Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մամեդյարովի կրեատիվը

Մամեդյարովի կրեատիվը
19.03.2018 | 02:33

Կամ` կրեատիվ Մամեդյարովը: Փաստացի նույնն է: Սուբստանտիվ բանակցություններին փոխարինելու են գալիս «կրեատիվ» բանակցությունները: Առանց բովանդակային փոփոխությունների: Ադրբեջանի ԱԳ նախարարը պարբերաբար ասում է, որ նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցություններն ինտենսիվ են դառնալու, որ համանախագահները նոր ու կրեատիվ առաջարկներ են ներկայացրել և այլն, և այլն: Իհարկե` ապրիլի 16-ի ընտրություններից առաջ ուրիշ ի՞նչ պիտի ասի Ադրբեջանի ԱԳ նախարարը: Իմաստ չունի կրկնել` ինչ ասում է Ալիևը, Մամեդյարովն ընտրել է դիվանագիտական ճանապարհը` բանակցել, բանակցել, բանակցել:


Թե ո՞րն է բանակցելու նրա այս բռնկման պատճառը, որքան էլ տարօրինակ է (թեև դարձել է օրինաչափ), ավելի շատ ներկայացնում են ռուսները: Ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, օրինակ, վստահաբար ասում է, որ կրեատիվ առաջարկները հենց Բաքվինն են. «Բաքուն ամեն անգամ փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը շեղել: Ադրբեջանը փորձում է ՄԽ-ը ներկայացնել որպես մարդկանց, որ, չգիտես ինչու, կրեատիվ առաջարկներ են անում: Իրականում, Մինսկի խմբի գործառույթը դա չէ: ՄԽ-ը պետք է օգնի կողմերին որքան հնարավոր է մերձեցնել դիրքորոշումները»: Իսկ «Բաքուն ամաչում է ասել, որ կրեատիվ է հենց իր առաջարկը: Կարծում եմ, որ խոսքը Ղարաբաղը կիսելու, տարածքային բաժանման մասին է»: Այսինքն` նույնը ինչ առաջ:


Մեկ այլ վերլուծաբան` Գրիգորի Տրոֆիմչուկը, Մամեդյարովի «կրեատիվը» կապում է ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության հետ. «Մնացած բոլոր պահեստային տարբերակները բացառվել են: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը ևս ինտրիգային հայտարարություններ արեց՝ կիրառելով առեղծվածային ձևակերպումներ»: Տրոֆիմչուկը կարծում է` «Որևէ «կրեատիվություն» չինովնիկներից սպասել պետք չէ: Իսկ «կրեատիվությունը» ԱՄՆ-ի կողմից կարող է ենթադրել Ղարաբաղի սուվերենության ուժեղացում»:


Հազիվ էր Կոնստանտին Կոսաչովը Երևանում ասել, որ Ռուսաստանն ապրիլյան պատերազմից հետո «եզրակացություններ է արել» ու արդեն նախկին մասշտաբներով զենք չի վաճառում Ադրբեջանին, հաջորդ օրը ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ նախարար Մարիա Զախարովան շտապեց Բաքվին ասել, որ Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչություն չկա: Արցախի մշտական ներկայացուցչություն կա Ռուսաստանում, որ արդարադատության նախարարությունը չի գրանցում, բայց և չի արգելում գործել: ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչությունը գրանցված է արդարադատության նախարարությունում:
Նույն բրիֆինգում Մարիա Զախարովան չպատասխանեց հարցին, թե Մոսկվայում նույն կերպ կընդունե՞ն ԼՂՀ նախագահին, ինչպես ԱՄՆ-ում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ի պատասխան Բաքվի ԱԳՆ բողոքի նոտայի, ասաց, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի: ԱՄՆ-ը դեֆակտո ճանաչու՞մ է ԼՂՀ-ն, Ռուսաստանը՝ ո՞չ: Դրան էլ նախորդել էր ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետ Անատոլի Սիդորովի հայտարարությունը Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ` «Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի»: Հայտարարություն, որ ՀԱՊԿ պաշտոնյաները իրենց պարտքն են համարում պարբերաբար հնչեցնել, որ հայերս չմոռանանք:


Ընդհանրապես` ռուսները ինքնատիպ հարաբերություններ ունեն Ղարաբաղի հետ (հակառակ Զորի Բալայանի, որ նամակներ էր գրում «ռուսաց թագավորին») 19-րդ դարում ռուս-պարսկական պատերազմներից հետո Ռուսաստանը, իր տարածքին միացնելով Ղարաբաղը, որ կիսանկախ պետություն էր, իշխանությունը հանձնեց մուսուլմաններին: 1921-ին Մոսկվան Ղարաբաղը նվիրեց Ադրբեջանին: Ղարաբաղյան պատերազմում «Կոլցո» օպերացիայի հետևանքով հարյուրավոր զոհեր տվեցինք, Շահումյանը, Արծվաշենը և տասնյակ բնակավայրեր կորցրինք:


1994-ին Բիշքեկում (ռուսների պարտադրանքով) ստորագրեցինք հրադադարի համաձայնագիր, ոչ թե Ադրբեջանի կապիտուլյացիայի: 2016-ին քառօրյա պատերազմում 3 օրվա լռությունից հետո Մոսկվան ի հայտ եկավ չորրորդ օրը, երբ հետ էինք վերցնում կորցրած տարածքները: Հիմա ո՞վ է «կրեատիվը» և ու՞մ օգտին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համենայն դեպս մի քանի հիշեցում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիմա ամենից շատ հանդիպում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ (կար ժամանակ, որ պարբերաբար հանդիպում էր ու շաբաթ չկար, որ չհեռախոսեր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ): Մոսկվայում Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական ծրագրման համատեղ խմբի (ինչ էլ անուն է) 6-րդ նիստի առիթով նրանք նորից հանդիպեցին: Պաշտոնապես քննարկել են С-400-ի մատակարարումն արագացնելու, Սիրիայի հարցերը, զարմանալիորեն այդ հանդիպմանը հաջորդեց Բաքվի համաժողովը, որտեղ Ալիևը կրկին մեղադրեց հայկական կողմին բանակցությունները ձախողելու մեջ, իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց, որ Թուրքիան եղել է, կա ու լինելու է Ադրբեջանի կողքին: Այս հայտարարությունները ոչ նորություն են, ոչ «կրեատիվ»: Կրեատիվը ձեզ ոչ ոք հենց այնպես չի մատուցի` կրեատիվ քննարկումներն ու պայմանավորվածությունները ժամանակից շուտ չեն բարձրաձայնվում: Ի դեպ, Սերգեյ Լավրովը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 4-ին Ստամբուլում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահները: Պաշտոնապես` Սիրիայի հարցով: Վստահաբար` ոչ միայն: Համենայն դեպս` երեք պետություններն էլ ունեն ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները պարզելու խնդիր, գուցե նաև միասնական ճակատով ԱՄՆ-ին պատասխանելու: Իսկ եթե Էրդողանը նորի՞ց սկսի «եղբայր Վլադիմիրին» ակտիվության կոչեր անել Ղարաբաղի հարցում: Հատկապես նախագահական ընտրություններում նրա շլացուցիչ հաղթանակից հետո, որին վստահաբար հաջորդելու է «եղբայր Իլհամի» ոչ պակաս շլացուցիչ հաղթանակը: Համենայն դեպս` իբրև իրեն նվեր` 2019-ի նախագահական ընտրություններից առաջ: ՈՒր նայում ես` կրեատիվ է:

Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ