Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես կարող են Թուրքիան ու ԱՄՆ-ը լուծել քրդական հարցը

Ինչպես կարող են Թուրքիան ու ԱՄՆ-ը լուծել քրդական հարցը
17.03.2018 | 23:44

Այսօր Սիրիան աշխարհի ամենավտանգավոր վայրերից է: ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը, Սիրիայի ազատ բանակը, Սիրիայի դեմոկրատական ուժերը, «Հըզբոլլահը», տարատեսակ էքստրեմիստական խմբավորումները` ահա այն խաղացողները, ում զինված ուժերը մրցակցում են մարտի դաշտում` գրում է Չառլզ Կուպչանը The Foreign Policy-ում:

Շարունակվող կոնֆլիկտի մեջ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են բախվել Սիրիայի հյուսիսում: ԱՄՆ-ն աջակցում է Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատներին, որոնց դեմ Թուրքիան վերջերս սկսել է ռազմական գործողություն: Այդ իրավիճակը թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող է մոտեցնել բեկման կետին: Վաշինգտոնն ու Անկարան մի քանի քայլ հետ պիտի գնան, քանի դեռ չափազանց ուշ չէ: ԱՄՆ-ն ու Թուրքիան առաջվա պես միմյանց կարիքն ունեն Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման համար: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզումը վերջ կդնի Արևմուտքի հետ Թուրքիայի աշխարհաքաղաքական մերձեցմանը` դա կլինի լուրջ հարված թե Թուրքիային, թե Ատլանտյան ընկերակցությանը:
Սիրիայում բախվել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխբացառող շահերը: Վաշինգտոնը ճիշտ է վարվել` աջակցելով քրդական կազմավորումներին, որ գլխավորեցին ԻՊ-ի դեմ պայքարը ու զինյալներից ազատագրեցին Ռաքան: Հակառակ դեպքում աշխարհազորը պարզապես ռազմական միջոցներ չէր ունենա այդ աշխատանքի համար: Անկարայի գործողություններն արդարացված են խոր անհանգստությամբ, որ ԱՄՆ-ի աջակցությունը քրդերին կուժեղացնի Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը, որ տևական ահաբեկչական պայքար է մղում Թուրքիայի դեմ: Հիմա, երբ ԻՊ-ը փախուստի է դիմել, ԱՄՆ-ն ու Թուրքիան դժվար թե խուսափեն հակասություններից: Սակայն նրանք միայն սրում են իրավիճակը:

ԱՄՆ-ը մեծացնում է քուրդ կազմավորումների աջակցությունը` նրանց դիտարկելով հետպատերազմյան Սիրիայում իր ազդեցությունը պահպանելու անհրաժեշտ ուժ: Անկարան զգում է, որ Վաշինգտոնն իրեն դավաճանել է ու շարունակում է ռազմական գործողությունները YPG-ի դեմ սիրիական Աֆրինում, սպառնում է իր վերահսկողության տակ վերցնել Մանբիջը, որտեղ ոչ միայն YPG-ի ուժերն են, այլև ամերիկյան զինվորները: Թուրքիայի հարձակումն Աֆրինում արդեն խանգարում է քրդական ջոկատներին ԻՊ-ի դեմ պայքարի վերջին փուլն ավարտել: ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է արագ փոխեն իրենց քաղաքականությունը: ԻՊ-ի պարտությունից հետո Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ լիովին հրաժարվել YPG-ին աջակցությունից` ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով Թուրքիայի հետ հարաբերություններին: ԱՄՆ-ը դժկամությամբ է հրաժարվում քրդերին աջակցելուց, վախենում է կորցնել Իրանին ու Ռուսաստանին դիմակայելու ռեսուրսը Սիրիայում: Սակայն Վաշինգտոնը գերագնահատում է քրդերի նշանակությունը Իրանին ու Ռուսաստանին դիմակայության մեջ:

ԱՄՆ-ը կարող է առավել արդյունավետ լուծել այդ խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելով ու նրա ազդեցությունը Սիրիայում ամրապնդելով: Իհարկե, ԱՄՆ-ը կարող է քրդերին հենց այնպես լքել, քանի որ նրանք եղել են հավատարիմ դաշնակիցներ իսլամիստների դեմ պայքարում ու մեծ կորուստներ են տվել: Բայց երբ ԻՊ-ը փախուստի մեջ է, ԱՄՆ-ը պարտավոր է վերադարձնել ծանր զենքը, որ տվել է քրդերին Ռաքայի ազատագրման համար: Սկզբի համար ԱՄՆ-ը պետք է քրդերին դուրս բերի Մանբիջից և տեղափոխի Եփրատից արևելք: Վաշինգտոնը պետք է քրդերին հասկացնի, որ կօգնի տարածաշրջանային ինքնավարության հասնել, երբ նրանք հրաժարվեն Քրդստանի աշխատավորական կուսակցության ու Թուրքիայի դեմ նրա ահաբեկչական պայքարին աջակցել: Անկարան պետք է դադարեցնի իր հարձակումը YPG-ի դեմ և սկսի պրագմատիկ հարաբերություններ կառուցել սիրիացի քրդերի հետ, որ կարող են օգնել տարածություն պահել ՔԱԿ-ից ու դառնալ հետպատերազմյան գործընթացի ակտիվ մասնակից: Իրականում Թուրքիայի նախագահ Էրդողանը պետք է ձգտի քրդական առավել մեծ համայնքի հետ մերձեցման` ներառյալ ՔԱԿ-ը, Թուրքիայի տարածքում ապրում է 15 միլիոն քուրդ, ևս մի քանի միլիոն ապրում են Իրաքի ու Սիրիայի հյուսիսում, այդ պատճառով ռազմական առճակատման ճանապարհը փակուղային է: Սակայն Էրդողանը փորձում է հավաքել քաղաքական միավորներ 2019-ի ընտրություններից առաջ: Սիրիացի քրդերի հետ երկխոսությունը կօգներ Էրդողանին քաղաքական ու ռազմավարական հաղթանակ տանել: Նա պետք է ցույց տա իր դիվանագիտական խիզախությունը: Գրոհելով YPG-ին` Անկարան նրանց հրում է ՔԱԿ-ի գիրկը: Էրդողանը կարող էր օգտագործել YPG-ի միջազգային աջակցություն ստանալու շահագրգռվածությունը` քրդերը ջանում են ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայի հետպատերազմյան քաղաքական լանդշաֆտում: Էրդողանն էլ կարիք ունի կայուն բուֆերային գոտու թուրքական սահմանի սիրիական կողմում: Քրդերը վերահսկում են հյուսիսային Սիրիայի մեծ մասը, Անկարային պետք է նրանց բարիկամեցողությունը, ոչ թե թշնամանքը: Արևմուտքը կորցնում է Թուրքիային: Այդ սցենարը կարող են կանխել ԱՄՆ-ի ու Թուրքիայի սիրիացի քրդերի ուղղությամբ կատարված համատեղ քայլերը:
Չառլզ ԿՈՒՊՉԱՆ, Foreign Policy


Հ.Գ. Այն տպավորությունն է, որ Սիրիայում չկա իշխանություն և Բաշար Ասադը ոչինչ չի որոշում իր երկրում` Թուրքիայի ու ԱՄՆ-ի պայմանավորվածությունից է կախված քրդերի ճակատագիրը, հետո էլ Սիրիայի ճակատագիրը: ԻՊ-ի դեմ պայքարն ավարտելուց հետո ի՞նչ են անելու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ու մյուս երկրները Սիրիայում, եթե հայտարարում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ: Թուրքիան ահաբեկիչ է հայտարարում սիրիաբնակ քրդերին ու բերկրանքով հայտարարում է նրանց ոչնչացման մասին: Հետո կարող են ահաբեկիչ դառնալ արաբները և օրակարգ վերադառնա սիրիաթուրքական պատերազմը: Հարցը քրդերը չեն, այլ` նավթն ու ճանապարհները` հենց այդ նպատակով ԱՄՆ-ը չի ուզում հանձնել Մանբիջը, Թուրքիան ուզում է գրավել: Սիրիային մնում է սպասել ու հարմար պահին երկուսից էլ ազատվել: Բայց ե՞րբ կգա այդ պահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ