Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երազում եմ դառնալ սիրված դերասանուհի»

«Երազում եմ դառնալ սիրված դերասանուհի»
16.03.2018 | 03:44

«Իրատեսի» հյուրը Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր» ֆիլմի գլխավոր հերոսուհիներից ՕՖԵԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է:


Զրուցել ենք «Արթնացիր»-ի, ինչպես նաև Օֆելյայի առաջիկա ծրագրերի մասին:
-Շատերն են փոքր հասակում ուզում դերասան դառնալ, բայց քչերն են այդ ուղին ընտրում: Ինքդ ինչպե՞ս զգացիր, որ դա է քո ուղին: Եվ ինչու՞ դերասանական վարպետության դասեր ստացար «Stage 7» դերասանական ստուդիայում։
-Վաղ տարիքից երազում էի նկարահանվել որևէ ֆիլմում` լինի կարճամետրաժ, թե լիամետրաժ: Ծանոթացա «Stage 7»-ին և ցանկություն ունեցա հաճախելու դասընթացներին: «Stage 7»-ում ստացած վարպետության դասերի շնորհիվ է, որ ես կարողանում եմ նկարահանվել ֆիլմում: «Արթնացիր»-ն իմ առաջին մեծ փորձն էր:
-Դերասանի մասնագիտությունն ի՞նչ է պահանջում՝ տաղա՞նդ, աշխատասիրությու՞ն, ինքնատիպ արտաքի՞ն:
-Առաջին հերթին` տաղանդ, որ պետք է զարգացնել աշխատասիրությամբ:
-Ի՞նչ զգացողություն ունեիր «Արթնացիր» ֆիլմի պրեմիերային:
-Առաջին անգամ դիտելով ոչինչ չընկալեցի, հուզմունք կար, աշխատում էի իմ հատվածները գրեթե չդիտել, երկրորդ անգամ դիտելով` սկսեցի վերլուծել, գնահատել աշխատանքիս լավ ու վատ կողմերը:
-Սա քո առաջի՞ն կերպարն էր որպես գլխավոր հերոսուհի։
-Մինչ «Արթնացիր»-ը փոքր դեր եմ ունեցել կարճամետրաժ ֆիլմում:
-Ո՞վ է քո առաջին դատավորը, որ կասի` լավ է կամ վատ, ու դու սպասում ես նրա խոսքին:
-Առաջնային են ընկեր Տիգրանի խոսքը, դիտողությունները, քանի որ նրա սանն եմ, նաև` հարազատներիս:
-Ի՞նչ դժվարություններ ես հաղթահարել ֆիլմը նկարահանելիս:
-Ֆիլմը նկարահանվել է ամռանը և ձմռանը: Հիմնական դժվարությունը ձմռան ցուրտն էր, քանի որ ինքս շատ մրսկան եմ: Վստահ եմ, որ հետագա ֆիլմերում ավելի հմտորեն կաշխատեմ` անկախ եղանակային պայմաններից:
-Հե՞շտ էր աշխատանքը ռեժիսորի, ստեղծագործական խմբի հետ։
-Սկզբում դժվար էր, քանի որ միմյանց ծանոթ չէինք, սակայն մի քանի օր անց աշխատանքը նրանց հետ ընթանում էր հարթ ու հրաշալի:
-Կա՞ն կինոյում նկարահանվելու առաջարկներ:
-Դեռ չկան որոշակի հրավերներ, բայց շատերը դիմել են ֆիլմի հետ կապված տարբեր հարցերով:
-Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում։
-Պարի դասեր եմ ստանում «Վերածնունդ» պարային համույթում, պատրաստվում եմ մրցույթների: Առաջնային եմ համարում լավ առաջադիմությամբ դպրոցն ավարտելը:
-Թատրո՞նն ես սիրում, թե՞ կինոն: Քեզ հետագայում ո՞ր հարթակում ավելի շատ կտեսնենք:
-Սիրում եմ թատրոնը, այն ավելի փորձառու է դարձնում դերասանին: Բեմում խաղում ես մեկ անգամ` մեկ հնարավորությամբ, իսկ ֆիլմում ունես բազմաթիվ հնարավորություններ` կադրը նորից ու նորից փորձելու համար: Ժամանակը ցույց կտա, թե որ հարթակում կլինեմ:
-Երազանքներ, որոնց դեռ պետք է հասնես:
-Երազում եմ դառնալ սիրված դերասանուհի, նաև` լավ պարուհի:


Ճեպազրույցը`
Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4461

Մեկնաբանություններ