Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կան նյութեր, որ պահվում են էմինյան պահոցում, նաև Չարենցի ժառանգների մոտ»

«Կան նյութեր, որ պահվում են  էմինյան պահոցում, նաև Չարենցի ժառանգների մոտ»
16.03.2018 | 03:39

Եղիշե Չարենցի նորահայտ անտիպ ժառանգությունն ամփոփող «Գիրք մնացորդացը» ընթերցողի սեղանին է: Գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ աշխատասիրությամբ (ինքնագրերի վերծանում, համակարգում, ծանոթագրություններ, մեկնաբանություններ, բնագրային տարբերություններ, առաջաբան, վերջաբան, տարեգրություն) կազմված այս ժողովածուն լույս էր ընծայվել դեռևս 2012-ին՝ պետական պատվերով, սակայն գրականագետի բնորոշմամբ, հակագիտական, հակագրական դժգոհությունների արդյունքում հայտնվել էր փակի տակ:

«ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է, ՔԻՉ ՉԷ, ՍԱԿԱՅՆ ԻՆՉ ՏՊԱԳՐՎԵԼ Է, ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋԸ ՉԷ»


Հինգ տարվա անարդյունք պայքարից հետո Դավիթ Գասպարյանը վճռել է հրատարակել գիրքը: Նրա խոսքով՝ ընթերցողի սեղանին նույն գրքի նոր տարբերակն է՝ վերանայված, համալրված. «Վերջին տարիներին Չարենցի կյանքի ու ստեղծագործության բազմաթիվ փակ էջեր բացահայտվեցին: Տպագրվել է անտիպների 3 գիրք՝ «Անտիպ և չհավաքված երկեր», «Նորահայտ էջեր»: «Գիրք մնացորդացում», բացի պոեմներից ու բանաստեղծություններից, նաև կենսագրական էջեր ու փաստաթղթեր կան»։ Ամեն պատառիկը մի նորություն է: Այն, ինչ պահպանվել է, քիչ չէ, սակայն, ինչ տպագրվել է, դեռևս ամբողջը չէ: 2008-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին (ԳԱԹ) վաճառվել է Գևորգ Էմինի մոտ պահվող Չարենցի ժառանգության մի հատվածը: Անպայման կան նյութեր, որ պահվում են նախ՝ էմինյան պահոցում, նաև Չարենցի ժառանգների մոտ: Երբ Չարենցի մեծ դստերը՝ Արփիկին, ասում էի, որ պետք է հավաքել-տպագրել ինչ կա, նա ասում էր՝ դեռ թող մնան: Նրա ասածից ենթադրելի է, որ էլի նյութեր կան»:


Գրականագետը նկատում է նաև, որ չարենցյան ժառանգությունը միայն այդ նյութերով չի սահմանափակվում. Չարենցը մեկ գործի համար երբեմն 10-15 տարբերակ է գրել, այս տեսակետից, «Գիրք մնացորդացի» մեջ ամբողջական ներկայացված է «Դոֆին նաիրական» շարքը («դոֆին» ֆրանսերեն նշանակում է արքայազն, դոֆինը նաիրական Աղասի Խանջյանն է): Կա հիմնական՝ մայր տարբերակ, կան տվյալ սոնետի երեք-չորս մաքրագիր տարբերակներ ու սևագրություններ: Հարակից գործերում մեկ բառ է փոխել, մեկ երանգ: Ամբողջությամբ 90 տոկոսով նույնն են: Պետք է կարողանալ ընտրել:

«ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»


Չարենցի վերջին՝ «Գիրք ճանապարհին» ժողովածուն պետք է լույս տեսներ 1933 թվականին, թարգմանում են, հասնում է Ստալինին, և գրքի տպագրությունը կասեցվում է: Դավիթ Գասպարյանը նշեց, որ շեշտադրվել է «Աքիլլես և Պիերո» ինտերմեդիան (միջնարար), որտեղ Չարենցը քննում էր Ստալին-Տրոցկի հակամարտությունը. «Ընդ որում՝ անունները, միջավայրը պայմանական են, մինչև ինքը չհուշեր, կողմնակի աչքը գլխի չէր ընկնի: Իսկ հանճարները միշտ էլ միամիտ են, «Պատգամ» բանաստեղծության գաղտնիքն էլ, եթե ինքը չասեր, ոչ ոք չէր իմանա: Վերջին գրքի առիթով զեկուցում են Ստալինին, որից հետո ԽՍՀՄ «Գլավլիտի» միջոցով պատասխան է գալիս՝ հայտնեք ընկեր Չարենցին, որ «Աքիլլես և Պիերո» ինտերմեդիան, որպես գեղարվեստական ստեղծագործություն, վատը չէ, բայց առայժմ թող ձեռնպահ մնա այն տպագրելուց: «Աքիլլես և Պիերոն» հանվում է, լրացվում այլ գործերով, ու գիրքը հրատարակվում է: Անտիպ ժառանգությունը և կյանքի մնացած էջերը հաջորդում են սրան»:
1935-ին, ՀԽՍՀ 15-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունում է Հայաստանի աշխատավորության պատվիրակությանը, որի կազմում գրողներից ներկա էին Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը և Վախթանգ Անանյանը։ Ստալինը Զորյանին հարցնում է՝ ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը։ Զորյանն ասում է՝ ոչինչ: Ստալինն ասում է՝ նրան, կարծես, նեղացնում են։ Զորյանը պատասխանում է՝ նա այժմ իրեն հրաշալի է զգում։ Դավիթ Գասպարյանը եզրահանգում է՝ Ստալինը հիշում էր «Աքիլլես և Պիերո»-ի հեղինակին:

«ՍԱՆՁԵԼ Է ՈԻԶՈՒՄ ՀՈՂՄԵՐԻՆ ԱՅՍ ՈՂՈՐՄԵԼԻՆ»


«35-ին Չարենցի դեմ սկսվում են ոտնձգությունները: Կանչում էին, հարցաքննում: Բանաստեղծություններից մեկում Չարենցը գրում է, որ առաջ բանաստեղծությունների վերևը վերնագրեր էր դնում, հիմա վերնագրերը փոխարինվել են թվերով, ինչպես խաչն առաջ մահ նշանակող»,- ասում է Դավիթ Գասպարյանը, պարզաբանելով, որ երբ նրան կանչում էին հարցաքննությունների, այդ օրերին գրած ստեղծագործությունները վերնագրում էր հարցաքննությունների օրերով: Ծննդյան նախօրյակին՝ մարտի ութին, Չարենցին հեռացնում են հրատարակչությունից, նույն օրը գրում է կենտկոմ, որ իրեն ազատեն նաև գրողների միությունից: «Նրա նամակին տալիս են խիստ քաղաքական բովանդակություն, քննում են, ՀԳՄ երկու նիստ է հրավիրվում, մեկը՝ մարտի 11-ին, մյուսը՝ մարտի 13-ին՝ գրողի ծննդյան օրը, և որոշում են Չարենցին հեռացնել գրողների միությունից: Այս ընթացքում Չարենցը գրում է իր բուռն զայրալի էպիգրամները, «Ալազանն ու Քսպեն ուզում են Չարենցին զսպեն», «Սաստել է ուզում հողմերին այս ողորմելին»,- ասում է գրականագետը, նկարագրելով նաև գրողի ձերբակալման տեսարանը:


1937-ի հուլիսի 27-ին Չարենցը ձերբակալվում է: Երբ գալիս են Չարենցի հետևից, բանաստեղծը ձեռքից հանում է ժամացույցը, դնում սեղանին, կնոջն ասում է՝ ուզում եմ երեխաներին համբուրել, նոր գնալ: Կինը պատասխանում է՝ դա վատ նշան է, կվերադառնաս, նոր կհամբուրես: Չարենցը ակնդետ նայում է կնոջ աչքերին, ասես աչքերով խոսում է: Երբ արդեն տան պատշգամբից կինը տեսնում է, թե ինչպես են բանաստեղծի ձեռքերը ոլորելով նստեցնում մեքենան, նոր է միայն հասկանում, թե ինչ է իրականում կատարվում: Չարենցի կնոջը՝ Իզաբելլա Չարենցին, հորդորում են նամակ գրել ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանին, խնդրել՝ հաշվի առնելով ամուսնու առողջական ծանր վիճակը՝ ազատել բանտից: Նամակը ոչ միայն դրական պատասխան չի ստանում, այլև առիթ է դառնում ձերբակալելու Իզաբելլա Չարենցին՝ որպես ժողովրդի թշնամու կնոջ, որը գիտեր՝ իր հակախորհրդային ամուսինն ինչ գաղափարներ է ունեցել ու չի հայտնել: Աքսորում են 5 տարով, դառնում է 20, 30 տարի:


Գրականագետն ընդգծում է, որ նախաքննությամբ Չարենցին մեղադրում էին այնպիսի հոդվածով, որով Բակունցին գնդակահարեցին, ապա անդրադառնում է մեկ այլ դրվագի. «Խանջյանի ղեկավարության տարիներին նախատեսված էր Չարենցին ուղարկել արտասահման՝ Փարիզ կամ Բեռլին, բուժվելու, թղթերը պատրաստ էին, Բերիայի ստորագրությունն էլ կա թղթերի վրա՝ կապույտ թանաքով, անգամ տարադրամի չափն էր նշված: Խանջյանի սպանությունից հետո այդ հարցը օրակարգից դուրս եկավ: Դիահերձարանի արձանագրությունից երևում է, որ նա երկար կյանք չէր ունենա»:
Չարենցը մահանում է բանտում՝ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան 7.30-ին: Դիահերձումն արվում է հաջորդ օրը, գրողի մարմինը հողին են հանձնում գիշերով՝ անհայտ մի վայրում:

ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒՆ ԴԵՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ


Դավիթ Գասպարյանը վստահեցնում է, որ Չարենցին թաղել են Էջմիածին տանող ճանապարհին՝ նախկին ներքին գործերի պանսիոնատի բակում (ներկայիս ռազմական ոստիկանության ակադեմիա չհասած): Կան հիմնավոր վկայություններ: Փորձել են քանդել տարածքը, նյութեղեն ապացույց գտնել, բայց կասեցրել են, քանի որ Չարենցի գերեզմանը հայտնաբերելու որոնումներին դեմ են եղել հարազատները: Գուցե նրանք շատ ավելին գիտեն: Պատճառը հստակ չէ: Գրականագետը հարցրել է այդ մասին, բայց պատասխան չի ստացել:

«ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ»


Անդրադառնալով «Գիրք մնացորդաց» ժողովածուին, նշենք, որ գիրքը վաճառվում է «Բուկինիստ» և «Նոյյան տապան» գրախանութներում: Տպաքանակը սահմանափակ է:
Գիրքը բացվում է Դավիթ Գասպարյանի «Չարենցի ձեռագրերի և հարակից խնդիրների մասին» մուտքի ծավալուն խոսքով: Ժողովածուն բաղկացած է «Պոեմներ», «Բանաստեղծություններ», «Պաշտոնական գրություններ», «Զանազան գրություններ», «Նամակներ, հեռագրեր», «Մակագրություններ, ընծայագրեր», «Պատառիկներ», «Թարգմանություններ», «Կենսագրական վավերագրեր», «Ծանոթագրություններ», «Մեկնաբանություններ», «Բնագրային տարբերություններ» բաժիններից, որոնց հաջորդում է կազմողի «Անհատականություն և ստեղծագործական ազատություն» ուսումնասիրությունը: Գիրքը փակվում է Չարենցի կյանքի ու ստեղծագործության համառոտ տարեգրությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ