Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մերկելը սայթաքում է իսլամի վրա, և ոչ միայն նա

Մերկելը սայթաքում է իսլամի վրա, և ոչ միայն նա
19.03.2018 | 02:30

Նոր էր այդքան դժվարությամբ ստեղծված ՔԴՄ /ՔՍՄ-ի և ԳՍԴԿ-ի «մեծ կոալիցիան» մարտի 14-ին Անգելա Մերկելին կանցլեր վերընտրել, երբ լուրջ հարված հասցվեց կուսակցական միասնությանը: Ներքին գործերի նախարար Հորստ Զեհոֆերը (ՔՍՄ) Bild-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ իսլամը Գերմանիայում տեղ չունի: Լրագրողի հարցը ուղղակի հղում ուներ նախկին նախագահ Քրիստիան Վուլֆին, որ 2010-ին հայտարարել էր. «Իսլամը Գերմանիայում տեղ ունի»: 5 տարի անց այդ արտահայտությունը կրկնել էր Մերկելը: Հիմա ՆԳ նախարարը նշում է. «Իհարկե, մեզ հետ ապրող մուսուլմանները պատկանում են Գերմանիային», բայց «դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր ավանդույթներից ու սովորույթներից»: Նրա խոսքով` Գերմանիան «քրիստոնեության ստեղծած» երկիր է և նրա ավանդույթների ու սովորույթների` Զատկի, Հիսնօրյակի ու Սուրբ Ծննդի: Թեպետ երկրում մուսուլմանները շատ չեն, նախարարի հարցազրույցը բուռն քննարկումներ է հարուցել գերմանական հասարակության մեջ: Առաջին հերթին արձանագրվել է նախարարի ցանկությունը` վերանայել վերջին տարիներին Մերկելի վարած քաղաքականությունը` Զեհոֆերի խոսքերը համարելով «բացահայտ վիրավորանք» կանցլերին: Կուսակցությունները բաժանվել են, և` շատ ինքնատիպ: ՔՍՄ-ն աջակցում է իր կուսակցին, Մերկելի կողմից են մրցակից ԳՍԴԿ-ի նախարարները, իսկ ՔԴՄ/ՔՍՄ-ն, ՔԴՄ-ն, որ ղեկավարում է կանցլերը, դեռ լռում են: Ի վերջո, արձագանքեց կանցլերը: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի հետ մամլո ասուլիսում Մերկելն ընդգծեց, որ Գերմանիայում բնակվող 4 միլիոն մուսուլմանները (այլ գնահատականներով` 5 միլիոն) վերաբերվում են երկրին «ինչպես իրենց կրոնը, իսլամը վերաբերվում է Գերմանիային» և «մենք պետք է ամեն ինչ անենք, որ կրոնները լավ համատեղվեն»:


Փորձագետները հարց են տալիս` ինչու՞ Զեհոֆերը հիմա` 8 տարի անց, նորից բարձրացրեց իսլամի տեղի հարցը Գերմանիայում, ինչու՞ հանդես եկավ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից, որի իսլամի նկատմամբ արմատականորեն տրամադրված կողմնակիցների մի մասը գոհունակությամբ նշեց` նախարարը «բառացիորեն կրկնում է մեր ծրագրի դրույթները» (թեպետ մյուսները նրա խոսքերն անվանեցին «նախընտրական պլագիատ»), ինչու՞ է նա տարաձայնություններ սերմանում «մեծ կոալիցիայում»: Խոսքը միայն ներքին քաղաքականությանը և թուլացած կանցլերին հարվածելուն չի վերաբերում: Գերմանիան, միևնույն է, ընկալվում է ԵՄ լոկոմոտիվ և նրա ներքին հարբուխը ստիպում է հազալ ամբողջ Եվրոպային: Զեհոֆերը փաստացի ազդանշան է ուղարկում եվրոպական քաղաքական սալոնին` նրա վերաձևակերպման անհրաժեշտության վերաբերյալ: Հին էլիտաներին կռիվ են հայտարարում նոր ուժերը, որոնց թշնամիներն անվանում են պոպուլիստներ, բարեկամները` ժողովրդականներ: Եվրոպական էլիտաներին առաջարկվում է կողմնորոշվել իսլամի խնդրում ԵՄ-ի ներսում ու ԵՄ-ի սահմաններից դուրս, որից նրանք մինչև այսօր խուսանավում էին: Գերմանիայի ՆԳ նախարարի խոսքերը դեռ ուշադիր կուսումնասիրեն եվրոպական շատ երկրներում` հասկանալու` խոսքը ամբողջ ԵՄ-ում իշխանությունը վերցնելու վճռական քայլի՞ մասին է, թե՞ առայժմ դիրքային մարտեր են ծավալվում: Բոլոր դեպքերում` գերմանացի նախարարի խոսքերը ընկալում կունենան եվրոպական այն երկրներում, որ վերջին տարիներին դեմ են եղել Մերկելի միգրացիոն քաղաքականությանը, փախստականների ներհոսքին ու զգուշացրել են իսլամի քաղաքականացման վտանգների մասին: Իտալական Il Foglio-ն, մեկնաբանելով Զեհոֆերի հայտարարությունը, ընդգծում է, որ դա կլինի «վճռական ճակատամարտ երկրում, որն ամենահյուրընկալն էր Եվրոպայում»: Թերթն արձանագրում է, որ իսլամը Գերմանիայի մաս հայտարարելու հայեցակարգը ձախողվել է: Բազմամշակութայնության սկզբունքն ընդունում էին «եվրոպացի բազմաթիվ քաղաքական ղեկավարներ», որ նույնպես ձախողվեցին, որովհետև «իսլամական մեծ համայնքների փաստական ինտեգրումը կարող էլինել միայն ընդհանուր արժեքների հիման վրա, իսկ այդ արժեքները միայն քրիստոնեական ու ազատական եվրոպական ավանդույթներն են»: Il Foglio-ն ակնարկում է, որ Գերմանիայից հետո հաջորդ կողմնորոշվողը պիտի Ֆրանսիան լինի, որտեղ ևս կա «խոշորագույն իսլամական հանրություն»: Սա` առաջին:


Երկրորդը կապված է ԵՄ-ին սահմանակցող երկրների հետ: Հասկանալի պատճառներով Զեհոֆերի հայտարարությունը կտրուկ քննադատել է Անկարան: Այդօրինակ քաղաքականութունը խաչ է քաշում Թուրքիայի եվրաինտեգրման ձգտումների վրա, որովհետև հաստատում է հին դրույթը` իսլամացված Թուրքիան տեղ չունի եվրոպական «քրիստոնեական ակումբում»: Նաև` սպառնալիք է թուրքական փափուկ ուժի քաղաքականությանը Գերմանիայում, որտեղ Անկարան պետական բյուջեից ֆինանսավորում է մզկիթներն ու մուսուլմաններին: Զգուշանալու պատճառ ունեն բալկանյան երկրները, որտեղ մուսուլմանները մեծամասնություն են` Ալբանիան, Բոսնիան ու Հերցեգովինան, չճանաչված Կոսովոն: Գերմանիայի ՆԳ նախարարի ուրվագծած քաղաքականությունը կարող է խոչընդոտել նրանց ԵՄ անդամակցությանը, որի հնարավորության մասին Արևմտյան Բալկաններ իր այցի ժամանակ ասել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ներկայացնելով համապատասխան ռազմավարությունը:


Երրորդ` բարդ իրավիճակում են հայտնվում Վատիկանն ու Եվրոպայի կաթոլիկ եկեղեցիները: Հռոմի Ֆրանցիսկոս պապի «ծայրամասային կաթոլիկությունը» ի սկզբանե ուղղված էր միգրանտների աջակցությանը, Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից փախստականների առավելագույն ներգրավմանը և մուսուլմանների ընկալմանը: Սուրբ աթոռը բառացիորեն «կոտրում էր» եվրոպական որոշ երկրների եպիսկոպոսների դիմադրությունը, որ համերաշխ էին իրենց հոտի տրամադրությունների հետ, իսկ նրանք դեմ էին այդ քաղաքականությանը: Բայց միգրանտներից հոգնածությունը մեծանում է: Ժամանակները փոխվում են: Պատահական չէ, որ նույնիսկ Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին, որ համաքայլ էր Մերկելին, հիմա մեծ դժկամությամբ է արձագանքում Զեհոֆերի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին: Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի մամլո քարտուղար Մատիաս Կոպը ասել է` քանի որ անցյալում «իսլամի մասին բանավեճերը անարդյունավետ էին», եկեղեցին չի ցանկանում նորից մասնակցել բանավեճերին: Փաստացի` Գերմանիայի ՆԳ նախարարը կարողացել է խզում առաջացնել բազում հարցերում իր երկրի ներսում ու երկրից դուրս: Եվ այդ խզումը խորանալու է, քանի դեռ Եվրոպայում չի ձևավորվել ուժերի նոր հավասարակշռություն:
Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM


Հ.Գ. Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեհոֆերի հարցազրույցը Bild-ին ճիշտ ժամանակին է` Գերմանիան սկսում է նոր հնգամյակ և ի սկզբանե պետք է լուծվեն հարցերը, որ թուլացրին իշխանությունը երկրում: Բազմամշակութայնության իրենց տեսության մեջ եվրոպացիները սկզբունքային սխալ էին գործում` նրանք առաջնորդվում էին քրիստոնեական արժեքներով, հաշվի չառնելով իսլամի առանձնահատկությունները: Նրանք նաև հույս ունեին, որ մուսուլմանները քրիստոնեական երկրում փոքրամասնություն լինելով` չեն կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ մեծամասնությանը: Տասնամյակների մեջ մեծ մասը համոզվեց, որ մուսուլմանները չեն ինտեգրվում, հակառակը` կազմում են իրենց համայնքները և փորձում են ազդել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Դա պետք է ազդանշան լիներ եվրոպացիներին, որ ժողովրդագարական ու էժան աշխատուժի հարցը լուծելու իրենց ձգտումներում տանուլ են տալիս գլխավորը` արժեքային համակարգը, որի վրա կառուցել են իրենց երկիրն ու համաեվրոպական համակեցությունը: Եվրոպան նաև չնկատեց, որ իրենց երկրներում բնակվող մուսուլմանների միջոցով համաեվրոպական քաղաքականությունը ղեկավարելու փորձեր է անում իսլամական աշխարհը` ոչ միայն Թուրքիան, այլև մյուս երկրները` շռայլորեն ֆինանսավորելով տարբեր ծրագրեր, մասնակցելով ինֆրակառույցների ձևավորմանը, կառուցելով տասնյակ մզկիթներ, դպրոցներ` մուսուլմանների համար պետություն ստեղծելով պետության մեջ: Միայն ահաբեկչական հարձակումներից հետո իներտ ու տոլերանտ Եվրոպան հասկացավ, որ իր ձեռքով ականապատել է իր տունը: Իսլամը, իհարկե, ինչպես 2010-ին հայտարարել էր Քրիստիան Վուլֆը, ու 2016-ին կրկնել Անգելա Մերկելը, «Գերմանիայում տեղ ունի», խնդիրը` ի՞նչ տեղն է:


Երբ խորհրդարանական ընտրություններից առաջ եվրոպական երկրները մերժում էին Թուրքիայի նախագահին ու պաշտոնյաներին իրենց երկրում ընտրարշավ անցկացնել, առաջին քայլն էր` իսլամին իր տեղը ցույց տալու: Բայց դա հարցի լուծում չէ: «Եվրոպան` եվրոպացիներին» կարգախոսը աստիճանաբար արդիական է դառնալու բոլոր երկրներում ու դա կրոնական անհանդուրժողականություն չէ, նույնականության պաշտպանություն է ու ինքնության վերահաստատում: Որքան արագ Եվրոպան հասկանա քաղաքակրթական ու մշակութային անհամատեղելիության փաստը, այնքան արագ կլուծի իր ձեռքով ստեղծած խնդիրը: Խնդիր, որի լուծումը միայն Եվրոպայի ներսում չէ, այլև սահմաններից դուրս` այն երկրներում, որտեղից փախստականները հեղեղում են Եվրոպան: Կենսամակարդակի տարբերությունը վերացնելու, պատերազմները դադարեցնելու միջոցով միայն կկանխվի մուսուլմանական գրոհը Հին աշխարհի վրա: Իսկ Վատիկանը դա միայն կողջունի` Հռոմի Ֆրանցիսկոս պապը կամ նրան հաջորդող որևէ պապ դեմ չի լինի մուսուլմանների իրենց բնակավայրերում նորմալ կյանքին և կաթոլիկների հետ համակեցությանը իրենց երկրներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ