Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից

Թուրքիային պետք է հեռացնել ՆԱՏՕ-ից
16.03.2018 | 04:08

Միջազգային դիվանագիտության ու անվտանգության հարցերով փորձագետ
Ադրիան Դեզյուեն Le Figaro-ում գրում է, որ ՆԱՏՕ-ն դրսևորում է իր անընդունակությունը խոչընդոտելու թուրքերի ու նրանց ջիհադական դաշնակիցների սպանդին Աֆրինում ապաստանած սիրիացի քրդերի նկատմամբ: Արևմուտքի թողտվությունը դաշնակցի նկատմամբ թուլացնում է ԻՊ-ի դեմ պայքարը: Արևմուտքը հայացքը ուղղել է գերազանցապես Արևելյան Գուտային, որտեղ իսլամական-ջիհադական ընդդիմությունն է, մինչդեռ թուրքական բանակը շարունակում է հարձակումը Աֆրինի քրդական կանտոնի վրա: Մարտավարական տեսակետից` մարտերը քաղաքի մերձակայքում կարող են սիրիացի քրդերին ուժերի հարաբերակցությունը վերականգնելու հնարավորություն տալ, սակայն Աֆրինի անկումը ողբերգական հետևանքներ կունենա: Առավել տագնապալի է վիճակը ռազմավարական մակարդակում: Թույլ տալ թուրքական բանակին տեղակայվել Սիրիայի սահմանի երկայնքով` նշանակում է Անկարային տալ ամբողջ Մերձավոր Արևելքի կենտրոնական հատվածի վրա ազդելու հնարավորություն: Թուրքական բանակն իր տեղական կազմավորումների ջիհադական զինվորներով, որոնց իր կարծիքով ղեկավարում է, բայց որոնք ի վերջո միշտ նրանից խույս են տալիս, ենթարկվում է սիրիական քաղաքացիական պատերազմին անվերջ աջակցելու վտանգին: Որպեսզի թուրքական բանակի ռազմական հաղթանակները չվերաճեն տարածաշրջանային հրդեհի, անհրաժեշտ է հնարավորն անել վերականգնելու համար Սիրիայի ինքնիշխանությունն իր ամբողջ բազմազանության մեջ: Քրդական ինքնավարությունը լուծում չէ, այլ քաղաքական անհրաժեշտություն: Արևմտյան թողտվությունը (նաև` ռուսական) «մեծ թուրքի» նկատմամբ անհապաղ պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ: Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից կլինի այն միջոցը, որ պետք է արագ քննարկի Բրյուսելը: Խոսքի մակարդակում սադրանքների ժլատություն երբեք չանող Էրդողանը մեղադրում է իր հյուսիսատլանտյան դաշնակիցներին ու քննադատում ՆԱՏՕ-ի անգործությունը քրդական ագրեսիայի դեմ: Անգործությունն իրոք հանցանք է: Բայց խոսքը Էրդողանի ջիհադիստների առաջ անգործության մասին է, որ սպառնում են ոչնչացնել քրդերին, քանի դեռ մեր զորքերը հանգիստ քայլերթեր են անում բալթյան երկրների հարթավայրերում: Մինչդեռ հերիք էր ընդամենը անթռիչք գոտի, որ թուրքերին պարտադրվել էր Սիրիայի ամբողջ պատերազմի ընթացքում` մեկ ռուսների կողմից իրենց Լաթաքիայի ավիաբազայից, մեկ` ամերիկացիների կողմից Ինջիրլիքի ավիաբազայից:


Քրդերը, որ հերոսական դիմադրություն ցույց տվեցին ԻՊ-ին Քոբանիում ու այլ տեղերում ու գրավեցին նրանց մայրաքաղաք Ռաքան, այսօր լքյալ վիճակում են:
Ադրիան ԴԵԶՅՈՒԵՆ, Le Figaro


Հ.Գ. Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելը, իհարկե, իրավիճակ փոխող քայլ է, բայց դեպի ու՞ր: Եթե Բրյուսելը հարցը քննարկի ու աննախադեպ որոշում ընդունի, դա նշանակելու է Անկարային գործողությունների ազատություն տալ ու վերջնականապես նետել Ռուսաստանի գիրկը, որին անթաքույց ձգտում է Մոսկվան: Հարցի քննարկումը կարևոր է` Անկարային իր դաշնակցային պարտավորությունները հիշեցնելու ու որոշակի սահմաններում պահելու համար, Արևմուտքի հետ կապերը խզած Թուրքիան կդառնա ոչ միայն անկանխատեսելի, այլև վտանգավոր տարածաշրջանի ու Արևմուտքի համար` իր կայսերապաշտական ձգտումներով ու տարածաշրջանի սահմանները վերաձևելու բուռն ցանկություններով: Թուրքիան վերջնականապես կդառնա արմատական իսլամիստական պետություն` Էրդողանի նախագահությամբ` հրաժարվելով աշխարհիկ պետության հանրապետական անցյալից: ՈՒ ի՞նչ կտա դա Արևմուտքին, բացի` սահմանային սպառնալիքներից ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի հրահրած անվերջ պատերազմներից, որ կհանգեցնեն ոչ միայն Սիրիայի մասնատմանը, այլև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտմանը` ստեղծելով Մոսկվա-Անկարա ռազմական դաշինք, որի հետևանքները ոչ ոք չի կարող կանխատեսել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ