամանակ Հայաստանի միջազգային վարկը բավական բարձր էր: Վրացիներն ըմբռնում էին դա և ցանկանում էին իրենց գործը սերտորեն կապել Հայկական դատի հետ, որ վաղուց մեծ ժողովրդականություն էր վայելում Եվրոպայում: Հայերն էլ գիտակցում էին իրենց դատի միջազգային կշիռը և մեծ հույսեր էին կապում դրա հետ: Սակայն այդ ժամանակ հայերը որոշապես զգացին, որ իրականում միայն Ռուսահայաստանն է, որ հայ բնակչություն ունի, իսկ Թրքահայաստանը` զրկված հայությունից և առհասարակ բնակչությունից, լոկ միջազգային մրցակցության առարկա է: Այսպիսի պայմանների մեջ էր, որ պահանջ դրվեց միացնելու ժողովուրդ ունեցող Ռուսահայաստանը դատարկված Թրքահայաստանի հետ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ