Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեր բաժին խաչը

Մեր բաժին խաչը
16.03.2018 | 03:47

«Բարսելոն», «Բավարիա», «Ռեալ», «Մանչեստր Սիթի», «Յուվենտուս», «Լիվերպուլ», «Ռոմա», «Սևիլիա»՝ ահա այն լավագույն ութնյակը, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունքը, իսկ թե այդ փուլում որը որին մրցակից կլինի, պատասխան կտա այսօր Շվեյցարիայում կայանալիք վիճակահանությունը: Բոլոր դեպքերում, իրավիճակն այնպիսին է, որ գրանդ ակումբներից առնվազն երկուսն իրար բախվելու դժբախտությունը կունենան:

ԽՈՐՏԱԿՎԱԾ ԱՄԲԻՑԻԱՆԵՐ
Չնայած Անդալուզիայում արձանագրված ոչ-ոքիին (0:0)՝ «Մանչեստր Յունայթեդի» համար «Սևիլիան» պիտի որ լուրջ մրցակից չլիներ, այն էլ «Օլդ Տրաֆորդում»: Ասել է թե` Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդը միայն մղձավանջային պատկերացումներում կարող էր լինել անգլիական ակումբի հնարավորությունների սահմանը: Հասկանալի է, որ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերում նման բան չէր կարող լինել, իսկ կոնկրետ տվյալ խաղի համար կար ներքին առաջնությունից «Լիվերպուլի» հետ ունեցած խաղի փորձը. այն է՝ «Յունայթեդը» հնարավորինս արագ կտցահարում է իսպանացիներին (հնարավոր անակնկալներից խուսափելու համար՝ ցանկալի է երկու անգամ) ու անցնում խաղը «մեռցնելուն», որը պորտուգալացու գլխավորած թիմերի պարագայում ունի լավ էլ հստակ բնութագրում՝ անցում հակաֆուտբոլի:


Մոուրինյոյի հղացմամբ սա խաղի պլանավորված մասն էր, մինչդեռ ի՞նչ եղավ:
Եղավ այն, որ ավարտին գլորվող խաղի հենքի վրա ոչ-ոքի հաշիվն անհամորեն երկարեց, իսկ նման պարագայում իսպանացիների կազմակերպած ցանկացած պատահական գրոհ կարող էր արդյունավետ լուծում ստանալ ու… մնաս բարով, Չեմպիոնների լիգա, մնաս բարով, Ժոզե Մոուրինյոյի չբարձրաձայնվող, սակայն հոգու խորքում լավ էլ փայփայվող տիտղոսներից ևս մեկը, որը նրա ձեռքին կլիներ զորեղ հակակշիռ ներքին առաջնությունում չեմպիոնական մրցավազքը ձախողելու համար:


Որքան էլ քմահաճ պորտուգալացու համար ցանկալի չլիներ Պոգբայի մասնակցությունն օրվա հանդիպմանը (ասում են՝ նրանց հարաբերությունները չափազանց լարված են, և դրա «հոտն» առել են «արքայականում», որը ֆրանսիացուն արդեն իսկ տեսնում է իր կազմում), ֆուտբոլիստը խաղադաշտ հանվեց ու հանվեց մեկի փոխարեն՝ տվյալ պարագայում Ֆելաինիի, որը գրոհ կազմակերպելուց զատ նաև գրոհ կազմաքանդել գիտի, մի բան, որ Պոգբայի ուժեղ կողմերից չէ:


Իր պատասխան քայլով չհապաղեց և Մոնտելան, որը թեև Մոուրինյոյի տակտիկական գիտելիքների ահռելի պաշարը չունի, սակայն մեջը նստած է գոլի ծարավով տառապող նախկին ֆուտբոլիստը: Վիսամ Բեն Իեդերը միանգամայն արդարացրեց իտալացու հույսերը: Խաղադաշտ մտնելուց երկու րոպե անց նա հեղինակեց գոլ, նույնն արեց ևս չորս րոպե անց: 2:0-ն մահ էր Մոուրինյոյի համար, որի մեջ հույսի շող արթնացավ այն բանից հետո, երբ Լուկակուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն դա անգլիացիների կարողացած միակ բանն էր այդ երեկո, ինչը նշանակեց, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունն ավարտված է նրանց համար:
Երեքշաբթի երեկոյան ահա այսպիսի տխուր Ժոզե Մոուրինյո տեսանք և ունեցանք «Օլդ Տրաֆորդում», որը, ինչ խոսք, պարտության ողջ պատասխանատվությունը կվերցնի իր վրա, իսկ մեկ-երկու օր անց աննկատելիորեն այդ պարտության մեղքը կփռի ֆուտբոլիստների ուսերին, կսկսի նրանց քարկոծումը, ինչպես, զորօրինակ, եղավ մեր Հենրիխ Մխիթարյանի հետ: Ծանոթ ձեռագիր է, սակայն թե ինչու ուշադիր չի ընթերցվում, երևի այն պարզ պատճառով, որ ոմն Մեկը կամ Ոմանք դրանում ունեն իրենց շահը:


ՈՉ ՄԻ ԴԻՊՈՒԿ ՀԱՐՎԱԾ


Սեփական հարկի տակ Դոնեցկի «Շախտյորը» իտալական «գայլերի» հետ վարվել էր ճիշտ այնպես, ինչպես խմբայինում վարվել էր «Մանչեստր Սիթիի» ու «Նապոլիի» հետ՝ հաղթելով նույն 2:1 հաշվով: Պատասխան խաղից առաջ սա հրաշալի մեկնարկային հարթակ էր, լուծելիք խնդիրը մնում էր լոկ այն, որ պետք չէր կրկնել վերոհիշյալ «Մանչեստր Սիթիի» ու «Նապոլիի» հետ պատասխան հանդիպումների արդյունքները, իսկ դրանք, ինչպես հայտնի է, ավարտվել էին ուկրաինացի ֆուտբոլիստների պարտությամբ:
Ի ցավ երկրպագուների, «Շախտյորն» այստեղ էլ հավատարիմ մնաց «սկզբունքներին»՝ զիջեց «Ռոմային» ու վերածվեց հանդիսատեսի: Սկզբունքորեն դժվար չէ նկատել, որ ողջ հանդիպման ընթացքում, խոշոր հաշվով, ընդամենը մեկ վրիպում է թույլ տվել թիմը, սակայն հենց այդ մեկն էլ եղել է ճակատագրական: Սակայն նույն «սկզբունքորեն»-ով չի կարելի չնկատել, որ ամբողջ խաղի ընթացքում ուկրաինացիները ոչ մի դիպուկ հարված չեն կատարել դեպի մրցակցի դարպասը, իսկ նման վիճակագրությամբ ու խաղով եթե հնարավոր է միավոր վաստակել, միանգամայն անհնար է հաղթանակի հասնել:

ԱՍՏՎԱԾ, ՊԱՀՊԱՆԻՐ ԱՐՔԱՅԻՆ


Ինչպես հայտնի է, կողմերի լոնդոնյան դիմակայությունն այդպես էլ չորոշեց հաղթողին (փոխանակել են մեկական գոլ), ուստի ուժեղագույնին որոշելը վիճակված էր բարսելոնյան հանդիպմանը, թեև ֆավորիտը միանշանակ կար ու մնում էր կատալոնյան ակումբը:
Հայտնի է, որ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, սակայն ոչ ոք չի կարող ժխտել դրանում լիդերին վերապահված դերը: Ինչպես Լոնդոնում, այնպես էլ Բարսելոնում «ազնվականներն» ունեին Լեո Մեսիին մեկուսացնելու խնդիր: Խոստովանենք՝ Անգլիայում «Չելսին» գրեթե ամբողջությամբ չեզոքացրեց արգենտինացուն, սակայն դրվագներից մեկում բավական եղավ մեկ ակնթարթի ուշացում, ու Արքան արեց իր գործը: Բարսելոնյան դիմակայությունում «Չելսիի» համար Մեսիին չեզոքացնելն անհամեմատ բարդ եղավ, իսկ եթե խոսենք կինոյի լեզվով, դրանցից մեկի վերնագիրն առավել քան բնութագրական է եղածին՝ «Առաքելությունն անիրականանալի է»:
Եթե նայում ենք վիճակագրությանը, մինչ այս Չեմպիոնների լիգան «ազնվականների» թիմը Լիոնել Մեսիի կոկորդում մնացած ոսկրի պես բան էր՝ արգենտինացին չէր կարողանում գտնել լոնդոնյան թիմի դարպասը, որքան էլ նրա պարագայում զավեշտի պես է հնչում «չէր կարողանում» արտահայտությունը: Այժմ այդ անպատեհությունն էլ վերացավ:
Առաջին հանդիպման գոլին երկրորդում հետևեցին միանգամից երկուսը (երկուսն էլ, որ ավելի քան անպատվաբեր է յուրաքանչյուր դարպասապահի համար, Մեսին խփել է Կուրտուայի ոտքերի արանքով) ու գոլային գերազանց փոխանցումը:


Այսքանից ետքը, թեպետ հպանցիկ, այդուհանդերձ անցնենք մի հիշատակման, որն անմնացորդ սիրո դրսևորման խտացված արտահայտություն է: Հանդիպման սկզբից ևեթ «Կամպ Նոուում» մարզասերը պարզել էր հսկա ձգապաստառ, որի վրա փաստվել էր ֆուտբոլի կախարդի երախտապարտ երկրպագուի սրտի խոսքն առ Մեծագույնը՝ «Աստված, պահպանիր Արքային»:
Պատասխան խաղի առնչությամբ մանրամասների մեջ չխորանանք, բավարարվենք ընդամենը երկու բնութագրականով՝ գեղեցիկ էր ու դիտարժան։ Հավելենք նաև` միանգամայն արդարացիորեն հավուր պատշաճը պիտի մատուցել «Չելսին»: Թիմը դիմադրեց ճիշտ այնքան, որքան կարող էր, սակայն նրա դժբախտությունն այն էր, որ մրցակիցը «Բարսելոնն» էր:

ԻՄԸ ՈՐՆ Է, ՔՈՆԸ՝ ՈՐԸ


Նկատի ունենալով նաև պատասխան հանդիպման արդյունքը, ի պատասխան թուրքական կողմի սպասումների, ենթավերնագրի տոնայնությամբ կարող էր հնչել Մյունխենի «Բավարիայի» այցը Ստամբուլ, թեպետ, մյուս կողմից էլ, ինչ սպասման մասին կարող է խոսք լինել 0։5 հաշվով պարտությունից հետո: Թուրքական թիմի պարագայում իրավիճակը քիչ թե շատ փրկող միակ բանն այն կլիներ, որ բավարացիները չարժևորեին պատասխան հանդիպումն ու դաշտ դուրս գային գործն արդեն իսկ վերջին հասցրածի հոգեբանությամբ՝ դրանով իսկ «Բեշիկթաշին» քիչ թե շատ թպրտալու հնարավորություն տալով:
Կարող էին: Սակայն չարեցին:
Չարեցին, որովհետև սեփական քաշի ու կշռի զգացողությունը երբեք ու երբեք չի կարող լքել մեծանուն թիմին, քանզի նրա համար սեփական պատվի զգացողությունը բարձրագույն հասկացությունների դասից է: Իսկ հանդիպումն այդ ավարտվել է 3:1 հաշվով: «Բավարիան», այդուհանդերձ, սեփական դարպասը մեկ գոլ ընդունելու ներողամտություն ունեցել է:
Ինչ վերաբերում է մարզադաշտ եկած ավելի քան 75 հազար հանդիսատեսներին, նրանք հո չէի՞ն եկել բավարական թիմի ճզմվելը տեսնելու, քանզի մարդը որքան էլ սրագլուխ ու բութ լինի, այնուամենայնիվ, ճշմարտության որոշակի զգացողություն եթե պարտավորված էլ չլինի ունենալու, գոնե բնազդային մակարդակում կկարողանա դա ընկալել: Այնպես որ եկել էին բավարական հրաշք թիմը տեսնելու ու հպարտ պիտի լինեն նրանով, որ գոնե այն մակարդակի թիմ ունեն, որ կարող է նման մեծությամբ ակումբի թիմերի մրցակից դառնալ, ինչից, ցավոք, անդառնալիորեն զրկված է հայ ֆուտբոլասերը, քանի դեռ ֆուտբոլային տնտեսության գլխին կանգնած են ֆուտբոլային նման վայ-մենեջերներ: Ինչ արած, սա էլ մեր բաժին խաչն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ